Լանքասթերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լանքասթերներ
Տեսակազնվական տոհմ և արքայատոհմ
Մասն էՊլանտագենետներ
ԵրկիրԱնգլիա
ՏիտղոսներԼանքասթերի դուքս,
Անգլիայի թագավոր
ՀիմնադիրEdmund Crouchback?
Հիմնում1362
Ավարտ1471 (տղամարդկանց ճյուղը)

Լանքասթերներ (անգլ.՝ House of Lancaster)՝  Պլանտագենետների թագավորական տան կողմնային ճյուղ։

Լանքասթերի խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Արթուր Փեյն. Տեսարան Թեմփլի պարտեզում «Հենրի VI» պիեսի առաջին մասում, որտեղ պատերազմող խմբակցությունների կողմնակիցները ընտրում են կարմիր և սպիտակ վարդերը

Փարթամ և շատ պայծառ դամասկոսյան վարդը, որն ունի ուժեղ հաճելի հոտ, ամենատարածվածն ու սիրվածն էր միջնադարյան վարդերի բազմաթիվ տեսակների մեջ։ Ենթադրվում է, որ 1250 թվականին այն իսլամական Արևելքից Պրովանս է բերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներից մեկը՝ Շամպանի կոմս Տիբո IV Մեծը՝ Երգիչ մականվամբ։ Ըստ լեգենդի՝ Լանքասթերի կոմսը Ֆրանսիայի այգիներից մեկում զմայլվելով այս վարդով՝ բերել է այն իր հայրենիք[1]։ Սերունդների հիշողության մեջ ամրապնդվել է, որ Դամասկոսի կարմիր վարդը այս հզոր տան խորհրդանիշն է՝ երկրի թագի համար Յորքցիների հետ բազմամյա պայքարի ժամանակ։ Այնուամենայնիվ, Լանքասթերի զինանշանում կարմիր վարդ չի եղել, առաջին անգամ այն սպիտակ վարդի հետ համատեղվել է Հենրի VII Թուդորի կողմից, ով իրեն համարում էր և՛ Լանքասթերի, և՛ Յորքի ժառանգ (իր կնոջ կողմից)։ Վարդերի ընտրության դրվագը, որը Շեքսպիրը ցուցադրել է «Հենրի VI» պիեսի առաջին մասում, ամբողջությամբ հորինված է նրա կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանքասթերի տան հիմնադիրը Ջոն Գոնտն է (կամ Հովհան Գոնտացի, այդպես է կոչվել ծննդավայրում)՝ Լանքասթերի դուքս (1340-1399), Անգլիայի թագավոր Էդուարդ III–ի ողջ մնացած հինգ որդիներից երրորդը։ Ջոն Գոնտի որդին՝ Հենրի Բոլինգբրոկը (1367-1413), 1399 թվականին գահընկեց արեց իր զարմիկ Ռիչարդ II-ին և թագավոր դարձավ Հենրի IV անունով՝ պահպանելով (ինչպես իր որդին և թոռը) Լանքասթերի դուքսի կոչումը։ Նրան հաջորդել է որդին՝ Հենրի V-ը (1387-1422)՝ Անգլիայի Թագավորը 1413-1422 թվականներին, որին իր հերթին հաջորդել է միակ որդին՝ Հենրի VI-ը (1421-1471)։ Հենրի VI-ը թագավոր դարձավ 10 ամսականում, նրա փոխարեն իշխում էին հորեղբայրները՝ Բեդֆորդի դուքս Ջոնը և Գլոսթերի դուքս Համֆրին։ Նա նաև թագադրվեց (Հարյուրամյա պատերազմի ընթացքում) որպես Ֆրանսիայի թագավոր։ Հենրի VI-ը տառապել է հոգեկան խանգարումով։ 1461 թվականին նրան տապալեցին Պլանտագենետների մեկ այլ կողմնային ճյուղի՝ Յորքի ներկայացուցիչները։ Բայց 1470 թվականին՝ Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմի ընթացքում, նա մի քանի ամիս կրկին թագավոր դարձավ՝ մինչև 1471 թվականի ապրիլը, որից հետո կրկին տապալվեց և սպանվեց։ Դրանից անմիջապես առաջ նրա միակ որդին՝ Ուելսի արքայազն Էդուարդը մահացել էր Թյուքսբերիի ճակատամարտում, այնպես որ Հենրի VI-ի սպանությամբ Լանքասթերի տղամարդկանց ճյուղը ընդհատվեց։ Հաջորդիվ, կարճ ժամանակով իշխել է Պլանտագենետների մյուս ճյուղը՝ Յորքը։

Հենրի VII-ը՝ Թուդորների նոր դինաստիայի հիմնադիրը, ով գահը ստանձնեց 1485 թվականին, Ջոն Գոնտի արտամուսնական (հետագայում օրինականացված) որդու հետնորդն էր[2] և համարվում էր Լանքասթերի տան ժառանգը։ Գահ բարձրանալով՝ նա ընդունեց նաև Լանքասթերի դուքսի տիտղոսը, որն այդ ժամանակվանից անբաժան է բրիտանական թագից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marty-Duffaut Josy. Le Potager du Moyen Äge. — P. 199.
  2. Ջոն Գոնտի որդու՝ Ջոն Բոֆորտի, Սոմերսեթի 1-ին կոմսի, նրա որդու՝ Ջոն Բոֆորտի, Սոմերսեթի 1-ին դուքսի և նրա դստեր՝ Մարգարեթ Բոֆորտի, Հենրի VII-ի մոր միջոցով

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • K. B. McFarlane. Lancastrian Kings and Lollard Knights. Oxford University Press, 1972. ISBN 0-19-822344-7. P.361.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]