Jump to content

Բայազետի զանգվածային կոտորածներ (1877)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բայազետի զանգվածային կոտորածներ
«Բայազետի փողոց քրդերի այցից հետ», գծանկարը՝ Է. Դամյուլլերի (1877)
Ամսաթիվ8 (20) -  23 (հունիսի) 11
Հարձակվողներքրդեր
Սպանվածներըստ տարբեր տվայալների՝
* 800[1]
* մինչև 1100[2]
* մոտավոր 1400[3]
(250-300 հայ կին և երեխա քշվել են ստրկության)[4]
Մարդասպանների քանակ8000-ից սկսած[5]

Զանգվածային կոտորածներ Բայազետում, տեղի են ունեցել 1877 թվականի հունիսին՝ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի՝ թուրքական զորքերի կողմից Բայազետի միջնաբերդում ռուսական կայազորը պաշարելու ժամանակ՝  հունիսի (18) 6 -  հուլիսի (10) հունիսի 28։ Քաղաքի հայազգի բնակչության բնաջնջումը տարբերվում էր ծայրահեղ արտահայտված վայրագությամբ[6]։

Նախադրյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Կովկասում ռազմական գործողությունները սկսվելուն պես ռուսական զորքերը 1877 թվականի  ապրիլի (30) 18-ին գրավեցին Բայազետը։ Դեռևս ռուսական զորքերի մոտենալու ժամանակ շատ թուրքական ընտանիքներ թաքնվեցին հայերի տներում՝ վախենալով սեփական անվտանգության համար[7]։ Բայց քաղաք մտած Էրիվանյան ջոկատի գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասովի՝ քաղաքի բնակչությանն արված հայտարարությունից հետո, որ, չնայած Բայազետի սանջակը մտնում է Ռուսական կայսրության կազմի մեջ, այնտեղ պահպանվում են նախկին օրենքներն ու սովորույթները, իսկ ռուսական օրենքը կպաշտպանի ազգությունից ու կրոնից անկախ ամբողջ բնակչությանը[8], քաղաքում շարունակվեց բնականոն կյանքը։ Այն ժամանակ քաղաքի բնակչության թիվը կազմում էր մոտավորապես 8700 մարդ, որոնցից 1600-ը քրիստոնյաներ էին (165 ընտանիք[9], հիմնականում՝ հայեր), իսկ մնացած բնակչությունը՝ մուսուլմաններ (հիմնականում քրդեր և աննշան քանակով՝ թուրքեր)[10]։ Կարգավորելով հաղորդակցական և ադմինիստրատիվ մասերը՝ ապրիլի 26 (մայիսի 8)-ին Էրիվանյան ջոկատը շարունակեց իր ընթացքը դեպի երկրի խորքերը։ Բայազետում մնաց չնչին զորաջոկատ։  Հունիս (18) 6-ին թուրքական զորքերը բրիգադի գեներալ Ահմեդ Ֆաիք փաշայի գլխավորությամբ շրջապատեցին քաղաքը՝ դրա միջնաբերդում փակելով ռուսական զորաջոկատը[11]։

Քրդական աշխարհազոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի սկսվելուց հետո թուրքական բանակի հիմնական ուժերն ուղղվեցին Բալկաններ, ընդ որում ռազմական գործողությունների կովկասյան թատերաբեմում թուրքական բանակը դեռ մնում էր ծայրահեղ անկազմակերպ վիճակում։ Որպեսզի կասեցնի ռուսների առաջխաղացումը, սուլթան Աբդուլ Համիդ II-ը ջիհադի կոչ արեց քրդական ցեղախմբերին, որոնցից կազմակերպվեցին անկանոն զորքեր։ Բայց ինչպես օտարերկրյա ռազմական դիտորդների, այնպես էլ թուրքական իշխանությունների փոխանցմամբ տվյալ աշխարհազորը մեծ մասամբ հետաքրքրված էր կողոպուտի հաշվին սեփական շահով[Ն 1]։

Միաժամանակ քրդական աշխարհազորն անգործունակ էր ռուսական կանոնավոր բանակի դեմ մարտերում, իսկ ջիհադի գաղափարներն իրականություն դարձան բուն Օսմանյան կայսրության տարածքում քրիստոնյա բնակչության բնաջնջմամբ, ընդ որում, ինչպես նշում են թուրքական աղբյուրները, շատ հաճախ քրդերի և չերքեզների զոհեր էին դառնում[Ն 2] և երկրի մուսուլման բնակչությունը[Ն 3]։

Հետագայում Բայազետ մտած աշխարհազորային հավաքագրելու կազմակերպության պատասխանատվությունը դրվեց քրդական շեյխերից ամենաազդեցիկի՝ Ուբեյդուլլահի վրա, որը հանդիսանում էր քրդական աշխարհազորի գաղափարական և հոգևոր-կրոնական գոտեպնդողը՝ քարոզելով «ուղղակրոն մուսուլմաններին» կանգնել հարազատ երկրի պաշտպանությանը ընդդեմ զավթող «անհավատների» զորքերի[15]։

Այդ աշխարհազորի մեկ այլ երևելի ղեկավար էր շեյխ Ջելալադդին Ուրմիացին[Ն 4]։ Պարսկաստանի արտաքին գործերի նախարարը Ստամբուլում անգլիական դեսպան Օսթին Հենրի Լեյարդին իր հաղորդագրությունում Ջելալադդինին անվանել է «տխրահռչակ ավազակ և չարագործ»։ Նախարարը նաև մատնանշում է, որ Ջելալադդինը հեշտորեն փոխում էր իր հավատարմության երդումը մեկ Թուրքիային, մեկ Պարսկաստանին՝ բաց չթողնելով հնարավորությունն օգտվելու մեկ կամ մյուս պետության ծայրահեղ իրադրությունից, կատարելով հարձակումներ կողոպտելու նպատակով[17]։

Բայազետի կոտորածներին մասնակցած երևելի քուրդ ղեկավարներն էին[18]՝

  • շեյխ Ուբայդուլլահ (քրդ.՝ Shaikh Ubaidullâh Narî) Նարիացի
  • շեյխ Ջելալադդին (քրդ.՝ Shaikh Jalâl al-Dîn) Ուրմիացի
  • շեյխ Թալ (քրդ.՝ Shaikh Tall Sertî) Օսման (քրդ.՝ Osmân Sertî) Սերտի զարմիկի հետ
  • շեյխ Փեքյար (քրդ.՝ Shaikh Paîkâr Vastânî) Վաստանցի
  • շեյխ Ֆահիմ էֆենդի (քրդ.՝ Fahîm Efendî

Զանգվածային սպանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բայազետի պարետ կապիտան Շտոկվիչի զեկույցից՝

«Գիշերը սարսափազդու տեսարան էր, որը տեսնելով զինվորները լալիս էին. թրատում էին տղամարդկանց, կանանց և երեխաներին և դեռ կենդանի նետում էին կրակի մեջ. ամբողջ քաղաքը կրակի մեջ էր, ամենուր ճիչեր էին, հեկեկոց և հառաչանք...»[19].

Ուրյադնիկ Սևաստյանովի հիշողություններից՝

«Գիշերն այրվում էին քաղաքի շինությունները, լսվում էին կանանց և երեխաների ճիչերն ու աղաղակները. թուրքերը սկսեցին թալանել, սպանել հայերին և կենդանի նետել կրակի մեջ։ Լուսնկա գիշերվա պատճառով մենք տեսնում և լսում էինք դժբախտ բնակիչների սահմռկեցուցիչ հառաչանքը, բայց մենք անկարող էինք օգնել նրանց։ Ծանր էր տեսնել նման ահազդու տեսարան»[20].

Գրավված միջնաբերդի պարետ կապիտան Ֆյոդր Շտոկվիչն իր զեկույցում հայտնում էր, որ խաղաղ բնակչության դաժան ջարդերը սկսվեցին թուրքական զորքերի՝ նահանջող ռուսական զորքի հետևից Բայազետ մտնելու հենց առաջին գիշերը (այսինքն՝ հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը)։ Շտոկվիչը ցույց է տալիս, որ «դա» շարունակվել է երեք գիշեր, ընդ որում եթե առաջին գիշերը վայրենություններ էին անում քրդերը, ապա հաջորդող երկու գիշերներին նրանց միացան նաև թուրքական կանոնավոր ստորաբաժանումները[19]։ Բայց ինչ վերաբերում է վերջիններին, ապա թուրքական և այլ օտարերկրյա աղբյուրները չեն հաստատում իրենց մասնակցությունը քաղաքի բնակչության թալանին ու ջարդերին, ինչպես նաև չեն հայտնում բռնությունը կանխելու իրենց փորձերի մասին[3]։ Գնդապետ Կ. Գեյնսը հայտնում էր, որ առաջին գիշերը քրդերը քաղաքում սովորական վայրագություններ չէին անում, և հիմնականում ամբողջ ջոկատներով թափառում էին միջնաբերդի շուրջը՝ տանելով ռուսական կայազորի թողած ունեցվածքը և կենդանի ձիերին, հաճախ հայտնվելով միջնաբերդի նշանառուների թիրախում։ Բուն քաղաքում «ժամանակ առ ժամանակ հնչում էր կոտրված դռների ձայնը, կանանց ճիչեր, և վառ ծխում էր այրվող պարենային պահեստի կրակը»[21]։

Բայազետի պաշարումը

Բնակիչների բուն ոչնչացումը (հենց հայերի) մի շարք աղբյուրների պնդմամբ տեղի ունեցավ միջնաբերդի անհաջող գրոհից հետո՝  հունիսի (20) 8-ին, երբ քրդերը որոշեցին իրենց զայրույթը թափել «անպաշտպան բնակիչների վրա»։ Ռազմական պատմաբան Բ. Կոլյուբատկինը հայտնում էր, որ 9 (21) և  հունիսի (22) 10-ին քրդերը դեռ վայրագություններ էին իրականացնում և միայն  հունիսի (23) 11-ին, երբ Բայազետը համարյա ամբողջովին ավերված և թալանված էր, պաշարող զորքերի հրամանատար գեներալ-մայոր Մ. Մունիբ փաշան հաստատում է «որոշակի կարգուկանոն»[22]։ Լոնդոնյան «The Times»-ի հատուկ թղթակից և թուրքական բանակում ռազմական դիտորդ կապիտան Չառլզ Բոսվելլ Նորմանը հայտնում էր, որ քրդերը, չկարողանալով տիրել ռուսական կայազորի կողմից պաշտպանվող միջնաբերդին, «սուրը ձեռքներում» հարձակվեցին անպաշտպան բնակիչների վրա։ Այդպես տղամարդիկ և կանայք, երեխաներ և նորածիններ զոհվեցին քրդական աշխարհազորայինների «արյան ծարավը» հագեցնելու համար[23]։ Այս իրադարձություններին նախորդեց անկանոն զորքի 236 ռուս ռազմագերիների ոչնչացումը, ընդ որում հենց Ֆայիք փաշայի հաղորդմամբ գերիները, ինչպես և քրդերը, մուսուլմաններ էին[Ն 5][25]։

Քաղաքից դեպի Թեփերիզ երկու հետևակային գումարտակներով Ֆայիք փաշայի հեռանալուց հետո քրդական աշխարհազորայինները վերջնականապես դուրս եկան վերահսկողությունից, և գիշերվա հետ ցրվեցին հայկական թաղամասերով՝ ձեռնամուխ լինելով թալանել և ոչնչացնել տեղացի բնակիչներին։ Ներխուժելով տներ՝ քրդերը տարբեր տեսակի բռնությունների էին ենթարկում դրանց տերերին, այնուհետև հանում դուրս և շարունակել լլկել ամենատարբեր տանջանքներով՝ հաշվի չառնելով ո՛չ սեռ, ո՛չ տարիք։ Տները վերջնական թալանելուց հետո անմիջապես հրկիզում էին, իսկ տանջահար, բայց դեռ ողջ մարդկանց նետում էին կրակը։ Հայ բնակչության ծեծուջարդին ակտիվ մասնակցություն ունեին նաև քուրդ կանայք[26]։ Առանձնահատուկ դաժանություն կիրառվեց երեխաների հանդեպ[27]։ Կ. Գեյնսը, հիմնվելով ականատեսների (միջնաբերդի ինքնապաշտպանության մասնակիցների) ցուցմունքների վրա, հայտնում էր.

«Երբ ամբողջովին մթնեց, [ռուսական կայազորի] զինվորներին ներկայացավ այսպիսի պատկեր, որից ավելի սահմռկեցուցիչ պաշտպանները դեռ չէին տեսել... սև ուրվագծերի տեսքով հստակ տարբերվում էին քրդերը՝ իրենց ոչ մարդկային խրախճանքով, քրքիջի և վայրի ճիչերի հետ, որոնցով նրանք գոտեպնդում էին միմյանց, շողում էր յաթաղանը՝ վերջ տալով որևէ զոհի տանջանքներին, կամ երեխա էր օդ թռչում, որպեսզի կորի կրակի մեջ»։

գնդապես Կ. Կ. Գեյնս[28]

Ֆայիք փաշան բազմիցս դիմեց շեյխերին և ցեղերի այլ նահապետներին՝ պնդելով անհապաղ «դադարեցնել քրդերի կամայականությունները, թալանը և անպաշտպան բնակչության կոտորածը», բայց քրդերն արդեն չէին ենթարկվում ո՛չ թուրքական սպաներին, ո՛չ նույնիսկ իրենց շեյխերին[29]։ Չնայած շեյխերը խոստանում էին անհապաղ միջոցներ ձեռնարկել, բայց իսկույն ևեթ մատնացույց էին անում իրենց հասանելի վճարի բացակայությունը[30]։ Քրդական աշխարհազորի գլխավոր ղեկավար շեյխ Ուբայդուլլահն այդ ժամանակ օսմանական հրամանատարության հրամանով ռազմական գործողությունների էր մասնակցում քաղաքից դուրս։ Վկայություններ կան, որ բուն Բայազետում քրդերը գործում էին շեյխ Ջելալադդինի ազդեցությամբ[15]։

Պաշարված միջնաբերդում գտնվող հունիսի 6-ի շրջադիտման ժամանակ զոհված փոխգնդապետ Ա. Վ. Կովալևսկու կինը՝ Ալեքսանդրա Եֆիմովնան, պատմում էր, թե «իրենց ինչ սարսափելի էր դիտել մոտակա գյուղի խարույկին, որտեղ քրդերը նետում էին տարբեր տարիքի կանանց, տղամարդկանց և երեխաների, որոնք օգնություն էին խնդրում՝ գոռալով՝ «աման ուրսու՜ս»»[31]։ Կատարվելիքը ծանր էր անդրադառնում և միջնաբերդում պաշարված ռուսական կայազորի զինվորների վրա, որոնք փոքրաթիվության պատճառով չէին կարողանում ինչ-որ բանով օգնել քաղաքի բնակիչներին[32]։ Որոշ հայերի հաջողվում էր փախչել միջնաբերդի կողմը, որտեղ ռուսական կայազորն էր։ Կայազորի մարտիկները, կրակոցներով հետ մղելով քրդերին, պարաններով վերև էին բարձրացնում փախստական հայերին։ Ռուսական կայազորի զինվորներն ու սպաները, դեպի քրդերն ուղղելով «անեծքներ և հայհոյանք», սկզբում հատ-հատ կրակոցներ էին արձակում, իսկ այնուհետև պատերի վրա լսելի էին հրամաններ. «Վա՛շտ, կրա՜կ»[28]։ Շատ քրդեր, խոցված միջնաբերդի հրաձիգներից, մնում էին իրենց զոհերի կողքին, մնացածները շտապում էին լքել հրաձգության գոտում գտնվող վտանգավոր տեղերը[29]։ Որոշ ժամանակ անց, հաշվի առնելով փամփուշների սահմանափակ պահուստը և պաշարման ժամկետների անհայտությունը, ինչպես նաև դատապարտված բնակիչներին փրկելու աննպատակ փորձերը, Շտոկվիչն արգելեց փամփուշտներ ծախսել[33]։

Որոշ տեղացի թուրքեր իրենց մոտ թաքցրեցին մինչև 40 հայկական ընտանիքների, ինչպես մի ժամանակ ռուսական զորքերի մոտենալիս վերջիններս արեցին թուրքերի հանդեպ։ Շուտով քրդերն իմացան դրա մասին, և արդյունքում թաքնված հայերի հետ սպանվեցին այն թուրքերը, որոնք թաքստոց էին տրամադրել[27]։ Քաղաքի առավել հարգարժան թուրքերի տներ, որտեղ ևս հայեր կային, քրդերը սիրտ չարեցին մտնել, և ջարդերից մի քանի օր անց փրկված հայերը հեռացան դեպի Պարսկաստան՝ Մակու, որտեղ պարսկական իշխանությունները նրանց ապաստան տվեցին[7][Ն 6]։

«Թիֆլիսի լրաբերի» թղթակից՝

«...Միջնաբերդի շուրջը թարմ օդ չկար. ողջ շրջակայքը պատված էր դիակներով՝ տարբեր ժամանակներում ջրի գնացած սպանվածներ, ձիեր, միջնաբերդում զոհվածներ և դուրս նետվածներ, և վերջապես, քաղաքում ապրող սպանված հայերի։ Ամենուր գարշահոտություն էր. նույնիսկ առվակի ջուրն էր թունավորված նեխող դիակներով, քանի որ դրանք ընկած էին ակունքի մոտ։ Երբ ես հունիսի 28-ին մոտեցա միջնաբերդին, սոսկալի պատկեր էր, անհնար էր շնչել գարշահոտությունից. քաղաքում փողոցներ կային, որտեղով կարելի էր անցնել միայն մարդկային դիակների վրայով»։

― «Բայազետի պաշարումը», «Թիֆլիսի լրաբերի» թղթակցությունը[36]։

Մի թուրք սպա, իրդարաձություններից մի քանի օր անց լինելով Բայազետում, հայտնում էր, որ քաղաքում ոչ մի բնակիչ չի մնացել։ Տներում տեսել է դիակներ, «որոնք ենթարկվել էին անամոթ չարչարանքների և թողնվել էին ամենից վրդովվեցնող և անբարո դիրքերում»[9]։ Շուտով Բայազետ ժամանեցին թուրքական բանակում բրիտանական ռազմական կցորդ կապիտան Հյու ՄաքՔելմոնթը և Էրզրումում բրիտանական հյուպատոս Հենրի Թրոթերը։ Վերջինս հայտնում էր, որ քաղաքում կային բազմաթիվ չթաղված դիակներ, որոնք գտնվում էին նեխման տարբեր փուլերում։ Նրան առանձնապես ցնցել էր «զարհուրելի տեսարանը», երբ երկու շուն չէին կարողանում բաժանել մարդկային գլուխը[37]։ Հազիվ կարելի էր գտնել թեկուզ մեկ տուն, որտեղ չլինեին երկու կամ ավելի դիակներ։ Մեկ եկեղեցում հայտնաբերվեց մինչև 200 սպանվածի դիակ[25]։

Ըստ Օրմուզդ Ռասսամի՝ քրդերն իրենց հետ գերի էին տարել 250-300 հայ կանանց և երեխաների։ Չնայած ձեռնարկված ակտիվ որոնումներին՝ Ռասսամուին այդպես էլ չհաջողվեց պարզել նրանց գտնվելու վայրը[4]։

Բայազետի պաշարման մասնակից ուրյադնիկ Սևաստյանովը հետագայում հիշում էր, որ միջնաբերդի պատերի տակ թափառում էր 10-ամյա մի տղա։ Շարժումներով նա խնդրում էր իրենց վերցնել միջնաբերդ, և զինվորները, պարան իջեցնելով, նրան պատի վրա բարձրացրին։ Թարգմանչի միջոցով տղան բացատրեց, որ ինքը հայ է. մորը, հորը և մյուս հարազատներին թուրքերը «թրատեցին և այրեցին», իսկ քրոջը տարան իրենց հետ։ Տղան նաև պատմեց, որ արդեն երրորդ օրն է՝ թափառում է քաղաքում՝ փնտրելով հարազատներին, շատ սոված է և խնդրեց կերակրել իրեն։ Զինվորները նրան բացատրեցին, որ իրենց ևս չունեն հաց ու ջուր[Ն 7]։ Մնալով ռուսական կայազորում երեք օր՝ տղան խնդրեց բաց թողնել իրեն։ Երեխան գնաց, և այլևս ոչ ոք չտեսավ նրան։ Սևաստյանովը հիշում էր, որ «այդ անմեղ տղայի աղեկտուր լացը բոլորին հուզեց»[39]։

Ականատեսների պատմելով զինվորները միջնաբերդի պատերի տակ թաքնվող 8 տարեկան մեկ այլ տղայի գտան։ Երբ նրան պարանով միջնաբերդ բարձրացրեցին, նա պատմեց որ քրդերը սպանել են նրա հորը, մորը և երկու քույրերին, իսկ ինքը՝ «վախից թաքնվել է ամրության մոտ»։ Հետագայում նա որդեգրվեց ոմն անզավակ Շահնազարովի կողմից[31]։

Հունիսի 28 (հուլիսի 10)-ի լուսաբացին Բայազետի կայազորի ազատագրման համար քաղաքին մոտեցան ռուսական զորքերը (7760 սուր և սվին, 24 զենք)[40]՝ գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ։ Տեսնելով ռուսական հետևակի կանոնավոր շարժումը և հեծելազորի (դրագուն և կազակներ) սրընթաց նետումը դեպի թևեր՝ քրդական աշխարհազորը, չնայած թուրքական զորքերի կենդանի ուժի գերազանցմանը (20-21 հազար մարդ, որոնցից 5 հազարը՝ քրդեր, 27 զենք)[40], փախավ՝ չընդունելով մարտը։ Ռուսական զորամասերին դիմակայեցին միայն թուրքական կանոնավոր զորքերը (այսինքն՝ 14-15 հազար մարդ), որոնք համառ և երկարատև (մինչև 9 ժամ)[41] մարտից հետո կրեցին ջախջախիչ պարտություն, որի արդյունքում ազատագրվեց ռուսական կայազորը[3][42]։

Բայազետից ռուսական զորաջոկատի հեռանալուց հետո թուրք զինվորները 6 օր թաղում էին մեռած բնակիչներին[43]։

Արևմտյան պետությունների արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ արևմտյան երկրները պաշտպանում էին Օսմանյան կայսրությանը ընդդեմ Ռուսաստանի նվաճող զորքերի։ Բայց Բայազետի իրադարաձությունները, ինչպես նաև քրդերի, չերքեզների և բաշիբոզուկների նմանատիպ գործողություններն այլ նահանգներում (ինչպես Անատոլիայում, այնպես էլ Բուլղարիայում) ծայրահեղ բացասաբար անդրադարձան Թուրքիայի՝ որպես քաղաքակիրթ պետության կարգավիճակի վրա։ Բայազետի միջադեպերի մասին խոսեց արևմտյան մամուլը[23][44]։

Որոշ դեպքերում, այնուամենայնիվ, արևմտյան պետությունների դիրքորոշումը միանշանակ չէր։ Այսպես՝ «Նյու Յորք Թայմս»-ի և «London Daily News»-ի ռազմական թղթակից Է. Վիզետելլիի կարծիքով Բայազետի բնակչությունն ինքն իր վրա հրավիրեց վտանգը սեփական իշխանությունների հանդեպ թշնամական վերաբերմունքի պատճառով[45]․ Հայերին մասնավորապես մեղադրեցին թշնամուն (ռուսներին) տեղեկատվություն փոխանցելու մեջ։ Բաց ինչպես նշում էր Նորմանը, փաստերը հակառակն էին ապացուցում, քանի որ մինչ այդ ոչ մի հայ-լրտես թուրքական իշխանությունների կողմից չէր բացահայտվել, երբ Ռուսաստանի օգտին լրտեսելու մեջ մեղադրվեցին մի քանի քուրդ և չերքեզ, որոնք «փողը հավատից վեր դասեցին և դրա համար կյանքով վճարեցին» (բոլորը կախաղան հանվեցին)[46]։

Նույն Նորմանի կարծիքով, Բայազետում չարագործությունների փաստը Թուրքիային մեծ վնաս հասցրեց, քան մի քանի ռազմական պարտությունները[47]։ Նրա կարծիքով.

«Բայազետի ջարդերը, ռուսական գերեզմանների պղծումը, դիակապտությունը[Ն 8], «սպիտակ դրոշի» խախտումը և Վանում քրիստոնյաների հանդեպ վերջին վայրագությունները բավարար հիմք և հարգելի պատճառ են պատերազմը շարունակելու համար։ Մենք չենք կարող հուսալ, որ այնպիսի հզոր տերությունը, ինչպիսին Ռուսաստանն է, հանգիստ կնստի... Նա պետք է զենքի ուժով ստիպի Բարձր դռանը հարգել հպատակ բոլոր քրիստոնյաներին, տրամադրել նրանց համահավասար իրավունքներ, ինչպես մուսուլմաններին»։

«The Times»-ի հատուկ թղթակից ռազմական գործողությունների թատերաբեմում (բրիտանացի սպա) կապիտան Չ. Բ. Նորման[46]

  1. Հասնում էր նրան, որ երբ Վան հասցվեց 12 զենք ռուսական զորքերից քաղաքը պաշտպանելու համար, ապա քրդական աշխարհազորի ժամանումից հետո այդ զենքը միջնաբերդից ուղղվեց դեպի քաղաքային թաղամասներ, իսկ քրդերն զգուշացվեցին, եթե սկսեն թալանել և սպանել տեղացիներին, ապա այդ զենքերը կօգտագործվեն իրենց դեմ[12]։
  2. Թուրքական չերքեզներ՝ թուրքական և արևմտաեվրոպական աղբյուրներում համընդհանուր անվանում հյուսիսկովկասյան լեռնցիների համար, որոնք Կովկասյան պատերազմից հետո՝ 1863-1867 թվականներին արտագաղթեցին Օսմանյան կայսրություն։ Ռուսաստանի պնդմամբ չերքեզները բնակեցվեցին ռուսական սահմանից բավականին հեռու։ Պատերազմի ժամանակ նրանցից ևս, ինչպես քրդերից, ձևավորվեցին անկանոն զորաջոկատներ։ Բայազետի միջնաբերդի պաշարման ժամանակ մասնակցում էր հեծելազորային բրիգադը (մոտ 1000 մարդ), որը կազմված էր չեչեններից և դաղստանցիներից՝ Հազի Մուհամմադ Շամիլի (հայտնի իմամ Շամիլի որդին) ղեկավարությամբ, բայց խաղաղ բնակչության բնաջնջմանը մասնակցություն չի ունեցել, քանի որ ժամանել է դրանից հետո[13]։
  3. Այն ժամանակ, երբ թուրքական զորքերն անհաջողություններ էին գրանցում ռուսների հետ բախումներում, կամ այն դեպքում երբ պարտությունն անխուսափելի էր, քրդերն առաջին հերթին սկսում էին թալանել փախչող թուրք զինվորներին։ Որպես օրենք՝ «ռազմավար» էր դառնում թանկարժեք զինամթերքը (մասնավորապես Մարտինի-Հենրի հրացանները), որի հետ անմիջապես ուղևորվում էին դեպի պարսկական սահման՝ էժան գնով վաճառելու[14]։
  4. Շեյխ Ջելալադդինը մեծացել և դաստիարակվել է իսլամի ֆանատիկ աղանդներից մեկում։ Նրա հայրը՝ շեյխ Սաբադուլլահը, քրիստոնյա տեսնելիս աչքերը փակում էր գլխաշորով, քանի որ մեծ մեղք էր համարում քրիստոնյային նայելը[15][16]։
  5. Ֆայիք փաշան, որի առջև էր կատարվում ռուս ռազմագերիների ոչնչացումը, անատոլիական բանակի գլխավոր հրամանատար Ահմեդ Մուխտար փաշային ուղղված իր հեռագրում հայտնում էր.
    «… քրդերը, որոնց սանձարձակության և վատ վարքի մասին ես արդեն խոսել եմ նույն ամսաթվի հեռագրում, թաքստոցից հարձակվեցին մուսուլմանների [միլիցիոներ ռուս ռազմագերիների] վրա և բոլորին սվինահարեցին՝ չնայած նրան, որ վերջիններս բարձր հայտարարում էին իրենց միակրոն լինելու մասին»:

    — Ֆայիք փաշայի՝ Մուխտար փաշային ուղղված հեռագրից առ 7 (8) հունիսի 1293 (1877) թ.[24]

    Ռազմական դիտորդ և բրիտանական «The Times» թերթի հատուկ թղթակից կապիտան Չառլզ Բ. Նորմանը գրեց.

    «Իզուր էին թուրքական կանոնավոր բանակի զինվորները փորձում կանգնեցնել դա, իզուր էին ռուս սպաները փորձում նրանց մեջ պատվի զգացում արթնացնել՝ նշելով այն, որ նրանք անզեն ռազմագերիներ են։ Դժոխքից բաց թողնված հրեշները չէին կարող ավելի մեծ վայրագություններ անել»:

    — թուրքական բանակում լոնդոնյան «The Times»-ի թղթակից[23]

  6. Ընդհանուր առմամբ Բայազետի սանջակը լքեց 216 հայկական ընտանիք, որոնցից 80-ը արտագաղթեց դեպի ռուսական տիրույթներ, իսկ մնացածը՝ մոտակա Պարսկաստան։ Թիֆլիսում բրիտանացի հյուպատոս Ջորջ Ռիքեթսի՝ հայերի՝ դեպի հայրենիք պատմական միգրացիայի բարձրացրած հարցին վերջիններս պատասխանեցին, որ կվերադառնան միայն այն դեպքում, երբ իրենց երկրամասում կգտնվեն ռուսական զորքերը[34][35]։
  7. Միջնաբերդում ռուսական զորաջոկատն ունեն կերակրի և ջրի խիստ կարիք։ Այն ժամանակ մարդու օրական չափաբաժինը կազմում էր ¾ ֆունտ չորահաց (մոտավորապես 300 գր) և զինվորական տափաշշի ½ բերանախուփ (մոտավորապես 120 գր) ջուր, իսկ հիվանդներին և վիրավորներին՝ 2 բերանախուփ։ Հետագայում ջրի հատկացման չափաբաժինը կախված էր զորաջոկատի զինվորների հաջողված ելքերից դեպի գետակ, որի ջուրն արդեն թունավորված էր դիաթույնով[38]։
  8. Այս մասին հիշատակում է նաև թուրք պատմաբան Մեհմետ Արիֆ բեյը, ով գրում է, որ քրդերը բացել են Դայարյան ճակատամարտում զոհված ռուս զինվորների գերեզմանները, որպեսզի որպես «ռազմավար» վերցնեն հագուստները՝ զուգահեռաբար դիակները ենթարկելով ամենատարբեր անարգանքի[48]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Foreign Office. Report of Captain Everett(անգլ.) // Turkey № 4 // Further correspondence respecting the affairs of Turkey. — L.: Harrison, 1878. — Vol. 81. — P. 107.
  2. Norman C. B. Armenia and the Campaign of 1877(անգլ.). — 2-е изд. — London-Paris-New York: Cassell, Petter & Galpin, First Edition edition, 1878. — P. 296. — ISBN 1-402-16980-9
  3. 3,0 3,1 3,2 Hozier H. M. The Russo-Turkish war: including an account of the rise and decline of the Ottoman power and the history of the Eastern question // in 2 Vol.(անգլ.). — L.: William Mackenzie, 1877. — Vol. 2. — P. 865-866. — ISBN 978-1-178531-42-8
  4. 4,0 4,1 FO. Mr. Rassam to Mr. Layard(անգլ.) // Turkey № 1. — 1878. — P. 142-145, № 245/1.
  5. Norman C. B. Armenia and the Campaign of 1877(անգլ.). — P. 260-261.
  6. Антонов В. М. Картинки из боевой жизни (Из посмертных записок Ф. Э. Штоквича) // Русская старина. — СПб.: Тип. т-ва «Общественная польза», 1897. — В. 4. — Т. 90. — С. 57-59.
  7. 7,0 7,1 FO. Consul Zohrab to the Earl of Derby (August 21, 1877 - Erzeroom)(անգլ.) // Turkey № 4. — 1878. — Vol. 81. — P. 287, № 318.
  8. Кишмишев С. О. Война в Турецкой Армении 1877-1878. — P. 148.
  9. 9,0 9,1 Norman C. B. Armenia and the Campaign of 1877(անգլ.). — P. 273-275.
  10. Прищепа С. В. Оборона Баязета // Сержант / Гл. ред. Г. Л. Плоткин. — М.: Рейттаръ, 2003. — № 27 (3). — С. 21-22. — ISBN 5-8067-0004-6. Архивировано из первоисточника 11 Հոկտեմբերի 2014.
  11. Антонов В. М. 23-х дневная оборона Баязетской цитадели.
  12. FO. Consul Zohrab to Mr. Layard (June 30, 1877 - Erzeroom)(անգլ.) // Turkey № 1. — 1878. — Vol. 81. — P. 64-65, № 90/1.
  13. Şaşmaz M. H. The Legitimacy of the Emergence of the Armenian Question(անգլ.) // Baş Editörü: Prof. Dr. Y. Kurt. Otam : Ankara Üniversitesi Osmanlı tarihi araştırma ve uygulama merkezi dergisi. — Ankara: Ãniv, 1997. — Vol. 8. — P. 324-326. — ISSN 1019-469X. — doi:10.1501/OTAM_0000000149
  14. Kılıç M. F. Sheikh Ubeydullah’s Role in the 1877-1878 Ottoman-Russian War(անգլ.) // Sheikh Ubeydullah's Movement. — Ankara: Department Of History - Bilkent University, 2003. — P. 16-17.
  15. 15,0 15,1 15,2 Dennis B. R. Kurdish-Armenian Relations in the Late Ottoman Empire: Power Structures and Interactive Behavior. — SLC: University of Utah / Department of Languages and Literature, 2008. — P. 54-56. — 242 p.
  16. Sasuni G. Kürt Ulusal Hareketleri ve 15 yy'dan Günümüze Ermeni - Kürt İlişkileri(թուրքերեն). — İstanbul: Med Yayınları, 1992. — S. 90 (pdf 14).
  17. FO. Mr. Layard to the Earl of Derby (July 10, 1877 - Therapia)(անգլ.) // Turkey № 1. — 1878. — Vol. 81. — P. 64, № 90.
  18. Reid J. J. Crisis of the Ottoman Empire: Prelude to Collapse 1839-1878. — Stuttgart: Franz Steiner Verlag, 2000. — P. 161. — ISBN 978-3-515076-87-6
  19. 19,0 19,1 Антонов В. М. 23-х дневная оборона Баязетской цитадели. — 1878. — С. 10-11.
  20. Ламонов А. Д. К материалам для истории 1-го Кавказского полка (Баязетское сидение) // Под ред. Л. Т. Соколова Кубанский сборник. — Екатеринодар: Научно-краеведческое издание Кубанского областного статистического комитета, 1910. — Т. 15. — С. 372.
  21. Гейнс К. К. Славное Баязетское сиденье в 1877 г. // Русская старина. — СПб.: Тип. В. С. Балашева, 1885. — В. 1. — Т. 45. — С. 183.
  22. Колюбакин Б. М. Эриванский отряд в кампанию 1877-1878.
  23. 23,0 23,1 23,2 The massacre at Bayazid(անգլ.) // The Colonist. —Nelson, October 25, 1877. — Vol. 20. — № 2301. — P. 3.
  24. Процесс Фаик-паши, начальника Ванского и Баязетского отрядов. — приложение к «Военному сборнику» (թարգմանություն թուրքերենից). — СПб.: Тип. В. А. Полетики, 1879. — С. 62.
  25. 25,0 25,1 Norman C. B. Armenia and the Campaign of 1877(անգլ.). — P. 337-338.
  26. Ф.Э.Штоквич Герои и деятели Русско-турецкой войны 1877-1878. — Vol. 4.
  27. 27,0 27,1 FO. …to Consul Zohrab(անգլ.) (2 July 1877 - Van) // Turkey № 1. — 1878. — P. 97, № 139/2.
  28. 28,0 28,1 Гейнс К. К. Славное Баязетское сиденье в 1877 г. — В. 2. — С. 454-455.
  29. 29,0 29,1 Колюбакин Б. М. Эриванский отряд в кампанию 1877-1878 гг. — Т. (Ч.) 2. — С. 40-41, 56.
  30. Процесс Фаик-паши. — «Военный сборник». — 1879. — С. 40.
  31. 31,0 31,1 Ханагов А. Баязидское славное сидение с 5 по 28 июня 1877 г. // Русская старина. — СПб.: Тип. В. С. Балашева, 1878. — В. 7. — Т. 22. — С. 456.
  32. Francis Vinton Greene The Russian Army and its campaigns in Turkey in 1877-1878(անգլ.). — N. Y.: D. Appleton & Company, 1879. — ISBN 1-4437-8531-8
  33. {{{заглавие}}}.
  34. FO. Reported Consul Mr. Rickets (28 november 1877 - Tiflis)(անգլ.) // Turkey № 1. — 1878. — Vol. 81. — P. 533-534.
  35. Kirakosian A. J. British Diplomacy and the Armenian Question: From the 1830s to 1914. — Fl.-N. J.: Gomidas Institute, 2003. — P. 61-62. — ISBN 1-884-63007-3.
  36. Осада Баязета (корреспонденция «Тифлисского вестника») // Иллюстрированная хроника войны 1877-1878 гг.: в 2-х томах / Гл. ред. Г. Д. Гоппе. — СПб.: Э. Гоппе (приложение к «Всемирной иллюстрации» № 448), 1878. — Т. 1, № 30. — С. 238.
  37. Royal Engineers Reminiscences of the Campaign in Armenia, by Captain H. Trotter, R. E.(անգլ.) // Professional papers of the Corps of royal engineers. Royal engineer institute occasional papers. — L.: SME, Chatham, 1878. — Vol. 2. — P. 166-167.
  38. Антонов В. М. 23-х дневная оборона Баязетской цитадели. — 1878. — С. 13, 25.
  39. Ламонов А. Д. К материалам для истории 1-го Кавказского полка (Баязетское сидение). — 1910. — Т. 15. — С. 374.
  40. 40,0 40,1 Материалы для описания русско-турецкой войны 1877-1878.
  41. Процесс Фаик-паши. — «Военный сборник». — 1879. — С. 78.
  42. Norman C. B. Armenia and the Campaign of 1877(անգլ.). — P. 249-250.
  43. Alexander Jacob Schem The war in the East. An illustrated history of the conflict between Russia and Turkey(անգլ.). — N. Y., Cinc.: Publ. by H. S. Goodspeed & Co, 1878. — P. 282. — ISBN 978-5-8792-5092-3
  44. Capture and recapture of Bayazid(անգլ.) // South Australian Chronicle and Weekly Mail. —Adelaide (Australia), 1 September 1877. — Vol. 20. — № 993. — P. 9.
  45. Vizetelly E. H. The reminiscences of a Bashi-Bazouk(անգլ.). — Bristol: Publ. J. W. Arrowsmith, 1897. — P. 339-340. — ISBN 1-1769-4068-6
  46. 46,0 46,1 Norman C. B. Armenia and the Campaign of 1877(անգլ.). — P. 234-235.
  47. Norman C. B. Armenia and the Campaign of 1877(անգլ.). — P. 220.
  48. Mehmet Arif Bey (tarihçi) Başımıza gelenler(թուրքերեն) / M. Ertuğrul Düzdağ. — İs.: Tercüman, 1976. — Vol. 1. — S. 378. — (1001 temel eser: 91). — ISBN 978-9-753387-83-5

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]