Աշտանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
հայկական եռոտանի աշտանակ

Աշտանակ, լուսատու աղբյուրը պահող, բազմազան հորինվածքներով հարմարանք (մոմակալ, ճրագակալ, ջահակալ և այլն), որը սովորաբար ունենում է երեք ոտք, բուն և դրա ծայրին ձուլված մեկ կամ մի քանի ստեղների վրա ամրացված ղամբար (լամբար՝ ջահ, ճրագ, կանթեղ, լապտեր)։ Աշտանակները պատրաստվում են տարբեր մետաղներից (հնում՝ պղնձից, արծաթից), հախճապակուց, կավից, դրվում են սեղանին, տարբեր պատվանդանների վրա, բարձրերը՝ հատակին, և հաճախ ունենում են գեղարվեստական ձևավորում։ Հայաստանում աշտանակներ հայտնաբերվել են Անիի, Ամբերդի և այլ պեղավայրերից։ Օգտագործվել են նաև անուշահոտ յուղեր և խունկ վառելու համար։ Ներսես Շնորհալու մոտ հիշատակվում է «եօթնալոյս աշտանակ»-ը։ Արաբ մատենագիր Իբն Բատուտան վկայում է Երզնկայում պատրաստված աշտանակների մասին, որոնք ունեին երեք ոտք, պղնձե ճրագ, պատրույգը շտկելու մկրատ։ Աշտանակը օգտագործվել է նաև եկեղեցիներում։ Հրեական կրոնական արարողությունների մեջ յոթնաստեղյան աշտանակը կարևոր անոթներից է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 489