Jump to content

Թոմաս Բեքեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Բեքեթ
Ծնունդմոտ դեկտեմբերի 21, 1119[1]
Ծննդավայր, Անգլիայի թագավորություն[1][2][3]
Վախճանդեկտեմբերի 29, 1170[4] (51 տարեկան)
Վախճան վայրՔենթերբերիի տաճար, Քենթ, Անգլիայի թագավորություն
Թաղման վայրՔենթերբերիի տաճար[4]
ԵկեղեցիՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[5][6]
Սրբացված կարգկաթոլիկ սուրբ[7]
Հիշատակության օրԴեկտեմբերի 29[8]
Աշխատանքաստվածաբան, դատավոր, կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
ՊաշտոնՔենթերբերիի հռոմեական կաթոլիկ արքեպիսկոպոս և Լորդ կանցլեր
Երկիր Անգլիայի թագավորություն
ԿրթությունԲոլոնիայի համալսարան
ՀայրGilbert Becket?[9]

Թոմաս Բեքեթ (անգլ.՝ Thomas Becket, /ˈbɛkɪt/), նաև հայտնի որպես Քենթրբերիի սուրբ Թոմաս, Թոմաս Լոնդոնցի[10] հետագայում նաև Թոմաս ա՛ Բեքեթ[note 1], մոտ դեկտեմբերի 21, 1119[1], , Անգլիայի թագավորություն[1][2][3] - դեկտեմբերի 29, 1170[4], Քենթերբերիի տաճար, Քենթ, Անգլիայի թագավորություն), Քենթրբերիի արքեպիսկոպոս 1162 թվականից մինչ 1170 թվականին իր սպանությունը։ Երկրպագվել է որպես սուրբ ու նահատակ ինչպես Կաթոլիկ եկեղեցու, այնպես էլ անգլիկան համայնքի կողմից։ Եկեղեցու իրավունքների ու արտոնությունների համար հակասության մեջ է մտել Անգլիայի թագավոր Հենրի II-ի հետ, որի պատճառով թագավորի կողմնակիցները Քենթերբերիի տաճարում սպանել են նրան։ Մահվանից անմիջապես հետո սրբադասվել է Հռոմի պապ Ալեքսանդր III-ի կողմից։

Բեքեթի կյանքի մասին տեղեկության գլխավոր աղբյուրներն իր ժամանակակիցների կողմից գրված մի շարք կենսագրություններն են։ Այդ փաստաթղթերից մի քանիսը պատկանում են անհայտ հեղինակների, թեև ավանդական պատմագրությունը նրանց անուններ է վերագրել։ Հայտնի կենսագիրներն են՝ Ջոն Սալիսբերիացին, Էդվարդ Գրիմը, Բենեդիկտ Փիթերբուրգցին, Ուիլյամ Քենթրբերիացի, Ուիլյամ ֆիթզՍթեֆենը, Գուերնես Փոնթ-Սեյնթ-Մաքսենսացին, Ռոբերտ Քրիքլեյդցին, Ալեն Թյուքեսբերիացին, Բենեթ սբ․Ալբանսացին և Հերբերթ Բոշամցին։ Անհայտ մյուս հեղինակներին տրվել են կեղծանուններ, օրինակ՝ Անանուն I, Անանուն II (կամ Լամբեթցի Անանուն) և Անանուն III (կամ Լանսդաունի Անանուն)։ Բացի այս մեկնաբանությունները, կան ևս երկու մեկնաբանություններ, որոնք հավանաբար վերաբերում են նույն ժամանակահատվածին և հանդիպում են Quadrilogus II և իսլանդերեն «Սագա Թոմաս արքեպիսկոպոսի մասին» գրքերում։ Կենսագիրներից բացի, Բեքեթի կյանքի իրադարձությունների մասին հիշատակում են նաև այդ ժամանակի պատմագրությունները/քրոնիկները։ Դրանցից են՝ Ռոբերտ Տորինյացու աշխատությունը, Ռոջեր Հոուդենցու Gesta Regis Henrici Secundi և Chronica գրքերը, Ռադուլֆ դե Դիսետոյի աշխատությունները, Ուիլյամ Նյուբուրգցու Historia Rerum -ը և Գերվաս Քենթրբերիացու գործերը[12]։

Բեքեթը ծնվել է Լոնդոնի Չիփսայդ փողոցում, հավանաբար 1119[13] կամ 1120 թվականի դեկտեմբերի 21-ին՝ սուրբ Թովմաս առաքյալի տոնախմբության օրը։ Նրա ծնողները Ջիլբերթ և Մաթիլդ Բեքեթներն էին։ Ջիլբերթի հայրը սերում էր Նորմանդիայի Բրիոն լորդության Թիերվիլ համայնքից և կա՛մ մանր հողատեր էր, կա՛մ ասպետ[10]։ Մաթիլդան նույնպես ունեցել է նորմանական ծագում[11] և նրա ընտանիքը սերում էր Կանի մոտակայքից։ Ջիլբերթը հավանաբար ազգակցական կապ է ունեցել Քենթրբերիի արքեպիսկոպոս Թեոբալդ Բեքցու հետ, որի ընտանիքը նույնպես սերում էր Թիերվիլից։ Ջիլբերթն իր կյանքն սկսել էր որպես վաճառական, ամենայն հավանականությամբ որպես կտորեղենի/գործվածքների վաճառական, բայց արդեն 1120-ական թվականներին ապրում էր Լոնդոնում և սեփականատեր էր, որն ապրուստը հոգում էր իր գույքի վարձակալության եկամուտներով։ Որոշ ժամանակ հանդիսացել է նաև քաղաքի շերիֆը[10]։ Ջիլբերթն ու Մաթիլդան թաղվել են սուրբ Պողոսի հին մայր տաճարում։

Չիփսայդում Բեքեթի ծննդվայրը խորհրդանշող հուշատախտակ

Բեքեթի հոր հարուստ ընկերներից մեկը՝ Ռիշար Լ՛Էգլը, Թոմասին հաճախ էր հրավիրում Սասեքսի իր կալվածքները, որտեղ վերջինս զբաղվում էր որսորդությամբ ու բազեաորսով։ Ըստ Գրիմի, Բեքեթը շատ բան է սովորել Ռիշարից, որը հետագայում դարձել է Թոմասի դեմ Քլարենդոնի սահմանադրությունների ստորագրողներից մեկը[10]։

10 տարեկանում Բեքեթին ուղարկել են Անգլիա՝ Մերթոն մենաստանում ուսանելու, հետո նա հաճախել է սուրբ Պողոսի մայր տաճարին մոտ գտնվող քերականական դպրոցը Լոնդոնում։ Այս դպրոցներում նա բացի տրիվիումն (քերականություն, տրամաբանություն ու հռետորաբանություն) ու քվադրիվիումը (թվաբանություն, երկրաչափություն, երաժշտություն ու աստղագիտություն), ուրիշ առարկա չի ուսումնասիրել։ Հետագայում, մոտավորապես 20 տարեկանում, նա մեկ տարի անցկացրել է Փարիզում, սակայն այս ժամանակահատվածում եկեղեցական կամ քաղաքացիական օրենք չի ուսումնասիրել, իսկ նրա լատիներենի իմացությունը մնում էր տարրական։ Բեքեթի ուսումնառությունն սկսելուց որոշ ժամանակ անց նրա հայրը կրել է ֆինանսական վնասներ ու երիտասարդն ստիպված է եղել ապրուսը վաստակել որպես գործակատար։ Հայրը որդու համար նախ աշխատանք է գտել իր բարեկամներից մեկի՝ Օզբերթ Հուիթդենայերսի բիզնեսում, հետո էլ՝ այդ ժամանակ արդեն Քենթրբերիի արքեպիսկոպոս Թեոբալդ Բեքցու ընտանիքում[10]։

Թեոբալդը նրան վստահել է Հռոմի հետ կապված մի քանի կարևոր հանձնարարություն և նաև ուղարկել Բոլոնյա ու Օսեր՝ կանոնական իրավունք ուսումնասիրելու։ 1154 թվականին Թոեբալդը նրան կարգել է Քենթրբերիի արքդեակոն (գլխավոր սարկավագ) ու վստահել այլ եկեղեցական պաշտոններ, այդ թվում՝ Լինքոլնի ու սուրբ Պողոսի մայր տաճարներում բենեֆիցիում և ավագ քահանա, ինչպես նաև Բևեռլիի քաղաքագլխի պաշտոնը։ Այս պաշտոններում նրա արդյունավետ ծառայությունը հիմք է հանդիսացել, որ Թեոբալդը նրան երաշխավորի թագավոր Հենրի II-ին՝ լորդ կանցլերի թափուր պաշտոնի համար[10], որում էլ 1155 թվականի հունվարին Բեքեթը նշանակվել է[14]։

Որպես կանցլեր Բեքեթը կիրառել է արքայական ավանդական եկամտի աղբյուրները, որոնք գանձվում էին բոլոր հողատերերից, ներառյալ եկեղեցիներն ու եպիսկոպոսությունները[10]։ Թագավոր Հենրին նույնիսկ իր որդի Հենրի կրտսերին ուղարկել է Բեքեթի ընտանիքում ապրելու, որն այն ժամանակ ազնվական երեխաներին այլ ընտանիքներում ապրելու ուղարկելու սովորություն էր[15]։ Հաղորդում են, որ Հենրի կրտսերն ասել է, որ Բեքեթն իրեն մեկ օրում ավելի շատ հայրական սեր է ցույց տվել, քան իր հայրն ամբողջ կյանքի ընթացքում[փա՞ստ]։

Առաջնորդարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոբալդի մահից մի քանի ամիս անց, 1162 թվականին Բեքեթն առաջադրվել է որպես Քենթրբերիի արքեպիսկոպոս։ Նրա ընտրությունը հաստատվել է 1162 թվականի մայիսի 23-ին տեղի ունեցած եպիսկոպոսների և ազնվականների արքայական խորհրդի կողմից[10]։ Հենրին գուցե հույս է ունեցել, որ Բեքեթը կշարունակեր թագավորական իշխանությունը եկեղեցուց վեր դասել, սակայն այդ ժամանակ է կատարվել Բեքեթի դիրքորոշման հանրահայտ փոփոխությունը դեպի ասկետիզմ[16]։

Բեքեթը քահանա է կարգվել 1162 թվականի հունիսի 2-ին, իսկ նույն թվականի հունիսի 3-ին Վինչեթերի եպիսկոպոս Հենրի Բլուացու ու Քենթրբերիի մյուս սուֆրագան եպիսկոպոսների կողմից[10] օծվել արքեպիսկոպոս։

Հենրիի ու Բեքեթի միջև հակասություն է առաջացել, երբ նոր արքեպիսկոպոսը հրաժարվել է կանցլերությունից ու փորձել է վերականգնել և ընդլայնել արքեպիսկոպոսության իրավունքները։ Սա հանգեցրել է թագավորի հետ մի շարք կոնֆլիկտների, ներառյալ անգլիացի հոգևորականների նկատմամբ աշխարհիկ դատարանների արդարադատության վերաբերյալ կոնֆլիկտը, որը խորացրել է հակակրանքը Բեքեթի ու թագավորի միջև։ Թագավորի կողմից մյուս եպիսկոպոսներին Բեքեթի դեմ տրամադրելը սկսվել է Ուեստմինստերում 1163 թվականի հոկտեմբերին, երբ թագավորին եկեղեցու վրա թագավորական իշխանության իրավունքների համար հավանություն էր անհրաժեշտ[10]։ Սա հանգեցրել է Քլարենդոնի սահմանադրություններին, որտեղ Բեքեթին պաշտոնապես խնդրել են համաձայնել թագավորի իրավունքներին կամ դիմագրավել դրա քաղաքական հետևանքներին։

Քլարենդոնի սահմանադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Manuscript illustration. The central man is wearing robes and a mitre and is facing the seated figure on the left. The seated man is wearing a crown and robes and is gesturing at the mitred man. Behind the mitred figure are a number of standing men wearing armour and carrying weapons.
Բեքեթի ու թագավոր Հենրի II-ի 14-րդ դարի պատկեր

1164 թվականի հունվարի 30-ին Հենրի II-ը նախագահել է անգլիացի բարձրագույն հոգևորականների բոլոր ժողովները Քլարենդոնի պալատում։ Տասնվեց սահմանադրությունների մեջ նա ձգտում էր ավելի քիչ հոգևոր անկախություն և Հռոմի հետ ավելի թույլ կապ ամրագրել։ Թագավորն օգտագործել է իր բոլոր հմտությունները նրանց համաձայնությունն ստանալու համար և հաջողել է, քանի որ Բեքեթից բացի բոլորը համաձայնել են։ Վերջապես նույնիսկ Բեքեթն է արտահայտել Քլարենդոնի սահմանադրությունների էությանը համաձայնելու իր պատրաստակամությունը, բայց և այնպես հրաժարվել է պաշտոնապես ստորագրել փաստաթղթերը։ 1164 թվականի հոկտեմբերի 8-ին Հենրին Բեքեթից պահանջել է ներկայանալ Նորթհեմփթոն ամրոցում կայանալիք մեծ խորհրդին ու ու պատասխան տալ թագավորական իշխանությունն արհամարհելու ու կանցլերի պաշտոնում արած չարաշահումների մասին մեղադրանքներին։ Մեղավոր ճանաչվելով՝ Բեքեթը լքել է դատավարությունն ու փախել մայրցամաք[10]։

Հենրին հետապնդել է փախստական արքեպիսկոպոսին մի շարք հրամանագրերով, որոնք թիրախավորում էին ինչպես Բեքեթին, այնպես էլ նրա ընկերներին ու աջակիցներին, սակայն Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս VII-ը Բեքեթին իր պաշտպանության տակ է առել։ Բեքեթը համարյա երկու տարի անցկացրել է Պոնտինյիի վանքի Ցիստերյան միաբանությունում, մինչև Հենրիի կարգադրությանն սպառնացող վտանգը ստիպել է նրան վերադառնալ Սանս (քաղաք Ֆրանսիայում)։ Իր հերթին Բեքեթը մեկուսացմամբ ու արգելանքով սպառնացել է թագավորին, եպիսկոպոսներին ու թագավորությանը, սակայն Հռոմի պապ Ալեքսանդր III-ը, թեև տեսականորեն համամիտ լինելով Բեքեթի հետ, նախընտրել է ավելի դիվանագիտական մոտեցում․ 1167 թվականին նա հաշտարարների առաքելությամբ պապական ներկայացուցիչներ է ուղարկել[10]։

Արբրոութի վանահոր կնիքը, որի վրա պատկերված է Բեքեթի սպանությունը։ Արբրոութի վանքը հիմնադրվել է սուրբ Թոմասի մահից 8 տարի անց ու նվիրվել է նրան․ դարձել է Շոտլանդիայում ամենահարուստ վանքը

1170 թվականին Ալեքսանդրը պատվիրակներ է ուղարկել վեճին լուծում պարտադրելու համար։ Այդ ժամանակ Հենրին փոխզիջում է առաջարկել, որը Թոմասին թույլ է տվել աքսորից վերադառնալ Անգլիա[10]։

1170 թվականի հունիսին Յորքի արքեպիսկոպոս Ռոջեր դե Պոնտ Լ՛Էվեքը Լոնդոնի եպիսկոպոս Ջիլբերտ Ֆոլիոթի ու Սալիսբուրիի եպիսկոպոս Ջոսելին դե Բոհոնի հետ Յորքում թագադրել է գահաժառանգ Հենրիին։ Սա Քենթրբերիի թագադրելու արտոնության խախտում էր, և 1170 թվականի նոյեմբերին Բեքեթը բոլոր երեքին մեկուսացրել է։ Մինչ այս երեք հոգևորականը փախել են թագավորի մոտ Նորմանդիա[17], Բեքեթը շարունակել է եկեղեցում իր հակառակորդներին մեկուսացնելը, որի մասին լուրը նույնպես հասել է Հենրի II-ին՝ երիտասարդ Հենրիի հորը։

Բեքեթի սպանությունն ու հուղարկավորությունը․ ֆրանսիական փայլաներկված արկղիկ՝ պատրաստված մոտ․ 1190–1200 թվականներն, պահպանված 52 օրինակներից[18] մեկը

Բեքեթի գործողությունների մասին զեկույցները լսելով՝ թագավորը ենթադրաբար արտաբերել է բառեր, որոնք իր մարդկանց կողմից մեկնաբանվել են որպես Բեքեթին սպանելու ցանկություն[19]։ Թագավորի ճշգրիտ խոսքերը հայտնի չեն, և արձանագրվել են մի քանի տարբերակներ[20]։ Ամենաշատ մեջբերվողը հետևյալն է․ «Մի՞թե ինձ ոչ ոք չի ազատի այս անհնազանդ քահանայից»[21], բայց ըստ պատմաբան Սայմոն Շեմայի սա ճիշտ չէ․ նա ընդունում է լատիներենով գրված այդ ժամանակի կենսագիր Էդվարդ Գրիմի մեկնաբանությունը, որտեղ ասվում է․ «Ինչպիսի թշվառ ձրիակերների ու դավաճանների եմ ես սնուցել ու դաստիարակել իմ արքունիքում, որոնք թույլ են տալիս, որ ցածր ծագմամբ մի հոգևորական իրենց պարոնի հետ այսպիսի ամոթալի արհամարհանքով վարվի»[22]։ Հայտնի են նաև այլ տարբերակներ։

Ինչ էլ որ Հենրին ասած լիներ, այն ընկալվել է որպես հրաման, ու չորս ասպետներ[19]՝ Ռեջինալդ ՖիթզՈւրսը, Հաֆ դե Մորվիլը, Ուիլյամ դե Թրեյսին ու Ռիչարդ լե Բրետոնը[10] ճանապարհ են ընկել Քենթրբերիի արքեպիսկոպոսին լռեցնելու։

1170 թվականի դեկտեմբերի 29-ին նրանք ժամանել են Քենթրբերի։ Ըստ վանական Գերվաս Քենթրբերիացու ու ականատես Էդվարդ Գրիմի թողած գրառումների, նախքան ներս մտնելն ու Բեքեթին մարտահրավեր նետելը, նրանք իրենց զենքերը թողել են մայր տաճարից դուրս գտնվող մի ծառի տակ, իսկ օղազրահները թաքցրել թիկնոցների տակ։ Նրանք տեղեկացրել են Բեքեթին, որ նա պետք է գնա Վինչեսթեր իր գործողությունների համար հաշիվ տալու, բայց վերջինս հրաժարվել է։ Երբ Բեքեթը մերժել է թագավորի կամքին ենթարկվելու ասպետների պահանջը, նրանք հետ են գնացել իրենց զենքերը վերցնելու ու ներս ներխուժել արդեն սպանության համար[23]։ Այդ ընթացում Բեքեթն առաջացել է դեպի երեկոյան աղոթքների դահլիճը։ Մյուս վանականները փորձել են դռան սողնակը գցելով ապահովել իրենց անվտանգությունը, բայց Բեքեթն ասել է նրանց․ «Ճիշտ չէ աղոթատունն ամրոց դարձնել» և հրամայել նրանց նորից բացել դռները։

Սրերը պարզած չորս ասպետները ներս են վազել սենյակ, ասելով․ «Որտե՞ղ է Թոմաս Բեքեթը՝ թագավորին ու երկրին դավաճանածը»։ Նրանք գտել են Բեքեթին դեպի կամարակապ սրահ տանող դռան մոտ[10]։ Նրանց տեսնելով՝ Բեքեթն ասել է․ «Ես դավաճան չեմ, բայց պատրաստ եմ մեռնել»։ Ասպետներից մեկը ճանկել է նրան ու փորձել դուրս քաշել, բայց Բեքեթը բռնվել է մի սյունից ու խոնարհել գլուխը աստծո հետ խաղաղություն գտնելու համար։

Զոհասեղան, որը ցույց է տալիս Թոմաս Բեքեթի նահատակության վայրը Քենթրբերիի տաճարում։ Տեղադրված լինելով 1986 թվականին, դրամատիկ քանդակն իրենից ներկայացնում է 4 ասպետներին խորհրդանշող 4 սուր (երկու մետաղյա սուր արյունոտ ծայրերով ու դրանց երկու ստվերը)։ Դիզայնի հեղինակը Ջայլզ Բլոմֆիլդն է Թրուրոյից։

Թե ինչ է կատարվել հաջորդիվ, կան մի քանի մեկնաբանություններ, սակայն հատուկ կարևորություն ունի Գրիմի գրառումը, քանի որ նա վիրավորվել էր հարձակման ժամանակ։ Ահա թե ինչ է նա գրել․

Չար ասպետը հանկարծակի նետվեց նրա վրա, կտրելով նրա գլխի գագաթը, որը սուրբ յուղով օծվելով նվիրաբերվել էր աստծուն։ Հետո նա ևս մեկ հարված ստացավ գլխին, բայց դեռ կանգնած էր ամուր ու անշարժ։ Երրորդ հարվածից նա ցած ընկավ ծնկների ու արմունկների վրա, մատուցելով իրեն որպես կենդանի զոհ ու ցածր ձայնով ասաց․ "Հանուն Քրիստոսի անվան ու եկեղեցու պաշտպանության ես պատրաստ եմ ընդունել մահը"։ Ապա երրորդ ասպետը հասցրեց սարսափելի վնասվածք, երբ նա պառկած էր գետնատարած։ Այս հարվածով նրա գլխի գագաթն անջատվեց գլխի մնացած մասից այնպես, որ ուղեղից սպիտակած արյունն ու արյունից ոչ պակաս կարմիր ուղեղը ներկեցին մայր տաճարի հատակը։ Այն նույն գործակալը, որը ասպետների հետ էր ներս մտել, ոտքը դրեց սուրբ քահանայի ու թանկագին նահատակի վզին ու սարսափելի է անգամ պատմելը, ցրիվ տվեց ուղեղն ու արյունը սալահատակի վրա, դիմելով մյուսներին․ 'Եկեք գնանք, ասպետներ, այս մարդն այլևս ոտքի չի կանգնի[24]։

Մեկ այլ նկարագրություն կարելի է գտնել Ջերալդ Ուեյլսեցու կողմից գրված Expugnatio Hibernica ("Իռլանդիայի նվաճումը", 1189) գրքում[25]։

Բեքեթի մահից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Թոմաս Բեքեթի օծումը, մահն ու հուղարկավորոթյունը․ Սանտա Մարիա դե Տեռասա վանքի որմնանկար (Տեռասա, Կատալոնիա, Իսպանիա), հռոմեական ֆրեսկոներ, մոտ․ 1200 թվական

Բեքեթի մահից հետո վանականները նրա մարմինը պատրաստել են հուղարկավորման համար[10]։ Որոշ գրառումների համաձայն, արքեպիսկոպոսի հագուստների տակ Բեքեթը խարազանաշապիկ էր կրում, որն ապաշխարանքի նշան էր[26]։ Շատ շուտով ամբողջ Եվրոպայի հավատացյալներն սկսել են որպես նահատակ երկրպագել Բեքեթին, և 1173 թվականի փետրվարի 21-ին, իր մահից հետո երկու տարուց մի փոքր անց, Սենյիի սուրբ Պողոսի եկեղեցում Հռոմի պապ Ալեքսանդր III-ի կողմից նա սրբադասվել է[10]։ 1173 թվականին Բեքեթի քույր Մերին Բարքինգի վանքում նշանակվել է վանամայր, որպեսզի դրանով չեզոքացվի իր եղբոր սպանությունը[27]։ 1174 թվականի հուլիսի 12-ին, 1173-1174 թվականների ապստամբության կիզակետում, Հենրին հասարակության ներկայությամբ ապաշխարել է Բեքեթի գերեզմանի մոտ, որն էլ դարձել է ամենահայտնի ուխտատեղիներից մեկն Անգլիայում։

Բեքեթին սպանողները փախել են հյուսիսում գտնվող դե Մորվիլի Նեարզբորո ամրոցը, որտեղ մնացել են մոտավորպես մեկ տարի։ Դե Մորվիլը սեփականություն ուներ նաև Քումբրիայում, և սա կարող էր ծառայել որպես հարմար թաքստոց, քանի որ այդ մարդիկ պատրաստվում էին ավելի երկար մնալ Շոտլանդիայի թագավորությունում։ Նրանք չեն ձերբակալվել, ոչ էլ Հենրին բռնագրավել է նրանց հողերը, բայց և նրանց չի օգնել, երբ 1171 թվականի օգոստոսին նրանց խորհուրդ էր անհրաժեշտ։ Հռոմի պապ Ալեքսանդրը մեկուսացրել է բոլոր չորսին։ Ներման արժանանալու համար մարդասպանները մեկնել են Հռոմ, որտեղ պապը նրանց հրամայել է որպես ասպետներ տասնչորս տարի ծառայել Սուրբ Երկրում[28]։

Վանականները վախենում էին, որ Բեքեթի մարմինը կգողանան։ Սա կանխելու համար նրա մասունքները տեղափոխվել են մայր տաճարի արևելյան կրիպտեի հատակի տակ[28]։ Քարե ծածկ է տեղադրվել թաղման վայրի վրա, որն ուներ երկու անցք, որտեղ ուխտավորները կարող էին մտցնել իրենց գլուխներն ու համբուրել գերեզմանը[10]։ Սուրբ Երրորդության մատուռի "հրաշք պատուհանները" նկարազարդված են այս տեսարանով։ Պահակասենյակից պարզ երևում է գերեզմանը։ 1220 թվականին Բեքեթի ոսկորները տեղափոխվել են Սուրբ Երրորդության մատուռի բարձր ալտարի հետևում գտնվող ոսկեջրված ու գոհարապատ նոր աճյունատուփ[29]։ Աճյունատուփը հենված է երեք զույգ սյուների վրա և գտնվում է երեք սատիճան բարձրացված հարթակի վրա։ Սա նույնպես պատկերված է հրաշք պատուհաններից մեկի վրա։ Իր կրոնական պատմության շնորհիվ Քենթրբերին շատ ուխտավորներ է ընդունել, սակայն Թոմաս Բեքեթի մահից հետո նրանց թիվը կտրուկ աճել է։

Միջնադարյան պաշտամունք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոմ, որը ցույց է տալիս Քենթրբերիի տաճարում Թոմաս Բեքեթի գերեզմանի նախկին տեղը

1178 թվականին Շոտլանդիայում թագավոր Ուիլյամ Առյուծը հրամայել է կառուցել Արբրոաթ վանքը։ 1197 թվականին այն ավարտելուց հետո այդ նոր կառույցը նվիրվել է Բեքեթին, որին թագավորը անձնապես ճանաչել էր երիտասարդ տարիներին անգլիական արքունիքից։

1220 թվականի հուլիսի 7-ին, Բեքեթի մահվան 50-րդ տարում, նրա մասունքներն առաջին գերեզմանից տեղափոխվել են նորակառույց Սուրբ Երրորդության մատուռում գտնվող մի աճյունատուփ[10]։ Այս տեղափոխությունը "միջնադարյան անգլիական եկեղեցու կյանքում ամենամեծ խորհրդանշական իրադարձություններից մեկն էր", որին մասնակցում էին թագավոր Հենրի III-ը, պապական ներկայացուցիչը, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ստեֆեն Լանգթոնը և ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ ու մագնատներ։ Այսպիսով, հիմք է դրվել մի նոր տոնախմբության, որը խորհրդանշում էր Բեքեթի մարմնի տեղափոխությունը, և որն ամեն հուլիսի տոնվում էր Անգլիայում համարյա ամենուրեք, ինչպես նաև Ֆրանսիայի շատ եկեղեցիներում[30]։ Տոնախմբությունն արգելվել է 1536 թվականին Ռեֆորմացիայի/ բարեփոխումների ընթացքում[31]։

Աճյունասափորն ավերվել է 1538 թվականին, վանքերի կազմալուծման ընթացքում, Հենրի VIII-ի հրամանով[10][32]։ Թագավորը նաև ոչնչացրել է Բեքեթի ոսկորներն ու հրամայել մոռանալ նրա անունը[32][33]։

Որպես հետագա դարերի գլխավոր առևտրականների դինաստիայի՝ Մերսերների շառավիղ, Բեքեթը Լոնդոնի բնակիչների կողմից լոնդոնցի էր համարվում ու Պողոս առաքյալի հետ ընդունվում որպես Լոնդոնի հովանավոր սուրբ․ նրանց երկուսի պատկերները դրոշմված էին և՛ քաղաքի, և՛ քաղաքապետի կնիքների վրա։ Bridge House Estates բարեգործական ընկերությունն օգտագործում էր միայն Բեքեթի պատկերով կնիք, որի հակառակ երեսին պատկերված էր նրա նահատակությունը։

Բեքեթի սրբադասումից հետո նրա մասին լեգենդներ են առաջացել։ Թեև դրանք բնորոշ հագիոգրաֆիկ (սրբերին վերագրվող) պատմություններ են, դրանք նաև արտացոլում են Բեքեթին բնորոշ խստությունը։ Ասում են, որ Քենթի կոմսության Օթֆորդ քաղաքում գտնվող "Բեքեթի ջրհորը" կառուցվել է, երբ Բեքեթը դժգոհել է այդ տարածքի ջրի համից։ Ասում են նաև, որ մաքուր ջրի երկու աղբյուր է դուրս ցայտել այն վայրից, որտեղ Բեքեթն իր ասայով (եպիսկոպոսական ձեռնափայտ) խփել է գետնին։ Օթֆորդում սոխակների բացակայությունը նույնպես վերագրվում է Բեքեթին, որին իր բարեպաշտ աղոթքների ժամանակ այնքան է անհանգստացրել սոխակի երգը, որ նա հրամայել է, որ այդ քաղաքում այլևս սոխակի երգ չհնչի։ Նույնպես Քենթում գտնվող Սթրուդ քաղաքի բնակիչներին ու նրանց ժառանգներին Բեքեթն անիծել է, որ ծնվեն պոչերով։ Սթրուդի տղամարդիկ արքեպիսկոպոսի դեմ թագավորի պայքարի ժամանակ անցել էին նրա կողմն ու նրան իրենց աջակցությունը ցույց տալու համար կտրել Բեքեթի ձիու պոչը, երբ վերջինս անցնում էր իրենց քաղաքով։

Սրբի համբավն արագորեն տարածվել է նաև նորմանական աշխարհում։ Բեքեթի առաջին սրբապատկերը եղել է Սիցիլիայի Մոնրեալի մայր տաճարում նրա մահից անմիջապես հետո խճանկարով ստեղծված պատկերը, որն այսօր էլ տեսանելի է։ Բեքեթի զարմիկներն ապաստան էին ստացել սիցիլիական արքունիքում նրա աքսորի ժամանակ, և Սիցիլիայի թագավոր Ուիլյամ II-ն ամուսնացել էր Հենրի II-ի դստրերից մեկի հետ։ Սիցիլիական Մարսալա քաղաքի գլխավոր եկեղեցին նվիրված է սուրբ Թոմաս Բեքեթին։ Բեքեթի կյանքից նույնանման հատվածներ պատկերող ավելի քան քառասունհինգ միջնադարյան արծնապատ հուղարկավորության արկղիկներ են պահպանվել, այդ թվում Բեքեթի արկղիկը, որն սկզբնապես պատրաստվել էր Փիթերբուգի մայր տաճարում սրբի մասունքները պահելու համար, իսկ այժմ գտնվում է Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմաս Բեքեթի նահատակությունը պատկերող որմնանկար, պատկերված 1330-ական թվականին սուրբ Պիտեր ադ Վինկուլա ծխական եկեղեցում, Հարավային Նյուինգթոն, Օքսֆորդշայր
Քենթրբերիի զինանշանը համատեղում է Թոմաս Բեքեթի զինանշանը (երեք կարմրակտուց ճայ) Անգլիայի զինանշանի առյուծի հետ
  • 1170 թվականին Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո VIII-ն ամուսնացել է Հենրի II-ի երկրորդ դուստր Էլեանոր Պլանտագենետի հետ։ Նա պատվել է Բեքեթին վերջինիս նահատակությունը պատկերող որմնանկարով, որը պահպանվել է Իսպանիայի Սան Նիկոլաս դե Սորիա եկեղեցում[34]։ Բեքեթի սպանությունն ազդեցություն է ունեցել Իսպանիայում․ նրա մահից հինգ տարի անց Սալամանկայում նրա անունով եկեղեցի է կառուցվել՝ Iglesia de Santo Tomás Cantuariense։
  • Ջեֆրի Չոսերի Քենթերբերյան պատմվածքներում նկարագրվում է ուխտագնացների մի խումբ, որը Սադըրքից գնում է դեպի Քենթրբերիի մայր տաճարում գտնվող սուրբ Թոմաս Բեքեթի գերեզմանը։
  • Բեքեթի կյանքը դարձել է միջնադարյան Նոթինգեմյան ալաբաստերի/գիպսի փորագրությունների հայտնի թեմա։ Բեքեթին վերաբերող փորգրություններից մի հատված ցուցադրվում է Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում[35][36][37]։
  • 1619 թվականին պաշտոնապես գրանցված, բայց առնվազն 1380 թվականին ձևավորված Քենթերբերիի զինանշանը հիմնված է Թոմաս Բեքեթի ենթադրյալ զինանշանի՝ արծաթափայլ երեք կարմրակտուց ճայերի ու Անգլիայի թագավորական զինանշանի կարմիր ֆոնի վրա ոսկեգույն առյուծի համադրության վրա[38]։
  • 1884 թվականին Անգլիայի թագավորական ընկերության անդամ, գրող Ալֆրեդ Թեննիսոնը գրել է Բեքեթ պիեսը Թոմաս Բեքեթի ու Հենրի II-ի մասին։ Հենրի Իրվինգը բեմադրել է պիեսը Թեննիսոնի մահից հետո և հռչակվել գլխավոր դերով[39]։
  • Թոմաս Բեքեթի պատմության վրա հիմնված ժամանակակից աշխատանքներից են՝ Թոմաս Սթեռնս Էլիոթի «Սպանություն Մայր տաճարում» պիեսը, Ժան Անույի «Բեքեթ» պիեսը (որտեղ Բեքեթը ոչ թե նորմանացի է, այլ սաքսոն), որի հիման վրա համանուն կինոնկար է նկարահանվել, Պոլ Վեբի «Չորս գիշեր Նեյրսբուրգում» պիեսը․ Վեբը ձևափոխել է իր պիեսն էկրանավորման համար ու Հարվեյ & Բոբ Վեյնսթեյն ընկերությանը վաճառել դրա հեղինակային իրավունքները[40]։ Եկեղեցու ու թագավորի իշխանության պայքարին է նվիրված Քեն Ֆոլեթի «Երկրագնդի հենարանները» վեպը, որի վերջին տեսարաններից մեկում նկարագրված է Բեքեթի սպանությունը։ Միջնադարյան առեղծվածների սիրահար գրող Ջերի Ուոթերսոնը վերարտադրել է Չոսսերի ուխտագնացներին ու Քենթրբերիում նրանց անցկացրած ժամանակը, ինչպես նաև Բեքեթի սպանությունն ու նրա ոսկորների գողությունն իր չորրորդ՝ «Տեղաշարժված ոսկորներ» վեպում[41]։ 2000 թվականին Քենթրբերիի մայր տաճարում կայացել է Դեյվիդ Ռիվզի «Բեքեթ» (Խաղաղության համբույրը) վերնագրով օրատորիայի պրեմիերան, որը Քենթրբերիի փառատոնի մաս էր կազմում ու օգտագործվել է «Արքայազնի խնամակալություն» բարեգործական ընկերության համար դրամահավաքի նպատակով[42][43]։
  • «Կրոնական ազատության Բեքեթի անվան ֆոնդ» շահույթ չհետապնդող, ոչ կուսակցական, միջդավանական, իրավական և կրթական կազմակերպությունը, որը նվիրված է բոլոր կրոնական ավանդույթների ազատ արտահայտման պաշտպանությանը, իր ոգեշնչումն ու անունն ստացել է Թոմաս Բեքեթից[44]։
  • 2006 թվականին BBC History magazine ամսագրի անցկացրած «Նախորդ հազարամյակի ամենավատ բրիտանացի» հարցման արդյունքում Բեքեթը ճանաչվել է երկրորդը՝ մարդասպան Ջեքից հետո[45]։ The Guardian օրաթերթն այդ հարցումը համարել է թեթևամտություն, իսկ դրա արդյունքները քննադատության են արժանացել անգլիկանների ու կաթոլիկների կողմից[45][46]։ Յուրաքանչյուր դարի համար պատմաբանները ներկայացրել էին մեկ անձի, և Ջոն Հյուդզոնը 12-րդ դարի համար ընտրել էր Բեքեթին, քանի որ նա «ընչաքաղց» էր, «երեսպաշտ», «ժեստերի քաղաքականության հիմնադիր» և «սրախոսության վարպետ»[45]։ Ամսագրի խմբագիրն ասել է, որ մյուս թեկնածուները չափազանց անհասկանալի էին ընտրողների համար ու հավելել, որ «մի դարաշրջանում, երբ տանջանքի գործիքները, չարչարանքներն ու կենդանի այրելը կարող էին ընդունվել որպես օրենք կամ հրաման, ժեստային քաղաքականության մեջ մեղադրվելը մի տեսակ չնչին մեղք է»[45]։
  • Միացյալ Թագավորությունում կան Թոմաս Բեքեթի անվամբ կոչված շատ եկեղեցիներ, այդ թվում՝ Պորտսմութ քաղաքի սուրբ Թոմաս Քենթրբերիացու անվան մայր տաճարը, Քենթրբերի քաղաքի սուրբ Թոմաս Քենթրբերիացու անվան եկեղեցին[47], Մոնմըթ քաղաքի սուրբ Թոմաս նահատակի անվան եկեղեցին[48], Փենսֆորդի սուրբ Թոմաս ա՛Բեքեթի եկեղեցին[49], Ուայլդքոմի սուրբ Թոմաս ա՛Բեքեթի եկեղեցին[50], Քեյփլի սուրբ Թոմաս ա՛Բեքեթի եկեղեցին[51], Բրիսթոլի սուրբ Թոմաս նահատակի եկեղեցին[52] և Օքսֆորդի սուրբ նահատակ Թոմասի եկեղեցին[53]։ Ֆրանսիայում նույնպես կան նրա անվամբ կոչված եկեղեցիներ․ Մո-Սեթ-Էյնայի Église Saint-Thomas de Cantorbéry (Վերին Նորմանդիա)[54], Գրավլինի Église Saint-Thomas-Becket (Նորդ Պա դե Կալե), Ավրիյուի Église Saint-Thomas Becket (Ռոն-Ալփս), Բենոդեի Église saint-Thomas Becket (Բրիթթանի)[55] և այլն։
  • Մեծ Բրիտնիայում կան շատ դպրոցներ, որոնք կրում են Թոմաս Բեքեթի անունը, այդ թվում՝ Becket Keys Church of England School և St Thomas of Canterbury Church of England Aided Junior School.
  • Հունգարիայի Էզթերգոմ քաղաքի մի թաղամաս կրում է Զենթթամաս ("սուրբ Թոմաս") անունը, որը գտնվում է համանուն բլրի վրա, և երկուսն էլ անվանակոչված են Թոմաս Բեքեթի անունով։
  • Ֆերմո (Իտալիա) քաղաքի մայր տաճարի գանձարանի սեփականություն է հանդիսանում Դիոցեզանո թանգարանում ցուցադրվող Թոմաս Բեքեթին պատկանած մի թիկնոց/կազուլա։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The name "Thomas à Becket" is not contemporary, and appears to be a post-Reformation creation, possibly in imitation of Thomas à Kempis.[11]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  2. 2,0 2,1 2,2 http://www.historyorb.com/people/thomas-becket
  3. 3,0 3,1 3,2 http://www.oxforddnb.com/templates/article.jsp?articleid=27201&back=
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://www.bbc.co.uk/history/historic_figures/becket_thomas.shtml
  5. http://www.britannica.com/biography/Saint-Thomas-Becket
  6. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  7. http://www.liturgyoffice.org.uk/Calendar/2017/Dec.shtml
  8. Calendarium Romanum (լատ.): Ex decreto Sacrosancti Œcumenici Concilii Vaticani II instauratum auctoritate Pauli PP. VI promulgatum. Editio typicaCivitas Vaticana: Typis Polyglottis Vaticanis, 1969. — P. 32.
  9. Lundy D. R. The Peerage
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 Barlow "Becket, Thomas (1120?–1170)" Oxford Dictionary of National Biography
  11. 11,0 11,1 Barlow Thomas Becket pp. 11–12
  12. Barlow Thomas Becket pp. 3–9
  13. Butler and Walsh Butler's Lives of the Saints p. 430
  14. Fryde, et al. Handbook of British Chronology p. 84
  15. Kristopher James (2014 թ․ մայիսի 4). Ultimate Guide to...Canterbury Tales: General Prologue. Lulu.com. էջեր 16–. ISBN 978-1-4475-9166-5. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  16. Huscroft Ruling England pp. 192–195
  17. Warren Henry II pp. 500–508
  18. "V&A plaque", with latest count; Binski, 225, with a catalogue entry on one in the Burrell Collection in Glasgow.
  19. 19,0 19,1 Huscroft Ruling England p. 194
  20. Warren Henry II p. 508
  21. Knowles Oxford Dictionary of Quotations p. 370
  22. Schama History of Britain p. 142
  23. Stanley Historical Memorials of Canterbury pp. 53–55
  24. Lee This Sceptred Isle p. 71
  25. Forester, Thomas (2001). Giraldus Cambrensis – The Conquest of Ireland. Cambridge, Ontario: In Parentheses Publications.
  26. Grim, Benedict of Peterborough and William fitzStephen are quoted in Douglas, et al. English Historical Documents 1042–1182 Volume 2 p. 821
  27. William Page & J. Horace Round, ed. (1907). 'Houses of Benedictine nuns: Abbey of Barking', A History of the County of Essex: Volume 2. էջեր 115–122.
  28. 28,0 28,1 Barlow Thomas Becket pp. 257–258
  29. Drake, Gavin (2016 թ․ մայիսի 23). «Becket's bones return to Canterbury Cathedral». anglicannews.org. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  30. Reames, Sherry L. (2005 թ․ հունվար). «Reconstructing and Interpreting a Thirteenth-Century Office for the Translation of Thomas Becket». Speculum. 80 (1): 118–170. doi:10.1017/S0038713400006679. JSTOR 20463165. Quoting p.118, 119.
  31. Scully, Robert E. (2000 թ․ հոկտեմբեր). «The Unmaking of a Saint: Thomas Becket and the English Reformation». The Catholic Historical Review. 86 (4): 579–602. doi:10.1353/cat.2000.0094. JSTOR 25025818. Especially p. 592.
  32. 32,0 32,1 «The Origins of Canterbury Cathedral». Dean and Chapter of Canterbury Cathedral. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 10-ին.
  33. «The Martyrdom of Saint Thomas Becket (Getty Museum)». The J. Paul Getty in Los Angeles. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 9-ին.
  34. Enciclopedia del románico en Castilla y León: Soria III. Արխիվացված 2018-10-01 Wayback Machine Fundación Santa María la Real – Centro de Estudios del Románico, pp. 961, 1009–17.
  35. «St Thomas Becket landing at Sandwich (Relief)». Victoria & Albert Museum (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  36. «St Thomas Becket meeting the Pope (Panel)». Victoria & Albert Museum (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  37. «Consecration of St Thomas Becket as archbishop (Panel)». Victoria & Albert Museum (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  38. «Canterbury (England) – Coat of arms». Heraldry of the World. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  39. Կաղապար:Cite DNB12
  40. Malvern, Jack (2006 թ․ հունիսի 10). «Hollywood shines a light on geezers who killed à Becket». The Times. London. Արխիվացված է օրիգինալից 2010-06-19-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 21-ին.
  41. «Troubled Bones». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  42. Hughes, Peter (2000 թ․ մայիսի 26). «Music festivals: We pick 10 of the best». Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  43. Reeves, David; Bowman, James; Wilson-Johnson, David; Neary, Martin; Slane, Phillip; Novis, Constance; Brink, Harvey; Keith, Gillian; Willocks, David; English Chamber Choir; English Festival Orchestra (1999), Becket : The kiss of peace = Le baiser de la paix = Der Kuss der Friedens, English Gramophone/DRM Control Point ; Australia : manufactured in Australia under license, Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին
  44. «Becket Fund». Becket Fund. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  45. 45,0 45,1 45,2 45,3 Coughlan, Sean (2006 թ․ հունվարի 31). «UK | Saint or sinner?». BBC News. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  46. Weaver, Matthew (2006 թ․ հունվարի 31). «Asking silly questions». The Guardian. London. News Blog. Վերցված է 2008 թ․ մայիսի 2-ին.
  47. «Portsmouth Cathedral, St Thomas' Cathedral, Old Portsmouth». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  48. «Welcome to Monmouth, St Thomas Church Monmouth». Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
  49. «South West England». Heritage at Risk. English Heritage. էջ 243.
  50. Historic England. «Church of St Thomas a Becket (1394116)». National Heritage List for England. Վերցված է 13 December 2011-ին.
  51. «Church of St Thomas a Becket, Capel, Kent». Churches Conservation Trust. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
  52. «Church of St Thomas the Martyr, Bristol, Bristol». Churches Conservation Trust. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
  53. «St Thomas the Martyr, Oxford». A Church Near You. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
  54. «Saint-Thomas de Cantorbéry». Mondes-normands.caen.fr. Վերցված է 2012 թ․ հունիսի 18-ին.(չաշխատող հղում)
  55. «Saint-Thomas Becket (Bénodet)». Linternaute.com. 2008 թ․ մարտի 18. Վերցված է 2012 թ․ հունիսի 18-ին.

Մեջբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենսագրություններ
  • Անն Դուգգան (2005 թ․), Թոմաս Բեքեթ, Լոնդոն, Հոդդեր Առնոլդ
  • Ջոն Գայ, Թոմաս Բեքեթ՝ զինվոր, քահանա, ապստամբ (Ռանդոմ Հաուս, 2012 թ․), 424 էջ
  • Դավիդ Նոուելս (1970 թ․), Թոմաս Բեքեթ, Լոնդոն, Ադամ & Չառլզ Բլեք
Պատմագրություն
  • Անն Դուգգան (1980 թ․), Թոմաս Բեքեթ՝ նրա նամակների տեքստային պատմություն, Օքսֆորդ, Քլարենդոն Պրես
  • Անն Դուգգան (Hrsg.) (2000 թ․), Քենթրբերիի արքեպիսկոպոս Թոմաս Բեքեթի նամակագրությունը (1162–1170). 2 Bände, լատ./անգլ, Օքսֆորդ, Քլարենդոն Պրես

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաղապար:S-rel
Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Ռոբերտ դե Գհենթ
Լորդ Կանցլեր
1155–1162
Հաջորդող:
Ջոֆրեյ Ռիդել
Նախորդող:
Թեոբալդ Բեքցի
Քենթրբերիի արքեպիսկոպոս
1162–1170
Հաջորդող:
Ռոջեր դե Բայլեուլ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Բեքեթ» հոդվածին։