Դատական բժշկագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ ռազմածովային ուժերի դատաբժշկական փորձագետը զննում է ատամնային մասունքները

Դատական բժշկագիտություն, տեսական բժշկագիտության մասնաճյուղ, որը գիտականորեն ուսումնասիրում և գործնականում լուծում է քննչական և իրավաբանական պրակտիկայում ծագող բժշկական ու կենսաբանական բնույթի հարցեր։ Դատական բժշկագիտությունը առնչվում է բժշկագիտության մյուս մասնաճյուղերի, քրեական իրավունքի ն քրեագիտության հետ։ Դատական բժշկագիտության ուսումնասիրության օբյեկտներն են՝ դիակները (դիահերձում, արտաշիրմում), կենդանի անձինք (մարմնական վնասվածքներ, աշխատունակության կորուստ, հղիություն, ծննդաբերություն, արհեստական վիժումներ), իրեղեն ապացույցները (արյան տեսակի և խմբի որոշում, մազի հետազոտություն), դատաքննչական նյութերը։

Դատական բժշկագիտության հիմնական նպատակն անձի կյանքի, առողջության, ազատության և արժանապատվության ոտնահարման դեմ ուղղված հանցագործությունների բացահայտումն է։ Դատական բժշկագիտությունը կիրառվել է դեռևս հին Հռոմում, Հունաստանում և Հնդկաստանում։ Դատական բժշկագիտության զարգացման սկիզբը համարվում է 16-րդ դարում։ 1621-1635 թվականներին իտալացի բժիշկ Պ․ Զաքհիասը լույս ընծայեց «Դատական բժշկության հարցեր» 9 հատորանոց ձեռնարկը։ Հետագայում՝ ֆրանսիացի Ա․ Պարեի և Ֆ․ Ֆեդելյեի աշխատությունները հանդիսացան դատական բժշկագիտության գիտական հիմքերը։ Ռուսաստանում դատական բժշկագիտության գիտական զարգացման սկիզբը համարվում է 19-րդ դարի առաջին կեսը․ 1812 թվականին բոլոր համալսարաններին կից բացվել են դատական բժշկագիտության ամբիոններ։ 1865 թվականին հրատարակվել է «Դատական բժշկության և հասարակական հիգիենայի արխիվ» (ռւուս. «Архив судебной медицины и общественной гигиены») ամսագիրը, որը հետագայում վերանվանվել է «Հասարակական հիգիենայի, դատական և գործնական բժշկության լրաբեր» (ռուս. «Вестник общественной гигиены, судебной и практической медицины»)։

19-րդ դարի երկրորդ կեսին դատական բժշկագիտության ուսումնասիրությունների ասպարեզն ընդլայնվել է շնորհիվ դատական վնասվածքաբանության, թունագիտության և իրեղեն ապացույցների հետազոտման նոր մեթոդների։

Հայաստանում Դատական բժշկագիտության մասին վկայություններ են հասել 10-րդ դարից։ (989 թվականին Անի քաղաքում լուր է տարածվում, թե մի քանի օր առաջ թաղված Սմբատ թագավորը ողջ է գերեզմանում։ Քաղաքացիների հուզմունքը զսպելու համար քանդում են Սմբատի գերեզմանը, փորձաքննության ենթարկում նրա դիակը)։ 12-րդ դարի սկզբին Հայաստանում եղել են իրավական հարաբերությունները սահմանող դատաստանագրքեր (Դավիթ Ալավկաորդի «Կանոնական օրինադրություն», Մխիթար Գոշի «Դատաստանագիրք»1921 թվականին Սովետական Հայաստանում կազմակերպվել է Դատաբժշկական փորձաքննության ծառայություն, որը ղեկավարել է Վ. Կրժիվինսկին։ 1927 թվականին Երևանի պետական համալսարանի Դատական բժշկագիտության ֆակուլտետում ստեղծվել է ամբիոն, իսկ 1929 թվականին հիմնվել է Հայկական ՍՍՀ գլխավոր դատաբժշկական փորձագետի պաշտոն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 306