Jump to content

Աստվածների մայրամուտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աստվածների կործանումըից)
Աստվածների մայրամուտը
գերմ.՝ Götterdämmerung[1]
Վալտրաուտի և Բրունհիլդի վեճը
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրերաժշտական դրամա
ԿոմպոզիտորՌիխարդ Վագներ[1]
Լիբրետտոյի
հեղինակ
Ռիխարդ Վագներ[1]
Սյուժեի աղբյուրՍկանդինավյան դիցաբանություն
Գործողությունների քանակ3
Գործողության տեղՀին Գերմանիա և Հռենոս
Գործողության ժամանակդիցաբանական ժամանակներ
Տևողություն

մոտ 4 ժամ 15 րոպե

1 մաս - մոտ 1 ժամ 55 րոպե
2 մաս - մոտ 2 ժամ 5 րոպե
3 մաս - մոտ 1 ժամ 15 րոպե
ԿերպարներԱլբերիք, Բրունհիլդա, First Norn?, Floßhilde?, Gunther?, Gutrune?, Hagen?, Second Norn?, Siegfried?, Third Norn?, Waltraute?, Wellgunde? և Woglinde?
Ստեղծման տարեթիվ1874
Առաջնախաղի տարեթիվօգոստոսի 17, 1876[1]
Առաջնախաղի վայրԲայրոյթի թատրոն, Բայրոյթ
Կատալոգի համար86D
ՆախորդԶիգֆրիդ
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Götterdämmerung Վիքիպահեստում

Աստվածների մայրամուտը (գերմ.՝ Götterdämmerung), Ռիխարդ Վագների օպերան՝ «Նիբելունգի մատանին» շարքի չորրորդ և եզրափակիչ ստեղծագործությունը, հաջորդում է «Զիգֆրիդ» օպերային։ Լիբրետտոյի հեղինակը Վագներն է, այն գրվել է 1848-52 թթ, խմբագրվել և լրացվել է մինչև 1874 թվականը։ Երաժշտությունը գրվել է 1869-74 թթ. ընթացքում։ Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել Բայրոյթի փառատոնի ընթացքում 1876 թ. օգոստոսի 17-ին՝ որպես «Նիբելունգի մատանին» շարքի ամբողջական բեմադրության մաս։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերայի լիբրետոն, ինչպես և ամբողջ «Նիբելունգի մատանին» շարքը, գրվել է Վագների կողմից Ցյուրիխում 1849-1852 թվականների ընթացքում։ Երաժշտությունն ստեղծվել է Մյունխենում 1871-1874 թվականներին։ Առաջնախաղը կայացել է «Բայրոյթյան փառատոնի» ժամանակ 1876 թվականի օգոստոսի 17-ին։

«Աստվածների մայրամուտի» առաջին գործողությունը տևում է 2 ժամ առանց ընդմիջումների։ Օպերան համարվում է աշխարհում ամենադժվարներից մեկը ինչպես նվագախմբի, այնպես էլ մենակատարների համար։

Գործող անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերերգ Ձայնի տեսակ Կատարողները (առաջին ներկայացում, 1876 թ. օգոստոսի 17),
(Դիրիժոր՝ Հանս Ռիխտեր)
Զիգֆրիդ (Siegfried) տենոր Գեորգ Ունգեր (Georg Unger)
Բրունհիլդ (Brünnhilde) սոպրանո Ամալի Մատերնա (Amalie Materna)
Գունթեր (Gunther) բարիտոն Օյգեն Գուրա (Eugen Gura)
Գութրուն (Gutrune) սոպրանո Մատիլդե Վեկերլին (Mathilde Weckerlin)
Հագեն (Hagen) բաս Գուստավ Սիր (Gustav Siehr)
Ալբերիխ (Alberich) բարիտոն Կարլ Հիլ (Karl Hill)
Վալտրաուտե (Waltraute) մեցցո-սոպրանո Լուիզ Ժադե (Luise Jaide)
Առաջին նորնա կոնտրալտո Յոհաննա Ջակման-Վագներ (Johanna Jachmann-Wagner)
Երկրորդ նորնա մեցցո-սոպրանո Ժոզեֆին Շեֆսկի (Josephine Schefsky)
Երրորդ նորնա սոպրանո Ֆրեդերիկե Գրյուն (Friederike Grün)
Վոգլինդե (Woglinde) սոպրանո Լիլի Լեման (Lilli Lehmann)
Վելգունդե (Wellgunde) սոպրանո Մարի Լեման (Marie Lehmann)
Ֆլոսհիլդե (Flosshilde) մեցցո-սոպրանո Մինա Լամերտ (Minna Lammert)
Ազատներ, կանայք

Օպերայի կարճ բովանդակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորնաները հյուսում են ճակատագրի պարանը

Երկրի նախամայր-աստվածուհի Էրդայի դուստրեր՝ երեք Նորնաները հավաքվել են Բրունհիլդայի ժայռի տակ ճակատագրի պարանը հյուսելու համար։ Նրանք երգում են անցյալի, ներկայի և ապագայի մասին, երբ Վոթանը հրո ճարակ կդարձնի Վալհալան՝ ազդարարելով աստվածների վերջը։ Հանկարծ նրանց պարանը կտրվում է։ Ողբալով ապագան տեսնելու ունակությունը կորցնելու մասին՝ Նորնաներն անհետանում են։

Լույսը բացվում է։ Զիգֆրիդն ու Բրունհիլդան դուրս են գալիս կախարդական կրակով շրջապատված ժայռի գլխին գտնվող քարանձավից։ Բրունհիլդան ճանապարհում է Զիգֆրիդին նոր արկածների՝ խնդրելով նրան վառ պահել իրենց սիրո մասին հիշողությունը։ Որպես հավատարմության նշան Զիգֆրիդը Բրունհիլդային է նվիրում Իշխանության մատանին, որը նա նվաճել էր Ֆաֆներին մենամարտում հաղթելու արդյունքում։ Կրելով Բրունհիլդայի մարտական վահանը և հեծնելով նրա Գրանե ձիուն՝ Զիգֆրիդը հեռանում է «Զիգֆրիդի ճանապարհորդությունը Հռենոսով» երաժշտական ինտերլյուդիայի հնչյունների տակ։

Առաջին գործողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Զիգֆրիդը մեկնում է ճանապարհորդության

Հռենոսի ափերին բնակվող գերմանական տոհմերից մեկի՝ Գիբիհունգների պալատը։ Գիբիհունգների առաջնորդ Գունթերը նստած է գահին։ Նրա խորթ եղբյար Ալբերիքը խորհուրդ է տալիս նրան կին գտնել, իսկ քրոջ Գութրունի համար՝ ամուսին։ Որպես կին առաջարկում է Բրունհիլդին, իսկ որպես Գութրունի ամուսին՝ Զիգֆրիդին՝ թաքցնելով, որ Զիգֆրիդն ու Բրունհիլդը արդեն ամուսիններ են։ Երբ Գութրունը կասկած է հայտնում առ այն, որ իր գեղեցկությունը կարող է գերել Զիգֆրիդին՝ Հագենը խորհուրդ է տալիս նրան օգտագործել կախարդական ըմպելիքը, որը խմելուց հետո Զիգֆրիդը կմոռանա նախկինում իր բոլոր ճանաչած կանանց և կսիրահարվի ըմպելիքը մատուցած Գութրունին։ Նոր սերը կստիպի նաև Զիգֆրիդին հաղթահարել հրով շրջապատված ժայռը և նվաճել Բրունհիլդին Գունթերի համար (Բրունհիլդը թաքնված է կախարդական կրակով շրջապատված ժայռի վրա, այն կարող է անցնել միայն վախ ճչանաչող հերոսը)։ Գունթերն ու Գութրունեն խանդավառությամբ համաձայնում են այդ ծրագրին։

Գիբիհունգների պալատ է ժամանում Զիգֆրիդը՝ հայտարարելով, որ իր ճանապարհորդության ընթացքում լսել է Գունթերի հզորության մասին և ցանկանում է հանդիպել նրա հետ։ Գունթերը սիրով հրավիրում է Զիգֆրիդին պալատ և առաջարկում է ի նշան դաշինքի գավաթ գինի խմել։ Խմելով Գութրունի մատուցած ըմպելիքը՝ Զիգֆրիդը իսկույն մոռանում է Բրունհիլդին և սիրահարվում Գութրունին։ Կախարդական ըմպելիքի ազդեցության տակ Զիգֆրիդը խնդրում է Գութրունի ձեռքը՝ համաձայնելով դրա դիմաց օգնել Գունթերին Բրունհիլդի նվաճման գործում։ Հագենի խորհրդով նրանք երդվում են հավերժ արյունակցական եղբայրության մասին, ի նշան դրա միախառնելով իրենց արյունը գինով լի եղջյուրի մեջ, և մեկնում դեպի Բրունհիլդի ժայռը։ Հագենը մնում է հսկելու՝ խորհելով այն մասին, թե Իշխանության մատանիին տիրանալու իր ծրագիրը մոտ է հաջողությամբ պսակվելուն։

Բրունհիլդի ժայռի վրա։ Բրունհիլդին այցելում է իր քույր՝ Վալտրաուտը, որը նրան պատմում է, թե ինչպես է Վոտանը վերադարձել Վալհալ բերելով իր հետ իր կոտրված նիզակը։ Վոտանը հուսահատ վիճակում է՝ կորցնելով իր նիզակը, որը կազմում էր իր հզորության հիմքը, քանի որ դրա վրա էին փորագրված այն բոլոր դաշինքներն ու պայմանավորվածությունները, որոնք նա կապել է ի հաստատումն իր իաշխանության։ Վոտանը կարգադրել է կտրել Իգրասիլ (Կենաց) ծառը և դրա փայտը դիզել Վալհալի շուրջ, ուղարկել է կախարդական ագռավներին հետևել աշխարհի իրադարձությունների ընթացքին և ներկայումս նստած է Վալհալի գահի վրա սպասելով իրերի վախճանին։ Վալտրաուդեն խնդրում է Բրունհիլդին վերադարձնել Մատանին Հռենոսի դուստրերին և դրանով վերացնել Մատանու անեծքը և կանխել աստվածների վախճանը։ Բրունհիլդը կտրականապես մերժում է հրաժարվել Զիգֆրիդի սիրո նշանից, և Վալտրաուտը մեկնում է ձեռնունայն։

Բրունհիլդի ժայռին է հայտնվում Զիգֆրիդը, որը օգտագործելով Տարնհելմ կախարդական սաղավարտը ընդունել է Գունթերի տեսքը։ Զիգֆրիդը հավակնում է Բրունհիլդին որպես իր (Գունթեր) կին։ Բրունհիլդը, չճանաչելով Զիգֆրիդին, դիմադրում է, սակայն ի վերջո զիջում է ուժին։ Զիգֆրիդը, չգիտակցելով իր գործողությունները, խլում է Բրունհիլդից Մատանին և հագցնում այն իր մատի վրա։

Երկրորդ գործողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբերիխը խոսում է Հագենի հետ

Հագենին, որը նստած Հռենոսի ափին գտնվում է կիսաթմբիրի մեջ (աչքերը բաց և անշարժ վիճակում), այցելում է նրա հայր՝ Ալբերիխը։ Ալբերիխի հորդորով Հագենը երդվում է սպանել Զիգֆրիդին և տիրանալ Իշխանության մատանուն։ Ալբերիխը հեռանում է։ Հռենոսի վրա բացվում է լույսը։ Ափ է իջնում իր նախկին տեսքը վերականգնած Զիգֆրիդը։ Նա հայտնում է, որ քիչ հետո կժամանի նաև Գունթերը, որին նա արդեն հանձնել է Բրունհիլդին։ Հնչեցնելով պատերազմի շեփորը՝ Հագենը հավաքում է Գիբիհունգի վասալներին՝ ողջունելու Գունթերին և նրա հարսնացու Բրունհիլդին։ Վասալները ուրախալի անակնկալի են գալիս՝ լսելով, որ իրենց հավաքում են ոչ թե մարտի գնալու, այլ առաջնորդի հարսանեկան հանդեսին մասնակցելու համար։

Ժամանում են Գունթերը և Բրունհիլդը, որը ապշում է տեսնելով Զիգֆրիդին։ Նկատելով Զիգֆրիդի ձեռքին Իշխանության մատանին՝ Բրունհիլդը հասկանում է, որ իրեն դավաճանել են՝ այն մարդը, որը նրան նախորդ գիշեր նվաճել էր, ոչ թե Գունթերն էր, այլ կերպարանափոխված Զիգֆրիդը։ Գունթերի և նրա վասալների առջև Բրունհիլդը դատապարտում է Զիգֆրիդին՝ մեղադրելով նրան իրեն հրապուրելու և թողնելու մեջ։ Զիգֆրիդը երդվում է Հագենի նիզակի վրա, որ Բրունհիլդի մեղադրանքները կեղծ են։ Բրունհիլդն իր հերթին երդվում է նույն նիզակի վրա, որ այն, ինչ նա ասում է, ճշմարիտ է։ Քանի որ երդումը զենքի վրա է արված, այն դեպքում, եթե այն կեղծ է, զենքի տերը իրավունք ունի այդ նույն զենքով սպանել սուտ երդվողին։

Բրունհիլդը (Գվինեթ Ջոնս) մեղադրում է Զիգֆրիդին (տեսարան Բայրոյթի թատրոնի բեմադրությունից)

Զիգֆրիդը առաջնորդում է Գութրունին ու ներկա վասալներին դեպի հարսանեկան խնջույքի սեղան. բամի վրա են մնում Բրունհիլդը, Հագենը և Գունթերը։ Բրունհիլդի բացահայտումներից խորը ամոթի զգացմամբ պարուրված՝ Գունթերը համաձայնում է Զիգֆրիդին սպանելու Հագենի առաջարկին։ Բրունհիլդը, ձգտելով վրեժխնդիր լինել Զիգֆրիդից դավաճանության համար, միանում է դավադրությանը և հայտնում Հագենին, որ Զիգֆրիդը խոցելի է, եթե նրան հարվածեն հետևից։ Հագենն ու Գունթերը որոշում են սպանել Զիգֆրիդին մյուս օրը նախատեսված որսի ժամանակ։

Գործողությունն ավարտվում է եռերգով, որի ընթացքում Բրունհիլդն ու Գունթերը, վկայակոչելով «երդումների պահապան» Վոտանի անունը, երդվում են վրեժ լուծել Զիգֆրիդից, իսկ Հագենը կրկնում է Մատանուն տիրանալու և դրա միջոցով աշխարհը կառավարելու Ալբերիխին տված իր խոստումը։

Երրորդ գործողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռենոսի կույսերը նախազգուշացնում են Զիգֆրիդին

Հռենոսի ափերին երեք Հռենոսի կույսերը ողբում են Հռենոսի ոսկու կորուստը։ Մոտենում է Զիգֆրիդը, որը առանձնացել է որսորդների խմբից։ Հռենոսի կույսերը փորձում են համոզել Զիգֆրիդին վերադարձնել Մատանին և խուսափել անեծքից, սակայն նա ծիծաղում է նրանց վրա՝ ասելով, որ գերադասում է մահանալ, քան թե գործարքի մեջ մտնել հանուն իր կյանքի։ Հռենոսի կույսերը հեռանում են՝ կանխագուշակելով, որ Զիգֆրիդը կմեռնի և նրա կին ժառանգորդը ավելի բարեհամբյուր կլինի իրենց խնդրանքի նկատմամբ։

Զիգֆրիդի սպանությունը

Զիգֆրիդին միանում են այլ որսորդները, որոնց թվում են Գունթերն ու Հագենը։ Կանգնելով հանգստի որսորդները խնդրում են Զիգֆրիդին պատմել իր արկածների մասին։ Զիգֆրիդը ընդառաջում է նրանց խնդրանքներին և սկսում է իր պատմությունը։ Հագենը նրան գինի է առաջարկում, որի մեջ խառնած է հիշողությունը վերականգնող դարման։ Զիգֆրիդը խմում է այն, որից հետո միանգամից հիշում է Բրունհիլդին՝ պատմելով, թե ինչպես է գտել և համբույրով արթնացրել նրան։ Զիգֆրիդի պատմությունը ընդհատում են Վոտանի ագռավների կռկռոցը. մինչ Զիգֆրիդը բարձրանում է և վեր է նայում Հագենը հարվածում է նրան հետևից նիզակով։ Բոլորը սարսափով նայում են Հագենին, որը բացատրում է իր գործողությունները երեք բառով ("Meineid rächt' ich!" – "Ես վրեժ եմ լուծել երդմնազանցությո՛ւնը"). քանի որ Զիգֆրիդն ընդունել է, որ սիրում է Բրունհիլդին, Հագենի նիզակի վրա նրա երդումը սուտ էր, այդ պատճառով Հագենի պարտականությունն էր սպանել նրան նիզակով։ Հագենը լուռ հեռանում է։ Զիգֆրիդը հիշում է Բրունհիլդի զարթոնքը և մահանում է։ Նրա մարմինը տարվում է հանդիսավոր սգո քայլերգի հնչյունների ներքո (Զիգֆրիդի սգո քայլերգ), որը տեսարանների միջև միջներգ է կազմում։

Բրունհիլդը Գրանեին հեծնած նետվում է թաղման խարույկի մեջ

Գիբիհունգների պալատ։ Գութրունը սպասում է Զիգֆրիդի վերադարձին։ Ժամանում է Հագենը։ Գութրունը սարսափում է՝ տեսնելով ներս բերված Զիգֆրիդի դիակը։ Գունթերը Զիգֆրիդի մահվան համար մեղադրում է Հագենին, որը պատասխանում է, որ Զիգֆրիդն ինքը իր վրա հրավիրեց պատիժը կեղծ երդում տալով։ Դրանից հետո Հագենը պահանջում է Զիգֆրիդի մատի վրայի Մատանին՝ վկայակոչելով հաղթողի իրավունքը։ Երբ Գունթերը առարկում է, Հագենը դիմում է վասալներին ի աջակցություն իր պահանջի։ Գունթերը հանում է թուրը և հարձակվում Հագենի վրա. կարճ մենամարտն ավարտվում է Հագենի հաղթանակով, Գունթերը սպանվում է։ Սակայն, երբ Հագենը մոտենում է Զիգֆրիդին՝ նրա մատից Մատանին հանելու նպատակով, Զիգֆրիդի ձեռքը սպառնալից բարձրանում է։ Հագենը սարսափահար նահանջում է։ Գութրունը քարանում է վշտից։

Մտնում է Բրունհիլդը՝ արդեն տեղյակ, որ Զիգֆրիդը մահացել է (Զոհաբերության տեսարան)։ Նա կարգադրում է գետի ափին պատրաստել մեծ թաղման խարույկ, որի վրա դնում են Զիգֆրիդի դին։ Նա հանում է Զիգֆրիդի մատից Մատանին և առաջարկում է Հռենոսի կույսերին վերցնել այն իր մոխրից՝ այն բանից հետո, երբ կրակը կմաքրի այն անեծքից։ Վառելով խարույկը՝ նա ուղարկում է Վոտանի ագռավներին հետ դեպի Վալհալ «անհամբեր սպասված լուրերով»։ Զոհված հերոս՝ Զիգֆրիդին հասցեագրված գովքի խոսքից հետո Բրունհիլդը հեծնում է իր Գրանե ձիուն և նետվում է խարույկ։

Խարույկն էլ ավելի է բռնկվում, Գիբիհունգների դղյակն ընկղմվում է կրակի մեջ և փուլ է գալիս։ Հռենոսը դուրս է գալիս իր ափերից, հանգցնում է կրակը։ Հայտնվում են Հռենոսի կույսերը, որոնք վերցնում են Մատանին մոխրի մեջից։ Հագենը փորձում է կանգնեցնել նրանց, սակայն խեղդվում է ջրի մեջ։ Այն միջոցին, երբ Հռենոսի կույսերը տոնում են Մատանու և նրա ոսկու վերադարձը, երկնքի վրա կարմիր հրացոլքեր են երևում. դա կրակով պատած Վալհալն է, որն աստիճանաբար տեսանելի է դառնում։ Աստվածներն ու հերոսները Վոտանի գլխավորությամբ անշարժ նստած են պալատում։ Բոցի հրեղեն լեզուները աստիճանաբար տարածվում են՝ թացնելով Վալհալի տեսարանը։ Վարագույրը իջնում է։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աստվածների մայրամուտը» օպերայում տիրում է մռայլ, ողբերգական տրամադրություն, նրանում գերակշռում են չար կերպարները։ Հերոսները կամազուրկ են և դառնում են գործիք մութ ուժերի ձեռքին։ Մեծ ուշադրություն է հատկացված ներքին հոգեբանական պայքարի բագահայտմանը, հերոսների նկարագրերը տրվում են սուր բախումների միջոցով, և դրանում կարևոր դերակատարություն ունի նվագախումբը։ Նախաբանը կազմված է երկու հակասական տեսարաններից, որոնք միմյանցից առանձնանում են նվագախմբային տեսարանով։ Նորնաների մարգարեության գիշերային տեսարանը բնորոշվում է մութ և մռայլ գույներով։ Նվագախմբային կատարումը պատկերում է արևածագը։ Դրան հաջորդում է Զիգֆրիդի ու Բրունհիլդայի սիրո երկար զուգերգը՝ տոգորված խանդավառության զգացումով։ Նախաբանն ավարտվում է սիմֆոնիկ տեսարանով («Զիգֆրիդի ճանապարհորդությունը Հռենոսով»)։ Այն հագեցած է լուսավոր գույներով, որտեղ հեռվից լսվում է Զիգֆրիդի հնչեղ փողհարումը և Բրունհիլդայի հրաժեշտի ուրախալից ողջույնը։ Հոսում են Հռենոսի զվարթ ջրերը, որոնց մեջ խայտում են ջրահարսները։ Կտրուկ հակադրությամբ է սկսվում առաջին արարը։ Տագնապալից առաջին տեսարանը՝ Գունթերի, Հագենի և Գութրունի խորհրդակցությունը, հանկարծ ընդհատվում է Զիգֆրիդի ուրախալից շեփորահարմամբ։ Բայց Հագենի հետ նրա հանդիպման պահին հնչում է մատանու նզովքի չարագույժ երաժշտական թեման, որ դեռ մի քանի անգամ կրկնվելու է օպերայի դրամատիկական դրվագներում։ Այդ տեսարանի կենտրոնում Զիգֆրիդի ու Գունթերի եղբայրության մասին երդումն է, որ ունի աշխույժ, զորեղ ու կտրուկ մեղեդի։ Առաջին տեսարանն ավարտվում է Հագենի ահարկու և ծաղրալից երգով։ Հուզմունք և անհանգստություն է տիրում երկրորդ տեսարանում, որ կազմված է երկու երկխոսությունից։ Դրանցից առաջինում հիմնական տեղը հատկացված է վալկիրիա Վալտրաուտի պատմությանը՝ աստվածների մոտալուց մահվան մասին։ Իսկ երկրորդ մասը ներկայացնում է Գունտերի կերպարանքով հայտնված Զիգֆրիդի և Բրունհիլդայի պայքարը։

Երկրորդ արարը հագեցած է դրամատիկական իրադարձություններով։ Այն սկսվում է նիբելունգ Ալբերիխի և Հագենի գիշերային տեսիլքի տեսարանով («Քնա՞ծ ես դու, որդիդ իմ Հագեն»)։ Դրան հակադրվում է Զիգֆրիդի և Գութրունի փոքրիկ լուսավոր դրվագը։ Մռայլ ուրախությամբ է համակված Հագենի զրույցը վասալների հետ, որը սկսվում է եղջերափողի կարճ նվագով։ Իսկ հարսանիքի տեսարանն օպերայի կուլմինացիոն պահն է։ Երեք անգամ նվագախմբային կատարման մեջ հնչում է հարսանեկան անհոգ մեղեդին՝ ստվերելով ողբերգական նվագները։ Դրանցից առաջինի կենտրոնում երդման տեսարանն է նիզակի վրա՝ «Ով սրբազան զենք, եղիր իմ երդման վկան» երգի կոպիտ մեղեդին հնչում է նախ Զիգֆրիդի կատարման մեջ, ապա՝ Բրունհիլդայի։ Երկրորդը վրեժխնդրության տերցետոն է, որի մեջ միահյուսված են Բրունհիլդայի խոր վիշտը, Հագենի ստոր վճռականությունը և ամոթահար Գունտերի հուսահատությունը։

Երրորդ արարը կազմված է տարբեր տրամադրություններ ունեցող երկու տեսարանից՝ լուսավոր ու խաղաղ բնությունը և Գիբիհունգի մռայլ ու ճնշող ամրոցը։ Նվագախմբային կատարումը կառուցված է բեմի ետևից հնչող եղջերափողի գունեղ փողհարումով։ Զիգֆրիդի զորեղ շեփորին պատասխանում է Հագենի եղջյուրի չարագույժ նվագը։ Ապա հաջորդում է հանդարտ հոսող Հռենոսի և նրանում՝ զվարթ ջրահարսների խաղի տեսարանը (Հռենոսի դուստրերի տերցետոն հիշեցնում է Հռենոսի ոսկին օպերայի առաջին տեսարանը)։ Ուրախ տրամադրություն է տիրում նաև ջրահարսների ու Զիգֆրիդի զրույցի տեսարանում, որի ընթացքում լսվում է Զիգֆրիդի շեփորի հնչեղ փողհարումը։ Կենտրոնական տեղը զբաղեցնում է Զիգֆրիդի երկար պատմությունն իր մանկության մասին «Միմեն, կարճլիկը, այդ ծեր փնթփնթանը»։ Այստեղ միմյանց փոխարինում են տարաբնույթ դրվագները՝ տոգորված կյանքի ուրախության զգացումով։ Դրանցից առաջինն ուղեկցվում է դարբնոցում երկաթ ծեծելու ռիթմով, երկրորդում տիրում է «անտառի շրշյունը» և թռչնակի երգը, իսկ հաջորդում լսվում է կրակի ճարճատյունը։ Զրույցն ընդհատվում է Հագենի դավաճանական հարվածով, հնչում է նզովքի ահարկու երաժշտական թեման։ Զրույցի երկրորդ մասը Բրունհիլդայի մասին լուսավոր և քնարական հիշողությունն է։ Առաջին տեսարանն ավարտվում է «Զիգֆրիդի թաղման սգո քայլերգով»՝ հերոսին ձոնված վսեմ դամբանախոսքով։ Այս հզոր սիմֆոնիկ տեսարանում իրար հաջորդում են նախորդ օպերաների երաժշտական թեմաները. կոմպոզիտորը վերակենդանացնում է անցյալը՝ հիշելով փառավոր սխրանքները, Զիգմունդի ու Զիգլինդի, Զիգֆրիդի ու Բրունհիլդայի մեծ սերերը։ Երկրորդ պատկերը սկսվում է Գութրունի ողբերգական կանխազգացումի տեսարանով։ Նրա երկար մենախոսությունն ընդհատում է Բրունհիլդան։ Նրա երգում տիրում է հանդիսավոր և վերերկրային բարձր տրամադրություն, որ ներքին զորեղ մի ուժով փոխանցում է ճշմարիտ մեծության զգացողություն։ Բրունհիլդայի մենախոսությունը շրջանակվում է բոցավառ կրակի կերպարի հերոսական դրվագով։ Իսկ Զիգֆրիդի մասին քնարական հիշողությունը («Լույս է տալիս նա ինձ՝ ինչպես արև») փոխարինվում է Վոթանի պաթետիկ մեղադրանքով՝ «Օ՜, դուք, հավերժական երդումների պահապաններ»։ Քառագրության նվագախմբային վերջաբանը պատկերում է Հռենոսի տարածական հոսքը՝ ուղեկցվելով կործանվող Վալհալան ներկայացնող վսեմ ակորդներով, և, ինչպես հուսո մի շող մի ուրիշ, լուսավոր ապագայի վերաբերյալ, հնչում է այն գրավիչ երաժշտական թեման, որ մի ժամանակ ազդարարել էր Զիգֆրիդի ծնունդը։

Աստղագիտության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիխարդ Վագների օպերայի հերոսուհու՝ Վալտրաուտի անունն է կրում Վալտրաուտ (890) աստերոիդը՝ հայտնաբերված 1918 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստվածների մայրամուտը» հոդվածին։