Կարիբյան ճգնաժամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1962 թ. հոկտեմբերի 14-ին ամերիկյան հետախուզական ինքնաթիռից նկարված հրթիռները։

Մինչճգնաժամյան իրադարձությունները[խմբագրել]

1959 թ. հունվարի 1-ին Կուբայում հաղթեց հեղափոխությունը, որի գլուխ էր կանգնած 32-ամյա Ֆիդել Կաստրոն։ Նոր կառավարությունը պայքար սկսեց կղզում ամերիկյան ազդեցության դեմ։ ԽՍՀՄ-ը օժանդակություն ցույց տվեց Կուբային, սակայն Հավանայում մտահոգված էին ԱՄՆ-ի հնարավոր ներխուժմամբ։ 1962 թ. մայիսին Նիկիտա Խրուշչովը անսպասելի առաջարկություն արեց` տեղակայել կղզու վրա խորհրդային միջուկային հրթիռներ։ Կուբան համաձայնվեց։ Նույն թվականի ամռանը Կուբա տեղափոխվեց 42 միջուկային հրթիռ։ Թեև փոխադրումը կատարվեց խիստ գաղտնի պայմաններում, սակայն արդեն սեպտեմբերին ԱՄՆ-ում կասկածներ կային դրա վերաբերյալ։ Քենեդին հայտարարեց, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի իր սահմաններից 150 կմ-ի վրա խորհրդային միջուկային հրթիռների առկայությունը, ինչին Խռուշչովը պատասխանեց, որ Կուբայում չկան և չի լինի նմանատիպ խորհրդային զենք։

Կարիբյան (Կուբայի) ճգնաժամը[խմբագրել]

Ջոն Քենեդու ելույթը Կարիբյան ճգնաժամի առիթով
Ջոն Քենեդին և Նիկիտա Խրուշչովը 1961 թվականին

Հոկտեմբերի 14-ին ամերիկյան հետախուզական ինքնաթիռը հայտնաբերեց հրթիռների տեղադրման վայրը։ Արդյունքում, 10 օր անց ԱՄՆ-ը հայտարարեց Կուբայի ռազմածովային շրջափակումը։ ԽՍՀՄ-ից պահանջեցին վերացնել այդ հրթիռները։ ԽՍՀՄ-ի խնդրանքով հրավիրվեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդի նիստ։ Իրավիճակը այնքան լարվեց, որ ԽՍՀՄ-ը մոտ երկու տասնյակ նավ ուղարկեց Կուբայի ափերի մոտ, սակայն ամերիկյան նավերի դեմ գործողություններ չծավալվեցին։ Միևնույն ժամանակ երկու գերտերությունների ղեկավարների միջև սկսվեց պաշտոնական նամակագրություն։ Սկզբում ԽՍՀՄ-ը դժգոհություն էր հայտնում ԱՄՆ-ի գործողություններից։ Սակայն մի քանի օրից պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը պատրաստ է ամեն գնով հեռացնել այդ հրթիռները։ Երկրորդ նամակում Խրուշչովը ընդունում էր այն փաստը, որ Կուբայում կա հզոր սովետական զենք, սակայն վստահեցնում էր, որ ԽՍՀՄ-ը չի պատրաստվում հարձակվել ԱՄՆ-ի վրա։ Նրա խոսքերով «Այդպես կարող են վարվել միայն խելագարները կամ ինքնասպանները, որոնք ցանկանում են զոհվել և մինչև այդ ամբողջ աշխարհը կործանել» : Խռուշչովը Քենեդիից երաշխիքներ էր պահանջում, որ չի հարձակվի Կուբայի վրա և փոխարենը պատրաստակամություն էր հայտնում դուրս բերել այնտեղից իր զենքը։ ԱՄՆ համաձայնվեց։ Այսպիսով, կատարվեց առաջին քայլը դեպի խաղաղություն։

Սակայն հոկտեմբերի 27-ին եղավ Կարիբյան ճգնաժամի «սև շաբաթը», երբ միայն հրաշքով չսկսվեց նոր Համաշխարհային պատերազմը։ Այդ ժամանակ Կուբայի վրայով օրը երկու անգամ անցնում էին ամերիկյան ինքնաթիռները։ Հենց այդ օրը խորհրդային զորքերը գցեցին ամերիկյան հետախուզական ինքնաթիռներից մեկը։ Այդպիսի գերլարված իրավիճակում ԱՄՆ-ի նախագահը ընդունեց որոշում` երկու օր անց ռմբակոծել խորհրդային հրթիռային բազաները և զինված հարձակում սկսել կղզու վրա։ Հաջորդ օրը խորհրդային իշխանությունները համաձայնվեցին ամերիկյան պայմաններին։ Ձեռք բերված համաձայնությունը ուներ նաև գաղտնի կողմ` ԱՄՆ-ը պարտավորվում էր 4-5 ամսվա ընթացքում դուրս բերել Թուրքիայից իր հրթիռները։ Կուբայից հրթիռները հանելու որոշումը ընդունվել էր առանց Կուբայի իշխանության համաձայնության։ Այդպես վարվեցին, որովհետև Ֆիդել Կաստրոն կտրականապես դեմ էր իր երկրից միջուկային հրթիռները հեռացնելուն։ Դրանից հետո միջազգային լարվածությունը ընկավ։ Հոկտեմբերի 28-ին ԽՍՀՄ-ը դուրս բերեց իր հրթիռները, իսկ նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ը հանեց կղզու ծովային շրջափակումը։ Կարիբյան ճգնաժամը ունեցավ խաղաղ ավարտ։