Փաստաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փաստաբանություն. մասնագիտական միավորում, որի նպատակը քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերի ու մարմինների որոշումների վրա ազդեցություն ունենալն է։ Փաստաբանության անմիջական խնդիրն անձին իրավաբանական օգնություն ցույց տալն է։ Փաստաբանությունը իրավապաշտպան գործունեություն իրականացնող սոցիալ-հանրային ինստիտուտ է, որի խնդիրներն են ֆիզիկական և իրավաբանական անձանց օգնություն ցույց տալը, նրանց իրավունքներն ու ազատություններն օրենքով չարգելված միջոցներով պաշտպանելը, ինչպես նաև արդարադատության իրականացմանը նպաստելը։ Փաստաբանն այն անձն է, ով փաստաբանական ծառայություն է մատուցում նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։

Փաստաբանության ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստաբանությունը դասվում է հնագույն իրավական ինստիտուտների շարքին։ Փաստաբանությունը ծագել է դեռևս Հին Հռոմում ու Հին Հունաստանում։ Տերմինը ծագել է լատիներեն advocare կամ advocatus արմատից, որը նշանակում է կոչված կամ կանչված։ Ժամանակի ընթացքում աշխարհում տարածվեց ու զարգացավ այն գաղափարը, որ մարդը կարող է իր իրավունքները պաշտպանել մեկ ուրիշի միջոցով։ Հին Հունաստանում տարածված չէր փաստաբանների` դատարանում ելույթ ունենալը։ Սովորաբար անձը դիմում էր ժամանակի հայտնի հռետորներից կամ գրողներից որևէ մեկին, վերջինս պատրաստում էր այն ճառը, որ դատավարության կողմ հանդիսացող անձը պիտի կարդար դատարանում` ինքն իրեն պաշտպանելու համար։

Փաստաբանությունն ավելի տարածված էր Հին Հռոմում։ Սկզբնական շրջանում հանրապետական Հռոմում փաստաբան էին կոչվում դատավարության կողմ հանդիսացող անձի հարազատներին կամ բարեկամներին, ում նա խնդրում էր իրեն ուղեկցել դատարան։ Կայսրության շրջանում արդեն այդ տերմինով սկսեցին կոչել դատական պաշտպաններին։ Այստեղ արդեն փաստաբանները դատարանում ելույթ էին ունենում` իրենց պաշտպանյալի իրավունքները պաշտպանելու համար։ Այս ժամանակաշրջանում առաջացան նաև, այսպես կոչված, բարձրակարգ փաստաբանները` patronus causarum, կամ պարզապես patron-ները։ Այս ժամանակ փաստաբաններն իրենց ծառայությունների դիմաց վարձատրություն չէին ստանում։ Նույնիսկ ընդունվել էր Կիրկիան օրենքը, որով արգելվում էր փաստաբանին վարձատրություն ստանալ իր ծառայության դիմաց։ Կայսրության ժամանակաշրջանում այս օրենքը դադարեց գործել, ու փաստաբանները իրենց ծառայության դիմաց ստանում էին փոխհատուցում։ Արդեն այս ժամանակ փաստաբանի մասնագիտությունը դարձավ շատ եկամտաբեր։

Բացի բարձրակարգ փաստաբաններից, Հին Հռոմում կային նաև իրավաբանական խորհրդատուներ` juris consulti, որոնց հիմնական գործառույթը անձանց իրավական հարցերով խորհուրդներ տալն էր։ Ներկայումս էլ բազմաթիվ երկրներում փաստաբանները նմանատիպ երկու խմբերի են բաժանվում։ Հռոմեական հանրապետությունում լավագույն փաստաբաններից մեկն էր Ցիցերոնը։

Անգլիայում փաստաբանության ինստիտուտը ծագում է այն ժամանակներից, երբ մեղադրյալն իրավունք ուներ իր ընկերներին տանել դատարան ու նրանց հետ խորհրդակցել դատի ժամանակ։ Ընկերները նաև իրավունք ունեին դատարանում ելույթ ունենալու նրա փոխարեն։ Այսպես, փաստաբանության առաջացումը պայմանավորված էր հասարակության զարգացմամբ ու պահանջմունքներով։ Իրավունքի ձևավորման, հասարակության իրավաբանական զարգացման սկզբնական փուլում դատավարության կողմերը հնարավորություն են ունեցել անձամբ վարելու իրենց գործերը, քանի որ իրավական նորմերը, լինելով պարզ ու հասարակ, կարող էին ընկալվել յուրաքանչյուրի կողմից։ Սակայն հասարակական հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ իրավական նորմերն էլ են դառնում բարդ ու բազմաբնույթ, դրանց իմացությունն ու կիրառումը դժվարանում է հասարակության անդամների մեծ մասի համար։ Սկսում է զգացվել սոցիալական այնպիսի մի խմբի անհրաժեշտությունը, որը կզբաղվեր օրենքների ուսումնասիրությամբ ու իրավաբանական օգնություն ցույց կտար դրա կարիքն ունեցող անձանց։

Փաստաբանության նպատակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստաբանությունն իր բոլոր ձևերով կոչված է հավաստիացնելու, որ անձինք, հատկապես նրանք, ում իրավունքները ոտնահարվել են, կարող են.

  • իրենց ձայնը լսելի դարձնել այն հարցերով, որոնք կարևոր են իրենց համար,
  • պաշտպանել ու ապահովել իրենց իրավունքները
  • ունենալ ու դրսևորել իրենց կարծիքն ու տեսակետը, հատկապես այն ժամանակ, երբ իրենց կյանքին վերաբերող որոշումներ են ընդունվում,

Փաստաբանությունը գործընթաց է, որն աջակցում է մարդկանց ու հնարավորություն տալիս.

  • արտահայտել իրենց տեսակետները,
  • ստանալ տեղեկատվություն ու ծառայություն,
  • պաշտպանել ու զարգացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները,
  • ունենալ ընտրության հնարավորություն։

Փաստաբանի մասնակցությունը քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական դատավարություններին արդարադատության իրականացման կարևոր և անհրաժեշտ պայման է։ Փաստաբանական գործունեությամբ անձի իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը չի հակադրվում պետության և նրա մարմինների շահերին ու խնդիրներին։ Փաստաբանին չի կարելի նույնացնել իր վստահորդի կամ նրա գործերի հետ, օրենքի վրա հիմնված նրա գործունեությունը չի կարող հակասել պետության կամ հասարակության շահերին, օրինակ` սպանություն կատարելու մեջ մեղադրվող անձի պաշտպանությունը չի վերածվում հանցագործության պաշտպանության կամ արդարացման։

Փաստաբանության կազմակերպման և գործունեության սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրինապահության սկզբունքը ենթադրում է, որ փաստաբանը պարտավոր է գործել օրենքով չարգելված միջոցներով ու եղանակներով, հարգել ու չոտնահարել այն անձանց` օրենքով պաշտպանվող իրավունքներն ու շահերը։ Փաստաբանության կազմակերպման և գործունեության հիմքում ընկած է անկախության սկզբունքը։ Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Սահմանադրությամբ և օրենքներով,փաստաբանի վարքագծի կանոնագրքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ։ Փաստաբանությունն ինքնակառավարվող ինստիտուտ է, այսինքն` փաստաբանների միավորման կազմակերպմանն ու գործունեությանը վերաբերող բոլոր կարևոր հարցերը փաստաբաններն ինքնուրույն են լուծում։ Փաստաբանության ժողովրդավարական բնույթը դրսևորվում է փաստաբանների իրավահավասարության սկզբունքում, ըստ որի` բոլոր փաստաբաններն ունեն հավասար իրավունքներ ու պարտականություններ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ փաստաբանություն Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս