Զիգֆրիդ (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox music.png
Զիգֆրիդ
Siegfried
Siegfried.jpg
Տեսակ օպերա
Ժանր Երաժշտական դրամա
Կոմպոզիտոր Ռիխարդ Վագներ
Լիբրետտոյի
հեղինակ
Ռիխարդ Վագներ
Սյուժեի աղբյուր Սկանդինավյան դիցաբանություն
Գործողությունների քանակ 3 Արար
Կերպարներ Q50813849? և Q50813806?
Առաջնախաղի տարեթիվ օգոստոսի 16, 1876
Առաջնախաղի վայր Բայրոյթ
Նախորդ Վալկիրիա
Հաջորդ Աստվածների մայրամուտը
Siegfried (opera) Վիքիպահեստում

Զիգֆրիդ (գերմ.՝ Siegfried) Ռիխարդ Վագների օպերա, «Նիբելունգի մատանին» շարքի երրորդ ստեղծագործությունը, հաջորդում է «Վալկիրիա» օպերային։

Լիբրետտոյի հեղինակը Վագներն է, գրվել է 1848-52 թթ., խմբագրվել և լրացվել է մինչև 1863 թվականը։ «Զիգֆրիդի» առաջին գործողությունը և երկրորդ գործողության մի մասի երաժշտությունը Վագները գրել է 1856-57 թթ ընթացքում, այնուհետև թողել է օպերայի վրա աշխատանքը վերսկսելով այն միայն շուրջ 12 տարի հետո՝ 1869 թ։ Օպերայի երաժշտության ստեղծումն ավարտին է հասցվել 1871 թ։ Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1876 թ. օգոստոսի 16-ին Բայրոյթում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին արար

Միմեն փորձում է կռել Զիգֆրիդի սուրը (նկարիչ՝ Արթուր Ռեքհեմ):

Անտառի խորքում ապրում է դարբինը՝ կարճլիկ Միմեն Զիգֆրիդի հետ: Միմեն նրան անվանում է իր որդին, բայց Զիգֆրիդը չի հավատում դրան և ատում է իր վախկոտ, անվերջ փնթփնթան դաստիարակին: Դարբինը չի կարողանում կռել և ոչ մի սուր, որով խաղալիս տղան չկոտրեր: Վերջապես Միմեն բացում է Զիգֆրիդին իր ծննդյան գաղտնիքը. մի անգամ ինքն անտառում հանդիպել է Զիգլինդե անունով մի կնոջ, որ խիստ ուժասպառված էր, և նրան ուղեկցում է իր տունը: Այնտեղ նա ծնել է մի որդի և շուտով մահացել: Մահից առաջ մայրը որդուն անուն է տվել և խնդրել նրան փոխանցել հոր սրի՝ Նոտունգի բեկորները: Զիգֆրիդը երջանիկ է, այժմ նա ազատ է, իրեն ոչինչ չի կապում ատելի նիբելունգի հետ և կարող է դեգերումների ճամփան բռնել: Թող միայն դարբինը միացնի իր Նոտունգ սրի բեկորները: Միմեն ընկնում է ապարդյուն մտքերի մեջ. դա անելն իր ուժերից վեր է: Հանկարծ տնակ է մտնում թիկնոցի մեջ փաթաթված մի ճանապարհորդ՝ մինչև աչքերը քաշած լայնեզր գլխարկով, ձեռքին՝ նիզակ, որի ծայրին ցոլցլում է կայծակը: Վախեցած Միմեն վռնդում է անկոչ հյուրին, սակայն վերջինս նստում է օջախի մոտ: Նա առաջարկում է, որ դարբինն իրեն երեք հանելուկ առաջարկի՝ չլուծելու դեպքում որպես գրավ դնելով իր գլուխը: Միմեն մտածում է դժվար հարցեր՝ նիբելունգների, հսկաների և աստվածների մասին: Ճանապարհորդն անվարան լուծում է հանելուկները և իր հերթին տալիս երեք հարց: Կարճլիկը չի կարողանում պատասխանել դրանցից վերջինին. ո՞վ կկռի անհաղթ Նոտունգը: Ծիծաղելով Ճանապարհորդն ինքն է պատասխանում. սուրը կկռի նա, ով չգիտե՝ ինչ է վախը: Իսկ Միմեի գլուխը՝ մրցույթի գրավը, իրեն է պատկանում: Մնալով մենակ, կարճլիկը սարսափով հիշում է, որ միակ բանը, ինչ ինքը մոռացել էր Զիգֆրիդին սովորեցնել, վախենալն է: Զիգֆրիդը վերադառնում է և կրկին դարբնից սուրը պահանջում: Սակայն այս անգամ էլ տեսնելով դրա բեկորները, նա ինքն է գործի անցնում: Հալեցնում է մետաղը և սկսում կռել: Փառահեղ սուր է դուրս գալիս. մեկ հարվածով ջահել հերոսը փշրում է զնդանը:


Երկրորդ արար

Գիշերով, անտառի թավուտում, քարայրի մուտքի մոտ նիբելունգ Ալբերիխը հանդիպում է Ճանապարհորդին: Քարայրում հանգրվանում են ոսկե գանձեր և այն մատանին, որ իր տիրակալին անսահման իշխանություն է պարգևում աշխարհի վրա: Անցյալում խաբեությամբ խլելով Ալբերիխից, գերագույն աստված Վոթանն այն հանձնել էր հսկաներին՝ ի վարձատրություն նրանց կառուցած Վալհալլա անառիկ ամրոցի: Հսկաներից Ֆաֆները սպանել էր եղբորը և, վերածվելով վիշապի, հսկում էր գանձերը՝ դրանց մոտ պառկած: Նիբելունգն անզոր է կռվել վիշապի դեմ, իսկ Վոթանը պարտավոր է պահպանել Ֆաֆների հետ կնքած պայմանագիրը: Բայց Ալբերիխը դեռևս հույս ունի իշխելու աշխարհի վրա և վրեժխնդիր լինելու աստվածներից: Նույն երազանքներով է տոգորվում նաև նրա եղբայր Միմեն: Հենց դրա համար էլ նա դաստիարակում էր Զիգֆրիդին, որպեսզի ջահել հերոսի շնորհիվ ձեռք գցեր նիբելունգի մատանին, որի կախարդական հատկության մասին վերջինս պատկերացում չուներ: Որպեսզի Զիգֆրիդին սովորեցնի վախ զգալ, Միմեն առաջնորդում է նրան վիշապի քարայրը: Երկար ճանապարհից հոգնած Զիգֆրիդը պառկում է լորենու տակ հանգստանալու:

Զիգֆրիդը խոցում է վիշապ-Ֆաֆներին (նկարիչ՝ Արթուր Ռեքհեմ):

Ականջ դնելով արևի լույսով ողողված անտառի շրշյունին, նա տարվում է անուրջներով: Լսվում է մի թռչնակի ծլվլոց, և Զիգֆրիդը փորձում է զրուցել նրա հետ՝ նրա երգի ձայները նմանակելով սրինգով: Բայց սրինգը կոտրվում է նրա հզոր ձեռքերում, և Զիգֆրիդը ուժգին փողհարում է իր եղջերափողով: Այդ աղմուկից արթնանալով քարայրից դուրս է նետվում վիշապը: Բայց Զիգֆրիդը վախ չի զգում հրեշի սոսկալի տեսքից և քաջությամբ սպանում է նրան: Վիշապի արյան տաք կաթիլն այրում է նրա ձեռքը, և ինքնաբերաբար լիզելով իր ձեռքը, Զիգֆրիդը մտնում է քարայր. գուցե այնտե՞ղ նա հանդիպի վախին: Իսկ անտառում, քարայրի մուտքի մոտ տաք-տաք վիճում են նիբելունգ եղբայրները՝ Ալբերիխն ու Միմեն. նրանցից յուրաքանչյուրն ի՛նքն է ուզում տիրանալ Զիգֆրիդի ձեռք բերած գանձին ու կախարդական մատանուն: Միմեն Զիգֆրիդին դիմավորում է՝ շողոքորթող ժպիտը երեսին և առաջարկում խմել իր պատրաստած զովացուցիչ ընպելիքը: Բայց անսպասելիորեն Զիգֆրիդը նրա խոսքերի մեջ որսում է բոլորովին այլ, թաքնված իմաստը. Զիգֆրիդի ձեռքով ազատվելով սարսափելի վիշապից, այժմ նենգ կարճլիկը կամենում է իրենից ևս ազատվել: Զիգֆրիդը սպանում է Միմեին և նրա մարմինը նետում քարայրը՝ վիշապի կողքին: Անտառում տարածվում է Ալբերիխի քրքիջը. մատանու անեծքը շարունակում է գործել՝ կործանելով նրան, ով կձգտի տիրանալ մատանուն: Իսկ Զիգֆրիդը կրկին պառկում է լորենու տակ և ականջ դնում թռչնակի երգին: Բայց, տարօրինակ բա՛ն, այժմ ինքը հասկանում է երգի իմաստը. թռչնակը երգում է իր մասին, վիշապի հետ իր կռվի մասին, վիշապի արյան մասին, որի շնորհիվ նա կարողանում է հասկանալ թռչնի երգը և մարդկանց խոսքերի մեջ եղած իրական մտքերը: Զիգֆրիդը ցատկում է տեղից ու հուզմունքով նետվում թռչնակի ետևից, որ պատմում էր կրակով շրջապատված ժայռի և այնտեղ կախարդական քնով քնած գեղեցկուհու մասին:

Զիգֆրիդը գտնում է քնած Բրունհիլդային (նկարիչ՝ Արթուր Ռեքհեմ):


Երրորդ արար

Փոթորկուն գիշերով, կայծակի լույսի ներքո, գերագույն աստված Վոթանը հմայությամբ երկրի ընդերքից դուրս է կանչում ճակատագրի աստվածուհի Էրդային՝ կրկին հարցնելու աշխարհի ապագայի մասին: Բայց այն բանից հետո, ինչ Էրդան Վոթանից հղիանալով ծնել էր Բրունհիլդային, կորցրել էր մարգարեանալու շնորհը. մոր մարգարեական իմաստնությունն ամբողջովին փոխանցվել է դստերը: Իսկ Վոթանին հուզող հարցերին չի կարող պատասխանել նաև Բրունհիլդան. չէ՞ որ ինքը հրաժարվել էր իր դուստրից, երբ նա հակառակվել էր իր կամքին: Եվ այժմ գերագույն աստվածն ինքնակամ և ուրախությամբ հրաժարվում է նաև աշխարհի տերը լինելուց. գալիս է մի ջահել հերոս, որ չգիտե, թե ինչ է վախը և ազատ է աստվածների իշխանությունից: Տիրելով նիբելունգի մատանուն, բայց չիմանալով դրա գինը, նա կփրկի աշխարհը ոսկու անեծքից: Լուսանում է: Փոթորիկը հանդարտվում է: Հեռվից լսվում է թռչնակի երգը: Դրա ետևից գնալով հայտնվում է Զիգֆրիդը: Վախեցած թռչնակը թռչում է. Զիգֆրիդի առջև կանգնում է Ճանապարհորդը՝ սև թիկնոցով և լայնեզր գլխարկով: Նրա նիզակը փակել է ճանապարհը դեպի ժայռը: Ճանապարհորդը զուր է զգուշացնում երիտասարդին սպառնացող վտանգների մասին. Զիգֆրիդը լի է վճռականությամբ՝ իր նպատակին հասնելու համար: Այդ ժամանակ Ճանապարհորդը վեր է բարձրացնում նիզակը, որի վրա ցոլցլում է կայծակը: Բայց Զիգֆրիդն աներկյուղ դուրս է քաշում իր Նոտունգը, և աստվածների տիրակալի նիզակը, որ մի ժամանակ Զիգմունդի ձեռքերում փշրել էր սուրը, կեսից կոտրվում է: Վոթանն անհետանում է:

Կրակե ճյուղերը ցույց են տալիս ճանապարհը ջահել հերոսին, իսկ ժայռի կատարին նա տեսնում է քնած մի զորականի՝ շողշողուն զենք ու զրահով: Զիգֆրիդը հանում է նրա գլխից սաղավարտը, սրով կտրատում զգեստը. նրա առջև մի չքնաղ աղջիկ է: Մի անծանոթ զգացում է համակում Զիգֆրիդին... գուցե դա հենց վա՞խն է: Եվ նա համբուրում է աղջկան: Կախարդանքը վերանում է, և Բրունհիլդան արթնանում է՝ մի նոր կյանքի, երկրային սիրո համար:

Երաժշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհորդը (որ ծպտված Վոթանն է) մտնում է Միմեի խրճիթ (նկարիչ՝ Արթուր Ռեքեմ):

«Զիգֆրիդ»-ը էպիկական օպերա է՝ հարթ և դանդաղ զարգացող գործողություններով և հարուստ է բազմաթիվ երկար երկխոսություններով: Տիրում է լուսավոր ու ջինջ տրամադրություն: Բարդ դրամատիկական ապրումներ կամ ողբերգական բախումներ չկան նրանում: Գլխավոր հերոսին բնութագրելիս կարևոր դեր է խաղում երգեցողությունը, իսկ բնության տեսարաններում մեծ դեր ունի նվագախումբը: Առաջին արարում բազմակողմանիորեն ներկայացված է Զիգֆրիդի հերոսական կերպարը, որին հակադրվում է Միմեի կերպարը: Դարբին նիբելունգի մռայլ մտքերն արտահայտվում են նվագախմբային կատարումներում և առաջին իսկ տեսարանում (Միմեն կռում է սուրը): Զիգֆրիդի մուտքն ազդարարվում է շեփորի հնչեղ նվագով: Ողբագին է հնչում Միմեի երգը («Ծծկեր մանկիկ էիր, երբ վերցրի քեզ»): Դրան հակադրվում է Զիգֆրիդի աշխույժ ու կենսուրախ երգը՝ թափառելու մասին («Նրանով կգնամ շրջելու աշխարհով մեկ»): Ճանապարհորդի և Միմեի միջև տեղի ունեցող Իմաստնության մրցույթի երկար տեսարանը հիմնված է երկխոսությունների վրա և աչքի է ընկնում վսեմությամբ ու հանդիսավորութամբ: Մետաղը հալեցնելու երգը («Նոտո՛ւնգ, Նոտո՛ւնգ, սուր հաղթական»)՝ պարզ, հասարակ ու առնական մեղեդիով և նվագախմբի ձայնակցությամբ, նկարագրում է հալվող պողպատի եռալը, իսկ «Սուրը կռելու երգ»-ով ավարտվում է արարը:

Երկրորդ արարի տեսարաններում արտահայտվող նախանձին, ագահությանը և խաբեությանը հակադրվում է Զիգֆրիդի լուսավոր նկարագիրը՝ բնության գրկում: Արարի հիմնական մասը «Անտառի շրշյունի» տեսարանն է: Նվագախմբային կատարման նուրբ գույներով Վագները պատկերում է արևի լույսով ողողված անտառը՝ լեցուն խորհրդավոր ձայներով: Մի քանի անգամ հնչում է թռչնակի երգը (նախ նվագախմբի կատարման մեջ, ապա տղայի ձայնով):

Ալբերիխն ու Միմեն վիճում են սպանված վիշապ-Ֆաֆների մարմնի մոտ (նկարիչ՝ Արթուր ռեքհեմ):

Այդ մեղեդին կոմպոզիտորը լսել և գրի է առել մի զբոսանքի ժամանակ: Այս խաղաղ տեսարանին իբրև չարագուշակ հակադրություն են ծառայում վիշապի հետ պայքարի, նիբելունգների վեճի և Միմեի խարդախության տեսարանները: Արարի ավարտին կրկին հաստատվում է ուրախ և հուզական տրամադրություն:


Երրորդ արարը բաժանվում է երկու տեսարանի. մռայլ, անհանգստությամբ լեցուն տեսարանը Ճանապարհորդի հետ փոխարինվում է Բրունհիլդայի արթնանալու հանդիսավոր տեսարանով և սիրային զուգերգով: Նվագախմբի ալեկոծ, տագնապով լեցուն կատարումը պատկերում է Վոթանի անհետանալու գիշերային տեսարանը: Նույն տրամադրությամբ է հագեցած Վոթանի՝ հմայությամբ Էրդային կանչելու տեսարանը («Ո՞ւր ես դու, Վալա»): Վերջին երկխոսության մեջ Վոթանի գրգռված բացականչությանը հակադրվում է Էրդայի շքեղ և անջատ արտահայտությունները: «Անտառի շրշյուն»-ի արձագանքները լսելի են Զիգֆրիդի և Վոթանի տեսարանում: Սիմֆոնիկ ինտերմեցցոն պատկերում է «Զիգֆրիդի անցումը կրակի միջով». այն ուղեկցվում է արտասովոր նվագակցմամբ` արտահայտելով հրե ծովի ալեկոծում, որ կտրուկ ընդհատում են Զիգֆրիդի երգի հերոսական թեմաները: Կտրուկ հակադրությամբ է սկսվում երկրորդ տեսարանը. ամբողջ նվագախմբի շքեղ ու զորեղ նվագից հետո հնչում է ջութակի մենանվագը` պատկերելով լերկ ժայռի վրայի զարմանահրաշ թագավորությունը: Զիգֆրիդի և Բրունհիլդայի սիրո ընդարձակ տեսարանն առանձնանում է տարաբնույթ դրվագների առատությամբ: Զիգֆրիդի հուզական արտահայտությունները խամրում են արթնացող Բրունհիլդայի վսեմ, լուսավոր, տավղի հանդիսավոր նվագակցությամբ ուղեկցվող երգի հնչյուններից («Ողջույն քեզ, արև, ողջույն քեզ, լույս»): Դրան լրացնում է ապա Բրունհիլդայի «Անվերջ մաշվել եմ» քնարական երգը: Իսկ վերջաբանի զուգերգում հնչում են ժողովրդական ոգով, ցնծացող մեղեդիներ:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "100 Опер", издательство "Музыка", Ленинград, 1973.