Վրացական կինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վրաստանի կինեմատոգրաֆիա, ազգային կինոարվեստը Վրաստանում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանում առաջին կինոսեանսը կայացել է 1896 թվականի նոյեմբերի 16-ին Թիֆլիսում։ Ա․ Դ․ Դիգմելովը 1910 թվականին իրականացրել է առաջին կինոնկարահանումները։ 1912 թվականին Վասիլի Ամաշուկելին նկարահանել է առաջին վավերագրական կինոակնարկը։ 1916 թվականին վրաց առաջին կինոռեժիսոր Ա․ Ծուծունավան ստեղծել է «Քրիստինե» (ըստ Է. Նինոշվիլու «Քրիստինե» պատմվածքի) ֆիլմը։

Խորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ 1921 թվականին, Թիֆլիսում հիմնադրվել է Վրաստանի «Պետկինոարդ» տրեստը։ 1921 թվականին ստեղծվել է «Արսեն Զորջիաշվիլի», 1923 թվականին՝ «Կարմիր սատանի ճտերը» (երկուսն էլ՝ ռեժ․ Ի․ Պերեստիանի) կինոնկարները։ 1920-ական թվականներին կինոարտադրության մեջ զգալի տեղ է գրավել վրացական գրականության էկրանավորումը՝ «Սուրամի բերդը» (1923, ըստ Դ. Ճոնքաձեի, ռեժ․ Ի․ Պերեստիանի), «Անարգանքի սյան մոտ» (1924, ըստ Ա․ Ղազբեգիի, ռեժ․ Համո Բեկնազարյան), «Սամանիշվիլու խորթ մայրը» (1927, ըստ Դ․ Կլդիաշվիլու, ռեժիսորներ՝ Զ․ Բերիշվիլի, Կ․ Մարջանիշվիլի) և այլն։ Խորհրդային կինոյի նշանավոր ֆիլմերից էր «Էլիսո»-ն (1928, ըստ Ղազբեգիի, ռեժ․ Ն․ Շենգելայա)։ 1920-ական թվականների 2-րդ կեսին վրացական կինոն համալրվեց նոր սերնդի ստեղծագործողներով։ Այդ շրջանի ուշագրավ ֆիլմերից են՝ «Հաղթում է երիտասարդությունը» (1928, ռեժ․ Մ․ Գելովանի), «Սաբա» (1929), «Խաբարդա» (1931, երկուսն էլ՝ ռեժ․ Մ․ Ճիաուրելի), «Զիմ Շվանթե» («Սվանեթիայի աղը», 1930, ռեժ․ Մ․ Կալատոզով) և այլն։

Ռեզո Չխեիձե

1928 թվականին Թիֆլիսի կինոստուդիայում հիմնվել է կինոխրոնիկայի սեկտոր (ղեկ․՝ ռեժ․ Սեմյոն Դոլիձե), որի հիման վրա 1958 թվականին ստեղծվել է վավերագրական և գիտահանրամատչելի ֆիյմերի ստուդիա։ Այդ շրջանում է ծնունդ առել վրացական մուլտիպլիկացիոն կինոն, որի հիմնադիրն է Վ․ Մուջիրին («Կորչի օրորոցը», 1930, «Արգոնավորդները» և այլն)։ 1930-ական թվականներին ստեղծվել են պատմահեղափոխական ֆիլմեր՝ «Վերջին դիմակահանդեսը» (1934), «Արսեն» (1937, երկուսն էլ՝ ռեժ․ Մ․ Ճիաուրելի), «Վերջին խաչակիրները» (1934), «Դարիկո» (1936, երկուսն էլ՝ ռեժ․ Սեմյոն Դոլիձե) և այլն։ Վրացական կատակերգության ավանդույթները զարգացրել է Դավիթ Ռոնդելին («Կորուսյալ դրախտ», 1938 և այլն)։ Այդ շրջանում են նկարահանվել կոլտնտեսային գյուղի մասին «Ոսկեգույն հովիտ» (1937, ռեժ․ Ն․ Շենգելայա) և մանկական «Կաջանա» (1941, ռեժ․ Կ․ Պիպսիաշվիլի) ֆիլմերը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ստեղծած հայրենասիրական թեմայով ֆիլմերի համար Թբիլիսիի կինոստուդիան պարգևատրվել է Լենինի շքանշանով (1944)։ Գեղարվեստական ֆիլմերից ուշագրավ են՝ «Գեորգի Սաակաձե» (1942–43, 2 սերիա, ռեժ․ Մ․ Ճիաուրելի), «Ջուրղայի վահանը» (1944, ռեժ․ Սեմյոն Դոլիձե և Դավիթ Ռոնդելի)։ Կինովավերագրողներ Գ․ Ասաթիանին, Շ․ Չագունավան, Շ․ Խոմերիկին և ուրիշներ ռազմաճակատում նկարել են 126 կինոժուռնալ, 52 հատուկ թողարկում և շուրջ 10 ֆիլմ։ Ետպատերազմյան հետաքրքիր կինոնկարներից են՝ «Դավիթ Գուրամիշվիլի» (1946, ռեժ․ Ս․ Սանիշվիլի, Ի․ Թումանիշվիլի), «Քեթո և Կոտե» (1948, ռեժ․ Վ․ Տաբլիաշվիլի, Շ․ Գեդևանիշվիլի), «Ճպուռը» (1954, ռեժ․ Ս․ Դոլիձե)։

«Մագդանայի Լուրջան» ֆիլմով (1956, ռեժ․ Թենգիզ Աբուլաձե, Ռեզո Չխեիձե) սկսվել է վրացական կինոյի վերելքը։ 1953 թվականց Թբիլիսիի կինոստուդիան կոչվել է «Վրացֆիլմ» (այնտեղ նկարահանվել է ընդհանուր առմամբ 1200 ֆիլմ[1])։ 1957 թվականին հիմնվել է Վրացական ԽՍՀ կինեմատոգրաֆիստների միությունը։ 1968 թվականին ստեղծվել է հեռուստատեսային ֆիլմերի ստուդիա։ 1950–70-ական թվականների կինոնկարներից են՝ «Ուրիշի երեխաները» (1958), «Ես, տատիկս, Իլիկոն և Իլարիոնը» (1962, երկուսն էլ՝ ռեժ․ Թենգիզ Աբուլաձե), «Զինվորի հայրը» (1965), «Տնկիներ» (1972), երկուսն էլ՝ ռեժ․ Ռեզո Չխեիձե), «Փիրոսմանի» (1969, ռեժ․ Գեորգի Շենգելայա), «Սպիտակ քարավան» (1963, ռեժ․ Է․ Շենգելայա, Թ․ Մելիավա), «Մեծ կանաչ հովիտ» (1968, ռեժ․ Մ․ Կոկոչաշվիլի), «Տերևաթափ» (1966), «Երգող կեռնեխ» (1970, երկուսն էլ՝ ռեժ․ Օթար Իոսելիանի), «Չիրիկի և Չիկոտելա» (1975, ռեժ․ Լ․ և Ռ․ Իոտիվարիներ), «Գինու գողեր» (1975, ռեժ․ Վ․ Կվաճաձե), «Մի վշտանա» (1969, ռեժ․ Գեորգի Դանելիա), «Վերա թաղամասի մեղեդիները» (1973, ռեժ․ Գեորգի Շենգելայա), «Առաջին ծիծեռնակը» (1975, ռեժ․ Ն․ Մճեդլիձե), «Մի քանի հարցազրույց անձնական հարցերով» (1978, ռեժ․ Լանա Ղողոբերիձե), «Հարազատ իմ հող» (1980, ռեժ․ Ռեզո Չխեիձե)։ Ոճական ինքնատիպությամբ առանձնանում է ռեժիսոր Միխայիլ Կոբախիձեի ստեղծագործությունը («Հարսանիք», 1964, «Հովանոց», 1967 և այլն)։

Օթար Իոսելիանի

1960–80-ական թվականներին հաջողությունների են հասել նաև կինովավերագրողները, հատկապես՝ Գ․ Ասաթիանին («Տարահարկ Ամերիկա», 1961, «Հին մշակույթի երկիրը», 1963 և այն)։ Միջազգային ճանաչման է արժանացել «Մետաքս» (1972, ռեժ․ Գ․ Ժվանիա) ֆիլմը։ Վավերագրական այլ ուշագրավ կինոնկարներից են՝ «Ռուսթավելու հետքերով» (1966, ռեժ․ Գ․ Պատարաիյա), «Վրացիները Իտալիայում» (1980), «Բարձր սարեր» (1981, ռեժ․ Ռ․ Տաբուկաշվիլի) և այլն։ 1950–80-ական թվականներին մուլտիպլիկացիոն կինոյում աշխատել են ռեժիսորներ Վ․ Բախտաձեն, Բ․ Շոշիթաշվիլին, Օ․ Անդրոնիկաշվիլին և ուրիշներ։ Նշանակալից է «Վրացֆիլմ»-ի՝ թվականին ստեղծած «Դաթա Թութաշխիա» հեռուստատեսային 7-սերիանոց ֆիլմը (1977, ըստ Չ․ Ամիրեջիբիի «Դաթա Թութաշխիա» վեպի, ռեժիսորներ՝ Գ․ Լորթքիփանիձե, Գ․ Գաբեսկիրիա)։ 1969–71 թվականներին ստեղծված հեռուստաֆիլմերից են՝ «Սափոր» (ռեժ․ Ի․ Կվիրիկաձե), «Հին վրացական օրհներգեր» (ռեժ․ Ս․ Չխեիձե) և այլն։ Վրացական ֆիլմերը միջազգային փառատոներում ստացել են շուրջ 100 տարբեր մրցանակներ։ Հաջողությամբ են անցկացվել վրացական կինոյի փառատոները Մեծ Բրիտանիայում (1976), ԱՄՆ–ում (1977), Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում (1978)։ Վրացի ռեժիսորների երկու ֆիլմեր՝ «Խոստովանություն» (Գրան պրի) և «Մագդանայի Լուրջան», ներկայացվել են Կաննի կինոփառատոնում[2]:

Խորհրդային տարիներին Վրաստանում գործել են 84 կինոթատրոններ[3]:

Ժամանակակից շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին կառավարության կողմից ստեղծվում է Վրաստանի կինեմատոգրաֆիայի պետական կենտրոնը. այն 2003 թվականից ֆինանասավորում է տարեկան մի քանի ֆիլմեր, որոնք մրցութային ընտրության արդյունքում համարվում են «ազգային ֆիլմ»: 2011 թվականին կինոկենտրոնի ընդհանուր բյուջեի շուրջ 70%-ը, որ կազմում էր 204 մլն. դոլար, ծախսվել է կինոարտադրության վրա։ Ֆիլմերի նկարահանումներին աջակցելուց բացի կինոկենտրոնն զբաղվում է նաև արտասահմանում վրացական ֆիմերի տարածման ու գովադման գործով։ Վրաստանում գործում են 5 կինոթատրոններ (2011)[4] (2013 թվականին՝ 7)[5], երկրի կինոթատրոնների 90%-ը (8 էկրան) պատկանում է «Ռուսթավելի Հոլդինգ» ընկերությանը[6]: Վերջին տարիների առավել նշանակալի ֆիլմերից են Լևան Կոգուաշվիլիի «Փողոցային օրեր», Գեորգի Օվավիլիի «Մյուս ափը» կինոնկարները, որոնք, կինոքննադատ Անդրեյ Պլախովի խոսքերով, «գենետիկորեն իրենց մեջ են կենտրոնացրել վրացական կինոյի գեղարվեստական բարձր չափանիշները, սակայն աշխարհընկալումը նրանցում «վաթսունականների» չէ, այլ ժամանակակից, և իրականությունն էլ էկրանին բոլորավին այլ է, ավելի դաժան է, պոետիկան ու ոճը նույնպես»[7]: Լևան Զաքարեյշվիլու «Թիֆլիս-Թիֆլիս» ֆիլմն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ դարձել է Նիկա կինոմրցանակի դափնեկիր[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png