Jump to content

Ստեփան Քափանակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Քափանակյան
Ծնվել էփետրվարի 8, 1877(1877-02-08)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 5, 1944(1944-05-05) (67 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, թարգմանիչ և ռեժիսոր
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Ստեփան Քափանակյան (փետրվարի 8, 1877(1877-02-08), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մայիսի 5, 1944(1944-05-05), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, թարգմանիչ, ասմունքող, բեմադրիչ, Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1941 թվական), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Քափանակյանը ծնվել է Թիֆլիսում։ Ռուս հռչակավոր ռեժիսոր Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի հեռավոր ազգականն էր մոր կողմից (Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի մայրը՝ Գայանե Յաղուբյանը՝ հայուհի էր)։

Քափանակյանը հայ առաջին ռեժիսորներից է։ Նրա հայրը, ով Օռլովի նահանգի կառավարիչն էր, որդուն ուսանելու է ուղարկում նախ Մոսկվայի Լազարյան ճեմարան, այնուհետև Մոսկվայի համալսարան, որի բանասիրական բաժինը Ստ. Քափանակյանը ավարտել է 1900 թվականին[1]։

Այդ տարիներին հաճախել է նաև Ի. Ս. Բուրդինի դրամատիկական դասընթացների։ 1898 թվականին բացված Մոսկվայի Գեղարվեստական թատրոնը մեծ դեր է խաղացել Քափանակյանի կյանքում։

1901 թվականին վերադարձել է Թիֆլիս և հանդես եկել որպես ասմունքող (հայերեն և ռուսերեն բանաստեղծություններ էր արտասանում)։ Ապա որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատանքի է անցել Ներսիսյան դպրոցում։ 1904 թվականին Հայ դրամատիկական ընկերությունը դիմում է Ստ. Քափանակյանին՝ առաջարկելով դառնալ թատերախմբի ռեժիսորը և 1904 թվականին նա սկսում է աշխատել Դրամատիկական ընկերության խմբում։

Առաջին նորամուծությունը, որով Քափանակյանը սկսել է իր աշխատանքը, սեղանի շուրջը կատարվող աշխատանքն է եղել։ Քանի դեռ ներկայացման բոլոր մասնակիցները չէին յուրացրել դրամայի ընդհանուր մտահղացումը, չէին պարզել գործող անձանց փոխհարաբերությունները, ներկայացումը հանդիսատեսին չէր ցուցադրվում։ Այդ սկզբունքը Քափանակյանը կիրառում էր այնպիսի հետևողականությամբ, որ երբեմն վեճեր էին ծագում։

Աշխատելով մինչև 1908 թվականը՝ Քափանակյանը լքում է թատրոնը՝ բախվելով Դրամատիկական ընկերության ղեկավարության հետ։ Մինչև 1917 թվականը, երբ Օվի Սևումյանը Թիֆլիսում կազմավորում է դրամատիկական ստուդիա, Քափանակյանը չի վերադառնում թատրոն։ Սևումյանի ստուդիայում նա դասախոսություններ է կարդում գրականության պատմության վերաբերյալ, վարում բեմական խոսքի դասընթաց։ Սակայն շուտով Սևումյանի ստուդիան փակվում է։ Քափանակյանը փորձում է կրկին բացել այն, սակայն չի հաջողվում։

Վրաստանում Քափանակյանը ղեկավարում է Հայարտան թատերական սեկցիան։ Միաժամանակ Լևոն Քալանթարի օգնությամբ, ձեռնամուխ է լինում Շահումյանի անվան «Որոնումների թատրոնի» կազմակերման գործին, որը հետագայում նշանակալի դեր է խաղացել Երևանի Առաջին Պետթատրոնի ստեղծման մեջ։

Իբրև թատրոնի ղեկավարներից մեկը, նա պնդում էր, որ թատերախումբը կազմվի միայն բեմական փորձ չունեցող երիտասարդներից։ Ստ. Քափանակյանը գնահատելով Հասմիկի և Միքայել Մանվելյանի արվեստը, դեմ էր նրանց նոր թատերախումբ ընդունելուն։

1921 թվականի աշնանը Քափանակյանը ընդունում է Սուրեն Խաչատրյանի հրավերը՝ բեմական խոսքի և գեղարվեստական ասմունքի դասեր անցկացնել Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում, ուր նա աշխատում է մեկ տարի[1]։

Ստեփան Քափանակյանը ոչ միայն ասմունքի առաջին հայ վարպետն է եղել, այլև հայ պրոֆեսիոնալ ասմունքի հիմնադիրը։ Քափանակյանի աշակերտներից է եղել նշանավոր ասմունքող Սուրեն Քոչարյանը, ամերիկյան ականավոր կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը։ Քափանակյանը ասմունքել է Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» և Ավետիք Իսահակյանի «Աբու-լալա Մահարին»։

1919-1920 թվականներին Քափանակյան եղել է Ներսիսյան դպրոցի տեսուչը։

1921 թվականին նա որպես ռեժիսոր աշխատել է Թիֆլիսի հայկական թատրոնում։

Համոզվելով, որ «ամենագլխավորը կերպարի ներաշխարհն արտահայտելն է», Քափանակյանը, զննելով Եվգենի Վախթանգովի, Վսևոլոդ Մեյերխոլդի և մյուսների ստեղծագործությունները, համոզվեց նաև այն բանում, որ պետք է կարողանալ այդ ներաշխարհը թատերայնորեն արտահայտել։ «Վիլհելմ Տելլ» բեմադրության մեջ նա հասավ դրան։

1926-1927 թվականներին Քափանակյանը հրավիրվել է Բաքվի Հայ դրամա՝ աշխատելու իբրև գեղարվեստական ղեկավար։ Եթե Թիֆլիսում հաջողություն էր վայելում «Բոռը», ապա Բաքվում՝ «Փարիզ»-ը, որը ավելի հարազատ էր Բաքվի բանվորական միջավայրին։ Այստեղ Քափանակյանը բեմադրում է մի շարք հետաքրքիր ներկայացումներ, այդ թվում «Մորգանի Խնամին»։

Վերադառնալով Թիֆլիս՝ Քափանակյանը 4 տարի (1927-1937 թթ.) ղեկավարում է Հայարտան դրամատիկական ստուդիան։ Իր հարազատ թատրոն՝ Թիֆլիսի Հայ դրամա, Քափանակյանը վերադառնում է 1930 թվականին և մինչև 1937 թվականը ղեկավարում այն։ Այդ տարիներին նա բեմադրում է տարբեր ժանրի պիեսներ։

Ստեփան Քափանակյանը ֆրանսիական, հունական ու ժամանակակից հեղինակների շատ պիեսներ է թարգմանել, երկար տարիներ աշխատակցել է Կովկասի հայ հրատարակչական ընկերությանը։ Նա իր կնոջ՝ Աննա Միլիլյանի և Վահան Տերյանի հետ թարգմանել է Րաֆֆու «Կայծերը»։ Ռուսերեն է թարգմանել նաև Հովհաննես Թումանյանի «Փարվանա» պոեմը, որը լույս է տեսել 1913 թվականին։ Ինչպես նաև բնագրերից հայերեն է թարգմանել «Բոռը», «Սեր և խարդավանքը», «Մակբեթը», «Ուրիել Ակոստան», «Երկնագույնն ու վարդագույնը», «Երկու որբը», «Վիլհելմ Տելլը», «Սկապենի արարքները» և ուրիշ գործեր։ Գրել է հայ թատրոնի պատմությունը (1890-1909 թվականներ)։

Հայերենից և ռուսերենից բացի նա գիտեր գերմաներեն, լատիներեն, ֆրանսերեն, հունարեն[2]։

1936 թվականին Թիֆլիսի Հայ դրաման ստանում է նոր շենք։ Այն 15 տարիները, որի ընթացքում Քափանակյանը հանդիսանում էր թատրոնի ռեժիսորը, թատրոնը չուներ սեփական շենք և աշխատում էր դժվարին պայմաններում. ներկայացումները բեմադրվում էին շաբաթական մեկ-երկու անգամ, փորձերն անում անհարամար պայմաններում։ Շատերը չէին դիմանում ստեղծված դրությանը և հեռանում էին թատրոնից՝ գալով Երևան։ Շուտով Քափանակյանը 1937 թվականին հեռացվում է Թիֆլիսի Հայ դրամայից, տեղափոխվում Թբիլիսիի պատանի հանդիսատեսի հայկական թատրոն, ուր աշխատում է մինչև կյանքի վերջը։ Պատանի հանդիսատեսի թատրոնում ընդգծվեցին նրա մանկավարժական հակումները։ Նա թատրոնը դարձնում է յուրատեսակ մի ստուդիա, որի սաները հետագայում մեծ տեղ են գրավում Թիֆլիսի և Երևանի թատրոններում։ Պատանի հանդիսատեսի թատրոնում Քափանակյանի բեմադրած ներկայացումներից են «Պավկա Կորչագին»ը (բեմադրված է Վ. Մովսիսյանի հետ), «Սեր և խարդավանք»ը, «Գոշ»ը և «Երկու տիրոջ ծառան»։

Կյանքի վերջին ամիսներին Քափանակյանը անբուժելի հիվանդ էր, սակայն չէր դադարում հետաքրքրվել թատրոնով։ Նա վախճանվել է 1944 թվականի մայիսի 5-ին, 67 տարեկան հասակում Թիֆլիսում։ Թաղվել է Վերայի հայոց հին գերեզմանատանը[1]։

Բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Արվեստի Ինստիտուտ «Հայ Սովետական Թատրոնի Պատմություն»
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 568-569.