Jump to content

Վիտաուտաս Կայրյուկշտիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտաուտաս Կայրյուկշտիս
Ծնվել էնոյեմբերի 14, 1890(1890-11-14)
ԾննդավայրSejny, Սուվալկիի նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 13, 1961(1961-06-13)[1][2] (70 տարեկան)
Մահվան վայրՎիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Լիտվա և  Լեհաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտություննկարիչ

Վիտաուտաս Կայրյուկշտիս (լիտ.՝ Vytautas Kairiūkštis, նոյեմբերի 14, 1890(1890-11-14), Sejny, Սուվալկիի նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն - հունիսի 13, 1961(1961-06-13)[1][2], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի գեղանկարիչ և արվեստաբան։

Ծնվել է 1890 թվականի նոյեմբերի 14-ին, Սեյնի քաղաքում (Լեհական թագավորություն) ուսուցիչ Յուոզաս Կայրյուկշտիսի և բանաստեղծուհի ու թարգմանչուհի Յուլիա Կայրուկշտենե-Վիխերտայտեի (Julia Kairuksztisowa-Wichert)[3] ընտանիքում։ Եղբայրը՝ Ստասիս Կայրյուկշտիսը, նախ՝ Վիլնոյում, իսկ 1924 թվականից՝ Կաունասում եղել է ուսուցիչ, քույրը՝ Հալինա Կայրյուկշտիտե-Յացինիենեն, արվեստագետ և ազգագրագետ, եղբայրը՝ Կազիմիրաս Կայրյուկշտիսը՝ երկաթուղու ինժեներ, եղբայրները՝ Վլադաս և Յոնաս Կայրյուկշտիսները՝ բժիշկ-թերապևտներ։

Վիտաուտաս Կայրյուկշտիսը 1910-1912 թվականներին (ըստ այլ աղբյուրների՝ 1910-1911 թվականներին[4]) սովորել է Վիլնոյում՝ Իվան Տրուտնևի նկարչական դպրոցում։ Եղել է Ֆերդինանդ Ռուշչիցի գլխավորած գաղտնի գեղարվեստական խմբակի անդամ[4]։ 1912-1913 թվականներին սովորել է Մոսկվայի Կոնստանտին Յուոնի արվեստանոցում։ Սովորել է նաև Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1913-1916)[3]։

1917-1918 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության դպրոցում՝ Նիկոլայ Կասատկինի մոտ։ 1918-1919 թվականներին եղել է Վորոնեժի ժողովրդական կրթության բաժնի կերպարվեստի հրահանգիչ։ Մոբիլիզացվելով Կարմիր բանակում (1919)՝ ծառայել է Իրկուտսկի 5-րդ բանակի շտաբի մշակութային բաժնում։ 1920-1921 թվականներին սովորել է Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցներում՝ Պավել Կուզնեցովի մոտ։

1921 թվականին բնակություն է հաստատել Վիլնայում։ Կերպարվեստ է դասավանդել միջնակարգ դպրոցներում։ Կազմակերպել է ավանգարդ արվեստի ցուցահանդեսներ (Վլադիսլավ Ստրժեմինսկու հետ կազմակերպել է նոր արվեստի ցուցահանդես Վիլնայում[4]), մասնակցել լեհական ավանգարդ խմբերի գործունեությանը (1924 թվականից միացել է լեհ ավանգարդ նկարիչների «Բլոկ» („Blok“) խմբին[3]

1925-1929 թվականներն անցկացրել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում, Իտալիայում՝ ծանոթանալով արվեստի ժամանակակից ուղղություններին։ 1923-1930 թվականներին ղեկավարել է Վիլնայի նկարչական ստուդիան։ Կայրյուկշտիսի արվեստանոցում սովորողների շարքում է եղել Վլադաս Դրեման։ 1931 թվականին Կայրյուկշտիսն էքստեռն ավարտել է Ստեֆան Բատորիի համալսարանը։

1937 թվականից դասավանդել է Կաունասում։ 1940-1944 թվականներին աշխատել է Կաունասի Մ. Կ. Չյուրլյոնիսի թանգարանում։ Հետագայում դասավանդել է Կաունասի դեկորատիվ-կիրառական արվեստի ինստիտուտում (1944-1951), եղել է դոցենտ (1947)[3]։ Թոշակի անցնելուց հետո տեղափոխվել է Վիլնյուս (1952)։

Թաղված է Վիլնյուսի Բերնարդինի գերեզմանատանը։

Ստեղծագործական ուղի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարել է պատկերային կոմպոզիցիաներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ (հիմնականում՝ յուղաներկ և գունամատիտ)։ Նրա վաղ շրջանի աշխատանքները բնութագրվում են կուբիզմի և կոնստրուկտիվիզմի առանձնահատկություններով. Զբաղվել է նաև կիրառական գրաֆիկայով։ Ցուցահանդեսներ են անցկացվել Վիլնայում (1931, 1944, 1945), Կաունասում (1932, 1935, 1936, 1938, 1939, 1940, 1944, 1945), Ռիգայում և Տալլինում (1937)։ 1970 թվականին Վիլնյուսում կայացել է նրա անհատական ​​ցուցահանդեսը։

Գրել է մենագրություն լիտվացի նկարիչ ակվալերիստ Կաետոնաս Սկլերիուսի մասին (1938), մի քանի աշխատություններ Չյուրլյոնիսի մասին և մի շարք հոդվածներ արվեստի տեսության վերաբերյալ։

Ստեղծագործությունները պահվում են Լիտվայի գեղարվեստի թանգարանում, Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիսի ազգային արվեստի թանգարանում և արտասահմանյան թանգարաններում[3]։

Հայտնի ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Համերգ սրճարանում (1921),
  • Լողափեր (1928),
  • Իոնաս Բասանավիչյուսի դիմանկարը (1922),
  • Կուբիստական ​​ինքնադիմանկար (1923),
  • Երեկոն Իրկուտսկում (1920),
  • Հողմաղաց Պոնևեժում (1936)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Vytautas Kairiūkštis. Tapyba. Piešiniai. Jubiliejinė kūrybos paroda 100-osioms gimimo metinėms: Katalogas, įžanginis straipsnis V. Liutkaus. — Vilnius, 1990. — 302 p.(լիտվ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Vytautas Kairiūkštis and the New Art Exhibition in Vilnius Արխիվացված 2014-04-23 Wayback Machine(անգլ.)
  • Rima Rutkauskienė (2006 թ․ հունվարի 17). «Vytautas Kairiūkštis». Visuotinė lietuvių enciklopedija (լիտվերեն). Mokslo ir enciklopedijų leidybos centras. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  • Irena Kossowska (2001). «Witold Kajruksztis (Vytautas Kairiukstis)». Culture.pl (լեհերեն). Instytut Adama Mickiewicza. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.