Միխայիլ Լևանդովսկի
Միխայիլ Կառլովիչ Լևանդովսկի (ծնվ․ 1890թ․ մայիսի 15–ին, քաղ․ Թիֆլիս – վախճ․՝ 1938թ․ հուլիսի 29–ին քաղ․ Մոսկվա, ռուս.՝ Левандовский, Михаил Карлович)՝ Խորհրդային Ռուսաստանի կամ Խորհրդային Միության 2–րդ դասի կոմանդարմ էր, կոմանդույուշչիյ արմիի՝ բանակի զորահրամանատար։ Մասնակցել է Համաշխարհային I Պատերազմին՝ կայսերական կամ ցարական Ռուսաստանի բանակի կազմում, ինչպէս նաև՝ Քաղաքացիական պատերազմին՝ Խորհրդային կամ Կարմիր բանակի կազմում։ 1920–1921թթ․ մասնակցել է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի դեմ Խորհրդային Ռուսաստանի ագրեսիվ ռազմական գործողություններին և այդ հանրապետությունների այսպես կոչված՝ խորհրդայնացմանը։ Եղել է զորքերի հրամանատար Կովկասում և Սիբիրում։
Երիտասարդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ռուսացած լեհ գյուղացու ընտանիքում[1]։ Միխայիլ Լևանդովսկու հայրը՝ Կառլ Լևանդովսկին զորակոչվել էր ռուսական կայսերական բանակ՝ ժամկետային ծառայության, որն ավարտելուց հետո՝ որպես ենթասպա, մնացել է գերժամկետ ծառայության։ Մայրը ռսուհի էր։ 1892 թվականին Կառլ Լանդովսկին դեղին տենդից մեռնում է։ Մի քանի տարուց Միխայիլի մայրը դարձյալ ամուսնանում է, այս անգամ՝ թերեքյան կազակի հետ, և ընտանիքը՝ Միխայիլին վերցնելով, մեկնում է այդ կազակի հայրենի բնակավայրը՝ Թերեքի կազակային զորքեի Սունժենյան բաժնի Նիկոլաևսկայա ստանիցա։ Այդտեղ էլ Միխայիլն ավարտում է եռամյա եկեղեցական–ծխական դպրոցը։ Հետագայում նրանց ընտանիքը մեկնում է Գրոզնի քաղաք, որտեղ Միխայիլի խորթ հայրն աշխատում էր որպես նավթամշակման գործարանի հնոցապան։ Նույն գործարանում պատանի Միխայիլն աշխատում էր որպես յուղագործ։ Հետագայում պատանին գործի է անցնում փոստային գրասենյակում, որպես նամակատար, իսկ ապա՝ տպարանում՝ որպես գրաշարի աշակերտ։ Միխայլի Լևանդովսկին ավարտում է Գրոզնու քաղաքային քառամյա ուսումնարանը, իսկ ապա՝ Գրոզնու ռեալական ուսումնարանը։
1910 թվականին, որպես կազակական ընտանիքի զավակի՝ նրան թույլ է տրվում ընդունվել Վլադիմիրյան ռազմական ուսումնարան, որը ավարտում է 1912 թվականին[2]։
Միխայիլ Լևանդովսկին զինծառայություն է անցել Գորիի 202-րդ հետևակային զորագնդում[3], որը տեղակայված էր Քութայիս քաղաքում, զբաղեցնելով զորագնդի գնդացրային մարտախմբի կրտսեր սպայի պաշտոնը՝ կրելով ենթապորուչիկի ռազմական կոչում։ 1914 թվականից Լևանդովսկին մարտնչում է Առաջին Աշխարհամարտի ճակատներում։ Մասնակցել է Արևելյան Պրուսիայում, Գալիցիայում, Վարշավայի մոտ մղված մարտական գործողություններին։ Ծառայության մեջ առաջխաղացում է ունենում և հասնում է գնդացրային վաշտի հրամանատարի պաշտոնին։ Արժանացել է հինգ մարտական պարգևների։ 1915 թ․ մարտին ենթապորուչիկ Միխայիլ Լևանդովսկին պարգևատրվում է Սուրբ Վլադիմիրի 4-րդ կարգի շքանշանի՝ սրերով և շքաժապավենով[4]։
1915 թ․ դեկտեմբերին պորուչիկ Լևանդովսկին պարգևատրվում է Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով և շքաժապավենով[5]։ Մարտերի ընթացքում երկու անգամ կոնտուզիա է ստանում[6],, ընդ որում՝ երկրորդ անգամը՝ ծանր կոնտուզիա։ Ապաքինումից հետո նրան ուղարկում են Թիֆլիսի ենթասպայական դասընթացներ, որպես դասընթացի հրամանատար և ռազմական գործի դասախոս։ 1916 թ․ մարտից ծառայել է Պետրոգրադի 1-ին զրահաավտոմոբիլային դիվիզիոնում, որպես բաժանմունքի պետ, իսկ ապա՝ բաժնի պետ։ Այդ ժամանակ նա արդեն կրում էր շտաբս–կապիտան ռազմական կոչումը (1916թ․)[6]։
1916 թ․ սեպտեմբերին շտաբս–կապիտան Լևանդովսկուն պարգևատրում են Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանով՝ սրերով[5]։
Ծառայությունն անցնելով Պետրոգրադում, Լևանդովսկին ներգրավվում է 1917 թ․ գարնան հեղափոխական իրադարձություններին, իսկ աշնանը տեղի ունեցած բոլշևիկյան հեղաշրջումից հետո՝ մասնակցել է Կոռնիլովյան խռովության ճնշմանը։ Դառնում է զրահապատ դիվիզիոնի հրամանատարը։ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո մասնակցել է նաև Կերենսկու–Կրասնովի ապստամբության ճնշմանը։ Ռուսական բանակի զորացրումը սկսվելուց հետո Լևանդովսկին 1918 թ․ հունվարին վերադառնում է Գրոզնի՝ իր ընտանիքի մոտ։
Քաղաքացիական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաստական անիշխանության, անպատիժ ավազակության և Գրոզնու վրա չեչենների հարձակումների պայմաններում, Միխայիլ Լևանդովսկին ծառայության է անցնում Գրոզնու նավթամշակման գործարանի բանվորների ինքնապաշտպանության վաշտում։ Շուտով՝ այդ վաշտի մարտիկների ժողովի ժամանակ նրան ընտրում են վաշտի հրամանատար։ 1918 թ․ մարտից Լևանդովսկին դառնում է Գրոզնիում Կարմիր Գվարդիայի կազմակերպման պատասխանատու կազմակերպիչ, ինչպես նաև՝ Գրոզնու և Վլադիկավկազի ռազմական կոմիսար։ 1918 թ․ մայիսից Լևանդովսկին դառնում է Թերեքի Խորհրդային Հանրապետության ռազմական գործերի ժողովրդական կոմիսար։ Նորաթուխ կոմիսար Լևանդովսկին՝ Վլադիկավկազմում գտնված ժամանակ, երբ մասնակցում էր լեռնական ժողովուրդների համագումարին, հայտնվեց սպիտակգվարդիականների ապստամբության էպիկենտրոնում։ Լևանդովսկին գլխավորում է այն շենքի պաշտպանությունը, որտեղ գտնվում էր համագումարի պատվիրակների մի մասը, ինչպես նաև տեղական ռազմական կայազորի շտաբը։ Երեք օր՝ գիշեր–ցերեկ Լևանդովսկին հետ է մղում սպիտակ կազակների գրոհները, ապա մարտով ճեղքում է շրջապատումը և իր ջոկատը բերում է Բեսլան։ Այստեղից, կարմիգվարդիական ուժերի գլուխն անցած, Լևանդովսկին հարձակում է սկսում սպիտակ կազակների ձեռքն անցած Վլադիկավազի դեմ և ի վերջո՝ ապստամբներին դուրս մղում քաղաքից։ Նրա այդ հաղթանակը տեղի ունեցավ 1918 թ․ օգոստոսի 11–ին։ Նույն 1918 թվականին Լևանդովսկին մոտիկից ծանոթանում է Գ․ Կ․ Օրջոնիկիձեի հետ՝ ռուս.՝ Г. К. Орджоникидзе և հետագայում դառնում վերջինիս հավատարիմ զինակիցը։
Քաղաքական և ռազմական կարիերայի որոշ տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականի սկզբին Լևանդովսկին մտնում է էսեռ–մաքսիմալիստների կուսակցության մեջ։
1918 թվականի օգոստոսին Լևանդովսկին մտնում է Կարմիր Բանակի շարքերը և նշանակվում է Վլադիկավկազ–Գրոզնու զորախմբի զորահրամանատար։
Հյուսիսային Կովկասում մարտական գործողութունների գլխավոր առանձնահատկությունն, ըստ խորհրդային ռազմական պատմագրության, այն էր համարվում, որ կարմիր զորքերը գրեթե լիովին մեկուսացված էին խորհրդային Ռուսաստանի մնացած տարածքից։ Ահա այդ պայմաններում Միխայիլ Լևանդովսկին իրեն ցուցաբերում է որպես հմուտ հրամանատար, որը կարողացավ ակտիվորեն գործել ընդդեմ թվաքանակով գերակշիռ հակառակորդի։ Լևանդովսկին վարպետորեն շրջանցում էր հակառակորդի զորքերը, հմտորեն օգտագործում հակառակորդի զորքերի տարանջատվածությունը։
1918 թվականի դեկտեմբերից Լևանդովսկին պաշտոնավարել է որպես Հարավային ռազմաճակատի (Հյուսիսային Կովկաս) 11-րդ բանակի օպերատիվ բաժնի պետ՝ ռուս.՝ начальник оперативного отдела։
1919 թվականի հունվարից՝ նա նշանակվում է նույն այդ 11-րդ բանակի զորահրամանատար՝ կոմանդույուշչիյ։ Այդ ժամանակ կարմիր զորքերի դրությունը Հյուսիսային Կովկասում լիովին անհույս էր դարձել, գեներալ Ա․Ի․ Դենիկինի և գեներալ Բիչերախովի զորքերին հաջողվել էր կտրել բոլշևիկյան զորքերի մատակարարման վերջին ուղիները և դուրս մղել կարմիր զորքերին արդյունաբերական խոշոր կենտրոններից։
Նման իրավիճակում Լևանդովսկին կազմակերպեց իր բանակի մնացորդների նահանջ–փախուստը դեպի Աստրախան։ Փախստի սկզբում Լևանդովսկին տիֆով հիվանդացավ և Աստրախան բերվեց գիտակցությունը կորցրած վիճակում։
Ապաքինվելուց հետո Լևանդովսկին մասնակցում է Աստրախանի կարմիր զորքերի պաշտպանական ռազմագործողություններին։ 1919 թ․ մարտի սկզբին Լևանդովսկին Կովկաս–Կասպիական ռազմաճակատի Արևմտյան մարտական տեղամասի հրամանատարն էր, 1919 թ․ փետրվարի 13–ից մինչև մարտի 20–ը՝ 1-ին առանձնահատուկ հեծելազորային դիվիզիայի հրամանատարը[7], ապա՝ 1919 թ․ ապրիլից՝ 7-րդ հեծելազորային դիվիզիայի հրամանատարը։ 1919 մայիսի՝ նշանակվում է 33-րդ հրաձգային դիվիզիայի պետ, որը հենց ինքն էլ կազմավորել էր Աստրախանում, այդ դիվիզիայի գլուխն անցած նրան նետել են Դոն, որտեղ մասնակցել է գեներալ Դենիկինի, Մամոնտովի և ապստամբած Դոնի կազակների դեմ կարմիր բանակի մարտերին։ Լևանդովսկին աչքի է ընկել Դոնբասի պաշարման և Դոնի Ռոստովի համար մղված մարտերում՝ 1920 թ․ սկզբներին։
1920 թ․ մարտից նրան նշանակում են նորակազմ 11-րդ բանակի զորահրամանատար։ Կարմիր Բանակի այս նոր օպերատիվ զորամիավորման գլուխ անցած Լևանդովսկին հարձակողական ռազմագործողություններ է վարում՝ Հյուսիսային Կովկասում Դենիկինի բանակի վերջին խմբավորումների ոչնչացման համար։
1920 թ․ ապրիլ–մայիս ամիսներին Լևանդովսկու Տասնմեկերորդ բանակը՝ Կրեմլի հրամանով և քեմալական Թուրքիայի լուռ համաձայնությամբ՝ գրավում է Հարավ–Արևելյան Կովկասը կամ Արևելյան Հայաստանի մերձկասպյան և կուր–արաքսյան տարածքները, որոնց վրա Օսմանյան Թուրքիայի բանակի սվինների օգնությամբ երկու տարի առաջ կազմավորվել էր «Ադրբեջանական հանրապետություն» կոչվող արհեստական կազմավորումը։
Ադրբեջանա–թուրքական մուսավաթիստները քեմալականների հետ համաձայնությամբ՝ անցան բոլշևիկյան Ռուսաստանի ենթակայության ներքո՝ մեկ գիշերում հագան կարմիրբանակային «բուդյոնովկա» գլխարկներ և ռուսների հետ գրոհի անցան ընդդեմ հայերի, մասնավորապես Հայաստանի Արցախ մարզի և բուն Հայաստանի Հանրապետության դեմ։
1920 թ․ հուլիսից մինչև 1921 թ․ մայիսը՝ (ընդհատումներով) Լևանդովսկին եղել է 9-րդ կարմիր բանակի հրամանատարը։ Այս օպերատիվ զորամիավորման գլուխ անցած ևս Լևանդովսկին աչքի է ընկել բոլշևիկյան իշխանության տարածման և ամրապնդման մարտերում։
Մասնավորապես՝ մասնակցել է Ուլագաևսկի դեսանտի ոչնչացմանը և անկախ Վրաստանի զավթմանը։
Միաժամանակ՝ 1920 թ․ հոկտեմբերից մինչև 1921 թ․ հունվարը՝ Լևանդովսկին Թերեքի բոլշևիկյան զորախմբավորման հրամանատար էր։
1921 թ․ հունվարից մինչև մարտ ամիսը՝ բոլշևիկյան Թերեք–Դաղստանյան զորախմբավորաման հրամանատարն էր։
1921 թ․ մարտից ապրիլը՝ բոլշևիկյան զինված ուժերի Կովկասյան ռազմաճակատի Թերեք–Դաղստանյան 10-րդ կարմիր բանակի հրամանատարն էր։
1920 թվականից Լևանդովսկին ՌԿ(բ)՝ ռուս.՝ РКП(б) կուսակցության անդամ էր։
Հետպատերազմյան տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1921 թ․ հուլիս–սեպտեմբեր ամիսներին Լևանդովսկին Տամբովի նահանգի նահանգական ռազմական կոմիսարն էր։ Լևանդովսկին հանդիսացել է ռուս ապստամբ գյուղացիության դաժան դահիճներից և հակաբոլշևիկյան ապստամբությունները արյան մեջ խեղդողներից մեկը։
1921 թ․ Լևանդովսկին Հյուսիս–Կովկասյան ռազմական օկրուգի զորքերի զորահրամանատարի օգնականն էր, իսկ ապա՝ տեղակալը։
1923 թ․ ծանր վնասվածքեր ստացավ ավտոմոբիլային աղետի ժամանակ, որոնք բարդացան սկսված արյան վարակմամբ։ Դրանից հետո նա երկար ժամանակ բուժվում էր։
1923 թ․ դեկտեմբերից Ուկրաինայի և Ղրիմի զորքերի զորահրամանատարի օգնականն էր։
1924 թ․ ապրիլից մինչև 1925 թ․ նոյեմբերը՝ Թուրքեստանի ռազմաճակատի Ռազմահեղափոխական խորհրդի անդամ և զորահրամանատար։
Ղեկավարում էր բասմաչության դեմ պայքարը՝ Միջին Ասիայի ամբողջ տարածքում։
1925 թ․ նոյեմբերից՝ Կովկասյան կարմրադրոշ բանակի զորքերի զորահրամանատարն էր[8]։
1928 թ․ մարտից միաժամանակ հանդիսանում էր ԽՍՀՄ ռազմական և ռազմածովային գործերի ժողովրդական կոմիսարի լիազորը՝ Խորհրդային Անդրկովկասի այսպես կոչված կառավարությանը կից՝ ռուս.՝ уполномоченный народного комиссара по военным и морским делам СССР при Совете народных комиссаров ЗСФСР.
1928 թ․ հոկտեմբերից՝ Բանվորագյուղացիական կարմիր բանակի գլխավոր վարչության պետն է եղել։
1929 թ․ դեկտեմբերից՝ Սիբիրյան ռազմական օկրուգի զորքերի զորահրամանատարը։
1932—1933 թթ․ ստաժավորում է անցել Գերմանիայի ռայխսվերում։
1933 թ․ նոյեմբերից՝ երկրորդ անգամ նշանակվել է Կովկասյան կարմրադրոշ բանակի զորահրամանատար։
1935 թ․ այդ բանակի հիման վրա կազմավորվում է Անդրկովկասյան ռազմական օկրուգը և Լևանդովսկին դառնում է այդ օկրուգի զորահրամանատարը։
1935 թ․ Լևանդովսկին անցկացրել է ԽՍՀՄ–ում առաջին խոշորամասշտաբ ռազմական զորաշարժերը՝ բարձլեռնային շրջանների պայմաններում։
Լևանդովսկուն շնորհվել է Բ դասի կոմանդարմ ռազմական կոչումը՝ ռուս.՝ командарм 2-го ранга (1935թ․), ինչը համապատասխանում է «գեներալ–գնդապետ» զորավարական կոչմանը (Ա դասի կոմանդարմը համապատասխանում է «բանակի գեներալ» ռազմական կոչմանը)։
1937 թ․ հունիսից Լևանդովսկաին հանդիսանում է Կարմրադրոշ հատուկ Հեռավորարևելյան Բանակի Մերծովյան՝ Պրիմորսկյան խմբավորման զորքերի զորահրամանատրը։
Նույն թվականից Լևանդովսկին ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսարին կից Ռազմական խորհրդի անդամ էր։
Միաժամանակ՝ ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր Կոմիտեի անդամ է եղել։
ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 1-ին գումարման պատգամավոր էր (1937—1938թթ․)։
Վրաստանի «կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի» անդամ էր։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևանդովսկու պատվին իր անունով են կոչվում փողոցներ Վլադիկավազում և Գրոզնիում։
Վախճան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստալինյան «Մեծ Զտումների» ժամանակ Լևանդովսկին ձերբակալվել է 1938թ․ փետրվարի 23–ին՝ Կարմիր բանակի ստեղծման տոնի օրը։ Լևանդովսկին իրեն մեղավոր է ճանաչել հակախորհրդային, տրոցկիստական և Կարմիր բանակում ռազմա–ֆաշիստական դավադրության կազմակերպման մեջ։ Հետագայում՝ 1938թ․ հուլիսի 29–ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի Ռազմական կոլեգիան նրան դատապարտել է բարձրագույն պատժաչափի՝ այսինքն մահապատժի։ Նույն օրը ևեթ Լևանդովսկում գնդակահարել են ք․ Մոսկվայում։ Թաղման վայրը Մոսկվայի մարզի Կոմունարկա բնակավայրն է՝ ռուս.՝ Коммунарка[9]։ Ահա այսպես իր անփառունակ մահկանացուն կնքեց Հայաստանի անկախության արյունռուշտ կործանողներից մեկը՝ ռուսական կարմիր բանակի զորահրամանատար Լևանդովսկին, որին իր սեփական բոլշևիկյան հեղափոխությունը «կերավ»։
Արդարացում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ Գերագույն դատարանի Ռազմական կոլեգիայի որոշմամբ՝ 1956 թ․ ապրիլի 28–ին Միխայիլ Լևանդովսկին արդարացվել է։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես թե՛ ցարական սպա և թե՛, հատկապես, բոլշևիկյան բանակների աչքի ընկնող զորահրամանատար, պարգևատրվել է սուրբ Ստանիսլավի շքանշանով (1916թ․), Կարմիր դրոշի շքանշանով (1920թ․), Լենինի շքանշանով (1935թ․) և այլն։
Պարգևներն ըստ տարեթվերի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի շքանշան՝ Орден Ленина (22.03.1936),
- Կարմիր դրոշի շքանշան՝ Орден Красного Знамени (19.10.1920),
- Ադրբեջանական խորհրդային սոցիալիստական «հանրապետության» կարմիր դրոշի շքանշան՝ Орден Красного Знамени Азербайджанской ССР (մայիս 1921),
- Թաջիկական ԽՍՀ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան՝ Орден Трудового Красного Знамени Таджикской ССР (սեպտեմբեր 1930),
- սուրբ Վլադիմիրի 4-րդ աստճիանի շքանշան՝ սրերով և շքաժապավենով՝ ցարի հրամանով՝ Орден Святого Владимира 4-й степени с мечами и бантом (ВП 4.03.1915)
- սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան՝ սրերով և շքաժապավենով՝ ցարի հրամանով՝ Орден Святого Станислава 3-й степени с мечами и бантом (ВП 16.11.1915)
- սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան՝ սրերով և շքաժապավենով՝ ցարի հրամանով՝ Орден Святой Анны 3-й степени с мечами и бантом (ВП 7.05.1916)
- սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան՝ սրերով՝ ցարի հրամանով՝ Орден Святого Станислава 2-й степени с мечами (ВП 19.09.1916)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա մասին հիշատակում են, մասնավորապես, «Խորհրդային Մեծ Հանրագիտարանը»՝ «Բոլշայա Սովետսկայա Էնցիկլոպեդիա», հատոր XIV, Մոսկվա 1973թ․ և Վ. Մ. Իվանովը, իր «Մարշալ Տուխաչևսկի» գրքում, ռուսերեն, «Վոյենիզդատ», Մոսկվա, 1990թ.։
Գրքերի և հանրագիտարանային հոդվածների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «К-22» — Линейный крейсер / [под общ. ред. Н. В. Огаркова]. — М. : Военное изд-во М-ва обороны СССР, 1979. — 654 с. — (Советская военная энциклопедия : [в 8 т.] ; 1976—1980, т. 4).
- Соломин Н. И. Легенда о командарме (о командарме 2-го ранга М. К. Левандовском). М.:Политиздат, 1989.
- Мильбах В. С. Особая Краснознамённая Дальневосточная армия (Краснознамённый Дальневосточный фронт). Политические репрессии командно-начальствующего состава, 1937—1938 гг. — СПб.: Изд-во СПбГУ, 2007. — 345 с. — 1000 экз. — ISBN 978-5-288-04193-8.
- Черушев Н. С., Черушев Ю. Н. Расстрелянная элита РККА (командармы 1-го и 2-го рангов, комкоры, комдивы и им равные): 1937—1941. Биографический словарь. — М.: Кучково поле; Мегаполис, 2012. — С. 33—34. — 496 с. — 2000 экз. — ISBN 978-5-9950-0217-8.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տասնմեկերորդ Կարմիր բանակի ներխուժումը Բաքու և Ադրբեջանական հանրապետության նվաճումը բոլշևիկյան Ռուսաստանի կողմից․ ապրիլի վերջ–մայիսի սկիզբ 1920 թվական։
-
11–րդ Կարմիր բանակի մուտքը Հայաստանի մայրաքաղաք Երևան և անկախ Հայաստանի կործանումը։ 1920 թ․ դեկտեմբերի 2։
-
ԽՍՀՄ Ռազմահեղափոխական խորհրդի անդամները՝ առաջին շարքում (ձախից աջ)՝ Ի․Է․ Յակիր, Ա․Ի․ Եգորով, Ս․Ս․ Կամենև, Կ․Ե․ Վորոշիլով, Ս․Մ․ Բոդյոննի, Մ․Կ․ Լևանդովսկի, երկրորդ շարքում (կանգնած)՝ Կ․Ա․ Ավքսենտյևսկի, Բ․Մ․ Շապոշնիկով, Ի․Պ․ Բելով, Ի․Պ․ Ուբորևիչ։ Դեկտեմբեր, 1927թ․։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Соломин Н. И. Легенда о командарме (о командарме 2-го ранга М. К. Левандовском) М.:Политиздат 1989․[1]
- ↑ «К-22» — Линейный крейсер / [под общ. ред. Н. В. Огаркова]. — М. : Военное изд-во М-ва обороны СССР, 1979. — С. 580—581. – (Советская военная энциклопедия : [в 8 т.] ; 1976—1980, т. 4).
- ↑ Левандовский Михаил Карлович :: Картотека потерь :: Первая мировая война. gwar.mil.ru. Дата обращения 3 февраля 2020.[awd_nagrady:awd_kart:potery_doneseniya_o_poteryah:potery_gospitali:potery_spiski_zahoroneniy:potery_voennoplen:frc_list:cmd_commander:prs_person]
- ↑ Левандовский Михаил :: Документы о награждениях :: Первая мировая война. gwar.mil.ru. Дата обращения 3 февраля 2020.[2]
- ↑ 5,0 5,1 Левандовский Михаил :: Документы о награждениях :: Первая мировая война. gwar.mil.ru. Дата обращения 3 февраля 2020.
- ↑ 6,0 6,1 Левандовский Михаил Карлович :: Именные списки потерь :: Первая мировая война. gwar.mil.ru. Дата обращения 3 февраля 2020.
- ↑ rkka.ru. cavalry Кавалерия Гражданской войны. Командный состав кавалерийских соединений и объединений
- ↑ «К-22» — Линейный крейсер / [под общ. ред. Н. В. Огаркова]. — М. : Военное изд-во М-ва обороны СССР, 1979. — С. 580—581. — (Советская военная энциклопедия : [в 8 т.] ; 1976—1980, т. 4).
- ↑ Мемориал: расстрельные списки Коммунарки. Общество «Мемориал». Дата обращения 18 марта 2015.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղեցրած հիմնական պաշտոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդող: Ավգուստ Կորկ |
Կարմրադրոշ Կովկասյան բանակի զորահրամանատար Նոյեմբեր 1925 – Հոկտեմբեր 1928 |
Հաջորդող: Կոնստանտին Ավքսենտյևսկի |
Նախորդող: Նիկոլայ Կույբիշև |
Սիբիրյան ռազմական օկրուգի զորահրամանատար 1930–1933 |
Հաջորդող: Յան Գայլիտ |
Նախորդող: Իվան Սմոլին |
Կարմրադրոշ Կովկասյան բանակի զորահրամանատար Նոյեմբեր 1933 – Մայիս 1935 |
Հաջորդող: հենց ինքն էլ՝ Անդրկովկասյան ռազմական օկրուգի զորահրամանատար |
Նախորդող: հենց ինքն էլ՝ Կարմրադրոշ Կովկասյան բանակի զորահրամանատար |
Անդրկովկասյան ռազմական օկրուգի զորահրամանատար Մայիս 1935 – Հունիս 1937 |
Հաջորդող: Նիկոլայ Կույբիշև |
Նախորդող: Իվան Ֆեդկո |
Զորքերի առափնյա խմբավորման զորահրամանատար Հունիս 1937 – Փետրվար 1938 |
Հաջորդող: Կուզմա Պոդլաս |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 586)։ |