Հարսանեկան զգեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարսանեկան դասական զգեստ

Հարսանեկան զգեստ, տոնական զգեստ, որն ընդունված է հարսանեկան կամ պսակադրության արարողության ժամանակ հագցնել հարսին: Զգեստի գույնը, ձևն ու ծիսական նշանակությունը կախված է հարսանիքի մասնակիցների կրոնական ու մշակութային պատկանելությունից։ Արևմտյան մշակույթում հարսը հաճախ հագնում է սպիտակ հարսանեկան զգեստ, որը մեծ ժողովրդականություն է սկսել վայելել Վիկտորյա թագուհու շնորհիվ 19-րդ դարում։ Արևելյան մշակույթներում հարսը հաճախ կրում է կարմիր զգեստ: Բազմազան է հարսանեկան զգեստի ոչ միայն գունապնակը, այլ նաև զգեստը կարելու ոճային լուծումը:

Արևմտյան մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանեկան զգեստ, Անգլիա, 1837-1838

Հարսանիքը երկու մարդկանց, ընտանիքների կամ երկրների միությունն է: Միջին դարերում ազնվականությունն ու հասարակության բարձր խավերը հարսանիքի մասին պայմանավորվելիս առաջնորդվում էին քաղաքական նկատառումներով, հասարակական դիրքով, հարստությամբ, քան սիրով: Հարսին հագցնում էին այնպես, որ հարսանեկան արարողության ժամանակ իր ընտանիքը ներկայացնի առավել բարենպաստ լույսի ներքո: Հարուստ ընտանիքներում հարսի զգեստը կարում էին բացառիկ գործվածքներից, մորթուց:

Դարեր շարունակ հարսի զգեստը պետք է համապատասխաներ նրա սոցիալական կարգավիճակին և նորաձևությանը: Հարսանեկան զգեստը կարելու ժամանակ օգտագործված գործվածքի երկարությունն արտացոլում էր հարսի կարգավիճակն ու ցույց տալիս ընտանիքի հարստության աստիճանը: Հարսի զգեստը կարում էին տարբեր գույների, սպիտակն այնքան էլ տարածված չէր: Ուղղափառ և բողոքական շատ ավանդույթներում սպիտակ զգեստ հագնում էին միայն առաջին անգամ ամուսնանալիս, իսկ ամուսնալուծվածները կամ այրիները պետք է ընտրեին այլ գույն:

Ըստ փաստական վկայությունների՝ հարսանեկան արարողության ժամանակ սպիտակ զգեստ հագած առաջին արքայադուստրը եղել է Ֆիլիպա Անգլիացին 1406 թվականին[1][2]։ Շոտլանդիայի թագուհի Մարիան սպիտակ զգեստ հագել է 1559 թվականին, երբ ամուսնանում էր Ֆրանսիցկ Դոֆիսի հետ, ով ֆրանսիացի էր։ Սպիտակը Մարիայի սիրելի գույն էր, այդ պատճառով էլ նա հագել է սպիտակ հարսանեկան զգեստ, չնայած սպիտակն այդ ժամանակ սգո գույն էր Ֆրանսիայի թագուհիների համար[3][4]։

Սակայն նախքան վիկտորական դարաշրջանն սպիտակ հարսանեկան զգեստը մեծ տարածում չուներ։ Հարսը կարող էր հագնել ցանկացած գույնի զգեստ, ընդ որում՝ սևը հատկապես ժողովրդականություն էր վայելում Սկանդինավիայում[5], որտեղ տիրում էին պուրիտական օրենքները։

Արևելյան մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայվանական ավանդական հարսանեկան զգեստ

Չինաստանում, Հնդկաստանում և Վիետնամում (Աո Զայա ավանդական ձևով) հարսանեկան զգեստի ավանդական նրբերանգը կարմիրն է: Համարվում է, որ այդ գույնը բերում է հաջողություն և բարգավաճում:

Ժամանակակից չինացի հարսնացուներն իրենց համար ընտրում են ոչ թե միայն կարմիր, այլ ցանկացած գույնի հարսանեկան զգեստ: Կարմիր սարին հնդկական մշակույթում հարսի ավանդական զգեստն է: Սովորաբար սարին կարում էին մետաքսից: Ժամանակի ընթացքում գունային գամման և գործվածքի ընտրության հնարավորությունը հնդիկ հարսնացուների համար ընդլայնվել է: Այսօր հարսանեկան սարին կարում են այնպիսի կտորներից, ինչպիսիք են կրեպը, ժորժետը, ատլասը: Հարսանեկան սարին կարում են ոչ միայն կարմիր, այլև ոսկեգույն, վարդագույն, նարնջագույն, շագանակագույն, դեղին: Ճապոնական հարսանիքներում արարողության ժամանակ հարսը կարող է մի քանի անգամ զգեստը փոխել, նա կարող է հագնել արևմտյան ձևով կարված տարբեր կիմոնոներ և զգեստներ[6]:

Հնդկացիների մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկացի ապաչիների հարսանեկան զգեստ

Հյուսիսային և Հարավային Ամերիկայի բնիկ ժողովուրդները նույնպես ունեն հարսանիքի հետ կապված տարբեր ավանդույթներ: Հարսի զգեստը կարում էին փեսացուն, նրա ազգականները և դրան մասնակցել ցանկացող այլ տղամարդիկ: Հարսի զգեստը կազմված էր լայն գոտուց, հարսանեկան 2 սպիտակ խալաթից՝ ներքևից վերև կարմիր շերտերով, եղջերվի մորթուց սպիտակ զանկապաններից և մոկասիններից, մազերի ժապավենից: Այդ ամենը հետագայում օգտագործվում էր որպես թաղման համար ծածկոց:

Դելավերի հնդկացիական ցեղերի հարսանեկան զգեստը կազմված էր եղջերվի մորթուց կարված կիսաշրջազգեստից, փետրամանյակից, իսկ մարմինը մինչև գոտկատեղը մերկ էր: Ձմեռային զգեստին ավելացվում էին եղջերվի զանկապաններ, մոկասիններ և հնդկահավի փետուրներից զգեստ: Հարսի դեմքը ներկում էին կարմիր, սպիտակ կամ դեղին կավով: Հյուսիսային Կալիֆորնիայի ցեղերը (այդ թվում Կլամատը, Մոդոկը, Յուրոկը) ունեին հարսանեկան զգեստի իրենց գույները՝ արևելքում սպիտակը, հարավում կապույտը, արևմուտքում դեղինը (նարնջագույնը), հյուսիսում սևը: Հարսն ու փեսան հագնում էին արծաթով ու փիրուզով զարդարված հագուստ, համարվում էր, որ դրանք նրանց պաշտպանում են չար ոգիներից, քաղցից, աղքատությունից և դժբախտությունից:

Հարսանեկան զգեստի ոճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանեկան զգեստներին բնորոշ է 2 ոճ՝ դասական և ռոմանտիկ:

Ռոմանտիկ ոճի բնորոշ գծերն են՝ զարդերի, այդ թվում՝ ծալազարդում, ասեղնագործություն, ժանյակներ, գույների առատություն: Որպես կանոն ռոմանտիկ ոճի հարսանեկան զգեստը կարվում է բարդ կառուցվածքի թանկարժեք, գունավոր գործվածքից: Ռոմանտիկ ոճին հատուկ են նաև լայն լանջաբացվածքն ու իրանը գրկող ձևը:

Դասական ոճին հատուկ են անպաճույճ ձևը, ավելորդ զարդերի ու վառ գունավոր գործվածքի բացակայությունը: Դասական հարսանեկան զգեստն սպիտակ է:

Հարսանեկան զգեստի ձևածքի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն հարսանյաց զգեստները բաժանում են կատեգորիաների՝ տալով «Գունդ», «Ջրահարս», «Կայսրուհի» անվանումները, բայց դրանք հաստատված են միայն հարսանեկան բիզնեսի միջավայրում: Տեխնիկապես հարսանյաց զգեստների ձևածքի տեսակներն են.

  • Ստանդարտ ձևածք, որին հատուկ է երկար շրջազգեստ:
  • Սեղմիրանով զգեստ: Սրա յուրահատկությունն այն է, որ ունի 2 մաս՝ առանձին կիսաշրջազգեստ և սեղմիրան:
  • Իրանը գրկող զգեստ, որը սահուն կերպով փոխվում է լայն կիսաշրջազգեստի:
  • Նույն տեսակի հարսանյաց զգեստ՝ առանց հատակը հասնող պերճ կիսաշրջազգեստի:

Հարսանեկան զգեստի ավանդական ոճերից է պերճ կիսաշրջազգեստն ու իրանը գրկող տոպը: Վերջին ժամանակներս ի հայտ են եկել տաբատային ոճի հարսանեկան զգեստները, սակայն հարսանյաց զգեստի նման ոճը դեռևս լայն տարածում չի ստացել:

Հարսնացուների շրջանու լայն տարածված են Ա ուրվապատկերով, բալետային, «Ձուկ», ուղիղ, «Empire» հարսանեկան զգեստները:

Կարելի է առանձնացնել հարսանեկան զգեստների նաև հետևյալ տեսակները.

  • Ուղիղ զգեստ: Ուղիղ ուրվագծով հարսանյաց զգեստներն անվանում են նաև զգեստ-սյուն կամ զգեստ-պատյան: Դրանք խիստ ընդգծում են կառուցվածքը՝ ընդգծելով հարսի մարմնի բոլոր նրբությունները: Ուղիղ զգեստներից են «Empire» ոճի զգեստները, որոնք կարվում են թեթև գործվածքից՝ բարձր գոտկատեղով և ալիքաձև կիսաշրջազգեստով: Այս ոճը լայն տարածում ուներ Հին Հունաստանում: Ավելի ուշ այն նորից նորաձև էր Նապոլեոն կայսեր օրոք, երբ տարածված էր հնագեղության ընդօրինակումը:
  • Պերճաշուք զգեստ: Հարսանեկան պերճաշուք բոլոր զգեստները կազմված են նեղ վերևով սեղմիրանից և պերճ կիսաշրջազգեստից, որի փքունությունը պայմանավորված է օգտագործված կրինոլինով, օղակներով կամ կտորի բազմաթիվ շերտերով: Պերճ կիսաշրջազգեստը կարող է սկսել գոտկատեղի կամ ազդրի (գոտկատեղից ներքև) գծից:
  • Անսովոր զգեստ: Ներկայիս հարսնացուները հակված են հեռանալու ընդունված ավանդույթներից: Այս ոճին բնորոշ են կարճ ու գունագեղ զգեստները:

Հարսանեկան հավատալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան մշակույթում լայն տարածում ունի հարսանիքի ու հարսանեկան զգեստի հետ կապված մի հավատալիք, համաձայն որի՝ «Հաջող ամուսնության համար հարսը պետք է կրի ինչ-որ հին, ինչ-որ նոր, ինչ-որ կապույտ բան, փոխ վերցրած ինչ-որ իր»: «Ինչ-որ հին բան». դա կարող է լինել ընտանեկան որևէ զարդ, ասում են, որ աղջիկը հիշում, սիրում ու շնորհակալություն է հայտնում իր նախնիներին: «Ինչ-որ նոր բան». առավել հաճախ դա հարսանեկան նոր զգեստն է՝ բարեկեցիկ ապագայի խորհրդանիշը: «Ինչ-որ կապույտ բան», դա հավատարմության և սիրո խորհրդանիշն է, իսկ «ինչ-որ փոխ վերցվածը» հարսին պետք է հիշեցնի, որ իր ընկերներն ու հարազատները միշտ իր կողքին են և միշտ կօգնեն:

Արքայադուստր Դիանայի հարսանեկան զգեստը կարվել էր այդ հավատալիքի համաձայն: Կորսաժի բոլորածալերին ժանյակներ էին, որոնք պատկանել էին Եղիսաբեթ II-ի տատին՝ Մարիա Թեքցուն. ինչ-որ «հին» բան՝ համաձայն հավատալիքի: «Կապույտ» էր գոտուն կարված ժապավենակապը, իսկ Դիանայի մայրը խնդրել էր դրան ավելացնել փոքրիկ ադամանդով ոսկեգույն նալ՝ «երջանկության համար»:

Մյուս հավատալիքը վերաբերում էր զգեստը հագցնելու գործընթացին: Մինչև հարսանիքը զգեստն ամբողջությամբ չպետք է փորձել, իսկ հարսնացուն այն չպետք է տեսնի հայելու մեջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Wedding white doesn't mean what you think it means»։ IBS։ Վերցված է 21 November 2014։ «Princess Philippa of England is the first recorded princess to have worn white during her wedding in 1406, with her attire consisting of a tunic and cloak in white silk but it wasn’t until Queen Victoria that the white dress would explode in popularity» 
  2. The History of Matrimony
  3. «Mary, Queen of Scots’ first wedding day»։ Վերցված է 21 November 2014։ «Mary’s choice of a white wedding dress was an unusual one, particularly as white was more traditionally worn by royal ladies when they were in dieul blanc mourning but in this as in other things the strong willed Mary may well have been an innovator, keen to not just impress her own taste on her wedding day (after all, she hadn’t been allowed the privilege of choosing her groom) but also emphasise her virginity and show off her famously pale redheaded beauty, which would have been accentuated by a pure white dress.» 
  4. «Elizabeth I Facts»։ Վերցված է 21 November 2014։ «Her favourite dress colours were white and black which symbolised purity.» 
  5. "Old Marriage Customs in Finland" Old Marriage Customs in Finland
  6. Свадебные платья в разных странах

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]