Փոստային գալարափող (Նորվեգիայի նամականիշ)
«Փոստային գալարափող» (նորվ.՝ Posthornfrimerker), Նորվեգիայի ֆիլատելիական ստանդարտային փոստային նամականիշների անվանում։ Սրանք անդադար կերպով թողարկվել են սկսած 1872 թվականից ու մինչև այսօր էլ շարունակվում են լույս ընծայվել։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս փոստային նամականիշների սյուժետային գլխավոր տարրը հանդիսանում է փոստային գալարափողը` թողարկման պաշտոնական սիմվոլը։ Գալարափողի ոլորանի օղակի վրա գտնվում է թագ, իսկ ներսում ներկայացված է անվանական գնի թիվը։ Այս բոլոր տարրերը պարփակված են լայն ձվաձև տարածության մեջ, որի վերևի հատվածում գտնվում է երկրի ինքնանվանումը, տվյալ դեպքում`«NORGE», իսկ ներքևի մասում` անվանական գնի արժեքը տառերով գրված։
Փոստային նամականիշի ամեն մի անկյունում պատկերված է երկաթուղային անիվ` Մերկուրիի թևերով[1], որոնք խորհրդանշում են արագ փոստային առաքումն ու տեխնիկական առաջընթացը։ Փոստային նամականիշները տպագրվել և շարունակվում են տպագրվել փոստային նամականիշային թղթերի վրա հարյուր օրինակով։
«Փոստային գալարափող» (Posthorn) եզրը համարվում է համեմատաբար գործածական անվանում այս շարքի համար։ Մյուս հայտնի տարածված անվանումներից են «նորվեգական փոստային գալարափող»[2], «փոստային գալարափող և թագ» (անգլ.՝ Posthorn and Crown)[3] և երբեմն էլ` «թագակիր փոստային գալարափող» (նորվ.՝ Kronet Posthorn): Իրականում Նորվեգիայի ֆիլատելիական մշակույթում այդպես անվանում են ոչ թե բուն փոստային նամականիշը, այլ փոստի կնիքը` համապատասխան նկարով, որը նույնպես երկարամյա պատմություն ունի։ Դրանք չպետք է շփոթել միմյանց հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորվեգիայում փոստային նամականիշների շարքն առաջին անգամ հայտնվել է 1855 թվականի հունվարի 1-ին։ Սակայն սրանց վրա ոչ թե «Փոստային գալարափող» էր, այլ Նորվեգիայի պետական զինանշանը։
Այդ ժամանակների նորվեգական տպագրությունը, որը վերաբերում էր փոստային նամականիշներին, համարվում էր «անճոռնի, պարզունակ և անհամապատասխան»[4], ու եթե համեմատվեն այդ ժամանակների այլ պետությունների փոստային նամականիշները, կարելի է հավատալ վերոհիշյալ որակումներին։
Հաջորդ տարվա դեկտեմբերին՝ 1856 թվականին, լույս ընծայվեցին նոր ստանդարտ փոստային նամականիշների շարք, որոնց վրա պատկերված էր Օսկար I թագավորի դիմանկարը։ Քանի որ այդ ժամանակ Նորվեգիան մաս էր կազմում Շվեդիայի և Նորվեգիայի միացյալ թագավորության, ապա բոլոր շվեդական թագավորները նաև Նորվեգիայի թագավորներն էին համարվում, ուստի զարմանալի չէ թագավորի պատկերի հայտնվելը նորվեգական փոստային նամականիշների վրա։ Միաժամանակ, երկիրը գտնվում էր ազգային ազատագրական պայքարի մեջ, և բնականաբար հույժ անհրաժեշտ էին ազգային խորհրդանիշերի պատկերները։ Այդպիսի խորհրդանիշերից մեկը դարձավ հենց «Փոստային գալարափողը»։
«Փոստային գալարափողի» մեկնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոստային նամականիշի դիզայնը մշակվել է գերմանացի ճարտարապետ և գրաֆիկ Անդրեաս Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Հաննոյի կողմից[5] (գերմ.՝ Andreas Friedrich Wilhelm von Hanno, 1826-1882 թվականներ)։ Այդ ժամանակ Վիլհելմ ֆոն Հաննոն գտնվում էր Նորվեգիայում, քանի որ ծառայության մեջ էր 1850 թվականից։ Նա նաև մասնագիտանում էր երկաթուղային շինությունների մեջ ու բազմաթիվ երկաթուղային կայարանների շենքերի հեղինակն է համարվում Նորվեգիայում։ «Փոստային գալարափողերի» առաջին թողարկման փորագրողը դարձավ դանիացի Ֆիլիպ Բացը (դան․՝ Philip Batz) Կոպենհագենից։
Փորձագետները նոր նորվեգական փոստային նամականիշների դիզայնը համարում են ուղղակի հիանալի, և որ ամենակարևորն է, ժամանակի հետ շարժվող նամականիշ։ Քեննեդ Վուդը (անգլ.՝ Kenneth A. Wood) իր եռահատոր «Այս ֆիլատելիան» աշխատության մեջ, որը լույս է ընծայվել 1982 թվականին, նորվեգական «Փոստային գալարափողի» մասին ասպես է արտահայտվել[6].
Այս պարզ և գործառնական դիզայնով փոստային նամականիշը նույնիսկ այսօր հնատիպ ու հնացած տեսք չունի բնավ: |
It is a simple and effective design, which even today does not appear dated or old fashioned.
Իմիջիայլոց, Վիլհելմ ֆոն Հաննոյի կողմից նկարված «Փոստային գալարափողի» նկարն ուներ նախատիպ, որն առաջին անգամ հայտնվել էր «գալարափողի» ծնունդից մեկ տարի առաջ։ Դրանք Դանիայի փոստային նամականիշների համանման շարքն էր, որոնք կիրառության մեջ էին մտել 1870 թվականից 1871 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Դրանք սկզբնական շրջանում երկգույն էին և հենց այդպես էլ անվանվում էին՝ «Դանիական երկգույններ» (The Danish Bi-Coloured):
Եթե համեմատվեն նորվեգական և դանիական «Փոստային գալարափողերը», ապա կարելի է տեսնել, որ Վիլհելմ ֆոն Հաննոն նույնիսկ փոքր դետալներն ու սիմվոլները նկարելիս օգտվել է նախամորից՝ դանիական գալարափողից, սակայն, կատարելագործել է դրանք։
Չնայած այն հանգամանքին, որ «Փոստային գալարափողը» կիրառության մեջ է մտել պաշտոնական տվյալներով 1872 թվականի հունվարի 1-ից, ըստ Stamp Magazine[7] տվյալների արդեն նախորդ տարվա դեկտեմբերից դրանք հայտնվեցին փոստատներում[8]։ 1871 թվականի դեկտեմբերի 22-ին «Փոստային գալարափողը» կիրառվեց նախավճարման եղանակով և սկսվեց պաշտոնապես մարվել փոստի կողմից[Ն 1]։
1872 թվականից մինչև մեր օրերը Նորվեգիայի փոստի կողմից լույս են ընծայվել և շրջանառության մեջ են մտցվել ավելի քան 154 տեսակի «Փոստային գալարափողեր», այդ թվում՝ մի քանի հոբելյանական թողարկումներ, այսպես կոչված «Նամականիշը նամականիշի վրա»։ Մ. Բորեսենի կողմից (M. Børresen) հիմնադրված տեղական փոստը Դրամենում բացվել է 1888 թվականի հունիսի 15-ին։ Առաջին փոստային նամականիշի անվանական գինը 5 էրե էր։ Դրանց վրա գրված էր «Berresens / Bypost / Drammen»՝ զարդարուն շրջանակի մեջ։ Այն տպված էր ձեռքի եղանակով կարմիր ներկով՝ երկնագույն թղթի վրա։ Շրջանառության մեջ է մտել 1888 թվականի հունիսի 15-ին՝ բացման իսկ օրը։ 1888 թվականի հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Բորեսենի տեղական փոստը թողարկեց նաև տպագրական եղանակով տպված նամականիշներ, բայց նաև պահպանվեցին ձեռքով տպվածները։ Այս նամականիշների վրա պատկերված էր նամակային գալարափող և գրված՝ «Bypost Drammen» կամ «Drammens post»: Նույն թվականին նաև փոստային բացիկներ են թողարկվում։ Մ. Բորեսենի կողմից հիմնադրված տեղական փոստը փակվեց 1888 թվականի դեկտեմբերի 31-ին[9][10]։
Բացի բուն փոստային նամականիշներից, Նորվեգիան նաև թողարկել է փոստային բացիկներ, դրոշմակնքված ծրարներ և աերոգրամներ։
«Փոստային գալարափողը» լույս ընծայելիս նորվեգական փոստային բաժանմունքները բազմիցս տարբեր տպագրության եղանակներ են կիրառել։ 1872 թվականից 1991 թվականներն ընկած ժամանակահատվածում փոստային նամականիշները տպագրվել են մեկ գույնով, իսկ սկսած 1991 թվականից՝ երկգույն։ 1997 թվականին, երբ շրջանառության մեջ հայտնվեցին բազմագույն փոստային նամականիշներ, տպագրությունը փոփոխության է ենթարկվեց։ Փոխվեցին նաև ատամիկները, տպագրության եղանակները, թուղթը, ջրանիշը, նամականիշների չափերը (սովորական չափը 20 միլիմետր է, սակայն 1882 թվականից 1888 թվականներին մեկ միլիմետրով ավելի մեծ էր), տառատեսակը, անվանական արժեքի գրվելիք բովանդակությունը, թևերի նկարը, անիվը, թագերը, հաստությունը և բուն գալարափողի ստվերապատումը. ֆիլատելիստները տարբերակում են ստվերապատ գալարափող (shaded) և առանց ստվերի՝ unshaded posthorn:
Էվոլյուցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փոստային գալարափողերի» առաջին թողարկումն իրականացվել է 1872 թվականից 1875 թվականներին Պ.Պետերսենի (P. Petersen) Քրիստիանիայում գտնվող տպարանում. այդ փոստային նամականիշները կիրառության մեջ մնացին ընդհուպ 1877 թվականը։ Դրանից հետո դուրս են բերվել շրջանառությունից, քանի որ Նորվեգիայում փոխվեց դրամական միավորը։ Սքիլինգի փոխարեն արդեն գործածության մեջ մտան կրոնն ու էրեն։ Երկրորդ հրատարակման ժամանակ արդեն անվանական գները վերոհիշյալ դրամական միավորներով էին արտահայտված։ Այդ ժամանակ փոփոխվեցին նաև գրությունները. սկսեցին տպագրել «փոստային նամականիշ» (postfrim՝ կրճատ postfrimerke) գրությունը և դրա կողքին անվանական գինը՝ էրե (øre): Առավել թանկ անվանական գնով փոստային նամականիշների վրա տեղադրված էր Նորվեգիայի պետական զինանշանն ու անվանական գինը կրոններով։
1882 թվականին նոր թողարկվող փոստային նամականիշների համար պայմանագիր կնքեց Քրիսթիան Յոնսենը (Christian Johnsen): 1886 թվականից 1895 թվականների միջև ընկած ժամանակահատվածում նրա մրցակիցը դարձավ Հանս Յակոբ Յենսենի (Hans Jacob Jensen) ընկերությունը, որը կոչվում էր «Central Printing Works»: 1893 թվականին նույնպես փոփոխությունների ենթարկվեցին փոստային նամականիշները. նոր փորագրողը դարձավ Ի. Թրոնդսենը (I. Trondsen)՝ Քյոնիգսբերգից։ Այս անգամ հիմնականում փոփոխության ենթարկվեց տառաձևը, և ցայսօր էլ այն անփոփոխ է մնում։
1895 թվականից «Փոստային գալարափողեր» սկսեց արտադրել Քրիսթիան Կնուդսենը (Christian Knudsen): 1909 թվականից նոր փորագրանկարիչը դարձավ Հ.Ռուին (H. Rui), ով թագն առանձնացրեց գալարափողից առավել տեսանելի շերտով։ 1937 թվականից «Փոստային գալարափողով» փոստային նոր նամականիշները սկսեցին տպագրել հելիոփորագրությամբ (լուսանկարահանումով)։
1940 թվականի հունիսին Նորվեգիայի տարածքը օկուպացիայի ենթարկվեց Երրորդ Ռայխի կողմից։ 1941 թվականին՝ օգոստոս ամսին, այս իրադարձության մեկամյակի կապակցությամբ թողարկվեցին նոր «Փոստային գալարափողով» փոստային նամականիշներ։ Դրանց վրա ավելացվել էր «V» («հաղթանակ») խորհրդանշող սիմվոլը սև ներկով։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ նացիստները բացի դրանից, որևէ փոփոխություն չարեցին փոստային նամականիշների վրա, իսկ օրինակ արժեթղթերի վրայից հեռացրին թագը՝ սակայն «Փոստային գալարափողի» վրա թագը շարունակվում էր պատկերվել։
Նորվեգիայի դիմադրության շարժման ժամանակ հիտլերյան «V» սիմվոլը դարձավ կարգախոս՝ Vi vill vinne՝ «Մենք կհաղթենք»։ Այդ գրությունները գաղտնի կերպով տարածում գտան ամբողջ Նորվեգիայի տարածքում։ 1944 թվականին այդ գրությունը հայտնվեց նաև նոր փոստային նամականիշների վրա, որոնք թողարկվեցին Լոնդոնում, քանի որ թագավորական ընտանիքն այդ ժամանակ տարհանված էր Միացյալ Թագավորությունում[Ն 2]:
1950 թվականից փոստային նամականիշների տպագրության գլխավոր մարմինը դառնում է Նորվեգիայի բանկը (նորվ.՝ Norges Bank Seddeltrykkeri): 1962 թվականից առավել խորը տպագրության եղանակով ստեղծված նամականիշներ են մտնում շրջանառության մեջ, որոնց փորագրանկարիչը Կնուտ Լյուրկե-Սերենսենն էր (Knut Løkke-Sørensen): Սրանց գույներն առավել հագեցած էին։
1969 թվականից սկսեցին լույս տեսնել «Փոստային գալարափողերը» նոր՝ ֆոսֆորեսցենցիայով պատված թղթերի վրա, որոնց փորագրանկարիչը Հ. Վելդեն էր։ Դրանց անվանական արժեքը հասնում էր առավելագույնը 1 կրոնի։
1994 թվականից արդեն ֆոսֆորեսցենցիայով պատված թղթերի վրա տպագրությունը դադարեցվում է։ Այդ ժամանակ փորագրանկարիչ է ընտրվում Սվերե Մորկեն, որը կատարելագործում է փոստային նամականիշները և դարձնում բազմագույն։
Սվերե Մորկենը իր կյանքի ընթացքում ստեղծել է ավելի քան 150 փոստային նամականիշներ, որոնք կազմում են ամբողջ Նորվեգիայի փոստային նամականիշների շուրջ 10 %-ը և սկսվել են թողարկվել սկսած 1855 թվականից[12]։ Հայտնի գալարափողային նամականիշները Սվերե Մորկենը տպագրել է օֆսեթ տպագրության եղանակով, որոնք հիմնականում լույս են ընծայվել 1997, 2001, 2005 և 2010 թվականներին[13]։ Այս գեղարվեստական նամականիշները ստեղծելով՝ Սվերե Մորկենը միջազգային բազմաթիվ մրցանակների է արժանանում[12]։ 1994 թվականին նրան շնորհվում է Ռոբերտ Շտոլցի մրցանակ՝ որպես լավագույն նամականիշներ ստեղծողի երաժշտության թեմատիկայով։ Այդ նամականիշները նկարիչը ստեղծել էր աշխարհահռչակ նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի 150-ամյակի առթիվ[12]։ 2003 թվականին նրան վստահեցին նոր թողարկվող նամականիշների պատրաստումը, որոնք նվիրված էին Նոբելյան մրցանակաբաշխության 100-ամյակին[12]։
1997 թվականից «Փոստային գալարափողերի» տպագրությունն սկսում է իրականացվել օֆսեթ եղանակով։
2000 թվականի դեկտեմբերից Նորվեգիայի փոստային նամականիշները տպագրվում են Նիդերլանդներում՝ Յոհ Էսհենդեյի տպագրատանը, որը կոչվում է՝ «Joh Enschedé Security Printers»:
№ | Թվականներ | Անվանական արժեք և գույներ | Գալարափող | Տառատեսակ | Տպագրության եղանակ | Ջրանիշ, թուղթ | Ատամիկներ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | 1872-1875 | Սքիլինգ՝ 1 (կանաչ), 2 (երկնագույն), 3 (կարմիր), 4 (բաց մանուշակագույն), 6 (վառ շագանակագույն), 7 (մուգ շագանակագույն) | Ստվերագծված | Առանց նշահատվածքի | Տպարանական եղանակով | Առկա է | 14½ × 13½ |
2 | 1877-1882 | Էրե՝ 1 (մոխրագույն), 3 (նարնջագույն), 5 (երկնագույն), 10 (կարմիր), 12 (կանաչ), 20 (շագանակագույն), 25 (բաց մոխրագույն), 35 (կապտականաչ), 50 (մորեգույն), 60 (կապույտ) | Ստվերագծված | Առանց նշահատվածքի | Տպարանական եղանակով | Առկա է | 14½ × 13½ |
3 | 1882-1888 | Էրե՝ 3 (նարնջագույն), 5 (կապտականաչ), 10 (կարմիր), 12 (կանաչ կամ շագանակագույն), 20 (կապույտ կամ մուգ շագանակագույն), 25 (մանուշակագույն); |
Առանց ստվերագծումների | Առանց նշահատվածքի | Տպարանական եղանակով | Առկա է | 14½ × 13½, |
4 | 1886-1894 | Էրե՝ 1 (մոխրագույն), 2 (շագանակագույն), 3 (դեղին), 5 (կանաչ), 10 (կարմիր), 20 (կապույտ), 25 (գորշակապույտ) | Առանց ստվերագծումների | Առանց նշահատվածքի | Տպարանական եղանակով | Առկա է | 14½ × 13½ |
5 | 1893-1894 | Էրե՝ 3 (դեղին), 10 (կարմիր), 20 (կապույտ) | Առանց ստվերագծումների | Նշահատվածքով | Տպարանական եղանակով | Առկա է | 14½ × 13½ |
6 | 1894-1898 | Էրե՝ 1 (մոխրագույն), 3 (նարնջագույն), 5 (կանաչ), 10 (կարմիր), 20 (կապույտ), 25 (մանուշակագույն), 35 (կապտականաչ), 50 (թունդ կարմիր) | Առանց ստվերագծումների | Նշահատվածքով | Տպարանական եղանակով | Առկա է | 13½ × 12½ |
7 | 1898-1908 | Էրե՝ 1 (մոխրագույն), 2 (վառ շագանակագույն), 3 (նարնջագույն), 5 (կանաչ), 10 (կարմիր), 15 (մուգ շագանակագույն), 20 (երկնագույն), 25 (մանուշակագույն), 30 (թունդ մոխրագույն), 35 (կապտականաչ), 50 (թունդ կարմիր), 60 (կապույտ) | Առանց ստվերագծումների | Նշահատվածքով | Տպարանական եղանակով | Առկա է | 14½ × 13½ |
8 | 1909-1919 | Էրե՝ 1 (մոխրագույն), 2 (վառ շագանակագույն), 3 (նարնջագույն), 5 (կանաչ), 10 (կարմիր), 12 (կապտամանուշակագույն), 15 (շագանակագույն), 20 (երկնագույն), 25 (մանուշակագույն), 30 (թունդ մոխրագույն), 35 (ճահճագույն), 40 (վառ կանաչ), 50 (թունդ կարմիր), 60 (կապույտ) | Առանց ստվերագծումների | Նշահատվածքով | Տպարանական եղանակով | Առկա է | 14½ × 13½ |
9 | 1920-1929 | Էրե՝ 5 (մանուշակագույն), 7 (կանաչ), 10 (կանաչ), 15 (թունդ կապույտ), 20 (ճահճագույն), 25 (կարմիր), 30 (երկնագույն), 40 (երկնագույն) |
Առանց ստվերագծումների | Նշահատվածքով | Տպարանական եղանակով | Առկա է | 14½ × 13½ |
10 | 1937 | Էրե՝ 1 (ճահճագույն), 2 (վառ շագանակագույն), 3 (նարնջագույն), 5 (մորեգույն), 7 (կանաչ) | Առանց ստվերագծումների | Նշահատվածքով | Լուսանկարահանումով | Առկա է | 12¾ × 13¼ |
11 | 1940-1941 | Էրե՝ 1 (ճահճագույն), 2 (վառ շագանակագույն), 3 (նարնջագույն), 5 (մորեգույն), 7 (կանաչ), 12 (մանուշակագույն) | Առանց ստվերագծումների | Նշահատվածքով | Լուսանկարահանումով | Բացակայում է | 14½ × 13½ |
12 | 1941 | 1937- և 1940 թվականների թողարկումներ "V" սև գույնով սիմվոլով | |||||
13 | 1950-1952 | Էրե՝ 10 (գորշակապույտ), 15 (կապտա-կանաչ կամ շագանակագույն), 20 (մուգ շագանակագույն կամ կանաչ) | Առանց ստվերագծումների | Նշահատվածքով | Լուսանկարահանումով | Բացակայում է | 12¾ × 13¼ |
14 | 1962 | Էրե՝ 5 (մորեգույն), 10 (գորշակապույտ), 15 (շագանակագույն), 20 (կանաչ) | Ստվերագծված | Նշահատվածքով | Խորը տպագրություն | Բացակայում է | 12¾ × 13¼ |
15 | 1969-1978 | Էրե՝ 5 (մորեգույն), 10 (գորշակապույտ), 15 (վառ շագանակագույն), 20 (կանաչ), 25 (երկնագույն), 40 (ճահճագույն), 50 (մանուշակագույն), 60 (կարմիր), 70 (նարնջագույն), 80 (թունդ կարմիր), 90 (մուգ շագանակագույն) | Ստվերագծված | Նշահատվածքով | Խորը տպագրություն | Ֆոսֆորեսցենցիապատ թուղթ | 12¾ × 13¼ |
16 | 1991-1992 | Կրոն՝ 1 (սև ու կարմիր), 2 (մանուշակագույն և կանաչ), 3 (կանաչև կապույտ), 4 (կարմիր иև նարնջագույն), 5 (կապույտ և կանաչ), 6 (թունդ կարմիր և զմրուխտագոույն), 7 (կանաչ և ծիրանագույն), 8 (մանուշակագույն-կանաչ), 9 (շագանակագույն և երկնագույն) | Ստվերագծված | Նշահատվածքով | Խորը տպագրություն | Ֆոսֆորեսցենցիապատ թուղթ | 12¾ × 13¼ |
17 | 1997 | Կրոն՝ 0, 10 (որդան կարմիր-շագանակագույն), 0, 20 (երկնագույն կապույտ), 0, 30 (նարնջագույն), 0, 40 (մոխրագույն), 0, 50 (կանաչ) | Ստվերագծված | Նշահատվածքով | Օֆսեթ տպագրություն | Բացակայում է | 12¾ × 13¼ |
18 | 2001-2005 | Կրոն՝ 1 (կանաչ, ոսկեգույն), 2 (երկնագույն, ոսկեգույն), 3 (կապույտ, ոսկեգույն), 5 (մանուշակագույն, ոսկեգույն), 6 (մանուշակագույն, ոսկեգույն), 7 (շագանակագույն, ոսկեգույն), 9 (նարնջագույն, ոսկեգույն) | Ստվերագծված | Նշահատվածքով | Օֆսեթ տպագրություն | Բացակայում է | 14 × 13½ |
2010 թվականին վերաթողարկվել են 2001-2005 թվականների փոստային նամականիշները 1 և 2 կրոն արժողությամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորվեգիայի փոստի և փոստային նամականիշների պատմություն
- Նորվեգիայի տեղական փոստեր
- Սվերե Մորկեն
- Շպիցբերգենի տեղական փոստեր
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Digranes J. Norway: Posthorn definitives Արխիվացված 2009-01-23 Wayback Machine на сайте Norwegian Railways in Philately.(անգլ.)(Ստուգված է 27 Դեկտեմբերի 2008)
- ↑ Carl H. Werenskiold. De norske posthornfrimerker - 100 År(չաշխատող հղում) - Utgitt, 1979.(նորվ.)(Ստուգված է 27 Դեկտեմբերի 2008)
- ↑ Miller, R. Lines of stamp classifications have blurred Արխիվացված 2015-05-04 Wayback Machine - Linn’s Stamp News, 14 апреля 2003 года.(անգլ.)(Ստուգված է 27 Դեկտեմբերի 2008)
- ↑ Petersen, B. Norway(չաշխատող հղում) - Arago National Postal Museum, Smithsonian Institution, 22 мая 2006 года.(անգլ.)(Ստուգված է 27 Դեկտեմբերի 2008)
- ↑ При передаче кириллицей норвежской традиции его имя обычно пишется Արխիվացված 2017-09-23 Wayback Machine как «вон Ханно».
- ↑ Wood K. A. This is Philately: Encyclopedia, Vol. 2, G-P. - Albany: Van Dahl Publications, 1982. - P. 505. - ISBN 0-934466-03-3.(անգլ.)
- ↑ Stamp Magazine. - 1973. - № 7. - P. 58.(անգլ.)
- ↑ Это нормальная для того времени ситуация - см., например, статьи Германия (серия марок), Первая марка России и др.
- ↑ «Drammen; Drammen - Borresen Local Post; Drammen bypost; Drammen - Eckholdt Local Post; Drammen - G. O. Ulleberg Local Post; Drammen - I. B. Hagen Local Post; Drammen - J. Eriksen Local Post». Glossary of Stamp Collecting Terms - D (անգլերեն). AskPhil; Collectors Club of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Norwegen Bypost. Drammen IV» (գերմաներեն). FG Nordische Staaten e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
- ↑ http://www.slettebo.no/graphics/norvegiana/canada-ont-little-norway-1946.jpg
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 «1994: Sverre Morken». The Robert Stolz Trophy for Music Philately. Yehudi Menuhin Trophy for Music Philately (անգլերեն). Motivgruppe Musik e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «November 15th 2010 - Posthorn Stamps». Stamp programme 2010. Stamps and collecting. Products and services (անգլերեն). Norway Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Большой филателистический словарь / Под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. - М.: Радио и связь, 1988. - 320 с. - ISBN 5-256-00175-2. (См. статью Норвегия.)(Ստուգված է 27 Դեկտեմբերի 2008)
- Искендеров Э. В стране викингов կամСпрингданс на марках // Гармония. - 2002. - Вып. 1.(Ստուգված է 16 փետրվարի 2009)
- Jellestad J. The stamps of Norway. June 1872-1875 skilling values, Posthorn types // Philatelic Journal of Great Britain. - 1924. - P. 16-22.(անգլ.)
- Mackay J. A. The Guinness Book of Stamps: Facts and Feats. - New York, NY, USA: Canopy Books, 1982. - P. 78-80, 180-181. - ISBN 1-55859-432-9.(անգլ.)(Ստուգված է 22 Սեպտեմբերի 2010)
- Nielsen L. The Bicoloured Stamps of Denmark 1870-1905: In 6 vols. - Copenhagen, Denmark: Copenhagen Philatelic Club, 2001. - ISBN 87-983015-5-1.(դան.)(անգլ.)
- Werenskiold C. De Norske Posthornfrimerker 100 År - Norway Posthorn stamps 100 years. - Utgitt, 1972.(նորվ.)(անգլ.)
- Werenskiold C. Norway, shaded Posthorn øre issues, types. - Utgitt, 1973.(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Baadke, M. Sets and series are tailor-made for collecting Արխիվացված 2010-01-04 Wayback Machine - Linn’s Stamp News, 17 января 2000 года.(անգլ.)(Ստուգված է 27 Դեկտեմբերի 2008)
- Engelbrecht, L. The Bi-Coloured Արխիվացված 2017-04-21 Wayback Machine на сайте postalstationery.dk(անգլ.)(Ստուգված է 27 Դեկտեմբերի 2008)
- Mackay, J. Norway’s 1962-78 Definitives(չաշխատող հղում) - Gibbons Stamp Monthly, апрель 2004 года.(անգլ.)(Ստուգված է 27 Դեկտեմբերի 2008)
- Servies, T. Norway’s Post Horn Stamp Արխիվացված 2016-12-22 Wayback Machine - stampsofdistinction.com, 8 марта 2008 года.(անգլ.)(Ստուգված է 27 Դեկտեմբերի 2008)
- Frimerkehusets Posthorn-nøkkel на сайте F. C. Moldenhauer AS, Берген(նորվ.)(Ստուգված է 27 Դեկտեմբերի 2008)
- Milestones in Norway Post’s history Արխիվացված 2010-10-15 Wayback Machine на сайте Почты Норвегии.(անգլ.)(Ստուգված է 27 Դեկտեմբերի 2008)
- Norway Posthorn in Roman capitals на сайте Почты Испании(անգլ.)(Ստուգված է 27 Դեկտեմբերի 2008)
- «Posthorn». Nicknames of Famous Stamps (անգլերեն). Junior Philatelists; Gayland Bird. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 29-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փոստային գալարափող (Նորվեգիայի նամականիշ) կատեգորիայում։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |