Շառլոթ Բրոնտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլոթ Բրոնտե
անգլ.՝ Charlotte Brontë
Ծնվել էապրիլի 21, 1816(1816-04-21)[1][2][3][…]
ԾննդավայրՏորնտոն, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[4]
Վախճանվել էմարտի 31, 1855(1855-03-31)[1][2][3][…] (38 տարեկան)
Վախճանի վայրՀաուրթ, Haworth, Cross Roads and Stanbury, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանSt Michael and All Angels' Church, Haworth
Գրական անունCurrer Bell[4][5], Lord Charles Wellesley[6] և Captain Tree[7]
Մասնագիտությունբանաստեղծուհի, վիպասան, գրող, տնային դաստիարակ և ուսուցչուհի
Լեզուանգլերեն[7]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունPensionnat de Demoiselles? (հոկտեմբեր 1842)
Ժանրերվեպ[7], գոթական վեպ, պոեզիա և Վիկտորյական գրականություն
Ուշագրավ աշխատանքներՋեյն Էյր, Փոքր քաղաք, Շերլի[4], Ուսուցիչը[4] և Poems by Currer, Ellis, and Acton Bell?[4]
ԱշխատավայրPensionnat de Demoiselles?
ԱմուսինArthur Bell Nicholls?[8]
Изображение автографа
Շառլոթ Բրոնտե Վիքիքաղվածքում
 Charlotte Brontë Վիքիպահեստում

Շառլոթ Բրոնտե (անգլ.՝ Charlotte Brontë, ապրիլի 21, 1816(1816-04-21)[1][2][3][…], Տորնտոն, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[4] - մարտի 31, 1855(1855-03-31)[1][2][3][…], Հաուրթ, Haworth, Cross Roads and Stanbury, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն) (գրական անունը - Կարրեր Բել, Currer Bell), անգլիացի վիպասան և բանաստեղծուհի։ Էմիլի և Էնն Բրոնտեի քույրը։ «Ջեյն Էյր» (1847, Jane Eyre), «Շերլի» (Shirley, 1849), «Փոքր քաղաք» (Villette, 1853, այլ անվանումը «Վիլետ»), «Ուսուցիչը» (1857, The Professor) վեպերի հեղինակ։ Նշված ստեղծագործություններից հատկապես հայտնի է «Ջեյն Էյրը», որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով (այդ թվում նաև հայերեն[9]) և արժանացել մի քանի էկրանավորումների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայրը՝ Պատրիկ Բրոնտեն, ծագումով իռլանդացի, երիտասարդ տարիներին հասարակ ջուլհակ էր, սակայն օժտված բացառիկ ընդունակություններով և ջանասիրությամբ։ Նրա երազանքը ուսումն էր։ Ժամանակի Բրիտանիայում հասարակ մարդու համար ուսում ստանալու միակ ճանապարհը քահանա դառնալն էր։ Պատրիկ Բրոնտեն ուսումնասիրում է աստվածաբանություն, ամուսնանում է և եկեղեցական ծխի քահանա նշանակվում Անգլիայի հյուսիսում՝ Լիդս արդյունաբերական քաղաքում։ Այստեղ էլ ծնվում են նրա երեխաները՝ հինգ աղջիկ և մեկ տղա։ Կրտսեր դստեր՝ Աննայի ծնվելուց հետո մայրը մահանում է։ Երեխաները մնում են ծեր սպասուհու խնամքին։

Հարևանները չէին կարողանում առանց հուզմունքի նայել, թե ինչպես էին նրանք զույգ-զույգ՝ իրար ձեռք բռնած զբոսնում մոտակա հավամրգի դաշտերում՝ տասնամյա ավագ քրոջ հսկողությամբ։ Ընտանիքը շատ աղքատ էր, բայց Պատրիկ Բրոնտեն չէր ընդունում ոչ մի օգնություն։ Երբեմն բանը հասնում էր անհեթեթության։ Իմանալով, որ երեխաները կոշիկ չունեն հարուստ հարևանները նրանց համար կոշիկներ են գնում։ Տուն գալով և տեսնելով օջախի մոտ շարված վեց զույգ կոշիկները, Պատրիկ Բրոնտեն զայրացած նետում է դրանք կրակի մեջ։

1824 թվականին հայրը Շառլոթին և նրա երեք քույրերին հանձնում է հոգևորականների աղջիկների համար բացված որբանոցը։ Այստեղ նրանց պետք է դաստիարակեին որպես ապագա դաստիարակչուհիներ։ Պատահական չէ, որ Քովնթ Բրիջը՝ այդ դպրոց-որբանոցը որպես նախատիպ է հանդիսացել «Ջեյն Էյր» վեպում Լոուդի դպրոցի համար։ Թերսնումը, ցուրտը, հաստատության կեղտը, եկեղեցական հոգնեցուցիչ, հյուծող արարողությունները, ծաղրական վերաբերմունքը քայքայում էին երեխաների առողջությունը։ 1825 թվականին բռնկված տիֆի համաճարակի ժամանակ 80 երեխաներից 45-ը հիվանդանում են։ Վախճանվում են Շառլոթի երկու քույրերը՝ Մերին և Էլիզաբեթը։ Երկուսն էլ հեզահամբույր, օժտված աղջիկներ էին։ Որբանոցի բազմաթիվ սաների մահը իր վրա է հրավիրում հասարակության ուշադրությունը, փոխվում է ղեկավարությունը։

Պատրիկ Բրոնտեն գալիս է Քովնթ Բրիջ՝ հողին հանձնելու երկու ավագ դստրերին և տուն տանելու կենդանի մնացած, բայց բացարձակապես հիվանդ Շառլոթին և Էմիլիին։Դրանից հետո նա այլևս երբեք չի փորձում անվճար կրթության տալ իր զավակներին։ Հետագայում Շառլոթը կրթություն է ստանում մի վճարովի պանսիոնում։

Պատրիկ Բրոնտեի բոլոր զավակներն էլ տաղանդավոր էին, մանկուց ստեղծագործում էին՝ գրում վեպեր և բանաստեղծություններ։ Որդին՝ Բրենուելը, և Շառլոթը տարվում են նաև նկարչությամբ։ Նրանք ըստ էության, իսկական նկարիչներ էին։

Աղքատ ընտանիքի աղջիկներից և ոչ մեկը երազել անգամ չէր կարող պրոֆեսիոնալ գրական կրթություն ստանալու մասին։ Նրանք վարում էին տնտեսությունը, աշխատում որպես դաստիարակչուհիներ։ Երբ 1837 թվականին Շառլոթը իր բանաստեղծությունները մի երկչոտ նամակի հետ ուղարկում է Ռոբերտ Սաութիին, նա մերժում է դրանք, պատասխանելով, որ գրականությունը կանացի գործ չէ, քանի որ այն կտրում է նրանց տնային գործերից։

1842 թվականին Շառլոթը և Էմիլին մեկնում են Բրյուսել, ընդունվում բելգիական պանսիոն, հույս ունենալով տիրապետել ֆրանսերենին։ Դա Շառլոթի մտահղացումն էր։ Նրանք փող չունեին, որպեսզի վճարեին կրթության համար, դրա փոխարեն անգլերեն էին դասավանդում պանսիոնի աշակերտուհիներին։ Պանսիոնում ուսումնական մասը ղեկավարում էր Կոնստանտին Էժեն՝ պանսիոնի տիրուհու ամուսինը, մի շատ զարգացած մարդ, գրականության գիտակ։ Նա երիտասարդ անգլուհիների հենց առաջին շարադրություններից էլ հասկացավ, որ գործ ունի օժտված անձնավորությունների հետ և կանխագուշակեց նրանց գրական փառքը։ Նրա հավատն ու բարի խուրհուրդները նեցուկ էին հանդիսանում Շառլոթի համար։ Նա անգամ դժբախտություն ունեցավ սիրահարվելու մսյո Էժեին՝ ամուսնացած մարդուն։ Իհարկե, դա վեհ սեր էր, ավելի շատ՝ նման բարեկամության։ Բայց մադամ Էժեն մեծ աղմուկ է բարձրացնում և պահանջում, որ երիտասարդ ուսուցչուհին հեռանա։

Բավականին աղճատված ձևով այդ ողբերգական սերը իր արտացոլումն է գտել «Ջեյն Էյր» վեպում, միստր Ռոչեսթրի նույնիսկ արտաքինը՝ քառակուսի, խոշոր ճակատը, շուրթերի և ծնոտի կոպիտ գծագրությունը մի փոքր հիշեցնում են մսյո Էժեին։

Հետագայում Բրոնտե քույրերը փորձում են բացել իրենց պանսիոնը աղջիկների համար։ Հենց այդ պատճառով էլ մեկնել Էին Բրյուսել կրթություն ստանալու։ Նրանք այլևս չէին ուզում բաժանվել իրարից, չէին ուզում աշխատել Անգլիայի տարբեր ծայրերում, որպես տնային դաստիարակչուհիներ, ուզում էին միասին ապրել և աշխատել։ Նրանք բոլոր տվյալներն ունեին իրենց մտահղացումն իրականացնելու համար՝ և՛ մանկավարժական փորձ, և՛ կրթություն, և՛ ֆրանսերեն լեզվի անթերի գիտելիքներ, բայց չունեին ո՛չ դրամ և ո՛չ կապեր։ Այդ էր պատճառը, որ ոչ ոք չուզեց գալ սովորելու մռայլ և խղճուկ կահավորված քահանայի տանը, որ գտնվում էր գերեզմանատան մոտ։

1846 թվականին քույրերին վերջապես հաջողվեց լույս ընծայել իրենց բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ նրանք հանդես եկան «Բելլ եղբայրներ» կեղծանվան տակ։ 1847 թվականին (նույն ստորագրությամբ) նրանք լոնդոնյան հրատարակիչներին ուղարկեցին իրենց վեպերը։ Էմիլիի և Աննայի վեպերը («Մոլեգին հողմերի դարավանդ», «Ագնես Գրեյ») ընդունվեցին, իսկ Շառլոթի «Ուսուցիչ» վեպը մերժվեց։ Բայց նա արդեն աշխատում էր իր երկրորդ գրքի վրա, և 1847 թվականի վերջին լույս տեսավ «Ջեյն Էյր» վեպը, որը ունեցավ մեծ հաջողություն։

Բայց փառքը երջանկություն չբերեց երեք քույրերին։ Նրանց ուժերը լրիվ սպառվել էին զրկանքներից և ծանր աշխատանքից։ Նրանց սիրելի եղբայրը վախճանվեց թոքախտից։ Նրանից վարակվեցին հավատարմորեն նրան խնամող Էմիլին, հետո նաև Աննան։ Նրանք էլ հերթով վախճանվեցին 1849 թվականի ընթացքում։ Շառլոթը մնաց մենակ՝ կուրացած, ծայրաստիճան նյարդային հոր հետ։ Նա շարունակում է աշխատել իր նոր գրքերի վրա։ 1843 թվականին լույս տեսավ «Շըրլի» վեպը՝ լուդիտների շարժման մասին։ Վեպը չարտիստական շարժման հետ կապված տպավորությունների արտացոլումն էր։ 1853 թվականին հրատարակվում է «Վիլյեթ» վեպը՝ որոշ առումով ինքնակենսագրական։ Այստեղ ճշգրիտ վերարտադրված է բելգիական պանսիոնի միջավայրը, որի հետ այնքան հուշեր էին կապված։ Շուտով Պատրիկ Բրոնտեի տանը նոր բնակիչ է հայտնվում՝ երիտասարդ քահանա Արթուր Բել Նիքըլսը։ Նա նշանակված էր Շառլոթի հոր օգնական։ Նոր քահանան սիրահարվում է փառաբանված վիպասանուհուն, խնդրում նրա ձեռքը։ Բայց Պատրիկ Բրոնտեն լսել անգամ չի ուզում այդ մասին։ Նա չէր խանգարում իր դուստրերին ստեղծագործել, հպարտանում էր նրանց գրական հաջողություններով, բայց լսել անգամ չէր ցանկանում ամուսնության մասին։

Մերժված երկրպագուն որոշում է դառնալ միսիոներ և մեկնել Հնդկաստան։ Այգու դռնակի մոտ նրան հրաժեշտ տալուց Շառլոթը նկատում է, որ նա լալիս է։ Դրան նա դիմանալ արդեն չէր կարող. վազում է Արթուրի հետևից, հասնում նրան և ասում, որ կդառնա նրա կինը։ 38-ամյա Շառլոթի ամուսնությունը երկար չի տևում։ Մեկ տարի անց՝ 1855 թվականին, նա վախճանվում է վաղաժամ ծննդաբերությունից։

Պատրիկ Բրոնտեն խնդրում է իր դստեր ընկերուհուն՝ նշանավոր վիպասանուհի Գասկելին, գիրք գրել Շառլոթի մասին։ Գասկելը հանձն է առնում այդ գործն՝ իրեն բնորոշ բարեխղճությամբ։ Այցելում է բոլոր այն վայրերը, որտեղ ապրել և աշխատել է Շառլոթը, լինում է Բրյուսելում, հանդիպում Էժե ընտանիքի հետ։ 1857 թվականին լույս է տեսնում նրա «Շառլոթ Բրոնտեին կյանքը» ուժեղ և ճշմարտացի պատմությունը։

Գործունեության ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլոթ Բրոնտեի, ինչպես և նրա ժամանակակիցների՝ Դիքենսի և Թեքերեյի ստեղծագործական վարպետությունը ձևավորվել է Անգլիայում դասակարգային սուր պայքարի՝ չարտիզմի տարիներին, որ ալեկոծել էր անգլիական ժողովրդի ամենալայն խավերը։ Այդ հզոր շարժման դրդապատճառը՝ բանվոր դասակարգի աղքատությունն ու իրավազուրկ լինելն էր, ինչպես նաև 1832 թվականի բանվորների օգնությամբ ձեռք բերված պառլամենտական ռեֆորմի նենգ կիրառումը բուրժուաների կողմից։ Պառլամենտի առաջին իսկ օրենքները բուրժուազիան ուղղեց ընդդեմ պրոլետարիատի։ 1834 թվականի օրենքը աշխատանքային տների մասին, վերջնականապես լցրեց բանվորների համբերության բաժակը։ Համաձայն այդ օրենքի՝ գործազուրկ բանվորները բռնի կերպով ուղարկվում էին աշխատանքային տներ, որ ժողովրդի մեջ ստացել էին «Բաստիլ բանվորների համար» անվանումը։ Այստեղ՝ ընտանիքից կտրված բանվորները ենթարկվում էին բանտային ռեժիմի, ծաղրուծանակի, հադուրժում սովը, կատարում ամեն տեսակի ստորացուցիչ, ուժասպառ անող աշխատանքներ։ Ի պատասխան այդ դաժան օրենքների, բանվորները առաջ քաշեցին մի շարք քաղաքական պահանջներ և ելան կազմակերպված պայքարի հանուն ժողովրդական դեմոկրատական խարտիայի, պայքար, որը տևեց 1836 թվականից մինչև 1854 թվականները։

«Անգլիացի վիպագիրների ժամանակակից փայլուն դպրոցի» ստեղծագործությունը բացառիկ սոցիալական սրության հասավ շնորհիվ բանվորական շարժման հաջողությունների։ Գրականության մեջ չարտիզմը իր արտացոլումը գտավ ոչ միայն բանվոր պոետների ցասումնալից ոտանավորներում այլև այնպիսի նշանակալից ելույթի մեջ, ինչպիսին է անգլիական ռեալիստական սոցիալական վեպը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջեյն Էյր»[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի առաջին հրատարակությունը

Վեպը գրավեց և ցնցեց ընթերցողին գլխավոր հերոսուհու՝ համարձակ և մաքուր աղջկա կերպարով, որ միայնակ պայքարում է իր գոյության և մարդկային արժանապատվության համար։ Վեպը մի կարևոր փուլ հանդիսացավ կանանց իրավահավասարության համար մղվող պայքարի պատմության մեջ։ Խոսքը դեռ քաղաքական իրավահավասարության մասին չէր, այլ տղամարդու և կնոջ հավասարության մասին՝ աշխատանքում և ընտանիքում։ Կանանց հարցին իր ստեղծագործական մոտեցմամբ Շառլոթ Բրոնտեն մոտ էր կանգնած Ժորժ Սանդին, որի «Կոնսուել» հռչակավոր վեպը Շառլոթ Բրոնտեի սիրած ստեղծագործություններից մեկ էր։ Ջեյն Էյրը բուռն և ուժեղ անհատականություն է, նա իր մեջ կրում է ցանկացած տիպի բռնության դեմ տարերային պայքարի տարրեր։ Դեռ մանկուց նա ըմբոստանում է իր երեսպաշտ խնամակալուհու և նրա դաժան, երեսառած որդու դեմ։ Որբանոցում՝ համբերատար և հեզ Հելեն Բըրնսի հետ զրույցի ժամանակ, նա արդեն միտք է հայտնում դիմադրելու մասին. «Երբ մեզ հարվածում են առանց պատճառի, մենք պետք է հարվածին հարվածով պատասխանենք, և այն էլ այնպիսի ուժով, որ ընդմիշտ հետ սովորեցնենք այդ մարդկանց մեզ ծեծել»։

Ո՛չ, բոլորովին քրիստոնեական բարոյախոսություն չէր քարոզում մեզ իր գրքում աղքատ դաստիարակչուհին՝ քահանայի դուստրը։ Զարմանալի չէ, որ «Ջեյն Էյր» վեպը առաջացրեց ռեակցիոն շրջանների զայրույթը։ «Quarterly Review» ամսագրում (1848 թվական) տեղ գտած գրախոսության մեջ ասվում է. «Ջեյն Էյրը գոռոզ է և, այդ իսկ պատճառով, չափից դուրս անշնորհակալ։ Նա շնորհակալ չէր ոչ մեկից՝ ո՛չ բարեկամներից և ո՛չ էլ իր պատանեկության տարիների ուղեկիցներից՝ հագուստի, սննդի, հոգատարության և դաստիարակության համար։ Ջեյն Էյրի ինքնակենսագրությունը հակաքրիստոնեական ստեղծագործություն է։ Այն տոգորված է բողոքի շնչով ընդդեմ հարուստների բարեկեցության և աղքատների զրկանքների»։

Բողոքի և անկախության ոգին իրեն զգացնել է տալիս նաև սիրած անձնավորության հետ Ջեյն Էյրի ունեցած հարաբերություններում։ Տիրոջ՝ իր հետ տարած տարօրինակ, արտասովոր խաղից տանջահար, նա ինքն առաջինն է խոստովանում իր սերը։ Վիկտորիանական վեպի համար դա մի անասելի երևույթ էր։ «Quarterly Review» ամսագրի նույն գրախոսը սարսափով հայտնում է, որ լուրեր են պտտվում, թե վեպի հեղինակը կին է, իհարկե, կին, «որը վաղուց կորցրել է նույն սեռի անձանց հասարակության անդամ լինելու իրավունքը»։

Իր բնույթով, Ջեյն Էյրի սիրո խոստովանությունը արդեն հավասարության մասին մի համարձակ դեկլարացիա է։ «Գուցե Դուք կարծում եք, որ ես ավտոմատ եմ, անզգա մեքենա...Ես նույնպիսի հոգի ունեմ, ինչպես և Դուք, և նույնպիսի սիրտ։ Ես այժմ խոսում եմ Ձեզ հետ՝ արհամարհելով սովորություններն ու պայմանականությունները և, անգամ, դեն նետելով այն ամենն, ինչ երկրային է...»

Սիրած մարդու հարսնացուն դառնալուց և երջանկության գագաթին հասնելուց հետո էլ Ջեյն Էյրը չի կորցնում ինքնատիրապետումն ու սթափությունը։ Նա աչալուրջ հսկում է սեփական անկախությունը, վախենում է ամուսնու խաղալիքը կամ ստրկուհին դառնալուց։ Նա շարունակում է դասերը Ռեչեսթըրի դստեր հետ, մերժում է նրա ճոխ նվերները, համառորեն հիշեցնում նրան, որ ինքն աղքատ է և տգեղ։ Իմանալով, որ սիրած անձնավորությունն ամուսնացած է, Ջեյնը թողնում է նրա տունն ու հեռանում՝ առանց գրպանում մի գռոշ ունենալու։

Ժամանակակից ընթերցողին կարող է տարօրինակ թվալ Ջեյն Էյրի արարքը։ Չէ՞ որ միստր Ռոչեսթըրը ամուսնական կապով շղթայված էր կատաղի խելագարի հետ և, համաձայն անգլիական օրենքի, չէր կարող բաժանվել նրանից։ Նրա դժբախտությունն ու Ջեյնի հանդեպ տածած ազնիվ սերը պետք է որ կոտրեին Ջեյնի համառությունը։ Միստր Ռոչեսթըրը առաջարկում է միասին մեկնել Իտալիա, որտեղ ոչ մեկը չի ճանաչում իրենց, և երջանիկ ապրել մինչև կյանքի վերջին օրերը, իսկ հիվանդ կնոջ մասին նա կշարունակի հոգ տանել։ Ի՞նչն էր խանգարում անսահմանորեն սիրող Ջեյնին ընդունել այդ առաջարկը։

Իհարկե, այստեղ Շառլոթ Բրոնտեն մնում է իր դարի հավատարիմ զավակը, երբ ամեն մի ոչ պաշտոնական կապ խայտառակություն և հանցագործություն էր համարվում։ Բայց նրա հերոսուհու որոշումը հոգեբանորեն հասկանալի է։ Ջեյնը հպարտ է և մաքուր, միայն այն միտքը, որ ողջ կյանքը ստիպված է լինելու ստել, հեռու ապրել հայրենիքից, կախված լինել բռնկուն անձնավորության քմահաճույքներից, անտանելի էր նրա համար։ Եվ նա գերադասում է աղքատությունը և բաժանումը։

Վեպի մեծ հաջողությունը բացատրվում է և այն համարձակությամբ, որով վիպասանուհին պատկերում է սիրո զգացումը։ Անգամ այդ դարաշրջանի առաջավոր գրողները չէին համարձակվում նման նկարագրությունների։ Առավել ևս անգլիական հասարակության համար անսպասելի էր կրքի ձայնը, որ հնչում էր վեպի էջերից՝ գրված կնոջ ձեռքով։ Ռոչեսթըրի մեջ դա կիրքն է, որ ավերում է բոլոր արգելքները, Ջեյնի մեջ կիրքն է, որ մտնում է սուր պայքարի մեջ պարտքի զգացումի հետ։

Ռոմանտիկական ավանդույթներով շաղկապված վեպի սյուժեն այնքան էլ ճշմարտացի չի հնչում, չնայած սա ևս ունի իր հմայքը։ Այստեղ զգացվում է ռոմանտիկական ստեղծագործությունների և գոթական վեպերի ազդեցութունը։ Ռոչեսթըրի ամրոցը՝ իր սարսափելի գաղտնիքներով, տարօրինակ կնոջ անսպասելի հայտնվելը, հերոսուհու ստացած հարուստ ժառանգությունը, հրդեհը, որի ժամանակ կործանվում են Ռոչեսթըրի կինն ու ամրոցը և, վերջապես, երջանիկ ավարտը լիովին համապատասխանում են ռոմանտիկական վեպի կանոններին։ Իսկ Ռոչեսթըրի կերպարը բացահայտորեն օժտված է բարոյական գծերով։ Բայց Շառլոթ Բրոնտեն ռեալիստ է մնում ամենակարևոր բանում՝ հասարակական միջավայրի, հասարակական հարաբերությունների և մարդկային բնավորությունների պատկերման մեջ։ Քահանայի աղջիկ լինելով հանդերձ՝ նա սպանիչ ծաղրով է գրում հոգևորականության մասին։ Ամենավանող կերպարներից է Բրոքլհերստը՝ հոգաբարձուն, դպրոցի տեսուչը, որն իրականում մարդասպան է։ Նրա զոհերն են Լոուդյան դպրոցի սանուհիները։ Կրոնավորների իդեալականացված կերպարները, որոնցով հեղեղվում էին վիկտորիանական վեպերը, չընդունվեցին Շառլոթ Բրոնտեի կողմից, որ լավ ծանոթ էր կղերական միջավայրին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 140.
  5. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Unpublished Charlotte Bronte works 'to join UK collection' — 1997.
  7. 7,0 7,1 7,2 http://id.loc.gov/authorities/names/n79054114
  8. Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  9. Ջեյն Էյր։ Վեպ / Շ. Բրոնտե; Թարգմ. և վերջաբ.՝ Ա. Բուդաղյան. - Երևան։ Հայպետհրատ, 1959. - 638 էջ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Շառլոթ Բրոնտե հոդվածին