Օբյեկտ (փիլիսոփայություն)
Օբյեկտ, փիլիսոփայական տերմին, որը հաճախ օգտագործվում է սուբյեկտ տերմինի հակակշիռ։ Սուբյեկտը դիտորդն է, իսկ օբյեկտը՝ դիտարկվողը։ Ժամանակակից փիլիսոփաները, որոնցից է Դեկարտը, գիտակցությունը համարում են ճանաչողական վիճակ, որը ներառում է սուբյեկտ (ինչում երբեք չի կարելի կասկածել, քանի որ դա կարող է անել միայն նա, ով կասկածում է) և ինչ-որ օբյեկտ(ներ), որոնք կարող են դիտվել որպես ոչ իրական կամ ոչ լիովին էքզիստենցիալ կամ արժեք չունեցող` անկախ սուբյեկտից, որը դիտում է այն։
Մետաֆիզիկական տեսանկյունից տարբերվում են նաև նրանով, թե օբյեկտներն արդյոք դիտարկվում են գոյություն ունեցող իրենց հատկություններից անկախ և, եթե այո, ապա ինչ ձևով[1]։
Պրագմատիզմի ներկայացուցիչ Չարլզ Ս. Փիրսը տալիս է օբյեկտ հասկացության ընդարձակ սահմանումը` որպես այն ամենը, ինչի մասին մենք կարող ենք մտածել կամ խոսել[2]։ Ընդհանուր իմաստով սուբյեկտը ցանկացած գոյ է՝ բուրգեր, աստվածներ[3], Սոկրատես[3], Կենտավրոսի ալֆա, յոթ թիվը, նախասահմանությանը չհավատալը կամ կատուներից վախը։ Խիստ իմաստով դա վերաբերում է որոշակի գոյություն ունեցող ցանկացած բանի (entity):
Օբյեկտի հետ կապված հասկացություն է օբյեկտայնությունը։ Օբյեկտայնությունն օբյեկտ լինելու վիճակն է։ Դրա սահմանման մոտեցումներից մեկը օբյեկտի հատկությունների և հարաբերությունների կիրառումն է։ Բոլոր մարմինների, մտքի և մարդկանց նկարագրությունները պետք է լինեն ըստ իրենց հատկությունների և հարաբերությունների։ Օբյեկտայնության բնույթի փիլիսոփայական հարցը վերաբերում է, թե ինչպես են օբյեկտները կապված իրենց հատկությունների և հարաբերությունների հետ։ Օրինակ, թվում է, որ խնձորը նկարագրելու միակ միջոցը նրա հատկությունների նկարագրությունն է և այն, թե ինչպես է այն կապված այլ բաների հետ։ Նրա հատկությունները կարող են ներառել նրա կարմրությունը, չափը և կազմը, մինչդեռ նրա հարաբերությունները կարող են ներառել «սեղանի վրա», «սենյակում» և «մյուս խնձորներից ավելի մեծ լինելը»։
Օբյեկտ հասկացությունը պետք է լուծի երկու խնդիր՝ փոփոխությունների հետ կապված խնդիրները և սուբստանցների հետ կապված խնդիրները։ Օբյեկտայնության մասին երկու հիմնական գոյաբանական տեսություններն են` սուբստանցի տեսությունը, ըստ որի` սուբստանցները (օբյեկտները) տարբերվում են իրենց հատկություններից, և Հյումի կապոցի տեսությունը (Bundle theory), ըստ որի` օբյեկտը բաղկացած է միայն հատկությունների, հարաբերությունների կամ տրոփերի (Trope) հավաքածուից (Bundle - կապոցից)։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օբյեկտ բառը ծագել է լատիներեն objectus բառից՝ «նետել, կամ դնել առաջ կամ դեմ» նշանակությամբ, ob- և jacere, «նետել» բառերից[4]։ Որպես այդպիսին, այն մի քանի կարևոր բառերի արմատն է, որն օգտագործվում է որոշակի իմաստ ստանալու համար, ինչպիսիք են օբյեկտիվացնել[Ն 1], օբյեկտիվ[Ն 2][5], objection (առարկություն, բողոքել), օբյեկտիվիզմ[Ն 3], վարքագծի դրսևորման օբյեկտիվ ձև, որպես ֆունկցիա` օբյեկտիվ գործառույթ և այլն։
Տերմիններ և կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանրապես, օբյեկտ բառը առավելագույնս ընդհանուր կատեգորիայի անվանում է, որի անդամները կարող են հիշատակվել, քանակական գնահատվել և մտածել։ Օբյեկտի լայն հասկացությանը նման տերմիններից են` բան, էություն, գոյ, առարկա, գոյություն ունեցող, տերմին, միավոր և անհատ[3]։
Առօրյայում ընդունված է «օբյեկտ» անվանել միայն նյութական առարկան[3]։ Որոշակի համատեքստերում սոցիալական առումով անպատշաճ է օբյեկտ բառը կիրառել կենդանի էակների, հատկապես մարդկանց նկատմամբ, դրա փոխարեն ավելի ընդունելի են էություն և գոյություն բառերը։
Որոշ հեղինակներ օգտագործում են օբյեկտը որպես հատկությունների հակակշիռ. այսինքն՝ օբյեկտը հատկություն չհանդիսացող սուբյեկտ է։ Օբյեկտները հատկություններից տարբերվում են նրանով, որ օբյեկտները չեն կարող հիշատակվել պրեդիկատներով։ Նման օգտագործումը կարող է բացառել վերացական օբյեկտները որպես օբյեկտ ընդունելը։ Օբյեկտի նման օգտագործման տերմիններից են սուբստանց, անհատական, առանձնահատուկ, բացարձակ[3]։
Օբյեկտ բառը կարող է օգտագործվել նաև որպես սուբյեկտին հակակշիռ։ Երկու սահմանումներ կան. Առաջին սահմանումը պնդում է, որ օբյեկտը մի բան է, որը չի կարողանում զգալ և որը գիտակցված չէ։ Երկրորդ սահմանումը պնդում է, որ օբյեկտը փորձառու, որակներ ունեցող ինքնուրույն կազմավորում է։ Երկրորդ սահմանումը տարբերվում է առաջինից նրանով, որ երկրորդ սահմանումը թույլ է տալիս, որ սուբյեկտը միաժամանակ լինել օբյեկտ[3]։
Փոփոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օբյեկտի հատկանիշը կոչվում է հատկություն, եթե այն կարելի է զգալ (օրինակ՝ նրա գույնը, չափը, քաշը, հոտը, համը և գտնվելու վայրը)։ Օբյեկտները դրսևորվում են իրենց հատկությունների միջոցով։ Այս դրսևորումները կարծես փոխվում են կանոնավոր և միասնական ձևով, մի վիճակից անցնու մյուսի։ Ինչը հուշում է, որ ինչ-որ բան ընկած է հատկությունների հիմքում։ Փոփոխության խնդիրը հարցնում է, թե որն է այդ հիմքում ընկած բանը։ Ըստ սուբստանցի տեսության՝ պատասխանը նյութ է` սուբստանցիա, որն արտահայտում է փոփոխությունը։
Սուբստանցի խնդիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ սուբստանցները փորձարկվում են միայն իրենց հատկությունների միջոցով, սուբստանցն ինքը երբեք ուղղակիորեն չի փորձարկվում։ Սուբստանցի խնդիրը հարցնում է, թե ինչի հիման վրա կարելի է եզրակացնել մի սուբստանցի գոյության մասին, որը հնարավոր չէ տեսնել կամ գիտականորեն ստուգել։ Համաձայն Դեյվիդ Հյումի փաթեթային տեսության (Bundle theory)՝ պատասխանը ոչ մի է. Այսպիսով, օբյեկտը պարզապես նրա հատկություններն են։
Նագարջունան Mūlamadhyamakakārikā-ում ներկայացնում է օբյեկտների միջև դիխոտոմիական[Ն 4] կապը՝ որպես հատկությունների համախումբ կամ որպես այդ հատկություններից առանձնացված՝ ցույց տալու համար, որ երկու պնդումներն էլ վերլուծության ժամանակ տրոհվում են` մասերի են բաժանվում։ Բացահայտելով այս պարադոքսը, նա այնուհետև լուծում է տալիս (pratītyasamutpāda – «Փոխադարձ կախվածությամբ առաջացման վարդապետություն»), որը բուդդայական պրակտիկայի հիմքում ընկած պատճառականության ընդհանուր կոնցեպցիա է։ Թեև Pratītyasamutpāda-ն սովորաբար սահմանափակվում է պատճառական օբյեկտներով, Նագարջունան իր փաստարկը տարածում է առհասարակ օբյեկտների վրա՝ առանձնացնելով երկու տարբեր գաղափարներ՝ կախյալ նշանակում և կախյալ սկիզբ կամ պատճառների համատեղ առաջացում ( dependent designation and dependent origination ): Նա առաջարկում է, որ բոլոր օբյեկտները կախված են նշանակումից, և, հետևաբար, օբյեկտների բնույթի վերաբերյալ ցանկացած քննարկում կարող է իրականացվել միայն համատեքստի լույսի ներքո։ Օբյեկտների վավերականությունը կարող է հաստատվել միայն այն պայմանականությունների շրջանակներում, որոնք հաստատում են դրանք[6]։
Ինչ էլ որ փոխկախվածության մեջ առաջանա
Դա բացատրվում է որպես դատարկություն (շունյատա):
Դա, լինելով կախյալ նշանակում,
Ինքնին միջին ճանապարհն է։
Ինչ-որ բան, որը փոխկախվածության մեջ չի առաջացել
Նման բան գոյություն չունի.
Ուստի ոչ դատարկ բան (օբյեկտ)
Գոյություն չունի։
Նագարջունա, «Մուլամադհյամակաքարիկ» 24:18
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերտրան Ռասելը թարմացրել է դասական տերմինաբանությունը ևս մեկ տերմինով. «Այն, ինչ կա աշխարհում, ես փաստ եմ անվանում»[7]։ Փաստերը, օբյեկտները հակադրվում են համոզմունքներին, որոնք «սուբյեկտիվ» են և կարող են լինել սխալներ սուբյեկտի կողմից, ով գիտի, թե ով է դրանց աղբյուրը և ով վստահ է ինքն իր և էլի ինչ-որ բանի վրա։ Ամեն մի կասկած ենթադրում է սխալի հնարավորություն և, հետևաբար, ընդունում են սուբյեկտիվության և օբյեկտիվության տարբերությունը։ Իմացողը սահմանափակվում է փաստը համոզմունքից, կեղծը ճշմարիտ օբյեկտներից տարբերելու կարողությունից և զբաղվում է իրականության ստուգումով, մի գործողություն, որը կհանգեցնի օբյեկտի իրականության վերաբերյալ քիչ թե շատ որոշակիության։ Ըստ Ռասելի[8], «մեզ անհրաժեշտ է փաստի նկարագրություն, որը կդարձնի տվյալ համոզմունքն իրական», որտեղ «Ճշմարտությունը համոզմունքների հատկությունն է»։ Գիտելիքը «ճշմարիտ համոզմունքներն» են[9]։
Օբյեկտի հայեցակարգը տարբեր ավանդույթներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օբյեկտ հասկացության ընդհանուր իմաստներից բացի գոյաբանության և սուբյեկտ-օբյեկտ դիխոտոմիկ երկատվածության իմաստից, օբյեկտ հասկացությունը բազմիցս օգտագործվել է որպես տեխնիկական տերմին, եզրույթ տարբեր ավանդույթներում.
- Թովմա Աքվինացու դասական նյութը (լատիներեն` substantia, պարադոքսալ կերպով այն նախադասության քերականական սուբյեկտն է, որի մասին ինչ-որ բան է ասվում) հասկացվում է որպես նյութական օբյեկտ։
- Կանտի տրանսցենդենտալ փիլիսոփայության մեջ օբյեկտ են համարվում ըստ կատեգորիաների խմբավորված տպավորությունները։ Կանտի համար օբյեկտներն այն երևույթներն են, որոնք ունեն էմպիրիկ իրականություն։ Այնուամենայնիվ, դրանք տրանսցենդենտալ կերպով իդեալական են, այսինքն՝ դրանք կարող են առանձնացվել ինքնին իրից. «Բայց օբյեկտն այն է, որի հայեցակարգում միավորված է տվյալ հայեցողության բազմազանությունը»[10]։
- 18-19-րդ դարերի փիլիսոփայության մեջ սուբյեկտն ու օբյեկտն փոխլրացնում են, մասնավորապես իմացաբանության մեջ։ Հեգելյան դիալեկտիկայի մեջ բաժանումը իդեալիստորեն վերացված է։ Նա ձևակերպել է դիալեկտիկական մտածողության հիմնական օրենքներից մեկը՝ քանակական փոփոխություններից որակականի անցման օրենքը, ըստ որի՝ շարժումն ու զարգացումը տեղի են ունենում աստիճանաբար կամ թռիչքաձև։
- Սիմվոլիկ ինտերակտիվիզմում սոցիալական օբյեկտների նշանակությունը առաջանում է սիմվոլիկ միջնորդավորված գործողության գործընթացում։ Նմանապես, գործողությունների տեսությունը փորձում է թույլ տալ, որ փիլիսոփայությունը սկսվի գործողության մեջ և դրանով իսկ նախապես խուսափում է օբյեկտի հետ հակադրությունից[11]։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժեքային տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժեքային տեսությունը վերաբերում է օբյեկտների արժեքին։ Երբ խոսքը վերաբերում է տնտեսական, էկոլոգիական արժեքներին, այն հիմնականում առնչվում է ֆիզիկական օբյեկտների հետ։ Այնուամենայնիվ, երբ վերաբերում է փիլիսոփայական կամ էթիկական արժեքին, օբյեկտը կարող է լինել և՛ ֆիզիկական, և՛ վերացական օբյեկտ (օրինակ՝ գործողություն)։
Ֆիզիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օբյեկտայնության դիսկուրսը ֆիզիկական օբյեկտների տիրույթով սահմանափակելը կարող է դրանք պարզեցնել։ Այնուամենայնիվ, ֆիզիկական օբյեկտները տարրական մասնիկներով (օրինակ՝ քվարկներ) սահմանելը բաց է թողնում այն հարցը, թե որն է հիմնարար մասնիկի բնույթը և, հետևաբար, հարցնում է, թե գոյի որ կատեգորիաները կարող են օգտագործվել ֆիզիկական օբյեկտները բացատրելու համար։
Իմաստաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմվոլները իմաստային օբյեկտներ են, որոնք միացնում են երկու սկիզբ-երը: Ինչպես են նրանք դա անում, ինչպես է մտավոր և հոգևոր հաղորդակցման միասնական պատկեր ստեղծվում` սուբյեկտը օբյեկտ դառնում. օրինակ, քարտեզ-տարածք կապը սեմիոտիկայի հիմնական խնդիրն է[12]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Օվյեկտիվացնել, ռեիֆիկացնել, նյութական արժեքի վերածել, փիլիսոփայության մեջ` վերացական գաղափարների և հասկացությունների ռեիֆիկացում ◆ Ռեիֆիկացիայի դրսևորումներից է ֆետիշիզմը (ապրանքային, կրոնական և այլն։
- ↑ Օբյեկտիվ ◆ որպես հատկանիշ ցույց տվող` անաչառ ◆ նկարչությունում` որպես իրականորեն գոյություն ուեցող կամ ապագա հղում, անդրադարձ ռեֆերենս ◆ որպես սարք` օրինակ, լուսանկարչական օբյեկտիվ` օպտիկական ոսպնյակների համակարգ, որը պրոյեկտում է պատկերը հարթության վրա։
- ↑ Ա. Ռանդի փիլիսոփայական ուսմունք, որը կառուցված է ինքնաօբյեկտացման շուրջ։ Օբյեկտիվիզմի հիմնական դրույթներից մեկն այն է, որ իրականությունը գոյություն ունի անկախ այն բանից մարդիկ ընկալում են այն, թե ոչ։ Ըստ այդմ, կարելի է իրական աշխարհից օբյեկտիվ գիտելիք ստանալ միայն տրամաբանության միջոցով։
- ↑ Դիխոտոմի կամ երկատվածությունը, երկու իրարամերժ մասերի բաժանվածությունը, ինչպես մի ծառ, որի արմատից մեկ բուն է բարձրանում, բայց մի փոքր բարձրության վրա այն երկու մասի է բաժանվում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Goswick, Dana (2016 թ․ հուլիսի 27). «Ordinary Objects». oxfordbibliographies (անգլերեն). doi:10.1093/obo/9780195396577-0312. ISBN 978-0-19-539657-7. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Peirce, Charles S. «Object». University of Helsinki. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 19-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Rettler, Bradley and Andrew M. Bailey. «Object». Stanford Encyclopedia of Philosophy. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Klein, Ernest (1969) A comprehensive etymological dictionary of the English language, Vol II, Elsevier publishing company, Amsterdam, pp. 1066–1067
- ↑ «Референс». netology.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Garfield, Jay L. (1995), The Fundamental Wisdom of the Middle Way, Oxford: Oxford University Press, էջ 304
- ↑ Russell 1948, էջ. 143
- ↑ Russell 1948, էջեր. 148–149
- ↑ Russell 1948, էջ. 154
- ↑ Kant: Kritik der reinen Vernunft էջ.B137 / Կանտ. Մաքուր բանականության քննադատություն
- ↑ Piñeros Glasscock, Juan S.; Tenenbaum, Sergio (2023). Zalta, Edward N.; Nodelman, Uri (eds.). Action (Spring 2023 ed.). Metaphysics Research Lab, Stanford University.
- ↑ Dąmbska, Izydora (2016). «Symbols». Poznan Studies in the Philosophy of the Sciences & the Humanities. 105: 201–209 – via Humanities Source.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Russell, Bertrand (1948). Human Knowledge Its Scope and Limits. New York: Simon and Schuster.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bradley Retter & Andrew M. Bailey (2017). Object. Metaphysics Research Lab, Stanford University.
{{cite book}}
:|website=
ignored (օգնություն) - Gideon Rosen (2022). Abstract objects. Metaphysics Research Lab, Stanford University.
{{cite book}}
:|website=
ignored (օգնություն) - Colin Smith. «Even More Abstract Objects». Crazy Objects And Their Affect On Reality.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օբյեկտ (փիլիսոփայություն)» հոդվածին։ |
|