Ապրանքային ֆետիշիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքական պաստառ, որում ոսկեդրամը ներկայացվում է որպես բարեկեցության հիմք

Ապրանքային ֆետիշիզմ, ապրանքներին գերբնական հատկությունների վերագրում, արտադրության միջոցների մասնավոր սեփականության վրա հիմնված ապրանքային տնտեսության արտադրական հարաբերությունների իրայնացում։ Տարերային ապրանքային արտադրության պայմաններում ապրանք արտադրող աշխատանքը անմիջաբար հանդես է գալիս որպես մասնավոր աշխատանք, որի հասարակական բնույթը դրսևորվում է շուկայում՝ ապրանքների փոխանակման ժամանակ։

Ապրանքարտադրողների հասարակական կապերն իրականացվում են ապրանքների փոխանակման միջոցով և առերևույթ արտահայտվում են որպես ապրանքների հարաբերություն, որ թվում է թե բխում է դրանց բնական հատկություններից։ Ուստի և մարդկանց հասարակական հարաբերությունները նրանց աչքում ընդունում են իրերի հարաբերության ֆանտաստիկ ձև։ Ապրանքներին, որպես փոխանակային արժեքների, վերագրվում են ապրանքատերերի վրա իշխելու գերբնական հատկություններ։ Պահանջարկի ու առաջարկի ազդեցությամբ ապրանքագները շարունակ փոփոխվում են, որի հետևանքով էլ ոմանք հարստանում են, մյուսները՝ քայքայվում։ Ֆետիշիզմը տարածվում է նաև փողի վրա։ Փողով ցանկացած ապրանք ձեռք բերելու հնարավորությունը դրսևորվում է որպես ոսկու և արծաթի բնական հատկություն։ Մինչդեռ փողի իշխանությունը տարերային տնտեսության հասարակական հարաբերությունների գերիշխանությունն է մարդկանց նկատմամբ։

Ապրանքային ֆետիշիզմը իր ամենաբարձր զարգացմանն է հասնում կապիտալի ֆետիշացումով, կապիտալին վերագրվում է ինքնաճման բնական հատկություն

Ապրանքային ֆետիշիզմի էության մասին խոսել է Կարլ Մարքսն իր «Կապիտալ» աշխատության մեջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարքս Կ., Կապիտալ, հ. 1, Ե., 1954, գլուխ 1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 515 CC BY-SA icon 80x15.png