Ֆիլիպա Անգլիացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիլիպա Անգլիացի
Philippa vadstena.JPG
 
Մասնագիտություն՝ թագավորական կոնսորտ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հունիսի 4, 1394
Ծննդավայր Peterborough Castle, Պիտերբորո, Քեմբրիջշիր, Անգլիա
Վախճանի օր հունվարի 5, 1430[1][2] (35 տարեկան)
Վախճանի վայր Vadstena, Էստերգյոտլանդ, Շվեդիա
Գերեզման Vadstena Abbey
Թաղված Vadstena Abbey
Դինաստիա Պլանտագենետներ և Լանքաստերներ
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Հայր Հենրի IV[3]
Մայր Մերի դը Բոհուն[3]
Ամուսին Eric of Pomerania?
Զավակներ child1 of Pomerania?[3]

Ֆիլիպա Անգլիացի (անգլ.՝ Philippa of England, անգլ.՝ Philippa of Lancaster, դան․՝ Philippa af England, նորվ.՝ Filippa av England , շվեդերեն՝ Filippa av England, հունիսի 4, 1394, Peterborough Castle, Պիտերբորո, Քեմբրիջշիր, Անգլիա - հունվարի 5, 1430[1][2], Vadstena, Էստերգյոտլանդ, Շվեդիա), Անգլիայի թագավոր Հենրի IV-ի և նրա առաջին կնոջ՝ Մարիա դե Բոհունի դուստրը, Հենրի V-ի կրտսեր քույրը, Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի թագավոր Էրիկ Պոմերանցու կինը։ Ֆիլիպան 1420 թվականից մինչ իր մահը Շվեդիայի փաստացի թագուհին էր, իսկ 1423-1425 թվականներին` Դանիայի և Նորվեգիայի ռեգենտը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպան ծնվել է Հենրի IV-ի և նրա առաջին կնոջ՝ Մարիա դե Բոհունի ընտանիքում, Պիտերբորոյում։

1401 թվականին Դանիայի թագուհի Մարգարիտա I Դանիացին բանակցություններ է սկսում Հենրի IV-ի հետ Կալմարյան միության և Անգլիայի միջև կրկնակի դաշինք կնքելու հնարավորության վերաբերյալ։ Այս միությունը պետք է ամրապնդեր անգլիական գահի ժառանգորդ Հենրիի և Դանիայի գահաժառանգի քրոջ` Կատերինա Պոմերանցու ամուսնությունը։ Մարգարիտան չի համաձայնում այս պայմանին[4] և փոխարենն առաջարկում է Ֆիլիպայի և Էրիկի ամուսնությունը։ 1405 թվականին Էրիկի հետ նշանադրությունից հետո Ֆիլիպան պաշտոնապես հայտարարվում Դանիայի թագուհի։

1406 թվականի հոկտեմբերի 26-ին Լունդի տաճարում տեղի է ունենում Էրիկի և 13-ամյա Ֆիլիպայի պսակադրությունը[5]։ Հարսնացուն կրում էր սպիտակ մետաքսյա պարեգոտ` սկյուռի մորթով զարդարված թիկնոցով։ Ենթադրվում է, որ սա ամենավաղ փաստագրված դեպքն է, երբ միջնադարում հարսնացուն կրում էր հատուկ, հարսանեկան արարողության համար կարված սպիտակ հագուստ[6]։

Երիտասարդ զույգն ամուսնության առաջին տարին անցկացնում է Կալմար քաղաքում։ Ֆիլիպան որպես հարսանեկան նվեր իր փեսացուից ստանում է Շվեդիայի մեծ մասը։ Իր թագավորության գրեթե ողջ ժամանակաշրջանում նա ապրում է Շվեդիայում։ Որոշվում է նաև, որ Ֆիլիպան կարող է իր անձնական ավատները ստանալ միայն երեք թագավորություններից մեկում, մասնավորապես` Շվեդիայում։ Ֆիլիպայի պալատական ազնվական օրիորդն է դառնում Կատարինա Կնուդսդոտտերը` Բրիջիթ Շվեդացու թոռնուհին և Մարթա Ուլֆսդոտտերի դուստրը, որը Մարգարիտա թագուհու պալատական ազնվական օրիորդն էր։ Ֆիլիպան հովանավորում էր Վադստենայի վանքին, որտեղ հաճախ էր հյուրընկալվում։

Ամուսնության ամբողջ ընթացքում Ֆիլիպան և Էրիկը միայն մեկ երեխա են ունենում, որը ծնվում 1429 թվականին` մահացած[7]։

Ռեգենտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկը հաճախ էր ճամփորդում և երբ երկրում չէր լինում, Ֆիլիպան հանդես էր գալիս որպես ռեգենտ։ Շվեդիայում, որտեղ նա անցկացնում էր իր ժամանակի մեծ մասը, Ֆիլիպան դե ֆակտո հանդես էր գալիս որպես տիրակալ, նույնիսկ այն ժամանակ, երբ թագավորը գտնվում էր երկրում։ Ակնհայտ է, որ Էրիկը մեծ վստահություն էր տածում նրա հանդեպ։ 1423-1425 թվականներին` Էրիկի` ուխտագնացությունում գտնվելու ընթացքում, Ֆիլիպան հանդես է գալիս որպես Կալմարյան միության երեք թագավորությունների խնամակալ[8]։ Այդ ընթացքում Ֆիլիպան լուծում է վեճը Հանզայան միության հետ և 1423 թվականի հոկտեմբերի 8-ին միության որոշ անդամների հետ (Լյուբեկ, Համբուրգ, Լյունեբուրգ և Վիսմար) կնքում պայմանագիր մետաղադրամների վավերականության մասին, որի համաձայն` այս շրջանների մետաղադրամները, որոնք ունեին հավասար արժեք, համարվում էին հավասարազոր[9]։

Թագուհի Ֆիլիպան ղեկավարում է Կոպենհագենի պաշտպանությունը։ Անդերսենի «Կնքահոր ալբոմը» հեքիաթի նկարազարդում, նկարիչ` Լորենց Ֆրյոլիխ, 1868

1426 թվականին Հանզայի հետ պատերազմում Ֆիլիպան Դանիայի համար դաշնակից է գտնում` ի դեմս Շվեդիայի, ինչպես նաև Հանզայան միության հարձակման ժամանակ կազմակերպում Կոպենհագենի պաշտպանությունը Շվեդիայի զորքերի միջոցով։ 1428 թվականին Ֆիլիպան հաջողությամբ ղեկավարում է Կոպենհագենի պաշտպանությունը։ Նրա հերոսական արարքը հետագայում նկարագրվում է Հանս Քրիստիան Անդերսենի «Կնքահոր ալբոմը» հեքիաթում (1868)[10]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպա թագուհին մահանում է 1430 թվականի հունվարի 5-ին` դիվանագիտական առաքելությամբ Շվեդիայում գտնվելու ժամանակ, և թաղվում Վադստենայի տաճարում, որին հովանավորում էր իր թագավորության ամբողջ ընթացքում։ Նրա մահից հետո Էրիկը նույն թվականին ամուսնանում է սիրուհու` Սեսիլիայի հետ[8], որը Ֆիլիպայի պալատական ազնվական օրիորդներից էր։

Ֆիլիպան բնութագրվում էր որպես թագավորական ընտանիքի միակ ներկայացուցիչ, որին սիրում էին ոչ միայն իր հպատակները, այլև երեք թագավորությունների սահմաններից դուրս։ Ֆիլիպային սիրում էին Կոպենհագենի բնակիչները Հանզայի դեմ քաղաքի պաշտպանության պայքարը կազմակերպելու համար։ Նա օգնում էր նաև քաղաքի աղքատ բնակիչներին, այրիներին և որբերին։ Կոպենհագենի բնակիչները, որտեղ Էրիկը տեղափոխել էր իր արքունիքը, դատապարտում են նրան սիրելի թագուհու պալատական ազնվական օրիորդի հետ ամուսնանալու համար։ Հավանաբար Օլաֆ Աքսել Թոդի և Սեսիլիայի միջև տեղի ունեցած միջադեպն[Ն 1] արտահայտում էր ընդհանուր դժգոհությունը թագավորի նոր կնոջ հանդեպ և վկայում էր Կոպենհագենից 1439 թվականին Էրիկի փախուստի պատճառների մասին։

Կինեմատոգրաֆիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Օլաֆ Աքսել Թոդը ամրոց տանող ճանապարհին կանգնեցնում է Սեսիլիային և հարցնում, թե արդյոք ցանկանում է հաղորդագրություն ստանալ թագավորից։ Երբ Սեսիլիան համաձայնում է, Օլաֆը հարվածում է նրա հետույքին և ասում, որ կարող է թագավորին իր հետ տանել Դանիայից[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 gravsted.dk (դան.)
  2. 2,0 2,1 2,2 Bricka C. F. Dansk biografisk Lexikon (դան.) / C. F. Bricka
  3. 3,0 3,1 3,2 Lundy D. R. The Peerage
  4. «POMERANIA»։ fmg.ac։ Վերցված է 2016-03-13 
  5. «ENGLAND, KINGS 1066-1603»։ The Foundation for Medieval Genealogy 
  6. «The History of Matrimony»։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-17-ին։ Վերցված է 2016-03-13 
  7. «- Person Page 10187»։ www.thepeerage.com։ Վերցված է 2016-03-13 
  8. 8,0 8,1 «DENMARK KINGS»։ fmg.ac։ Վերցված է 2016-03-13 
  9. «Die Münzen Dänemarks (bis etwa 1625)»։ www.danskmoent.dk։ Վերցված է 2016-03-13 
  10. «Небесное Искусство. Х.К. Андерсен. Альбом крестного»։ www.sky-art.com։ Վերցված է 2016-03-13 
  11. www.eremit.dk։ «Kjøbenhavns Historie indtil Reformationens Indførelse.» (դանիերեն)։ www.eremit.dk։ Վերցված է 2016-03-13 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anne J. Duggan (2008) Queens and queenship in medieval Europe (Boydell Press) 978-08-511-5881-5
  • Lars-Olof Larsson (2006) Kalmarunionens tid Kalmarunionens tid : Från drottning Margareta till Kristian II (Bokförlaget Prisma) 978-91-518-3165-7 (Swedish)