Jump to content

Յանիս Քսենակիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
Բնօրինակ անունհուն․՝ Ιάννης Ξενάκης
Ծնվել էմայիսի 29, 1922(1922-05-29)[1][2][3][…]
Բրեիլա, Ռումինիայի թագավորություն[4]
Երկիր Հունաստան և  Ֆրանսիա
Մահացել էփետրվարի 4, 2001(2001-02-04)[1][3][5][…] (78 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա[4]
Ժանրերժամանակակից դասական երաժշտություն և էլեկտրոնային երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, ճարտարապետ, ճարտարագետ, երաժշտության ուսուցիչ, երաժիշտ և բանաստեղծ
ԱշխատավայրԳրեշեմ քոլեջ և Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն
ԼեյբլBV Haast Records?[6]
ԿրթությունԱթենքի ճարտարագիտական համալսարան
ԱնդամակցությունUnited Panhellenic Organization of Youth?, ԷԼԱՍ, ԳԴՀ Արվեստների ակադեմիա, ԷԱՄ, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա[7]
ԱմուսինFrançoise Xenakis?
Պարգևներ
Կայքiannis-xenakis.org
 Iannis Xenakis Վիքիպահեստում

Յանիս Քսենակիս (հուն․՝ Ιάννης Ξενάκης; մայիսի 29, 1922(1922-05-29)[1][2][3][…], Բրեիլա, Ռումինիայի թագավորություն[4] - փետրվարի 4, 2001(2001-02-04)[1][3][5][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), հունական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր և ճարտարապետ։ Եղել է ստոխաստիկական երաժշտության ստեղծողը, ժամանակակից նոր երաժշտության և ճարտարապետական կոնցեպտուալիզմի առաջնամարտիկներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հունական ապահով ընտանիքում։ Նրա հայրը՝ Կլեարխոս Քսենակիսը, ծագումով Էվբեա կղզուց է եղել, աշխատել է անգլիական արտահանման ընկերության ներկայացուցիչ, եղել է օպերայի մեծ սիրահար։ Յանիսի մայրը՝ Ֆոտինի Պողոսը, ծնվել է Լեմնոս կղզում և հրաշալի դաշնակահարուհի է եղել։

1932 թվականին ընտանիքը տեղափոխվել է Հունաստան՝ Սպեցե կղզի։ Այնտեղ Քսենակիսը սերտել է երաժշտության առաջին դասերը՝ հարմոնիա և դաշնամուր։ 1940 թվականին Աթենքում ընդունվել է պոլիտեխնիկական համալսարան, որտեղ ստացել է ինժեներական կրթություն. այն ավարտել է 1946 թվականին։ Միաժամանակ չի դադարել զբաղվել երաժշտությամբ, ուսումնասիրել է երաժշտական կոմպոզիցիա և ձայնակարգություն։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «ԷԼԱՍ»-ի պարտիզանական ջոկատում կռվել է ֆաշիստների, իսկ հետո՝ 1944 թվականի դեկտեմբերյան մարտերում՝ անգլիացիների հետ։ Նա ծանր վիրավորվել է, երբ արկը հարվածել է այն տանը, որտեղ ինքը թաքնված է եղել. հրազենային հարվածի հետևանքով կորցրել է աչքը։ Զորակոչվել է հունական կանոնավոր բանակ, սակայն թաքնվել է նավի վրա, որը մեկնել է Ֆրանսիա։ Հայտարարվել է պետական հանցագործ և դատապարտվել մահապատժի։ Նրան հաջողվել է փախչել, սկզբում Իտալիա, ապա՝ Ֆրանսիա (1948)[9]։ Նրա եղբայրն ու հայրը բանտարկվել են։

Հետագա տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա ժամանելով՝ աշխատանքի է ընդունվել ֆրանսիացի հայտնի ճարտարապետ, ավանգարդի ներկայացուցիչ Շառլ Էդուար լը Կորբյուզիեի արվեստանոցում՝ Փարիզում։ Մասնակցել է բազմաթիվ նախագծերի մշակմանը, ինչպիսիք են Մարսելի բնակելի միավորը (1949), Հնդկաստանի Չանդիգարխ քաղաքի խորհրդարանի շենքը (1951), Լա Թուրետ վանքը (1953) և այլն։

1956 թվականին լը Կորբյուզյեն ստացել է Բրյուսելի ԷՔԱՊՈ-58 համաշխարհային ցուցահանդեսի համար Ֆիլիպսի (հոլանդական հայտնի կոնցեռնից) տաղավարի նախագծման պատվեր։ Այս նախագծի մշակումը, որն անվանվել է «էլեկտրոնային պոեմ», Կորբյուզյեն վստահել է Քսենակիսին։ Տաղավարի բարդ և անսովոր ձևերի մոդելավորումը կատարվել է 2-րդ և 3-րդ կարգի մակերեսների (ռոտացիայի հիպերբոլոիդ) կառուցման մաթեմատիկական մեթոդով։ Նրա հիմնական դիզայնը հիշեցնում է հնացած լարային երաժշտական գործիք։ Տաղավարի ներսում իրականացված «էլեկտրոնային պոեմ» տեսալսողական ծրագիրը կոլեկտիվ ստեղծագործության արգասիքն է։

«Պոեմի» ձայնասկավառակը ստեղծվել և ձայնագրվել է Քսենակիսի և Վարեզի կողմից։ Քսենակիսի «Concret PH» երեք րոպեանոց էլեկտրոնային կոմպոզիցիայի հնչյունների ներքո հանդիսականները տաղավար են մտել և զբաղեցրել իրենց տեղերը, այնուհետև սկսվել է ութ րոպեանոց «Էլեկտրոնային պոեմ»՝ Վարեզի աուդիոհամակարգով։ Տաղավարի ճարտարապետության հեղինակը երկար ժամանակ համարվել է լը Կորբյուզյեն, քանի որ տաղավարի նախագիծը ստեղծվել է նրա արվեստանոցում, բացի այդ՝ «էլեկտրոնային պոեմի» հայեցակարգի սկիզբը նա է դրել։

Քսենակիսի ստեղծած Ֆիլիպսի տաղավարի կառուցվածքը նորարարական է եղել և, ըստ էության, աննախադեպ. այն տաղավարների շինարարության նոր ուղղության սկիզբ է դրել (օրինակ՝ Տոկիոյի Օլիմպիական համալիրը, Կենդզո Տանգեի ճարտարապետական կառույցը)։ Կորբյուզյեին և Քսենակիսին համախմբել է ոչ միայն մաթեմատիկայի նկատմամբ սերը (Կորբյուզյեն հենց այդ ժամանակ ստեղծել է իր հայտնի «Մոդուլոր»-ը, որը մաթեմատիկական համամասնությունների հավաքածու է եղել), այլև նորարարականության որոնման ձգտումը, հետաքրքրասիրությունը, տարբերվող մտածելակերպը։ Կորբյուզիեի արվեստանոցում Յանիս Քսենակիսը աշխատել է 1948-1960 թվականներին՝ ընդհանուր առմամբ տասներկու տարի։

Փարիզում Քսենակիսը վերսկսել է իր երաժշտական պարապմունքները, դասեր է վերցրել կոմպոզիտորներ Արթուր Հոնեգերից և Դարիուս Միյոից (1948-1950)։ Շառլ Մեսսիանի (1950-1953) մոտ՝ Փարիզի կոնսերվատորիայում, ուսումնասիրել է կոմպոզիցիա։ Իր վաղ ստեղծագործություններում նա ավանդական ձևերը համատեղել է ժամանակակից միտումների հետ՝ հաճախ միահյուսելով ազգային հունական մոտիվներով։ Այդ ժամանակ նրանք գրել են «Գարնանային Սիմֆոնիա» (1949-1950), «Zygia», «Zygia kathisto», «Տրիո» (1952), «Anastenaria» և «Երթ դեպի վճիտ ջրեր» (1953), «Խաղաղության աղավնի» (1953) ստեղծագործությունները։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յանիս Քսենակիսը իր Փարիզի արհեստանոցում, 1970 թվական

Քսենակիսին ճանաչում է բերել նվագախմբի համար գրված «Metastasis» պիեսը, որի պրեմիերան տեղի է ունեցել 1955 թվականի հոկտեմբերին՝ Գերմանիայի Դոնաուեշինգեն քաղաքում՝ ժամանակակից երաժշտության փառատոնում, ինչպես նաև այն հոդվածները, որոնցում նա քննադատել է ավանգարդիստների շրջանում հայտնի պուանտիլիստական սերիալիզմի տեսությունը։ Պիեսը մերժվել է ոչ միայն պահպանողականների, այլև ժամանակակից նոր երաժշտության այնպիսի հայտնի ներկայացուցիչների կողմից, ինչպիսիք են Կառլհայնց Շտոքհաուզենը և Բուլեզ Պերը։ Քսենակիսի հոդվածները, որոնք ուղղված էին պուանտիլիստական սերիալիզմի դեմ, հրատարակվել են նրա ջերմեռանդ երկրպագու, դիրիժոր Հերման Շերխենի (Hermann Scherchen) կողմից. այս հոդվածները ավանգարդի բոլոր ներկայացուցիչներին տրամադրել են Քսենակիսի դեմ։ Հետագայում Շերխենն առաջին անգամ կատարել է Քսենակիսի մի քանի ստեղծագործություններ՝ «Pithoprakta», «Achorripsis», «Polla ta dhina» և «Terretektorh»։

1960-ական թվականների սկզբին Քսենակիսը՝ սովորական երաժշտական գործիքների հետ մեկտեղ, սկսել է օգտագործել այն ժամանակվա համակարգչային տեխնիկան և Fortran լեզվի հատուկ ծրագրեր, որոնց միջոցով առաջացրել է հնչյուններ։

Նա մշակել է մաթեմատիկական սկզբունքների վրա կառուցված սեփական կոմպոզիցիայի համակարգը, էլեկտրոնիկայով նոր հնչյուններ է ստեղծել։ Նրան է պատկանում երաժշտության մեջ տեխնիկայի և ճշգրիտ գիտությունների մեթոդների, մասնավորապես՝ հավանականության տեսության ներդրման միտքը։

Քսենակիսին համաշխարհային ճանաչում են բերել նրա «Kraanerg» և «Antikhthon» բալետները, ինչպես նաև «Jonchaies» և «Empreintes» նվագախմբի համար նախատեսված ստեղծագործությունները։ Նա գիշերները՝ բաց երկնքի տակ՝ սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի և էլեկտրոնային հնչյունների համերգներ է տվել՝ հատուկ լուսային էֆեկտներով լուսավորված հին ճարտարապետության ռոմանտիկ միջավայրում։

1983 թվականին եղել է Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ, 1997 թվականին՝ Bath համալսարանի երաժշտության պատվավոր դոկտոր։

Քսենակիսի երաժշտական ստեղծագործությունն առանձնանում է բարդությամբ՝ և՛ գրվածքի, և՛ կատարման առումով։ Այնուամենայնիվ, այսօր էլ Յանիս Քսենակիսը երաժշտական ավանգարդի դասական ճանաչված երգահան է, երաժշտության մեջ մոդեռնիզմի ինքնատիպ ճյուղի ստեղծողներից մեկը։

Մեջբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին հայացքից, Քսենակիսի երաժշտության մեջ ոչինչ չի փոխվել։ Այն պահպանել է իր կոպտությունը, տտպահամությունը, պատկերի պարզությունը։ Այն արտահայտիչ է՝ պողպատյա կառույցի նման և միևնույն ժամանակ կենսուրախ՝ ինչպես կենդանի շերտերի կոպիտ կապը և բարդ ձևերը։ Քսենակիսը միակն է եղել ավանգարդիստների մեջ (բացառությամբ Վարեզի), որ կարողացել է երաժշտության ոլորտ բերել ծանրության և ամրության, ցրտի և տաքության, շփման և անդրադարձման ալիքները։ Նա է մշակել նվագելու ավանգարդյան գործիքային հնարքների մեծ մասը։ Քսենիսը երաժշտության մեջ արթնացրել է հին ժամանակների բնության շունչը և աշխարհին ձայների «ծարավ» է դարձրել։ Նրա արվեստը պաուզաների, լռության, եդեմական մթնոլորտի միացում է։
Պյոտր Պասպելով

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Iannis Xenakis (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://arch-pavouk.cz/index.php/architekti/1650-xenakis-iannis
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. Discogs — 2000.
  7. www.academiedesbeauxarts.fr (ֆր.)
  8. https://www.kyotoprize.org/en/laureates/iannis_xenakis/
  9. Gagné, Nicole V. (2012). Historical Dictionary of Modern and Contemporary Classical Music. Lanham: Scarecrow Press. 0810867656. p. 299: "Xenakis settled in Paris, becoming a French citizen in 1965."

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Xenakis I. Musiques formelles, nouveaux principes formels de composition musicale. Paris, 1963.
  • Xenakis I. Formalized Music. Thought and Mathematics in Composition. — N.Y., 1992.
  • Xenakis I. Kéleütha. Ecrits. Paris, 1994.
  • Дубов М. Э. Арборесценции: об одном из видов композиторской техники Яниса Ксенакиса // Harmony. — 2008. — № 7.
  • Дубов М. Э. Янис Ксенакис: архитектор новейшей музыки. Дисс. … канд. иск. МГК им. П. И. Чайковского. М., 2008. 232 с.
  • Землякова К. Н. Стохастический метод Яниса Ксенакиса // Музыка в современном мире: наука, педагогика, исполнительство: Сб. статей по материалам Х Международной научно-практической конференции 7 февраля 2014 года. — Тамбов: ТГМПИ им. С. В. Рахманинова, 2014. С. 578—586.
  • Землякова К. Н. «Komboi» Яниса Ксенакиса: о математической модели и пьесы и проблемах её восприятия // Актуальные проблемы музыкально-исполнительского искусства: История и современность. Вып. 7: Материалы Всероссийской научно-практической конференции, Казань, 2 апреля 2014 года / Сост. В. И. Яковлев; Казан. гос. консерватория. — Казань, 2015. С.88-94.
  • Землякова К. Н. «Формализованная музыка»: теоретическое осмысление стохастического метода Янниса Ксенакиса // Традиции и новаторство в культуре и искусстве: связь времен: Сб. статей по материалам III Всероссийской научно-практической конференции 27 марта 2015 года / Гл. ред. — Л. В. Саввина, ред.-сост. — В. О. Петров. — Астрахань: ГАОУ АО ДПО «АИПКП», 2015. С. 52-57.
  • Иль Я. Пространственные композиции Янниса Ксенакиса (на примере Polytopes). Дипломная работа РАМ им. Гнесиных. М., 2007.
  • Кон Ю. Г. О теоретической концепции Янниса Ксенакиса // Кризис буржуазной культуры и музыка. Вып. 3. М., 1976. — С.106-134.
  • Ксенакис Я. Музыка и наука // Зарубежная музыка XX века. Очерки. Документы. Вып.3. М., 2000. С.206-212.
  • Ксенакис Я. Пути музыкальной композиции. Пер. Ю. Пантелеевой // Слово композитора. Сб. трудов РАМ им. Гнесиных. Вып. 145. М., 2001. С.22-35.
  • Ксенакис Я. Формализованная музыка. СПб., 2008. 123 с.
  • Ксенакис Я. Из московских бесед // Композиторы о современной композиции. Хрестоматия. М., 2009. С.76-87.
  • Ксенакис Я. Кризис сериальной музыки (пер. М. Э. Дубова) // Композиторы о современной композиции. Хрестоматия. М., 2009. С.88-91.
  • Осипова О. Музыкальная композиция Янниса Ксенакиса: творческий метод и его реализация в сочинениях 70-80-х годов. Дипломная работа РАМ им. Гнесиных. М., 1996.
  • Ферапонтова Е. В. Вокальная музыка Янниса Ксенакиса как феномен его композиторского творчества. Дисс. … канд. иск. МГК им. П. И. Чайковского. М., 2008. 387 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանիս Քսենակիս» հոդվածին։