Jump to content

Առողջապահական իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առողջապահական իրավունք, օրենսդրության այն ոլորտն է, որն իր մեջ ներառում է այն իրավական ակտերը, որոնցով ամրագրվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, բուժաշխատողների, պացիենտների իրավունքներն ու պարտականությունները ինչպես բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս/տրամադրելիս, այնպես էլ աշխատանքային իրավունքներն իրացնելիս ու պարտականությունները կատարելիս[1][2]։

Եզրույթաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորիդայի իրավաբանների միությունը առողջապահական իրավունքը սահմանել է որպես դաշնային, պետական կամ տեղական մակարդակի օրենսդրություն, որը կարգավորում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, բուժաշխատողների, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և պացիենտների, բուժաշխատողների և պացիենտների, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և վճարողների միջև իրավահարաբերությունները[3][4]։ Ամերիկյան համալսարանի իրավունքի և առողջապահության քաղաքականության քոլեջն առողջապահական օրենսդրությունը բաժանում է 4 ոլորտների։ Դրանք են՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքը, որը շեշտադրում է հիմնականում բուժում ստանալու ընթացքում առաջացած իրավահարաբերությունները, հանրային առողջապահությունը, որի առանցքը հանդիսանում է հիվանդությունների կանխարգելումը, այլ խոսքով նաև՝ կանխարգելիչ բժշկություն, բիոէթիկան (կամ կենսաէթիկա) և գլոբալ առողջապահական իրավունք։

«Օրենսդրություն» և «օրենք» եզրույթներն ընդհանուր առմամբ օգտագործվում են ստատուտների, որոշումների և այլ իրավական ակտերի (օրինակ ՝ նախարարի հրամաններ կամ որոշումներ) տեսքով, որոնք տարբեր երկրներում տարբեր դրսևորումներ ունեն, այն է իրենց արտահայտությունն են գտնում տարբեր իրավական ակտերում[5]։

Ընդհանրապես, գոյություն ունի կարգավորման ռազմավարությունների լայն շրջանակ, որոնք կարող են օգտագործվել մարդկանց առողջության և անվտանգության ապահովման համար։ Աստիճանաբար շրջանառության մեջ է մտնում պատասխանատու կարգավորման մոտեցումը, ինչը սկսել է հաճախ օգտագործվել ոլորտի լիազորված մարմինների կողմից։ Նման մոտեցումը ներառում է այնպիսի մեխանիզմներ, որոնք համապատասխանում են տվյալ իրավիճակին, վարքագծին և մշակույթին, որոնք նախատեսում են մի շարք կարգավորիչ մեխանիզմներ՝ ցանկալի պահվածքին հասնելու համար։ Նպատակն այն է, որ անհրաժեշտության դեպքում կիրառվեն խթանիչ միջոցները, նախքան պատժամիջոցների կիրառությունը։ Այնուամենայնիվ, երբ դրանք որևէ արդյունք չեն տալիս, ապա կիրառվում են պատժատեսակները։ Վերոնշյալ ռազմավարությունները լայնորեն դասակարգվում են հինգ խմբերի։ Դրանք են՝

  • Կամավորություն, կանոններին հետևելն իրականացվում է կամավոր հիմունքներով՝ առանց որևէ հարկադրանքի
  • Ինքնակառավարվում, օրինակ հասարակության որևէ խավ ստեղծում է կանոններ և կամավոր հետևում է դրանց
  • Տնտեսական գործիքներ, օրինակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար սահմանել դրամական պատժամիջոցներ կամ խթանիչ գործիքակազմ,
  • Մետա-կարգավորում, այսինքն որևէ անկախ մարմնի ստեղծում, որի նպատակն է երաշխավորել բուժաշխատողների և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պացինետների անվտանգություն և բժշկական ծառայությունների որակը
  • Հրամայական և կարգավորիչ մեխանիզմներ, այսինքն իշխանության կողմից հարկադրանքի միջոցներ։

Առողջապահական իրավունքը սահմանվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, որի համաձայն՝ առողջապահական իրավունքը իրավունքի ոլորտ է, որը վերաբերում է անհատների և բնակչության խմբերի առողջությանը, բժշկական օգնությանը և առողջապահական համակարգի գործունեությանը[6]։ Առողջապահության բոլոր ասպեկտների համար կան պարտադիր կանոններ, որոնք կարգավորում են կառավարությունների, առողջապահության ոլորտի աշխատողների, կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և երկրի բնակչության իրավունքներն ու պարտականությունները։ Միասին այդ կանոնները կազմում են իրավական հիմք կամ առողջապահության ոլորտի իրավական ճարտարապետություն։ Դրանք տարատեսակ դրսևորումներ ունեն, ինչպիսիք են՝ կանոնադրական օրենքները, կարգավորող և վարչական օրենքները, պայմանագրերը, նախադեպային իրավունքը և սովորական օրենքները։

Առողջապահական իրավունքը նպատակ է հետապնդում հասնելու ցանկալի վիճակին, այնպիսին, ինչպիսին է բժշկական ծառայությունների մատչելիությունը, այդ թվում՝ նորմատիվ իրավական ակտերով ամրագրված դրույթների իրագործումը։ Որպեսզի հնարավոր լինի ձևավորել համագործակցային մթնոլորտ և հասնել ցանկալի նպատակներին, մարդիկ օգտագործում են իրավական ակտերը ստեղծելու համապատասխան կառույցներ (ինչպիսիք են բժշկական հաստատությունները) և հաստատել համապատասխան իրավահարաբերություններ (ինչպիսիք են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների հետ պայմանագրեր կնքելը)։ Այլ կազմակերպություններն, իրենց հերթին, ունեն որոշակի մանդատներ, քաղաքականություն, ռազմավարություններ, որոնք հիմնված են իրավական հանձնարարականների վրա[7]։

Առողջապահական իրավունքը սահմանվում է նաև մի շարք այլ կազմակերպությունների կողմից։ Նման սահմանման համաձայն՝ առողջապահական իրավունքը իրավունք է ոլորտ է, որը կարգավորում է բժշկական օգնության և սպասարկման հետ կապված իրավահարաբերությունները, ներառյալ նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և բուժաշխատողների գործունեությունը և պացիենտների իրավունքները[8]։

Իրավական պրակտիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահական իրավունքն ընդգրկում է նաև հետևյալ իրավունքի ոլորտները․ Պայմանագրային իրավունք,

  • Բժշկական անփութության և սխալի հետ կապված իրավական կարգավորումները,
  • Բժշկական իրավունքը,
  • Վարչական իրավունք,
  • Հանրային առողջապահություն,
  • Համաձայնություն տալու հետ կապված իրավահարաբերությունները

Հավաստագրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության մասին օրենքն առաջին անգամ ընդունվեց 1995թ.-ին Ֆլորիդա նահանգի իրավաբանների միության կողմից որպես իրավական հատուկ մասնագիտացում, որի համաձայն՝ փաստաբանները կարող էին դառնալ առողջապահության ոլորտի իրավաբաններ՝ հավաստագրված վերոնշյալ մարմնի կողմից[5]։

Միացյալ Նահանգներում առողջապահության իրավունքի մեջ մասնագիտանալու երկու եղանակ կա։ Առաջին եղանակով առողջապահական իրավունքի մեջ մասնագիտանում են գործնականում այդ ոլորտի օրենսդրությունը յուրացնելով և կիրառելով, իսկ երկրորդ եղանակն՝ այդ ոլորտում առողջապահական իրավունքի մագիստրոսական ծրագրին դիմելն ու այն ավարտելն է։ Նման մագիստրոսական ծրագրեր առաջարկում են ԱՄՆ իրավաբանական դպրոցները[9]։

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, ապա մինչ այդ առողջապահական իրավունքի մեջ մասնագիտանալ հնարավոր էր միայն գործնական կիրառելիության ճանապարհով, իսկ վերջին տարիներին մի շարք համալսարաններ առաջարկում են առողջապահական իրավունքի մագիստրոսական ծրագիր[10]։

Բժշկական անփութության և սխալի հետ կապված իրավական կարգավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական անփութությունը և բժշկական սխալի հետ կապված իրավական կարգավորումները նաև ընդգրկում են այն ոլորտը, որտեղ օրենքը և բժշկությունը փոխկապակցված են, ինչը վերաբերում է բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչով սահմանված ստանդարտին, որտեղ տեղական սովորութային կանոնները ևս կիրառելի են[11]։

Առկա են բժշկական անփութության դրսևորման այլ ասպեկտներ, որոնցից են պատճառահետևանքային կապը, որում ներառված են բժշկության հավանականությունը և կորստի հնարավորությունը։

Կան իրավադրույթներ, որոնք ընդհանրական են բոլոր իրավահարաբերությունների համար, ինչպես օրինակ հայցային վաղեմությունը, որը սկսում է հաշվվել ոչ թե վնասվածը ստանալու, այլ այն հայտնաբերելու պահից[12]։

Չնայած սույն դեպքը փոքր-ինչ այլ կարգավորումներ ունի ՀՀ օրենսդրության շրջանակներում, որի համաձայն՝ հայցային վաղեմությունը չի տարածվում քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների վրա։ Սակայն նման վնասի հատուցման իրավունքի ծագման պահից երեք տարի անցնելուց հետո ներկայացված պահանջներն անցյալ ժամանակի համար բավարարվում են ոչ ավելի, քան հայցի ներկայացմանը նախորդած երեք տարիների համար[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Definition of Health Law by the Texas Board of Legal Specialization
  2. Zeiler, Kathryn (2008-01-01). "Empirical Health Law Scholarship: The State of the Field". Georgetown Law Journal. 96: 649.
  3. "Archived copy". Archived from the original on 2016-03-04. Retrieved 2015-10-28.
  4. "Archived copy". Archived from the original on 2017-04-22. Retrieved 2015-10-28.
  5. 5,0 5,1 Medical Malpractice Lawyers
  6. Health laws and universal health coverage https://www.who.int/health-laws/legal-systems/health-laws/en/
  7. Health law: Law for Universal Health Coverage https://www.who.int/health-topics/health-laws-and-universal-health-coverage#tab=tab_1
  8. Health law: Definition, History, Facts https://www.britannica.com/science/health-law
  9. Health Law: A career guide https://hls.harvard.edu/content/uploads/2015/07/2012HealthLaw.pdf
  10. "Graduate Law Practice Areas - Health". The National Jurist. Cypress Magazines. Retrieved 17 August 2017
  11. Zeiler, Kathryn (2010-01-01). "Medical Malpractice Liability Crisis or Patient Compensation Crisis?". DePaul Law Review. 59 (2): 675.
  12. Hall, Mark; Bobinski, Mary; Orentlicher, David (2013). Medical Liability and Treatment Relationships Third Edition. MD: Wolters Kluwer.
  13. ՀՀ քաղաքացիական իրավունք https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143878