Խաղաղ գոյակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղաղ գոյակցություն տարբեր հասարակարգ ունեցող պետությունների, միջպետական հարաբերությունների սկզբունք, որը ենթադրում է՝ հրաժարվել պատերազմից որպես պետությունների միջև վիճելի հարցերը լուծելու միջոց, այդ հարցերը լուծել բանակցությունների միջոցով. իրավահավասարություն, փոխըմբռնում և վստահություն պետությունների միջև, հաշվի առնել միմյանց շահերը, չմիջամտել ներքին գործերին, ընդունել, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ազատ կերպով ընտրելու իր սոցիալ-տնտեսական և քաղաքական կարգը, խստորեն հարգել բոլոր երկրների սուվերենությունն ու տերիտորիալ ամբողջականությունը, զարգացնել տնտեսական և մշակութային համագործակցությունը լիակատար հավասարության և փոխադարձ շահավետության հիման վրա։

Տարբեր հասարակարգ ունեցող պետությունների գոյակցության անխուսափելիությունը բխում է կապիտալիզմի անհավասարաչափ տնտեսական և քաղաքական զարգացման Վ. Ի. Լենինի բացահայտած օրենքից, որից հետևում է, որ մի որոշ պատմական ժամանակամիջոց սոցիալիստական պետությունների կողքին գոյություն կունենան նաև կապիտալիստական պետություններ։ Երկու սիստեմների պետությունների գոյակցության ժամանակամիջոցը սկզբնավորվել է սոցիալիստական հեղափոխությամբ և սովետական պետության ստեղծմամբ Ռուսաստանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կապիտալիստական սիստեմից պոկվեցին մի շարք պետություններ և կանգնեցին սոցիալիզմի կառուցման ուղու վրա։ Սոցիալիզմը դարձավ համաշխարհային սիստեմ։ Խաղաղ գոյակցությունը դասակարգային պայքարի առանձնահատուկ ձև է միջազգային ասպարեզում։ Այն չի վերացնում երկու հակադիր սիստեմների պայքարը, այլ հանդիսանում է համաշխարհային սոցիալական հակամարտության դրսևորման ձևերից մեկը։ Խաղաղ գոյակցությունը չի բացառում, ընդհակառակը, ենթադրում է պայքարը իմպերիալիզմի ագրեսիվ պլանների և մեքենայությունների դեմ, դրանց մերկացումը, մասսաների մոբիլիզացիան հանուն խաղաղության պայքարի։ Խաղաղ գոյակցության քաղաքականությունը շոշափում է միջպետական հարաբերությունները և չի վերաբերվում կապիտալի երկրների ներքին դասակարգային պայքարին, ինչպես նաև ազգային-ազատագրական շարժմանը։ Խաղաղ գոյակցությունը բացառում է ամեն մի կոմպրոմիս կոմունիստական և բուրժուական գաղափարախոսությունների միջև։ Ընդհակառակը, այն ենթադրում է պայքարի ուժեղացում բուրժուական գաղափարախոսության դեմ։ Սոցիալիզմի և կապիտալիզմի միջև չի կարող լինել գաղափարախոսական Խաղաղ գոյակցություն։ Բայց գաղափարական և քաղաքական վեճերը չպետք է լուծվեն ռազմ. միջոցներով։

Սովետական պետությունը խաղաղ գոյակցությունյան սկզբունքով է առաջնորդվել իր գոյության առաջին իսկ օրվանից, դա իր արտացոլումն է գտել 1917 թվականի հաշտության մասին դեկրետում, Աֆղանստանի, Իրանի, Չինաստանի, Թուրքիայի հետ՝ Սովետական Ռուսաստանի կնքած բարեկամության և համագործակցության առաջին պայմանագրերում, մինչպատերազմյան և ետպատերազմյան տարիների, արդի ժամանակաշրջանի արտաքին քաղաքականության ակտերում, ՍՍՀՄ-ի Սահմանադրության մեջ։ Այդ սկզբունքը միջազգային լայն ճանաչում է գտել և դրվել է ՄԱԿ-ի կանոնադրության (1946) և Հելսինկիի համաեվրոպական խորհրդակցության եզրափակիչ ակտի (1975) հիմքում։ Խաղաղ գոյակցության սկզբունքը այժմ դարձել է միջազգային զարգացման ռեալ ուժ։ Միջուկային զենքի առկայության պայմաններում պատերազմը մեծ արհավիրքներ կբերեր բոլոր երկրներին ու ժողովուրդներին։ Խաղաղ գոյակցությունը մարդկային հասարակության զարգացման օբյեկտիվ անհրաժեշտությունն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png