Պիեռ Բերթլոն ծնվել է Փարիզում, բժշկի ընտանիքում։ Պիեռ Բերթլոն սկզբում սովորել է Փարիզի համալսարանում, սակայն դասախոսների պատճառով փոխել է մասնագիտությունը և դարձել քիմիկոս։ Փարիզի ԳԱ անդամ (1864 թվականից) և անփոփոխ քարտուղարը (1889 թվականից), Պետերբուրգի ԳԱ թղթանդամ (1876 թվականից)[14]։ Ֆրանսիայի լուսավորության (1886–1887 թվականներին) և արտաքին գործերի (1895–1896 թվականներին) մինիստր։ Քիմիայի պրոֆեսոր Փարիզի բարձրագույն դեղագործական դպրոցում (1859 թվականից) և Քոլեջ դե Ֆրանսում (1865 թվականից)։
Սինթեզել է օրգանական բազմաթիվ միացություններ։ Գլիցերինի և ճարպաթթուների փոխազդմամբ ստացել է (1853–1854 թվականներին) ճարպեր՝ ապացուցելով դրանց սինթեզի հնարավորությունը։ Պիեռ Բերթլոն միաժամանակ պարզել է, որ գլիցերինը եռատոմ սպիրտ է։ Նրա այս աշխատանքները վերջնականապես խարխլեցին վիտալիզմի մասին եղած պատկերացումները։ Սկզբունքային նշանակություն ուներ աՏ04-ի առկայությամբ էթիլալկոհոլի սինթեզումը էթիլենի հիդրատացմամբ (1855 թվականից), մինչ այդ այն ստանում էին միայն շաքարային նյութերի խմորումից։ Պիեռ Բերթլոն առաջինն է սինթեզել մեթանը (1858 թվականից), էթանը, ացետիլենը (1860 թվականից), բենզոլը (1866 թվականից), նավթալինը, մրջնաթթուն են։ 1867 թվականին առաջարկել է օրգանական միացությունները յոդաջրածնով վերականգնելու ընդհանուր եղանակ։ Պիեռ Բերթլոն թերմոքիմիայի հիմնադիրներից է։ Քիմիայում մտցրել է «էքսոթերմիկ և էնդոթերմիկ ռեակցիաներ» հասկացությունները։ Պարզել է ածխածնի, ազոտի, ջրածնի և այլ տարրերի նշանակությունը բույսերի համար։ 1885–1893 թվականներին հրատարակել է հին հունական, արևմտաեվրոպական (լատիներեն), սիրիական և արաբական ալքիմիական ձեռագրեր՝ թարգմանություններով և մեկնաբանություններով։ Պիեռ Բերթլոն երկար ժամանակ ժխտում էր ատոմամոլեկուլային ուսմունքը, քիմիական կառուցվածքի տեսությունը, պարբերական օրենքը, էլեկտրոլիտիկ դիսոցման տեսությունը։ Սակայն կյանքի վերջին տարիներին հրաժարվել է իր հայացքներից և ընդունել այդ առաջավոր գաղափարները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 421)։