Ռազմական կոմունիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հիշիր սովյալների մասին» Ռազմական կոմունիզմի ժամանակաշրջանի ագիտացիոն պլակատ:

«Ռազմական կոմունիզմ», խորհրդային պետության տնտեսական քաղաքականությունը 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմի և ռազմական ինտերվենցիայի ժամանակաշրջանում։ Այդ տարիներին Խորհրդային Ռուսաստանը գտնվում էր տնտեսական շրջափակման մեջ, ռազմաճակատների օղակում՝ կտրված պարենի, հումքի և վառելանյութի հիմնական շրջաններից։ Երկիրն օտարերկրյա ստրկացման վտանգից փրկելու, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության նվաճումներն ամրապնդելու նպատակով ամբողջ ժողովրդական տնտեսությունը վերակառուցվեց ռազմական ձևով։ Պլանաչափորեն մոբիլիզացվեցին երկրի բոլոր ուժերն ու նյութական ռեսուրսները և կենտրոնացվեցին պետության ձեռքում։ Այդ աշխատանքները և ռազմական տնտեսության ղեկավարումն իրագործում էր 1918 թվականի նոյեմբերի 30-ին կազմակերպված Բանվորագյուղացիական պաշտպանության խորհուրդը՝ Վլադիմիր Լենինի գլխավորությամբ։ Ի լրումն խոշոր արդյունաբերության ազգայնացման, որը հիմնականում իրագործվել էր հեղափոխության առաշին տարիներին, խորհրդային իշխանությունն ազգայնացրեց նաև միջակ արդյունաբերությունն ու մանր արդյունաբերության զգալի մասը, ամբողջ արդյունաբերությունը սկսեց աշխատել երկրի պաշտպանության համար։ Աշխատունակ բնակչության, հատկապես բուրժուական տարրերի համար սահմանվեց համընդհանուր աշխատանքային պարհակ՝ «ով չի աշխատում, նա չի ուտում» սկզբունքով։ ԺԿԽ-ի 1919 թվականի հունվարի 11-ի դեկրետով պարենմասնատրում սահմանվեց, ըստ որի գյուղացիները պարտավոր էին պետությանը հանձնել պարենի և հումքի ամբողջ ավելցուկը։ Այդ գործում մեծ դեր կատարեցին գյուղ գործուղված պարենավորման ջոկատները։ Պարենմասնատրում կիրառելիս խորհրդային իշխանությունը հենվում էր բանվորների և գյուղացիների ռազմաքաղաքական դաշինքի վրա, որը ստեղծվել էր թշնամիների դեմ մղվող պայքարում։ Տնտեսության քայքայման, նյութական ռեսուրսների խիստ պակասության պայմաններում ռազմաճակատի պահանջները հնարավոր չէր բավարարել առանց «Ռազմական կոմունիզմի» արտակարգ միջոցառումների։ Խորհրդային իշխանությունն իր տրամադրության տակ չուներ գյուղատնտեսական մթերքների հետ փոխանակելու համար անհրաժեշտ ապրանքներ։ Ուստի արգելվեց մասնավոր առևտուրը, որովհետև այն կարող էր խափանել բանակի և բանվորների մատակարարումը պարենամթերքով, իսկ արդյունաբերությանը՝ հումքով։ Բուրժուազիան և նրա սպասարկուները պայքարում էին ազատ առևտրի համար, ձգտում կազմալուծել խորհրդային ռազմական տնտեսությունը և վերականգնել կապիտալիզմը։ Նրանց այդ ծրագիրը միավորեց սոցիալիզմի բոլոր թշնամիներին՝ ինտերվենտներին, սպիտակ գվարդիականներին, քաղաքի և գյուղի կապիտալիստներին, մենշևիկներին ու ԷսԷռներին։ Արդյունաբերության կառավարումն ու արտադրանքի բաշխումը կենտրոնացվեցին ժողովրդական տնտեսության բարձրագույն խորհրդի (ԺՏԲԽ-ի) գլխավոր վարչություններում։ «Ռազմական կոմունիզմին» բնորոշ էին բնատնտեսացումը, ապրանքաշրջանառության կրճատումը, փողի, վարկի, ֆինանսների դերի և նշանակության նվազեցումը։ Հասարակական արդյունքի գերակշռող մասը խորհրդային պետության տրամադրության տակ էր անցնում անվճար կամ արժեզրկվող արժույթ արտահայտված կայուն գներով, այսինքն՝ համարյա անվճար։ Պետական պարենային և ապրանքային ֆոնդերի հիմնական բաժինն օգտագործվում էր բանակին, արդյունաբերությանը և բանվորներին անվճար մատակարարելու համար։ «Ռազմական կոմունիզմ»-ը ժամանակավոր միջոցառում էր՝ բացառապես թելադրված պատերազմի և տնտեսության քայքայման, Խորհրդային Ռուսաստանում ստեղծված դժվարին պայմաններով։ Այն սոցիալիստական հեղափոխության զարգացման անխուսափելի փուլ չէր։ Օտարերկրյա ռազմական ինտերվենցիայի վերացումից և քաղաքացիական պատերազմի ավարտից հետո խորհրդային պետությունը ՌԿ(բ)Կ X համագումարի (1921 թվականի մարտ) որոշմամբ «Ռազմական կոմունիզմ»-ից անցավ նոր տնտեսական քաղաքականությանը (նէպ)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրկ․ Լենին ՎԼԱԴԻՄԻՐ, Զեկուցում գյուղում տարվող աշխատանքի մասին, մարտի 23-ին։ ՌԿ(բ)Կ VIII համագումարը 1919 թ․, մարտի 18–23,
  • Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 38։ Նույնի, էկոնոմիկան և քաղաքականությունը պրոլետարիատի դիկտատուրայի դարաշրջանում, նույն տեղում, հ․ 39։
  • История Коммунис тической партии Советского Союза, т․ 3, кн․ 2, М․, 1968;
  • Гладков И․ А․, Очерки со ветской экономики 1917–1920 гг․, М․, 1956․
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազմական կոմունիզմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 584-585