Խորհտնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սովխոզ, նաև՝ սովտնտեսություն, խորհտնտեսություն (ռուսերեն совхоз բառից, որը 'советское хозяйство' բառակապակցության հապավումն է, թարգմանությամբ՝ «սովետական տնտեսություն»), պետական խորհրդային գյուղական տնտեսություն։ Ի տարբերություն կոլխոզների անդամ գյուղացիներին, որոնք վարձատրվում էին ըստ աշխօրերի, սովխոզների աշխատողները ստանում էին ֆիքսված աշխատավարձ, ԽՍՀՄ պետական բյուջեից։ Բացի այդ, սովխոզի աշխատողները նաև իրավունք ունեին մշակել սեփական տնամերձ հողամասերը՝ անձնական եկամտի համար։ Սովխոզները սկզբում ստեղծվել էին նախկին օրինական սեփականատերերից բռնագրավված հողամասերի վրա, ապա, 1929-ից սկսյալ, գյուղտնտեսության համատարած կոլեկտիվացմանը զարկ տալուց հետո, սովխոզների թիվը զգալիորեն աճեց։ Սովխոզների քանակի բազմապատկումը կրկնվեց 1950-ականների ընթացքում, երբ բազմաթիվ կոլխոզներ վերածվեցին սովխոզների։ Խոպան հողերի հերկման լայնածավալ քաղաքականությունը, որին ընթացք տրվեց 1953-ին, հիմնականում ուղեկցվում էր սովխոզների ստեղծման սկզբունքով։

Խորհրդային Միության փլուզումից հետո սովխոզները հիմնականում վերացան, վերածվելով բաժնետիրական ընկերությունների կամ անցնելով առանձին սեփականատերերի ձեռքը, թեև Ռուսաստանում պահպանվել են որոշ գյուղական տնտեսություններ (նախկին սովխոզներ), որոնք շարունակում են գործել որպես պետական ձեռնարկություններ։