Վրաստանի Հայոց ազգային խորհուրդ
Վրաստանի Հայոց ազգային խորհուրդ | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Հիմնադրված | հուլիսի 17, 1917 |
Լուծարված | փետրվարի 28, 1921 |
Գլխադասային գրասենյակ | Թիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն |
Վրաստանի Հայոց ազգային խորհուրդ, Վիրահայ ազգային խորհուրդ, կառույց, որը հաղորդակից է եղել և արագ արձագանքել է բոլոր մեծ ու փոքր այն իրադարձություններին, որոնք պատահել են Վրաստանի հայ համայնքի կյանքում։
Վրաստանի ՀԱԽ-ի ստեղծման հիմնական և հետևողական նախաձեռնողները ՀՅԴ-ն, ՀԺԿ-ն, ինչպես նաև սոցիալ-դեմոկրատ և սոցիալիստ հեղափոխական անվանի գործիչներն էին։ Հայոց ազգային խորհուրդը ստեղծվել էր՝ որպես Վրաստանի հայերի ազգային ինքնավարության արտերկրյա ղեկավար մարմին, որը պետք է միջնորդի դեր կատարեր պետության և հայ քաղաքացիների միջև։
Վրաստանի Հայոց ազգային խորհուրդը ներկայացուցչական մարմինն էր։ Վրաց իշխանությունները այդպես էլ չընդունեցին ՀԱԽ-ի այդ դերը և պահանջեցին, որ այն ծավալի միայն կրթամշակութային գործունեություն։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականի Հոկտեմբերյան հեղաշրջումը կտրականապես փոխեց քաղաքական իրադրությունը նախկին Ռուսական կայսրության ողջ տարածքում։ Կովկասում ազգային-տարածքային լուրջ վեճերի ու քաղաքական տարամերժ դիրքորոշումների հետևանքով տիրում էր փոխադարձ անվստահություն և թշնամանք։ 1918 թվականի մայիսի 26-ին խաթարվեց Հարավային Կովկասի միասնականությունը։ Այդ օրը հռչակվեց վրացական անկախ պետականության վերականգնումը (Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն (ՎԴՀ))։ Նրա հիմնադիր այրերից էր վրացի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Նոյ Ժորդանիան, ով ասում էր․ «Մեր ազգային փոքրամասնությունները կլինեն նույնքան իրավազոր, ինչպես մեր պետության ազգային մեծամասնությունը` վրաց ժողովուրդը»[1]։ Հայալեզու մամուլի էջերում պնդում էին, որ մինչև Վրաստանի հայությունը «չկազմակերպվի և կանոնավոր ու իրավասու մարմինների միջոցով իրավունքների պաշտպանելու և իրագործելու խնդիրն առաջ չտանի, այդ իրավունքները լոկ դատարկ խոսքեր կլինեն»[2]։ 1918 թվականի հունիսի 15-ին Թիֆլիսում գումարված ՀՅԴ-ի տեղի անդրանիկ «ռայոնական ժողովի» մասնակիցներն առաջ էին քաշում Վրաստանի հայ համայնքի մշակութային և դպրոցական կարիքները ինքնավար հոգալու անհրաժեշտության գաղափարը։ Քննության առնելով վրաց պետության սահմաններում ապրող հայության ստվար զանգվածի վիճակը, ժողովը միասնաբար անհրաժեշտ գտավ ամենակարճ ժամանակամիջոցում ստեղծել Հայոց ազգային խորհուրդ, որն «իր վրա պետք է վերցներ հիմնավորելու և կյանքի մեջ իրականացնելու Հայոց Ազգային կուլտուրական ավտոնոմիան Վրաստանի սահմաններում»[3]։
Թիֆլիսում մինչ այդ գործող Հայոց ազգային խորհուրդը (որի նախագահը Ավետիս Ահարոնյանն էր) 1918 թվականի հուլիսի 17-ին Վրաստանի տարածքից փոխադրվեց նորակազմ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք։ Առաջ եկած քաղաքական անբարենպաստ պայմաններում, անհետաձգելի պահանջ և խնդիր դարձավ նախորդ մարմնի փոխարեն անհապաղ վերաստեղծել ազգային մի այլ ղեկավար կառույց, որի բացակայությունը գրեթե անմիջապես զգացնել տվեց իրեն Վրաստանի ողջ հայության համար։ Նոր Հայոց ազգային խորհրդը (ՀԱԽ) առաջացավ հայկական երկու կուսակցությունների և քաղաքական այլ հոսանքների փոխադարձ համաձայնությամբ։ Նրա կազմավորման ակունքների մոտ կանգնած էին և հիմնադիր անդամներ դարձան քաղաքական և հասարակական այնպիսի անվանի գործիչներ, ինչպիսիք են Միքայել Պապաջանյանը[Ն 1], Ս. Հարությունյանը[Ն 2], Գևորգ Մելիք-Ղարագյոզյանը[Ն 3], Ա. Բարխուդարյանը՝ Հայ ժողովրդական կուսակցությունից, Նիկոլ Աղբալյանը[Ն 4], Հ. Գ. Արղությանը[Ն 5][Ն 6], Գ․ Տեր-Ստեփանյանը[Ն 7], Դավիթ Դավիթխանյանը` ՀՅԴ-ից, Լ. Թումանյանը[Ն 8], Ա. Ստամբոլցյանը, Վ. Թուրազյանը` սոցիալիստ հեղափոխականներից, Ա. Երզնկյանը[Ն 9], Գ. Ղարաջյանը (Ս. Տ. Արկոմեդ), Ս. Դանդուրյանը, Մ. Ղարաբեկյանը՝ սոցիալ-դեմոկրատներից։ Նրանք համաձայնության եկան, որ ՀԱԽ-ի սույն աշխատակազմը կգործի օգոստոսից մինչև նույն թվականի սեպտեմբերը, երբ նախատեսվում էր գումարել Վրաստանի ողջ հայության համագումարը[4]։ Սա էր այն հիմնական փաստարկը, որ ՀԱԽ-ը որոշեց մերժել հնչակյանների և Հայրենակցական միությունների միության առաջարկը՝ իրենց ևս տեղեր հատկացնելու մասին[5][Ն 10]: Սակայն, տարբեր պատճառներով, ՀԱԽ-ի առաջին կազմը հիմնովին վերափոխվեց և այն հետագայում մի քանի անգամ ևս փոփոխություններ կրեց և՛ անհատական, և՛ քանակական առումներով։ ՀԱԽ-ի գոյության տարբեր փուլերում նրա գործունեությանը մասնակից եղան նաև ականավոր հայ գիտնականներ Ե. Տեր-Մինասյանը, Ստեփան Մալխասյանցը, Առաքել Բաբախանյանը (Լեո), Ա. Աբեղյանը, Ղազար Տեր-Ղազարյանը[Ն 11], Վ. Ռշտունին։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին նիստ և ոչ իրավական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրաստանի նորակազմ ՀԱԽ-ի 1918 թվականի օգոստոսի 2-ի առաջին նիստը նվիրված էր դպրոցական խնդրին[7]։ Հաջորդ՝ օգոստոսի 6-ի նիստում որոշվեց ՀԱԽ-ի անդամների թիվը կրկնապատկել «պարիտետի» հիման վրա։ Յուրաքանչյուր կուսակցությունից նրա մեջ մտան 8-ական հոգի[8]։ Այսպիսով, խորհուրդը պետք է կազմված լիներ 32 անդամից։ ՀԱԽ-ի գործկոմի ընտրության ժամանակ մի կողմից ՀՅԴ-ի, մյուս կողմից սոցիալիստների (էսդեկներ և էսէռներ) հակասությունները ստացան այնպիսի կերպարանք, որ կարող էին խորհրդի տարաժամ լուծարման առիթ ներկայանալ[9]։
ՀԱԽ-ի գոյության փաստը դեռ չէր նշանակում նրա իրավական ճանաչումը։ Այդ բացը պատճառաբանվում էր հանրապետական սահմանադրության բացակայությամբ, որը և պետք է որոշեր վրաց պետության ու ազգային փոքրամասնությունների տարբեր տեսակի ներկայացուցչական մարմինների փոխադարձ լիազորությունները։ Իրավիճակը մի փոքր շտկվեց, երբ 1918 թվականի սեպտեմբերի 16-ին Վրաստանի վարչապետ Նոյ Ժորդանիան ոչ պաշտոնապես ճանաչեց ՀԱԽ-ը։ Ողջունելով իր մոտ այցելած հայ համայնքի լիազորներին՝ կառավարության նախագահը մասնավորապես վստահեցրեց, որ այսուհետև վարչական մարմիններն այլևս չեն անտեսի ՀԱԽ-ը[10]։ Հետագայում, սակայն, նրա անդամները արձանագրեցին, որ «այդ առումով Հայոց Ազգային Խորհուրդը հանդուրժելի է լոկ տարբեր տեսակի մասնավոր հարցերի վերաբերյալ բարեխոսություններ կատարելու համար, միջնորդություններ, որոնք ոչ մեկի վրա ոչ մի պարտավորություն չեն դնում»[11]։
ՎԱԽ և ՀԱԽ․ հայերը խորհրդարանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականի օգոստոսին Վրաստանի ազգային խորհուրդը (ՎԱԽ), որը ճանաչվեց որպես ժամանակավոր բարձրագույն օրենսդիր մարմին, որոշում կայացրեց իր կազմում ընդգրկել նաև Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, մասնավորապես հայերին հատկացնելով պատգամավորական 10 տեղ[12]։ Խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցչության մասին օրենքն ընտրության իրավունք էր տալիս ազգային միայն այն խորհուրդներին, որոնք բաղկացած էին Վրաստանի քաղաքացիներից[Ն 12] և որոնց գործունեությունը սահմանափակվում էր հանրապետության շրջանակներով[14]։ Գրեթե մեկ ամիս պահանջվեց, որ ՀԱԽ-ը կազմող կուսակցությունների միջև որոշակի փոխհամաձայնություն ձևավորվեր վրաց խորհրդարան գործուղվող անհատների մասին։ ՎԱԽ-ում աշխատանքի համար լիազորվեցին Վրաստանի ՀԱԽ-ի անդամները՝ սոցիալ-դեմոկրատներ՝ Ա. Երզնկյանը, Ս. Փիրումյանը, Ա. Իվանյանը, դաշնակցականներ՝ Զ. Զորյանը[Ն 13], Դավիթ Դավիթխանյանը, Տ. Ավետիսյանը, սոցիալիստ հեղափոխականներ՝ Լ. Թումանյանը, Ն. Թարխանյանը և ՀԺԿ-ի ներկայացուցիչներ Պ. Դոլուխանյանն ու Ա. Բարխուդարյանը[15][Ն 14]: 1918 թվականի հոկտեմբերի 1-ին նրանք ներկայացան խորհրդարան և ճանաչվեցին որպես նրա իրավազոր անդամներ։ Գործընկերների անունից ՎԱԽ-ի այլ պատգամավորներին ողջունեց Դավիթխանյանը, որն ասաց. «Մենք Հայոց Ազգային Խորհրդի ներկայացուցիչներն ենք, բայց եկել ենք այստեղ ոչ թե միայն մեր ազգային-կուլտուրական շահերը պաշտպանելու, այլև Ձեզ հետ միասին լծվելու և մեր փոքրիկ ազատ հայրենիքի՝ Վրաստանի բարօրության համար աշխատելու»[18]։ Խորհրդարանի բարձր ամբիոնից հնչած այս խոստովանությունը դահլիճի կողմից դիմավորվեց որոտալից ծափահարություններով։ Վրաց կուսակցական մամուլը նույնպես ջերմորեն ողջունեց հայ պատգամավորներին[19]։ Վերջիններիս առջև, սակայն, դրվել էին մի շարք անպաշտոն սահմանափակումներ։ Այդպես, օրինակ, արգելվել էր նրանց մասնակցությունը խորհրդարանի տարբեր տեսակի հանձնաժողովներում[20]։ Հայ համայնքի լիազորները չպահպանեցին կազմակերպչական միասնականությունը վրաց խորհրդարանում. ՀՅԴ-ի ներկայացուցիչները հանդես եկան առանձին պատգամավորական խմբի ստեղծման նախաձեռնությամբ[21]։
Հայ գաղթականության խնդիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ համայնքի ներկայացուցչությունից խորհրդարանում պահանջվում էր գործի դնել իր ամբողջ ներուժը, որպեսզի բեկում մտցներ այն խնդիրների մտահոգիչ և անբարենպաստ խմորումների մեջ, որոնք արդեն թանձրացել էին Վրաստանի սահմաններում բնակվող կամ իրադարձությունների բերումով հայտնված հայերի գլխին։ Առաջին հերթին դա վերաբերում էր գաղթականությանն օգնելու հարցին։ 1918 թվականի հունիսի սկզբին Ջավախքի հայ բնակչությունը՝ շուրջ 80-90 հազ. մարդ, փրկություն փնտրելով թուրքական յաթաղանից, գաղթեց դեպի Բակուրիան և Ծալկա[Ն 15]: Վրացական կառավարությունը թույլ չտվեց ջավախահայ գաղթականությանը տարածվելու դեպի իր երկրի խորքերը։ Նրանց տեղաշարժը սահմանափակվեց հատուկ արգելագծով[Ն 16]:
Վրացական կառավարության հայտարարության համաձայն՝ Թիֆլիսի ամբողջ նահանգը, և, բնականաբար, Ախալքալաքի գավառը, Վրաստանի անբաժան մասն էր։ Հետևաբար, այդ գավառի բնակիչները պիտի համարվեին Վրաստանի քաղաքացիներ։ Վրաստանում Հայաստանի հավատարմատար Արշակ Ջամալյանը արդարացի նշում էր, որ «Ախալքալաքի և Հայկական Բորչալուի հայ բնակիչներին վրաց հանրապետության քաղաքացի չէին նկատում, այլ անցանկալի եկվորներ, որոնց մասին հոգալը իրենց պարտականությունը չէին համարում»[27]։ Այսպիսով, վրաց կառավարությունը հրաժարվեց որևէ աջակցություն ցույց տալ հայ գաղթականներին[Ն 17]:
1918 թվականի ծանր պայմաններում, երկար վիճաբանություններից հետո ՀԱԽ-ի անդամները, ի վերջո, համաձայնեցին վերցնել իրենց ուսերի վրա հայ գաղթականների օգնության և խնամատարության հոգսը[37]։ Սեպտեմբերին, Ա. Ջամալյանի գիտությամբ, ՀԱԽ-ը որոշեց իրեն ենթարկել մինչ այդ գործող Գլխավոր գաղթականական խորհուրդը։ Սույն կառույցը ստացավ ՀԱԽ-ի գործկոմին ենթակա բաժանմունքի կարգավիճակ[38][39]։ Սակայն շուտով այդ հաստատության ղեկավարը՝ Հ. Արղությանը, ստիպված էր խոստովանել, որ նրան հատկացված «միջոցները խիստ սահմանափակ են և սպառվելու վրա»[40]։ Ըստ նրա զեկույցի՝ «գաղթականների միայն 50 տոկոսին օրական մեկ ու կես ֆունտ հացով օգնելու համար հարկավոր է ամսական 4 միլիոն ռուբլի»[41]։ ՀԱԽ-ը վրաց կառավարությանն է դիմել հայ գաղթականների կացությունը թեթևացնելու համար։ Սակայն գործնական որևէ նշանակություն և հետևանքներ այդ հայցերը չեն ունեցել[42]։
ՀԱԽ-ը չկարողացավ հանդես գալ գաղթականական գործի համակարգողի դերում։ Բարեգործական այն մեթոդները, որոնք կիրառում էին ՀԱԽ-ը, Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը և պաստ հատկացնող սակավաթիվ այլ կազմակերպությունները, խիստ անբավարար և տկար գտնվեցին, փրկվեց փախստականների մի որոշ մասը միայն։ Գաղթականների հսկայական ալիքը, որը ողողել էր Բակուրիանի անտառները, Ծալկայի բարձունքները և նույնիսկ Թիֆլիսի փողոցները[Ն 18], պահանջում էր պետական հանգուցալուծում։ Վերջինիս բացակայության պարագայում այլ տեսակի միջոցառումներն իրական չէին։ Այդպես էլ չհաջողվեց հիմնովին և լիակատար կարգավորել գաղթականության սննդի մատակարարման ու բժշկասանիտարական սպասարկման խնդիրները, ինչը նրանց միջավայրում զանգվածային մահվածության պատճառը դարձավ։ 1918 թվականի հունիսից նոյեմբեր Բակուրիանի անտառներում սովից և համաճարակներից զոհվեց ավելի քան 18 հազար մարդ։ Գրեթե նույնքան զոհեր տվեցին Ծալկայի շրջանում ապաստանած հայ գաղթականները[44]։
ՀՅԴ-ի Թիֆլիսի մամուլը ամբողջ մեղքը բարդեց վրաց իշխանությունների վրա։ Վերջիններս իրենց պատվի համար վերին աստիճանի վիրավորական համարեցին այդ մեղադրանքները և, հետևաբար, մերժողական դիրք բռնեցին[Ն 19]: Վրաստանի խորհրդարանում 1918 թվականի նոյեմբերի 8-ին այս հարցին նվիրված բուռն քննարկում տեղի ունեցավ[47]։ Վրացազգի պատգամավորները, կուսակցական պատկանելությունից զատ, միասնականություն դրսևորեցին և նախահարձակ եղան, ինչը չի կարելի ասել հայ համայնքի լիազորների մասին։ Ախալքալաքի Հայրենյաց միության վարչության քարտուղար Պ. Աբելյանը հետևյալ կերպ մեկնաբանեց խորհրդարանում առաջ եկած իրարանցումը։ «Շատ ցավալի է, – գրում է նա, – որ վրաց պառլամենտի հայ անդամների ոչ մի արդարացում չգտնող անպատրաստ լինելն այդ հարցում, արգելք եղավ ճշմարտության երևան չգալուն»[Ն 20]:
1919 թվականի փետրվարի 21-ին ՀԱԽ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ պարզվեց, որ «վերջին 4 ամսվա ընթացքում Ծալկայի 25000 գաղթականների համար ուղարկվել է ընդամենը 200 փութ ալյուր, 50 փութ շաքար և 200 հազար ռուբլի դրամ, որից 150 հազար ռուբլին ծախսվել է ծառայողների ռոճիկների վրա»[49]։ Բակուրիանում ՀԱԽ-ի լիազոր նշանակված Ա. Թորոսյանը, Ծալկայում՝ Ա. Տեր-Գրիգորյանը յուրացրել էին գաղթականների համար նախատեսված օգնությունը[44]։ Դրանից զատ բացահայտվել էին այլ խոշոր չարաշահումներ, որոնց մեջ մեղադրվող անձանց նկատմամբ ՀԱԽ-ը իր գործկոմին հանձնարարեց քննություն կատարել։ Սակայն որևէ հետևություն այդպես էլ չարվեց, և չարագործները, ըստ Պ. Աբելյանի, «Վիրահայ Ազգային խորհրդում նստած քրիստոնյաների կողմից նույնիսկ հանդիմանության խոսքի չարժանացան…»[50]: Այս մտահոգիչ հանգամանքը, բնականաբար, չէր կարող նպաստել ՀԱԽ-ի հեղինակության ամրապնդմանը։
Ֆինանսական ճգնաժամ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀԱԽ-ի գանձարկղը մշտապես հիմնովին դատարկ էր։ Ֆինանսական կարիքները բավարարելու համար ՀԱԽ-ում ՀՅԴ-ի խմբակցությունն առաջարկեց պարտադիր տուրք դնել վիրահայ հասարակության վրա, «իհարկե համապատասխան օրինագիծ մտցնելով վրացական պառլամենտ։ Իսկ մինչև այն` անհրաժեշտ է միանվագ տուրք ժողովել հայ հարուստներից»[51]։ Սոցիալիստական խմբակցությունները կողմ արտահայտվեցին այդ առաջարկին, ի դեմս ՀԺԿ-ին, որը լուրջ առարկություններ ունեցավ։ Վերջինիս ներկայացուցիչները ՀԱԽ-ում կտրուկ հայտարարեցին, որ «կողմնակից լինելով պառլամենտով անցկացրած ստիպողական թե՛ միանվագ և թե՛ մշտական տուրքին… ո՛չ մի ձևով և ո՛չ մի նկատառումով, չէ կարող համաձայնել այլ կերպ բռնություն գործ դնելու քաղաքացիների վրա»[51]։ ՀԺԿ-ի մտահոգությունը, սակայն, իզուր էր, քանզի վրաց իշխանությունները պատրաստ չէին գործնականում ֆինանսապես ամրապնդել և ուժեղացնել հայ համայնքի միասնականությունը անձնավորող կառույցը[52]։
Ֆինանսական ճգնաժամը ուղեկցում էր ՀԱԽ-ին իր գործունեության ողջ շրջանում։ ՀՀ-ի կառավարությունից դրամ ստանալու նպատակով Երևան էին մեկնել ՀԱԽ-ի երկու լիազոր[53]։ Հայոց կառավարությունը, սակայն, նախընտրեց Վրաստանի տարածքում ստեղծել ՀՀ-ի Խնամատարության նախարարությանը ստորադաս հատուկ ներկայացուցչություն, որին և հանձնարարեց «դեմոկրատական հանրապետությունում» բոլոր հայ գաղթականների և որբ երեխաների հետ կապված գործերի տնօրինումը։ Այդ կառույցի գլուխ 1919 թվականին մարտի 27-ին կարգվեց Վրաստանի ՀԱԽ-ի անդամ Դ. Դավիթխանյանը. նրան էր հանձնարարված նաև Հյուսիսային Կովկասում գտնվող հայ գաղթականների խնամատարական գործի ընդհանուր վերահսկողությունը[54]։
Զինված բախումներ և ՀԱԽ-ի գործունեության կասեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականի դեկտեմբերի 20-ին Վրաստանի և Հայաստանի միջև զինված բախման օրերին, ՀԱԽ-ի գործունեությունը կասեցվեց։ Վրաց կառավարության ձեռք առած քայլերի պատճառով, գաղթականական գործերով զբաղվող մարմինները զրկվեցին նրանց օգնելու իրական հնարավորությունից։ Մի կողմից կնքվեց ՀԱԽ-ի համապատասխան բաժինը, առգրավվեց նրա ամբողջ գույքը, մյուս կողմից ձերբակալվեցին գավառներում աշխատող լիազորները։ Բռնագրավման ենթարկվեցին Բորժոմի, Բակուրիանիի և այլ շրջաններում գտնվող հացի, հագուստի ու դեղորայքի ՀԱԽ-ի պահեստները[55]։
Հակամարտության առաջին իսկ օրերին, կողմերի հաշտության նպատակով՝ ՀԱԽ-ը միջամտելու փորձ կատարեց, որի համար լիազորվեցին Ա. Երզնկյանը, Լ. Թումանյանը և Պ. Դոլուխանյանը։ Նրանց միացավ նաև Հայաստանի Խորհրդի անդամ Գրիգոր Տեր-Օհանյանը։ Թեպետ պատվիրակությունը նախապես ստացել էր Վրաստանի կառավարության համաձայնությունը՝ դեպքերի վայրը մեկնելու համար, Եկատերինենֆելդ (այժմ՝ Բոլնիս) բնակավայրի մոտ վրաց գվարդիականները նրանց ճանապարհը կտրեցին և վճռականապես պահանջեցին ետ դառնալ[56][57][Ն 21]:
Այդ օրերին Վրաստանի հայաշատ վայրերում ապօրինի ձերբակալությունները, խուզարկություններն ու բռնագրավումները դարձել էին սովորական երևույթ։ Զինապարտ հասակի հայ տղամարդկանց կալանավորում էին, Քութայիսի մոտ ստեղծված հատուկ նշանակության ճամբարներում նրանց սովատանջ էին անում և օգտագործում ծանր աշխատանքների համար[Ն 22]: Բուն Վրաստանի քաղաքներում և գյուղերում, ինչպես Գորի, Սիղնաղ, Թելավ, Գուրջաան և այլն, տեղի ունեցան հայերի տների և խանութների թալան ու ավեր։ Հալածանքների էին ենթարկվել հայ հայտնի հասարակական անհատները, այդ թվում նաև ՀԱԽ-ի անդամները[Ն 23]: Ծանր կացություն էր ստեղծվել նաև Բորչալուի հյուսիսային մասում (Տաշիր), քանզի վրաց զինվորականությունը վրեժխնդիր եղավ գավառի խաղաղ հայ բնակչությունից։ Ազգային հալածանքը Դաղեթ-Խաչենի և Շուլավերի գավառակներում հայերի սպանության բազմաթիվ դեպքերի պատճառը դարձավ։ Հազարավոր մարդիկ ստիպված էին թաքնվել անտառներում՝ կոտորվելով սովից և ցրտից։ «Դեմոկրատական հանրապետության» հեղինակությունն ի սկզբանե վարկազրկող այս երևույթների մասին բազմիցս բարձրաձայնել է[Ն 24]:
Դեռ զինված բախման շրջանում և նրա ավարտից անմիջապես հետո ՀԱԽ-ի անդամները մի շարք դիմումներ արեցին, նախ իր աշխատանքները բնականոն դարձնելու համար, որի համար պահանջվում էր հատուկ թույլտվություն, ինչպես նաև հայ բնակչության հոգսը և տագնապը թեթևացնելու փորձեր կատարեցին։ Այդ նպատակն էր հետապնդում վարչապետի հետ 1918 թվականի դեկտեմբերի 30-ի տեսակցությունը։ Մայրաքաղաքում հայերի «ձերբակալությունների ժամանակ կատարվող անկարգությունների առթիվ Նոյ Ժորդանիան, որպես կառավարության գլուխ հայտնել է իր զայրույթը և հաստատ համոզմունքը, որ այդպիսի անկարգությունների դեմ կառավարությունը ձեռք կառնի բոլոր միջոցները և բոլոր մեղավորներին ու հանցավորներին կպատժի ամենախիստ կերպով»[63]։ Հակառակ այս խոստումներին, 1919 թվականի հունվարի 5-ին Թիֆլիսում դարձյալ տեղի էին ունեցել հայերի ապօրինի զանգվածային ձերբակալություններ[Ն 25]: Շուրջկալների մեջ ընկած բոլոր հայ տղամարդկանց անխտիր մեկուսարան էին նետում և նույնիսկ այն օտարազգի անձանց, ովքեր «չէին կարողանում ապացուցել, որ հայ չեն»[65]։
1919 թվականի հունվարի 6-ին ՀԱԽ-ի ներկայացուցիչներն այցելեցին վարչապետին և «մատնանշեցին այն բոլոր ապօրինություններն ու խժդժությունները, խոշոր ու մանր կաշառակերությունն ու կազմակերպված թալանը, որ տեղի է ունեցել հայերի վերաբերությամբ այս ձերբակալությունների առթիվ և խնդրեցին կտրուկ միջոցներ ձեռք առնել մեղավորներին գտնելու և պատժելու համար»[65]։ Մեկուկես ժամ տևած զրույցի ժամանակ Նոյ Ժորդանիան խոստացավ բավարարել բոլոր հիմնավորված պահանջները։ Նրանց շարքում գլխավոր տեղ էր գրավում ՀԱԽ-ի լիազորների մասնակցությամբ քննիչ հաձնաժողովի ստեղծման առաջարկը, որը միանգամայն ընդունելի համարվեց։
1919 թվականի առաջին օրերին ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Վրաստանի և նրա կառավարության հետագա ճակատագիրը տակավին մնում էր անորոշ։ Թիֆլիս ժամանած բրիտանական բանակի առաջին զորավարները (գեներալ Ու. Ռայկրոֆտ և ուրիշներ) դրսևորեցին անբարյացակամ վերաբերմունք Ժորդանիայի վարչակարգի նկատմամբ։ Խոստացած քննիչ հանձնաժողովը, որի անդամ էր նաև ՀԱԽ-ի լիազոր Դավիթխանյանը[66], այդպես էլ վճռական որևէ դեր չունեցավ հայերին հալածողների ապօրինությունները բացահայտելու գործում։
ՀՅԴ-ն, որը հանդիսացավ Վրաստանի ՀԱԽ-ի ստեղծման հիմնական և հետևողական նախաձեռնողը, առանձնակի սրտացավությամբ էր նկատում նրա բոլոր թերությունները։ Պարիտետի սկզբունքով գումարած ՀԱԽ-ի առաջին կազմը պետք է գործեր առժամանակ, մինչև համընդհանուր ընտրությունները։ Ենթադրվում էր, որ համաժողովրդական քվե ստացած Վրաստանի հայոց ազգային ժողովը կձևավորի ՀԱԽ-ի նոր կազմը, բայց դա տեղի չունեցավ նախապես որոշված ժամկետներում, ուստի ՀՅԴ լրագրում ընծայվեց հետևյալ դժգոհ կարծիքը.
Վրաստանի Հայոց Ազգային խորհուրդը ունեցել է 4-5 նիստ և այդ նիստերը եկել են ապացուցելու, որ այդ մարմինն իր գործունեությամբ բնավ չի արդարացնում իր վրա դրած հույսերը… Ազգային խորհուրդ կոչվածը դարձել է մի մարմին, ուր կուսակցությունները մարզվում են հռետորական և «դիվանագիտական» պարապմունքների մեջ… Պետք է օր առաջ նշանակել Վրաստանի հայության Սահմանադիր ժողովի ընտրությունները և հնարավորություն տալ, որ դեմոկրատիայի իսկական ընտրելիներն իրենց ձեռքը վերցնեն հայ աշխատավորության կրթական-կուլտուրական կյանքի ղեկը[67]։ |
ՀԱԽ-ի վերընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականի փետրվարի 18-ին ՀՅԴ-ի Թիֆլիսի «ներկայացուցչական ժողովում» լսվեց ՀԱԽ-ում նրա լիազորների հաշվետվությունը։ Ելույթ ունեցողները (Ա. Աբեղյան, Հ. Գ. Արղության և այլք) միակարծիք եղան, որ գործող ՀԱԽ-ը պետք է լուծարվի և նրա փոխարեն ստեղծվի նորը։ ՀԱԽ-ը մեղադրվեց, որ ձախողել է գաղթականության խնամելու առաքելությունը, ինչպես նաև հասցրել է վիրահայության մշակութային գործերն անմխիթար վիճակի։ Ժողովի մասնակիցները դարձյալ բնութագրեցին պարիտետի սկզբունքով կազմված ՀԱԽ-ը որպես «քառանկյունի անիվ»։ Հատուկ նշվեց, որ ՀՅԴ-ի խմբակցությունն իր գործընկերներին բազմիցս առաջարկություններ է տվել ՀԱԽ-ի վերընտրության մասին, սակայն գործը կանգ էր առել կանոնակարգ մշակող հանձնաժողովում[68]։ 1919 թվականի մարտի 14-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ՀԱԽ-ը մերժեց ՀՅԴ-ի խմբակցության առաջարկը լուծարման մասին[69]։ Այսպիսով, հարցի կարգավորումն առժամանակ հետաձգվեց, մանավանդ հիշյալ դեպքից երկու օր առաջ գումարվել էր Վրաստանի Սահմանադիր ժողովը (ՍԺ)։ Վերջինիս անդամակցելու համար ձայների պահանջված քանակն ապահովեցին միայն վրացական ազգային կուսակցությունների համամասնական ցուցակները։ Դա պայմանավորված էր «դեմոկրատական հանրապետությունում» որդեգրված «ընդհանուր, հավասար, ուղղակի և գաղտնի քվեարկության» սկզբունքի լուրջ խախտումներով։ ՎԴՀ-ի «հպատակություն» սահմանող կանոնակարգի դիտավորյալ արգելքների շնորհիվ ձայնի իրավունքից զրկվեց ոչ վրացի ազգաբնակչության ստվար զանգվածը։ ՎԴՀ-ի հայաշատ վայրերում 1918 թվականի դեկտեմբերին, հայտնի պատճառներով, բնակչությունն ահաբեկված էր. օրինակ, Սիղնաղում (Կախեթ) վրաց գվարդիականները խլում էին ընտրողների ձեռքից ՀՅԴ-ի օգտին տրված քվեաթերթիկները[70][Ն 26]: Փաստորեն, ստեղծված ձախորդ քաղաքական պայմաններում, ՀԱԽ-ը մնաց Վրաստանի հայ համայնքի միակ ներկայացուցչական ամբիոնը։
Վրաց քաղաքական միտքը, կուսակցական պատկանելությունից զատ, առանձնակի եռանդով քարոզում էր ազգային փոքրամասնությունների ներկայացուցչական մարմինների գոյության դեմ։ «Այս բոլոր ազգային խորհուրդները հակավրացական քաղաքականություն վարող հաստատություններ են,– պնդում էին ազգային դեմոկրատները։ – Եթե ազգային փոքրամասնություններն աչքի առաջ ունեն լոկ մշակութային նպատակներ, ապա, կտեսնեն, որ նրանց ազգային զարգացումն անձեռնմխելի է և ապահովված։ Այս պատճառով ազգային խորհուրդներն ավելորդ են»[72]։ Արմատական ազգայնականներից ետ չէին մնում նաև սոցիալիստական և, հետևապես, «միջազգային» վրաց սոցիալ-դեմոկրատները։ Նրանց մամուլը համոզում էր հասարակությանը, թե «Սահմանադիր ժողովը հանդիսանում է, առանց ազգային խտրականության, Վրաստանի բոլոր քաղաքացիների ներկայացուցիչը։ Հետևաբար, որևէ ազգային խորհուրդների գոյությունն անթույլատրելի է…»[73][74]: ՍԺ-ի ընտրություններն իրականացվում էին լուրջ խախտումներով, երբ ազգային փոքրամասնությունների շուրջը, հանձինս հայերի, ստեղծվել էր ահաբեկման մթնոլորտ։ Քողարկելով այս խտրականության քաղաքականությունը, ՎԴՀ-ի առաջնորդները՝ ՎՍԴԲԿ-ի համամասնական ցուցակով խորհրդարան էին մտցրել նաև հայազգի չորս պատգամավոր, որոնց ներկայությունը ՍԺ-ում հեգնանք էր առաջացնում նույնիսկ վրացական կողմի մոտ[Ն 27]: Բոլորի համար միանգամայն պարզ էր, որ այս խուսանավող քայլերը չէին կարող փոխարինել 400 հազ. թվաքանակ ունեցող Վրաստանի հայ համայնքի լիակատար ներկայացուցչությունը։
Վրաստանում գործող հայկական քաղաքական մեծ ու փոքր բոլոր հոսանքների համաձայնությամբ, ի վերջո, որոշվեց ՀԱԽ-ի վերընտրություններն իրականացնել 1919 թվականի հուլիսին։ Այս իրադարձությունը պետք է հնարավորինս ավելի կատարյալ կապ հաստատեր Վրաստանի տարբեր քաղաքներում և գավառներում բնակվող հայ համայնքի առանձին մասերի միջև։ Համամասնական վեց ընտրացուցակներն ընդգրկում էին ՀՅԴ-ի, ՀԺԿ-ի, ՌՍԴԲԿ-ի, ՎՍԴԲԿ-ի, ՌՍՀԿ-ի և Հնչակյան կուսակցության թեկնածուներին, ինչպես նաև առանձին խմբով հանդես եկած Աբխազիայի հայազգի սոցիալ-դեմոկրատներին[76]։ Շրջանային ընտրական հանձնաժողովներ էին կազմակերպվել Թելավում, Սիղնաղում, Գորիում, Սուխումում, Քութայիսում, Ախալցխայում և Թիֆլիսի շրջանում[77]։ ՀԱԽ-ի կենտրոնական ընտրական հանձնաժողովի խնդրանքով Վրաստանի ՆԳ նախարար Նոյ Ռամիշվիլին «խոստացավ մի շրջաբերականով հայտնել կոմիսարներին և զեմստվային վարչություններին, որ Վրաստանի Հայոց Ազգային Խորհրդի ընտրությունները տեղի են ունենում կառավարության գիտությամբ և ընտրությունների դեմ խոչընդոտներ չպիտի հարուցվեն»[78]։ Սակայն շուտով հայտնի դարձավ, որ վրաց կառավարությանը դիմել են ՎՍԴԲԿ հայազգի անդամները, մասնավորապես Կախեթի շրջաններից, որոնք խնդրում էին «ընտրությունները հետաձգել մինչև աշուն, որովհետև դաշտային եռուն աշխատանքների պատճառով այդ շրջանների ազգաբնակչությունը հնարավորություն չունի պետք եղած չափով մասնակցել ընտրական աշխատանքներին»[79]։ Այս պատճառաբանությունը հերքվեց ՀԱԽ-ի կողմից[80]։ Սակայն, նշանակված ժամկետից երկու օր առաջ՝ 1919 թվականի հուլիսի 18-ին, ՀԱԽ-ի ընտրությունները կամայաբար կասեցվեցին կառավարության որոշմամբ[81]։ Գլխավոր պատճառներից էր նաև այն, որ ՀԱԽ-ի ընտրությանը Ջավախքի (որպես վիճահարույց տարածքի) հայության մասնակցությունը նախատեսված չէր։ Հայաստանի կառավարությունը հրաժարվեց միանալ 1919 թվականի հունիսին կնքված վրաց-ադրբեջանական հակառուսական դաշինքին։ Հետևապես, ճնշումների թիրախ դարձավ ՀՅԴ-ի Վրաստանի ճյուղը, արգելվեց նրա մամուլի մարմին «Աշխատավոր» պարբերականի հրատարակությունը։ Ակնկալելով ՀՅԴ-ի հաջողությունը ՀԱԽ-ի համընդհանուր ընտրությունների պարագայում, վրաց իշխանություններն այս հարցում ևս նախընտրեցին արգելքների ճանապարհը։ Նրանց մեղադրանքների արհեստական լինելն ապացուցեցին նաև 1919 թվականի օգոստոսին իրականացված Վրաստանի Սահմանադիր ժողովի լրացուցիչ ընտրությունները։ Ախալքալաքի, Ախալցխայի և Բորչալուի գավառներում նրանց արդյունքներն սպասելի հաղթանակ բերեցին ՀՅԴ-ի համամասնական ցուցակին։ Զ. Զորյանը, Տ. Ավետիսյանը և Գ. Տեր-Ստեփանյանն անդամակցեցին Սժ։
Վստահության ձեռքբերում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀԱԽ կազմող կուսակցությունները փորձում էին գտնել ճանապարհներ հայ համայնքի վստահությունը վերականգնելու և ամրապնդելու համար։ Չկարողանալով ձեռք բերել Վրաստանի ողջ հայության քվեն, ՀԱԽ-ը առաջնորդող հոսանքները, բնականաբար, վերադարձ կատարեցին միջկուսակցական անդրկուլիսյան համաձայնությունների պրակտիկային։ ՀԱԽ-ի կազմավորման այդ եղանակը, ի սկզբանե, ցույց տվեց իր բոլոր արատավոր և մութ կողմերը։ Սակայն այլ երկընտրանք չկար։ ՀԱԽ-ի համընդհանուր ընտրությունների նախօրոք ձախողման հայ սոցիալ-դեմոկրատների նախաձեռնող խումբը, որը ներկայանում էր իբրև ՎՍԴԲԿ-ի «հայկական սեկցիա»[Ն 28], անմիջապես առաջ քաշեց պահանջ ՀԱԽ-ում իրեն ևս տեղեր հատկացնելու մասին[83]։ Այդ առաջարկը լուրջ քննարկման առարկա դարձավ։ Ոմանք կարծում էին, որ «հայկական սեկցիայի» մասնակցությունը ՀԱԽ-ում կստեղծի լրացուցիչ լծակներ նրա գործերը ներսից վերահսկելու և անհրաժեշտ դեպքում, ի շահ վրաց կառավարությանը, անվտանգ ուղղությամբ տանելու համար[84][Ն 29]:
Կուսակցություններից յուրաքանչյուրն ուզում էր ՀԱԽ-ի կազմում բացառիկ դիրք ունենալ։ Դրա համար էլ քաղաքական ամեն մի հոսանք ձգտում էր այնտեղ շատ ներկայացուցիչներ ունենալ։ ՀԱԽ-ի կազմավորման պարիտետային սկզբունքը վերացավ և նրա փոխարեն առաջ եկավ ոչ պակաս վիճահարույց ու խճճված կառուցվածք։ Երբ վերջապես պետք է որոշվեր ՀԱԽ-ի կազմը, սկսվեցին թեժ վիճաբանությունները։ Տեղերի վերաբաշխման մասին այս վեճերն առժամանակ կաթվածահար էին արել առանց այն էլ ՀԱԽ-ի ոչ արդյունավետ և անկատար աշխատանքը։ 1919 թվականի սեպտեմբերին ձեռք բերվեց որոշակի համաձայնություն, որով վերաբաշխվեցին աթոռները ի շահ ՀՅԴ-ի լիազորների[86]։ Վերջին հանգամանքը նպաստավոր եղավ նաև ազգային կուսակցությունների համար, որոնք հանդես եկան ի դեմս սոցիալիստական հոսանքների միավորմանը։ ՀՅԴ-ն, ՀԺԿ-ն, հնչակյանները և հայ արդյունաբերողների ներկայացուցիչները միահամուռ կամք դրսևորելով կազմեցին ՀԱԽ-ի նոր գործկոմ, որի առաջնորդելու գործը ստանձնեցին հայտնի ձեռներեց Մ. Արամյանցը, գիտնական-հայագետ Ե. Տեր-Մինասյանը, ՍԺ-ի անդամ Գ. Տեր-Ստեփանյանը։ Էսդեկների և էսէռների լիազորները գործկոմի մեջ տեղ չգտան, քանզի ակնկալելով ուժերի ոչ նպաստավոր հարաբերակցությունը՝ ՌԽԴԲԿ-ի, ՎԽԴԲԿ-ի և ՌԽՀԿ-ի խմբակցությունները սկզբից ևեթ հրաժարվեցին թեկնածուներ առաջադրել[87]։ ՀԱԽ-ին նոր շունչ հաղորդող քայլերից մեկը եղավ նաև նախագահության վերընտրությունը, որը համալրեցին Բ. Թոփչյանը (ՀՅԴ), Ա. Մխիթարյանը (ՀԺԿ) և հնչակյան Յ. Ղազարյանը (Լազո)[88]։ Կարծես, ի վերջո, ստեղծվել էր ՀԱԽ-ի այն միջուկը, որը պետք է առաջ մղեր կուտակված մեծ ու փոքր բոլոր խնդիրները։ Դեպքերը, սակայն, զարգացան այլ կերպ. ՀԱԽ-ի ղեկավար նորակազմ մարմինները, միջկուսակցական խորհրդակցության որոշման հետևանքով, գրեթե անմիջապես լուծարվեցին։ Պաշտոններում վերահաստատվեց նախկին աշխատակազմը[89]։
Այսպիսով, ՀԱԽ-ը գլխավորող մարմինների մեջ, առանձնապես ֆինանսական բաժնի կազմում, հայ գործարար խավի նշանավոր ներկայացուցիչների (Մ. Արամյանց, Ե. Մայիլյան և այլք) ներգրավելու ձախողման փորձն առաջ բերեց և այնուհետև ամրապնդեց ՀԱԽ-ի նկատմամբ ունևոր դասի կասկածամտությունը, ինչը, փաստորեն, մեծապես նպաստեց այդ կառույցի ֆինանսական առկա ճգնաժամի էլ ավելի խորացմանը։
Այս վայրիվերումների գլխավոր պատճառը սոցիալիստական թևի դիմադրության և նրա կողմից հետագա կառուցողական աշխատանքի նենգադուլն էր, քանզի «ձախ» հոսանքների ներկայացուցիչները՝ Ա․ Երզնկյան և այլք, ներկայացված չէին գործկոմի նոր աշխատակազմում։ Վրաց կառավարությունն անհետևանք չէր թողնի իր կուսակիցների՝ ՎՍԴԲԿ «հայկական սեկցիայի» ներկայացուցիչներին որևէ պաշտոն չտալը։ Իշխանությունները ցանկանում էին ՀԱԽ-ի գլուխ կարգել լոյալ սոցիալիստներին՝ պաշտոնական որոշումների լուռ կամակատարներին։ Սակայն ձգտման համար գլխավոր արգելք էր դիտվում ՀՅԴ խմբակցությունը։ Վերջինիս մեկուսացման համար «հայկական սեկցիայի» լիազորները ՀԱԽ-ում դիմեցին գործնական քայլերի։ Այսպես, «սեկցիայի» ժողովը որոշեց՝ «ոչ մի դեպքում դաշնակցության հետ համաձայնության չգալ նախագահության կազմելու խնդրում, այլ ուրիշ խմբակցությունների հետ ժամանակավոր համաձայնությամբ լուծել այդ խնդիրը և սոցիալիստական մեծամասնություն ստեղծել թե՛ նախագահության և թե՛ գործադիր մարմնի մեջ»[90]։ Քաղաքական պայքարը ՀԱԽ-ի ներսում թեժացվում էր այն պարագայում, երբ անհրաժեշտ էր, առաջին հերթին, ազգային միասնականության կամք դրսևորել՝ ստեղծարար և կառուցողական աշխատանք կազմակերպելու համար։ Մամուլը իրազեկում էր, որ «այնուամենայնիվ դաշնակցականներն որոշ աշխատանք կատարել էին, թե ինչ ձևով այդ իրենց գործն է, միայն փաստն այն է, որ երբ քվեարկության դրվեցին Ազգային Խորհրդի նախագահության համար երկու թեկնածուները` Ա. Երզնկյանը[Ն 30]՝ սոցիալիստական երեք ֆրակցիաների, իսկ Բ. Թոփչյանը դաշնակցականների կողմից, վերջինն ստացավ 26 ձայն, այսինքն երկու ձայն ավելի սոցիալիստների թեկնածուից և ընտրվեց Ազգային Խորհրդի նախագահ։ Ձեռնպահ էին ռուսական կադետների երկու հայ ներկայացուցիչները»[93]։ ՀՅԴ-ի թեկնածուի օգտին 28-ի թվում հանդես եկան նաև ՀԺԿ-ն, հնչակյանները և հայ գործարարների խմբի անդամները։
ՀԱԽ-ի երկրորդ վերակազմավորում և գործունեության կասեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականի փետրվարին հայկական քաղաքական հոսանքները Վրաստանում դարձյալ համաձայնության եկան ՀԱԽ-ի վերակազմավորման մասին, որի անդամների համար հատկացվում էր 30 աթոռ։ Այս պարագայում ՀՅԴ-ն ունեցավ 10-ը, իսկ մյուս կուսակցություններից (ՎԽԴԲԿ, ՌԽԴԲԿ, հնչակյաններ, էսէռներ) յուրաքանչյուրը 5-ական տեղ[94]։ Այս կառուցվածքը պահպանվեց մինչև ՀԱԽ-ի գոյության վերջին պահը։
Արձագանքելով բազմակուտակ խնդիրներին՝ ՀԱԽ-ը չէր կարող չփոխհարաբերվել վրաց վարչական տարբեր տեսակի մարմինների հետ, որոնք, սակայն, ազատ էին նրա դիմումներն անտեսելու մեջ։ «Անմերժելի» կեցվածք ընդունելով՝ վրացական կողմը համառորեն պնդում էր, որ ՀԱԽ-ը նախ և առաջ պետք է լինի միմիայն մշակութալուսավորչական հաստատություն[95], այլ ոչ թե Վրաստանում հայերի արտերկրային ազգային ինքնակառավարման ներկայացուցչական մարմին։ ՎԴՀ-ում դեռ ձևավորվող պետաիրավական դաշտի լուրջ թերությունների հետևանքով ՀԱԽ-ի դերը, առանձնապես հեռանկարում, բոլորի համար մնում էր շատ աղոտ և մշուշապատ։ Այսպիսով, փաստացի զրկված լինելով հասարակական, իրավական, քաղաքական լիազորություններից, ՀԱԽ-ը, ի վերջո, պահպանեց միայն մի գործառույթ, և այն է՝ Վրաստանում հայկական ժողովրդական դպրոցների համակարգն առաջնորդելու գործը[96][97]։
«Ազգայնացման» քաղաքականության հետևանքները մեծ մասամբ մեկուսացրին և օտարեցին Վրաստանի ազգային փոքրամասնությունները նրա կառավարական, օրենսդրական, վարչական մարմինների գործունեությունից[Ն 31]: Որոշումների կայացման լծակներն ամբողջությամբ հայտնվեցին վրաց ազգության վերնախավի ձեռքերում։ Այս պարագայում փոքրամասնություններին այլ ելք չէր մնում, քան պահանջել հատուկ կարգի երաշխիքներ իրենց բուն իրավունքները պաշտպանելու համար։ Աբխազները, օսերը, աջարները և թուրք-մեսխեթցիները ձգտում էին հասնել տարածքային ինքնավարությանը։ ՀԱԽ-ը աշխատում էր ձեռք բերել Վրաստանի հայազգի քաղաքացիների համար արտերկրային ինքնակառավարում, որի գլխավոր բաղադրիչն էր մշակութային ինքնավարության մասին գաղափարը։ Այն պետք է կարևոր դերակատարում ունենար Վրաստանի հայ համայնքի, այդ թվում նաև վրացախոս վիրահայերի, ազգային ինքնության պահպանման գործում։ Մշակութային ինքնավարության կարգավորման ուղիները փնտրում, քննարկում և առաջարկում էին հասարակայնության տարբեր շրջանակները։ Հայ համայնքում գործող տեսակետներն արտացոլվել են ժամանակի մամուլում։ «Երբ մենք ասում ենք կուլտուրական ավտոնոմիա,– կարդում ենք դաշնակցական պարբերականում, – հասկանում ենք մի այնպիսի դրություն, որ ամեն մի ազգ իրավունք պիտի ունենա պետության հաշվով կառուցելու և պահպանելու իր ազգային կուլտուրական կյանքը։ Օրինակ` հայերը Վրաստանում (կամ՝ աբխազները, թուրքերը, ռուսները, հույները և այլն) պիտի ունենան իրենց ընտրովի մարմինը, ասենք Ազգային Խորհուրդ։ Պետությունը հարկ է հավաքում անխտիր բոլոր քաղաքացիներից և այդ դրամով պահում զանազան հաստատություններ։ Պետության պարտքն է՝ կրթական-կուլտուրական նպատակների համար հատկացված ամբողջ գումարը համեմատական չափով բաժանել (նայած ամեն մի ազգի թիվը), ազգությունների ընտրովի մարմինների մեջ, որոնք և պիտի պահեն կուլտուրական հաստատությունները (դպրոց, թատրոն, գրականություն և այլն)։ Ապա, նույն ազգային մարմիններին միայն պիտի վերապահվի այդ կրթական-կուլտուրական հաստատությունների ղեկավարությունը, ոգի և ուղղություն, բովանդակություն տալը»[99]։
ՀԱԽ-ը ի սկզբանե այն թյուր համոզմունքն ուներ, թե նորաստեղծ հանրապետության ղեկավարները հետևողական կլինեն ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնավարության հարցում և ՎԴՀ-ում կիրականացնեն այն նույն կերպով և ծավալով, ինչպես դա իրենք նախկինում էին պահանջում Ռուսաստանի ցարական իշխանություններից Կովկասի ողջ ժողովուրդների համար։
Սեփական պետականություն հռչակելով՝ վրաց առաջնորդներն այլ ազգություններին խոստումներ էին բաժանում նորաթուխ հանրապետության կազմում նրանց լուսավոր և բարգավաճ հեռանկարների մասին։ Ըստ ՎԴՀ-ի ղեկավար անձանց տարածում ստացած տեսակետի, սակայն, քաղաքացիների ազգային կարիքները պիտի յուրացվեին տեղական ինքնակառավարման մակարդակով, քանի որ երկրում հռչակված «դեմոկրատական» կարգերը երաշխիք են ստեղծում որևէ հալածանքի դեմ։ Ինքնավարության սկզբունքի փոխարեն, այդ թվում նաև մշակութային, ազգային փոքրամասնություններին առաջարկվեց բավարարվել միայն լայն ժողովրդավարացման մասին կարգախոսով։ Մշակութային ինքնավարության մասին տարբեր տեսակի գաղափարներին, հետևաբար, վրացական քարոզչական մեքենան «թաքնված անջատողականության» պիտակ էր կպցրել։ Այնուամենայնիվ, քաղաքակիրթ աշխարհի աչքերին թոզ փչելով, ժամանակի վրաց առաջնորդները մշտապես ընդգծում էին հայրենի պետությունում բնակվող այլ ազգությունների իրավունքները հարգելու իրենց պատրաստակամությունը[Ն 32]:
Որոշելով ընդմիշտ զրկել ոչ վրաց ազգություններին իրական մշակութային ինքնավարությունից, խորհրդարանի ճնշող վրաց մեծամասնությունը կազմել էր այնպիսի հանրապետական սահմանադրություն, որ այն ազգային փոքրամասնությունների իրավունքների մասով չէր էլ կարող արդարացնել ու լիովին բավարարել վիրահայ, ջավախահայ, ինչպես նաև աբխազահայ համայնքների սպասելիքներից և ոչ մեկը[101]։
Վրաստանի ՀԱԽ-ը գոյատևեց մինչև 1921 թվականի փետրվարի 28-ը, երբ ազգային այլ կազմակերպությունների հետ խորհրդային իշխանությունների կողմից կասեցվեց նաև նրա գործունեությունը։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայ ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) հիմնադիր առաջնորդ, նրա Կենտրոնական կոմիտեի նախագահ։
- ↑ ՀԺԿ-ի կենտկոմի փոխնախագահ, ՀՀ-ի արդարադատության նախարար Հ. Քաջազնունու ղեկավարած երկրորդ կառավարության կազմում։
- ↑ ՀՀ-ի լուսավորության նախարար Հ. Քաջազնունու ղեկավարած երկրորդ կառավարության կազմում։
- ↑ ՀՅԴ-ի ականավոր գործիչ, գրականագետ, մանկավարժ, ՀՀ-ի լուսավորության նախարար։
- ↑ Նաև Խանասորի Իշխան, ազգային-ազատագրական շարժման ականավոր գործիչ։ Հ. Արղությանի կենսագրությանը նվիրված բաժնում նա սխալմամբ հիշատակվում է նաև որպես Վիրահայ ազգային խորհրդի նախագահՈվ ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 1. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. 2005. էջ 166.</ref>
- ↑ Իրականում, լինելով նրա գործադիր մարմնի անդամ, երբեմն վարում էր այդ կառույցի նիստերը։
- ↑ Վրաստանի Սահմանադիր ժողովի պատգամավոր (1919-1921)։
- ↑ Անդրկովկասյան Սեյմի (1918), Վրաստանի Պառլամենտի (1918-1919) և ՀՀ-ի խորհրդարանի անդամ (1919-1920)։
- ↑ Անդրկովկասյան Սեյմի և կառավարության անդամ (1918)։
- ↑ Բացասական վերաբերմունքի արժանացավ նաև հայ «կադետների» հայցը, ինչը կասկած է հարուցում, թե առաջ ընկած սոցիալիստական գործիչները, շահարկելով ՀԱԽ-ի վերընտրության սկզբունքը, փորձում էին փոքրիշատե երկարաձգել իրենց գերակայությունն այդ կառույցում[6]։
- ↑ Անդրկովկասյան կոմիսարիատի անդամ (1917-1918)։
- ↑ Վրաց խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցչությունը սահմանվել էր «անկախության մասին ակտով»։ ՎԱԽ-ը, սակայն, դիտավորյալ հապաղում էր այդ իրավունքը գործնականում իրականացնող քայլերից, մինչև որ 1918 թվականի հուլիսի 16-ին չհաստատեց «Վրաստանի դեմոկրատական հանրապետության հպատակության մասին կանոնադրություն»-ը։ Ըստ որի` բացի էթնիկական վրացիներից քաղաքացի էին ճանաչվում նաև այն անձինք, ովքեր իբրև ավանդական խավերի (հիմա` ազնվական, քաղքենի, գյուղացի) ներկայացուցիչներ գրանցված են եղել Վրաստանի մաս կազմող վարչական որևէ օղակին կից մինչև 1914 թվականի հուլիսի 19-ը (օգոստոսի 1-ը)։ Այս «կանոնադրության» համաձայն քաղաքացիության ձեռք բերման որևէ եղանակ չէր նախատեսված[13]։ Փաստորեն, այդ օրենքի գլխավոր նպատակն էր հնարավորինս խոչընդոտել և դժվարացնել Վրաստանում մինչև 1918 թվականի մայիսի 26-ը մշտական բնակություն հաստատած ոչ վրացի ազգությունների ներկայացուցիչներին իբրև նորակազմ հանրապետության իրավազոր ու լիիրավ քաղաքացիների ճանաչումը։
- ↑ Լինելով Ախալցխայի քաղաքագլուխ` Զ. Զորյանը հմտորեն կազմակերպել էր քաղաքի ինքնապաշտպանությունը (1917-1918)։
- ↑ Վրաստանի խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցչության կարևոր հարցին անդրադարձ եղավ նաև ՀՅԴ-ի կուսակցական մամուլում։ Այսպես, կարծիք հնչեց, որ «…մեր ներկայացուցիչները միշտ պիտի… հեռու լինելով անպատասխանատու օպոզիցիայի դերից, պիտի գործակցեն բոլոր այն տարրերի հետ, որոնք իրենց հերթին հեռու լինելով նեղ ազգայնական քաղաքականությունից, անվերապահ կերպով պաշտպանում են Վրաստանի դեմոկրատիայի շահերը…»([16]): «…Մենք մեր պատգամավորներին ուղարկելով Վրաստանի պառլամենտ` հրահանգում ենք… գործոն մասնակցությամբ շինարար աշխատանք կատարել իբրև հավասար, ազատ ու հարազատ քաղաքացիներ ուժեղ վրացական դեմոկրատական հանրապետություն ստեղծելու համար…»[17]:
- ↑ 1917-ի դեկտեմբերից 1918 թվականի հունիսն ընկած ժամանակամիջոցում Ջավախքի հայությունը ինքնապաշտպանական կռիվներ էր մղում ինչպես Օսմանյան Թուրքիայի, այնպես էլ նրա փոքր եղբայրների` տեղական թուրք-թաթարների դեմ[22]։ Վրաց քաղաքական վերնախավը, որը Ջավախքի նկատմամբ մեծ հավակնություններ ուներ և այն վերածնված Վրաստանի անբաժանելի մասն էր համարում գործնական ոչ մի օգնություն ցույց չտվեց գավառի պաշտպաններին և, կարծես, ընդառաջ էր գնում օսման նվաճողների ծրագրերին։ Վրացի գործիչները փորձում էին իրենց «ազգային գործերը» կարգավորել հայերի հաշվին։ Ինչպես հայտնի է, 1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում կնքվեց վրաց-թուրքական պայմանագիրը, համաձայն որի, Ախալքալաքի գավառը, նույնպես անցավ Թուրքիայի ձեռքը։ Գերմանական կողմը, սակայն, չէր ճանաչում Բաթումի տխրահռչակ «հաշտությունը», քանզի Օսմանյան կայսրությունը նվաճեց Բրեստ-Լիտովսկի պայմանագրով չնախատեսված մարզեր։ Գերմանիան խանդով էր նայում, թե ինչպես Բաթումում Թուրքիան ձեռք բերեց միակողմանի առավելություններ և պնդեց, որ հրավիրվի մի նոր կոնֆերանս։ Նախատեսվում էր, որ Կ. Պոլսում այժմ պիտի բանակցեին Քառյակ միության և կովկասյան նորակազմ հանրապետությունների ներկայացուցիչները։ Ենթադրվում էր, որ մինչև նոր խորհրդաժողովը, վիճելի տարածքների հարցը մնալու էր առկախ։ Այսպիսով, վրաց առաջնորդները, որոնք վայելում էին Գերմանիայի բազմակողմանի հովանավորությունը, Ջավախքի հարցի լուծումն ապագայում ևս տեսնում էին հօգուտ Վրաստանի։ Իսկ մինչ այդ, կարծես, նրանց շահերից էր բխում Ախալքալաքի գավառի հայաթափումը, քանզի վրաց քաղաքական գործիչները գրեթե բոլոր առաջացած հարցերը վերլուծում էին տարածքային վեճի տեսակետից։ «Մի պարզ ու որոշակի քաղաքականություն է վարում վրաց կառավարությունը դեպի հայկական տարրը Ախալքալաքի, Ախալցխայի շրջաններում։ Նա ձգտում է սահմանների վեճի լուծումը այս կամ այն միջոցով` ամեն տեսակի խոչընդոտներ ու արգելառիթներ ստեղծելով գաղթականությանը այնպիսի վիճակի մեջ դնել, որ ոչ մի գաղթական կենդանի չմնա, ու այդպիսով խնդիրը լուծված կլինի…»,– եզրահանգում էր ժամանակի մամուլը[23]։
- ↑ Վրաց արմատական ազգայնականների շաբաթաթերթը, էլ ավելի սաստկացնելով հասարակությունում օր օրի թանձրացող տագնապալից տրամադրությունները, պնդում էր` «եթե մեր կառավարությունը թույլ տա փախստականներին իրանց համակենտրոնացման բանակատեղիները թողնել ու տեղավորվել գյուղերում – Վրաստանն այսօր կամ վաղը Հայաստան կհայտարարվի»[24]։ «Թերևս ավելի մեծ պատուհաս են դառել,– գրում էր ժամանակի մամուլը, – խեղճ գաղթականների գլխին տեղումս եղած քաղաքացիական և զինվորական պաշտոնյաները և մանավանդ դրանց ստորադրյալ հասարակ ծառայողները։ Հանրապետության կառավարությունը որոշ նպատակով արգելել է գաղթականներին Վրաստանի ներսն անցնելը։ Առանց пропускъ-ի ոչ ոքի թույլ չի տրվում երկաթուղի նստելու։ Այդ բանն սկսեց ծառայել որոշ մարդկանց համար որպես հեշտ հարստանալու միջոց և եկամտի խոշոր աղբյուր։ Հայտնի է, որ գաղթականության տենչանքն է Թիֆլիս և Հյուսիսային Կովկաս անցնելը։ Եվ ով միջոց է ունեցել` արդեն գնացել է։ Քաղաքի 6 հազար բնակիչներից մնացել են մոտ 300 հոգի, իհարկե բոլորն էլ աղքատ և թշվառ։ Գնացել, հեռացել են այստեղից և հարուստ գյուղացիներից շատերը[25]։ Այսպիսով` կաշառք բաժանելով գաղթականության այս ունևոր և ճարպիկ մասը կարողացավ դեպի Թիֆլիս անցնել։ Զանազան արգելքներ հաղթահարած հայ փախստականներին, որոնք հասել էին Վրաստանի մայրաքաղաք, Նավթլուղ կայարանում, սակայն, ձերբակալում էին և բռնությամբ վերադարձնում Բակուրիանի անտառներում գտնվող մյուս գաղթականների մոտ։ Վարչապետ Ն. Ժորդանիայի կարգադրությամբ թույլատրվեց արգելափակող գծից դուրս փոխադրել միայն 305 որբ երեխաներ[26]։
- ↑ 1918 թվականի հուլիսի 2-ին Վրաստանի ՆԳՆ-ի կից ստեղծվել էր Մեսխեթիայից և Ջավախքից եկած փախստականների գործերով զբաղվող «կոմիտե»։ Հատկացնելով այդ կառույցին 185 հազ. ռուբլի նպաստ, վրաց կառավարությունն այդպիսով իր մարդասիրական առաքելությունն ավարտված համարեց և մի կողմ քաշվեց[28]։ Ըստ այդմ, որոշվեց «հայտարարել [Թիֆլիսի] քաղաքային ինքնավարությանը և հայոց ազգային խորհրդին, որ կառավարությունն այլևս ի զորու չէ միջոցներ հատկացնել քաղաքային ինքնավարությանը, գաղթականների ֆինանսական օգնության համար և առաջարկում է դիմել տարբեր տեսակի բարեգործական հիմնարկների և ունևոր մարդկանց»[29]։ Գաղթականների ընդհանուր թվաքանակը Վրաստանում 1918 թվականի օգոստոսին կազմեց 150 հազ. մարդ[30]։ Այդ թվում 120 հազ. հայ, 15 հազ. հույն և 11 հազ. վրացի փախստական։ Ինչ վերաբերում է Ադրբեջանից գաղթած 7-8 հազար հայ փախստականներին, ապա վրաց իշխանությունները նրանց մեծ մասը բռնի դուրս էին հանել սահման հանդիսացող Ալազան գետի մյուս ափը` մարդկանց դարձնելով թուրքերի կոտորածների առարկա[31][32][33]): Ջավախքի գաղթականության ողբերգական պատմությունն ամբողջացվել և սպառիչ մեկնաբանության է արժանացել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Ա. Մելքոնյանի հեղինակած համապարփակ ուսումնասիրության մեջ[34], ինչպես նաև Շ. Ա. Թորոսյանի հոդվածում[35] Այս դեպքերին արձագանքել է նաև ռուս հայտնի բանաստեղծ, հրապարակախոս ու հասարակական գործիչ Սերգեյ Գորոդեցկին` «Կենդանի գերեզմանոց» հոդվածով[36]։
- ↑ Ըստ «Թիֆլիսի քաղաքային գաղթականական բաժանմունքի կառավարիչ Օ.Ս. Բուկշտեյնի` քաղաքային վարչությանը տված զեկուցումից երևում է, որ անցյալ տարվա մինչև հունիսի 10-ը Թիֆլիս են եկել մոտ 40000 գաղթական, որոնցից 30 հազարը հովանավորվել են քաղաքային ինքնավարության կողմից, իսկ մնացած 10000-ը որևէ կերպ տեղավորվել է քաղաքում ու ապրել իրենց միջոցներով։ Իսկ այն օրվանից (հուլիսի 17-ին), երբ կառավարությունը դադարեցրեց գաղթականներին նպաստ տալ, նրանցից 6 հազար հոգի տեղավորվեցին 300-րդ վերստում, 1500 հոգի քաղաքային հանրակացարանում, իսկ մնացածը ինքնագլուխ որևէ կերպ տեղավորվեց քաղաքում։ Ներկայումս թեև քաղաքից հեռացողներ չեն եղել, բայց գաղթականների թիվը պակասել է հունիս ամսվա համեմատությամբ։ Գաղթականների պակասելը եղել է նրանց մահացության հետևանքով, որի պատճառն եղել են վարակիչ հիվանդությունները և սովը։ Այսպես, հունիսի 1-ից մինչև հունվարի 1-ը, այսինքն՝ 7 ամսվա ընթացքում, Թիֆլիսում մեռել է 7-8 հազար գաղթական։ Մնացած գաղթականներին ներկայումս օգնություն են ցույց տալիս քաղաքային, հայկական, ամերիկական և հունական գաղթականական մարմինները»[43]
- ↑ Վրացական կողմը սադրիչ համարեց այդ տեսակի ելույթները հայալեզու մամուլում, որի հետևանքով «Հորիզոն» պարբերականի լույս ընծայումն արգելվեց[45]։ Այս միջադեպին վրաց ազգայնականների օրաթերթը շտապեց նվիրել մի զավեշտական մեկնաբանություն։ «Օտարների ձեռքով հրատարակված լրագիրները մեղավոր են նաև այն ժամանակ, երբ լավ բաներ են գրում մեր կառավարության մասին։ Նրանք ոչ մի իրավունք չունեն մեր ներքին գործերի մեջ խառնվելու»[46]։
- ↑ Նա արդարացի ցասումով հավելում է, որ «Ախալքալաքի Հայրենակցության Վարչությունը պառլամենտի այդ նիստից մոտ 10 օր առաջ դիմել էր Վիրահայ Ազգային Խորհրդին և առաջարկել, որ սահմանափակումների հարցը պառլամենտի հայ անդամների միջոցով հարցապնդման առարկա դառնա։ Վիրահայ Ազգային Խորհուրդը ոչինչ չարեց»[48]։ Հիշյալ պահին ՀԱԽ-ն ամբողջությամբ դեռ չէր հաղթահարել իր ձևավորման գործընթացը։ Նրա կուսակցական խմբակցությունների միջև գոյություն ունեին քաղաքական լուրջ տարամերժ տեսակետներ և հայացքներ։ 1918 թվականի հոկտեմբերին առանձնակի սուր կերպարանք ստացավ Հայաստան–Վրաստան տարածքային վեճը, որի պատճառով արդեն տեղի էր ունեցել վրաց խորհրդարանի բուռն նիստ։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ նրա հայ պատգամավորները խուսափում էին լրացուցիչ լարվածության աստիճան հաղորդել հայ-վրացական հարաբերություններին, քանզի վրացական կողմը նրանց ցանկացած ելույթին պատասխանում էր կտրուկ և ծայրահեղ բովանդակություն ունեցող ճառերով։
- ↑ Նման միջնորդությամբ ՀԱԽ-ը հանդես եկավ նաև 1918 թվականի հոկտեմբերին[58], սակայն ՀՅԴ-ի խմբակցությունը երկու պարագայում էլ ձեռնպահ մնաց և չմասնակցեց այդ առաքելությանը։ Ավելին, այս ասպարեզում նրանց գործընկերների դրսևորած ջանասիրությունը հանդիմանության արժանացավ ՀՅԴ-ի Թիֆլիսի ճյուղի անդամների կողմից։ Հատուկ մատնանշվեց, որ ՀԱԽ-ը «առջի ծառայություն» մատուցեց ՀՀ-ին` անտեղի խառնվելով այդ զուտ միջպետական բնույթ կրող գործի մեջ[59]։
- ↑ Ճամբարներ աքսորված հայերի թվաքանակը 1919 թվականի հունվարի 3-ի դրությամբ կազմեց 1600 մարդ[60]։
- ↑ Խախտելով պատգամավորական անձեռնմխելիությունն` այդ օրերին իշխանությունները կալաքի տակ վերցրեցին խորհրդարանի անդամ Զ. Զորյանին, ինչպես նաև Թիֆլիսի քաղաքային դումայի իրավասուներ Ա. Աբեղյանին, Ս. Թոսունյանին, Ա. Ամիրխանյանին, Գ. Ճոնյանին, Ե. Պապյանին[61]։
- ↑ Տե՛ս հետևյալ հոդվածները «Հառաջ»-ում՝ Դաղեթ-Խաչենը (հունվարի 16, 1919 թ․), Բոլնիս-Խաչեն (հունվարի 30, 1919 թ․), Շուլավերում և իր շրջանի հայ գյուղերում վրաց զորքերի ձեռքով կատարած թալանն ու ավերածությունները (հունվարի 31, 1919 թ․), Շամշուլդայում (փետրվարի 19, 1919 թ․), Վրաց զորքերի անկարգությունները հայ գյուղերում (փետրվարի 7, 1919 թ․), Գազանություններ Դաղեթի շրջանում (փետրվարի 11, 1919 թ․), Վրաց զորքերի գազանությունները Բոլնիս-խաչենում (փետրվարի 15, 1919 թ․): «Հայ-վրացական պատերազմի կապակցությամբ կատարված հակահայկական հալածանքների… բացատրությունը պետք է որոնել Վրաստանի հայությունը նոսրացնելու և տնտեսապես թուլացնելու այն քաղաքականության մեջ… որին հետևում էր Ժորդանիա Ռամիշվիլիի կառավարությունը իր գոյության պահից սկսած` վրաց շովինիստներին բավարարություն տալու համար։ Պատերազմը հարթել էր այս քաղաքականության ճանապարհը։ Նրա իրականացման համար այլևս կարիք չկար օրինական ձևակերպությունների հետևից ընկնել…»[62]: Ժամանակի նշանավոր և իրազեկ գործչի այս սպառիչ խոսքերը հավելյալ մեկնաբանության անհրաժեշտություն չունեն։
- ↑ Այդ օրը ձերբակալվեց շուրջ 5 հազ. մարդ և ՀԱԽ-ի ճիշտ ժամանակին կատարած միջնորդության շնորհիվ բարեբախտաբար հաջողվեց կարճել նրանց դեպի Քութայիս արտաքսելու մասին հրահանգը[64]։
- ↑ Մթնոլորտը շիկացած էր նաև Դուշեթում, որտեղ «արգելված է խոսել հայերեն։ Ընտրությունների ժամանակ հայտարարել են, որ այն հայը, որ ձայն կտա -4-ին (ՀՅԴ-ի ընտրացուցակը. - Բ. Մ.) իսկույն ևեթ կաքսորվի…[71]»
- ↑ «Խոսք չկա, ոչ մի հայ ձայն չէ տվել Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակին և եթե այնտեղ նստած են մենշևիկների անվան տակ մի երկու հայ «մանեկեն»` այդ միմիայն մենշևիկյան մի սիմուլյացիա է և ուրիշ ոչինչ»,– «պարզաբանում էր» վրաց ազգայնականների քաղաքական հայացքները քարոզող պարբերականը[75]։
- ↑ Այդ կառույցի (շուրջ 150 կուսակցական) ղեկավարն էր ՎԽԴԲԿ ԿԿ-ի անդամ Մ. Վարդոյանը։ Սեկցիան ուներ պարբերական` «Բանվորի ձայն» (Թիֆլիս) շաբաթաթերթը։ Առավելապես աչքի էր ընկնում «հայկական սեկցիայի» Աբխազիայի ճյուղը, որի անդամները (Խ. Ավդալբեգյան, Տ. Սողոմոնյան, Ե. Մինասյան, Վ. Ռշտունի և այլք) գլխավորում էին նաև Սուխումի հայոց շրջանային ազգային խորհուրդը։ ՎԽԴԲԿ-ի առանձին հայ անդամները իրենց դրսևորեցին որպես վրաց իշխանությունների քաղաքականության հլու կամակատարներ, քանզի «դաշտային եռուն աշխատանքների» մասին մոգոնած պատրվակն արդեն չէր էլ կարող քողարկել այս պարզ հանգամանքը։ Նման երևույթ երևան եկավ նաև Լոռվա ճակատագրի վճռման հարցում։ «Սեկցիայի» ղեկավարը հորդորում էր գավառի հայ ազգաբնակչությանը կողմ արտահայտվել Վրաստանի սահմանների մեջ «չեզոք գոտին» կցելու օգտին[82]։
- ↑ «Սեկցիայի» հանդեպ արտահայտված անվստահության նշանները, ինչպես հաստատվեց հետագայում, անհիմն չէին։ Այսպես, հայկական մշակութային ինքնավարության հարցում նրա խմբակցությունը բացեիբաց հայտարարեց, որ ՀԱԽ-ի «այն բոլոր քայլերի վերաբերմամբ, որոնք ուղղված կլինեն ավտոնոմիայի պաշտպանությանը, ձեռնպահ է մնալու կամ, եթե հարկ համարեց, հակառակ քվե է տալու»[85]։
- ↑ Հայրենի արդի պատմագիտության շրջանակներում կարծիք է ձևավորվել, որ հայ սոցիալ-դեմոկրատները, հանձին Ա. Երզնկյանի, «հետևում էին իրենց ավագ գործիչներ վրաց մենշևիկներին»[91]։ Այս կարևոր պատմական դիտարկումը բացահայտում է ժամանակի քաղաքական իրողությունը, որն ունի նաև մեկ այլ հանգամանք։ ՀԱԽ-ի գործկոմի ղեկավար Ա. Երզնկյանի «լավ» հարաբերությունները իր նախկին կուսակից վրացի գործիչների հետ հնարավորություն էին ընձեռում եթե ո՛չ լիակատար լուծել, ապա գոնե մերթ ընդ մերթ մեղմացնել այն կնճռոտ խնդիրները, որոնք օր օրի առաջանում և թանձրանում էին Վրաստանի հայ համայնքի կյանքում։ Անվանի գիտնական-հայագետ Ե. Տեր-Մինասյանը, որպես ականատես, գրում է, որ «ազգային խորհրդի մեջ ամենաազդեցիկ և կարկառուն անձնավորությունը սոցիալ-դեմոկրատիայի ներկայացուցիչ Արամայիս Երզնկյանն էր»[92]։
- ↑ Վրաստանի ՆԳՆ-ի 1918 թվականի հուլիսի 20-ին արձակած «ազգայնացման մասին կանոնադրության» հիման վրա աշխատանքից ազատվեցին ոչ միայն վարչական մարմիններում ծառայող և վրացերենին չտիրապետող պաշտոնյաները, այլև պետական ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկներում աշխատող շատ ու շատ բժիշկներ, ուսուցիչներ, բանվորներ, փոստ-հեռագրական ծառայողներ։ Այսպիսով` ամենատարածված և հուսալի աշխատանքը` պետական ծառայությունը, գործնականում հայ, ռուս և այլազգի մտավորականության, առհասարակ կրթված ոչ վրաց զանգվածի համար մնում էր անհասանելի, քանի որ բոլոր պաշտոնները վերապահվում էին վրացիներին։ Խտրականության այս արատավոր պրակտիկան հեգնանքի արժանացավ մամուլի էջերում, որտեղ գրում էին. «Երբ այդ անում էին ցարական ռեժիմի սպասավորները, այդ որակվում էր որպես «ռուսիֆիկացիա», իսկ երբ այդ անում են իրենք` կոչում են «նացիոնալիզացիա»[98]։
- ↑ 1920 թվականի սեպտեմբերին Թիֆլիս ժամանեց 2-րդ Ինտերնացիոնալի կարկառուն դեմքերի պատվիրակությունը, որի հետ «ոսկյա գեղմի երկրում»` Վրաստանի անկախության «de jure» կարգավիճակի ճանաչման խնդիրը ժամ առաջ լուծելու լուրջ հույսեր էին կապում։ Եվրոպացի բարձրաստիճան հյուրերն այցելեցին նաև ՀԱԽ, որի ղեկավարները ջերմորեն ողջունեցին նրանց մուտքը։ Այն տոնական մթնոլորտը, որը ջանասիրությամբ ստեղծվել էր թանկագին «զբոսաշրջիկների» համար, նրանց մազաչափ մտածելու տեղիք չէր տալիս, թե Վրաստանում գոյություն ունի, օրինակ, ազգային խտրականություն։ Այսպիսով, ՀԱԽ-ը և նույն բովանդակություն ունեցող կառույցները, սույն պահին արդեն լիովին արդարացրեցին իրենց գոյության փաստը` վրաց առաջնորդների քաղաքական հաշվարկների համատեքստում[100]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Համաժողովրդական գործ. 1918 թ․ մայիսի 28.
{{cite journal}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Վրաստանի հայության կազմակերպում». «Հորիզոն». Թիֆլիս. 1918 թ․ հունիսի 6.
- ↑ «Ներքին տեսություն. Հայ Յեղ. դաշնակցություն». «Հորիզոն». 1918 թ․ հունիսի 30.
- ↑ «Վրաստանի Հայոց Ազգային Խորհուրդ». «Մշակ». Թիֆլիս. 1918 թ․ օգոստոսի 3.
- ↑ «Վիրահայ Ազգային Խորհրդի նիստը». Ժողովրդի ձայն. Թիֆլիս. 1918 թ․ սեպտեմբերի 17.
- ↑ «Վիրահայ Ազգային Խորհրդի նիստը». Ժողովրդի ձայն. Թիֆլիս. 1918 թ․ սեպտեմբերի 19.
- ↑ «Հորիզոն». օգոստոսի 4 1918.
{{cite journal}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Վրաստանի Հայոց Ազգային Խորհուրդ. «Մշակ». օգոստոսի 8, 1918 թ․.
- ↑ Վրաստանի Հայոց Ազգային Խորհուրդ. Ժողովրդի ձայն. սեպտեմբերի 1, 1918 թ․.
- ↑ Քրոնիկոն. Ժողովրդի ձայն. սեպտեմբերի 17, 1918 թ․.
- ↑ "MEMORANDUM" Учредительному собранию о национальном самоуправлении армян в Грузии. Тифлис. 1921. էջեր 25–26.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Хроника: Национальные меньшинства. Кавказское слово. օգոստոսի 27, 1918.
- ↑ Հպատակության օրենքը Վրաստանում. Թիֆլիս: «Հառաջ». հունվարի 11, 1919 թ․.
- ↑ Վրաստանի պառլամենտ. «Մշակ». հոկտեմբերի 31, 1918 թ․.
- ↑ . «Հորիզոն». սեպտեմբերի 27, 1918 թ․.
{{cite book}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ . Թիֆլիս: «Աշխատավոր». սեպտեմբերի 24, 1918 թ․.
{{cite book}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ . «Աշխատավոր». սեպտեմբերի 29, 1918 թ․.
{{cite book}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Վրաց Ազգային Խորհուրդ. «Ժողովրդի ձայն». հոկտեմբերի 5, 1918 թ․.
- ↑ . «Սաքարթվելո». հոկտեմբերի 4, 1918 թ․.
{{cite book}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Հայաստանի ազգային արխիվ (ՀԱԱ), ֆ. 441, ց. 1, գ. 26, թ. 19
- ↑ . «Աշխատավոր». հոկտեմբերի 18, 1918 թ․.
{{cite book}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Ա. Ս. Սանոսյան (1992). Ախալցխայի և Ախալքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը. Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Վրաստանի Միջագետքը. «Աշխատավոր». նոյեմբերի 2, 1918.
- ↑ Վրաց կյանք. «Հորիզոն». հոկտեմբերի 25, 1918 թ․.
- ↑ Խ․ Գյուզալյան (հուլիսի 10, 1918 թ․). Գաղթականության վիճակը. «Հորիզոն».
- ↑ Նամակներ խմբագրության. «Հորիզոն». հուլիսի 25, 1918 թ․.
- ↑ Ա. Ջամալյան (ապրիլ, 1928 թ․). Հայ-վրացական կնճիռը. Բոստոն: «Հայրենիք». էջ 90.
- ↑ Ш. Вадачкория (1999). Вопросы грузино-армянских взаимоотношений в политической мысли Грузии (1918–1920). Тбилиси. էջեր 87, 90.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Միասնություն». հուլիսի 11, 1918 թ․.
- ↑ «Հորիզոն». հոկտեմբերի 11, 1918 թ․.
- ↑ А. А. Закарян, А. И. Шахназарян. «Наше время» о погромах Нухинских, Арешских и Геогчайских армян в 1918 г.
- ↑ Նուխու և Արեշի գաղթականների վիճակը. ՀԽՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների». 1989. էջեր 83–84.
- ↑ «Աշխատավոր». սեպտեմբերի 11, 1918 թ․.
- ↑ Ա. Ա. Մելքոնյան (2003). Ջավախքը XIX դարում և XX դարի առաջին քառորդին. Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Շ․ Թորոսյան (2002). Հայ- վրացական հարաբերությունների պատմությունից (ախալքալաքցիների գաղթը 1918 թվականին). Երևան: «Բանբեր Երևանի համալսարանի». էջեր 141–147.
- ↑ Ан. Закарян (1994). Русские литераторы и армянская действительность (10-е гг. XX в.). Ереван. էջեր 158–161.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Վիրահայ Ազգային Խորհրդի նիստը. «Ժողովրդի ձայն». սեպտեմբերի 17, 1918 թ․.
- ↑ Վրաստանի Հայոց Ազգային Խորհուրդ. «Ժողովրդի ձայն». սեպտեմբերի 25, 1918 թ․.
- ↑ Գաղթականական բաժնում. «Ժողովրդի ձայն». նոյեմբերի 28, 1918 թ․.
- ↑ Խորհրդակցություն հայ որբերի պահպանության հարցի մասին. «Ժողովրդի ձայն». հոկտեմբերի 5, 1918 թ․.
- ↑ Թիֆլիսի հասարակության ներկայացուցիչների ժողովը. «Ժողովրդի ձայն». նոյեմբերի 8, 1918 թ․.
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 276, ց. 1, գ. 8, թ. 76-77 շրջ.
- ↑ Գաղթականների վիճակը Թիֆլիսում. «Ժողովրդի ձայն». հունվարի 14, 1919 թ․.
- ↑ 44,0 44,1 Ա. Ա. Մելքոնյան (2003). Ջավախքը XIX դարում և XX դարի առաջին քառորդին. Երևան. էջ 294.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Մշակ». նոյեմբերի 12, 1918 թ․.
- ↑ «Սաքարթվելո». նոյեմբերի 19, 1918 թ․.
- ↑ «Մշակ». նոյեմբերի 12-14, 1918 թ․.
- ↑ Ներքին տեսություն` Փախստական հարցի առթիվ. Թիֆլիս: «Նոր Հորիզոն». դեկտեմբերի 4, 1918 թ․.
- ↑ Վրաստանի Հայոց Ազգային Խորհուրդ. «Ժողովրդի ձայն». նոյեմբերի 23, 1919 թ․.
- ↑ Ա. Ա. Մելքոնյան (2003). Ջավախքը XIX դարում և XX դարի առաջին քառորդին. Երևան. էջ 482.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 51,0 51,1 Վրաստանի Հայոց Ազգային Խորհուրդ. «Ժողովրդի ձայն». դեկտեմբերի 10, 1918 թ․.
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 441, ց. 1, գ. 144, թ. 14 շրջ.
- ↑ Վրաստանի Հայոց Ազգային Խորհուրդ. «Ժողովրդի ձայն». մարտի 21, 1919 թ․.
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 276, ց. 1, գ. 139, թ. 144
- ↑ Գաղթականությունը. Թիֆլիս: «Հառաջ». հունվարի 18, 1919 թ․.
- ↑ «Знамя Труда». Թիֆլիս. 1918 թ․.
- ↑ Ճշմարտությունը Սանահնի դեպքերի մասին. «Ժողովրդի ձայն». դեկտեմբերի 20, 1918 թ․.
- ↑ «Ժողովրդի ձայն». նոյեմբերի 3, 1918 թ․.
- ↑ «Հառաջ». փետրվարի 22, 1919 թ․.
- ↑ Ձերբակալված հայերի մասին. «Հառաջ». հունվարի 12, 1919 թ․.
- ↑ Լրատու. «Հառաջ». հունվարի 23, 1919 թ․.
- ↑ Ա. Ջամալյան (ապրիլ, 1929 թ․). Հայ-վրացական կնճիռը. Բոստոն: «Հայրենիք». էջ 145.
- ↑ Վրաստանի Հայոց Ազգային Խորհրդի պատգամավորությունը կառավարության նախագահի` Ն. Ն. Ժորդանիայի մոտ. «Ժողովրդի ձայն». հունվարի 1, 1919 թ․.
- ↑ Массовые аресты.– «Грузия». Թիֆլիս. հունվարի 7, 1919 թ․.
- ↑ 65,0 65,1 Վրաստանի Հայոց Ազգային Խորհրդի նախագահությունն ու գործադիր մարմինը կառավարության նախագահի մոտ. «Ժողովրդի ձայն». հունվարի 9, 1919 թ․.
- ↑ «Ժողովրդի ձայն». հունվարի 22, 1919 թ․.
- ↑ Քառանկյունի անիվը. «Աշխատավոր». սեպտեմբերի 27, 1918 թ․.
- ↑ Հ. Յ. Դաշնակցություն` ներկայացուցչական ժողով. «Հառաջ». փետրվարի 22, 1919 թ․.
- ↑ Վրաստանի Հայոց Ազգային Խորհուրդ. «Ժողովրդի ձայն». մարտի 19, 1919 թ․.
- ↑ «Народное знамя». Թիֆլիս. մարտի 9, 1919 թ․.
- ↑ «Հառաջ». փետրվարի 8, 1919 թ․.
- ↑ «Սաքարթվելո». 1919 թ․.
- ↑ «Միասնություն». 1919 թ․.
- ↑ Национальные советы. Кавказское слово. մայիսի 1, 1919 թ․.
- ↑ Վրաց կյանք. Նոր աշխատավոր. հուլիսի 18, 1919 թ․.
- ↑ . «Նոր Աշխատավոր». հուլիսի 10, 1919 թ․.
{{cite book}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Վրաստանի Հայոց Ազգային Խորհրդի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը. Ժողովրդի ձայն. հունիսի 12, 1919 թ․.
- ↑ Տեղական կյանք. Ժողովրդի ձայն. հուլիսի 10, 1919 թ․.
- ↑ Տեղական կյանք. Ժողովրդի ձայն. հուլիսի 19, 1919 թ․.
- ↑ Վիրահայ Ազգային Խորհրդի 1919 թ. հուլիսի 18-ի որոշումը. Թիֆլիս: Գործավոր. հուլիսի 28, 1919 թ․.
- ↑ Վրաստանի Կառավարության գրությունը Վիրահայ Ազգային Խորհրդին. Թիֆլիս: Գործավոր. հուլիսի 28, 1919 թ․.
- ↑ Документы об армяно-грузинском пограничном споре в Лори (декабрь 1920 г.– январь 1921 г.). ՊԲՀ. 2010 թ․. էջ 259.
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 441, ց. 1, գ. 61, թ. 20
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 441, ց. 1, գ. 84, թ. 12 շրջ․
- ↑ Բանվորի ձայն. հուլիսի 11, 1919 թ․.
- ↑ Վրաստանի Հայոց Ազգային Խորհուրդ. Բանվորի ձայն. սեպտեմբերի 21, 1919 թ․.
- ↑ Хроника: В армянском национальном совете Грузии. Թիֆլիս: Борьба. հոկտեմբերի 2, 1919 թ․.
- ↑ Борьба. հոկտեմբերի 1, 1919 թ․.
- ↑ Борьба. հոկտեմբերի 4, 1919 թ․.
- ↑ Բանվորի ձայն. սեպտեմբերի 28, 1919 թ․.
- ↑ Ա․ Հակոբյան (2008 թ․). Հայաստանի Հանրապետության անկախության ուղին. ՊԲՀ. էջ 30.
- ↑ Ե․ Տեր-Մինասյան, Պ․ Մուրադյան (2005 թ․). Հուշեր իմ կյանքից. Երևան. էջ 90.
- ↑ Ազգային Խորհրդի 3-րդ նիստը. Բանվորի ձայն. հոկտեմբերի 5, 1919 թ․.
- ↑ Хроника. Борьба. փետրվարի 10, 1920 թ․.
- ↑ Միասնություն. ապրիլի 29, 1919 թ․.
- ↑ Բ․ Մաիլյան (2006). Հայկական դպրոցները Վրաստանի Հանրապետությունում 1918-1920 թթ. Երևան: ՊԲՀ. էջեր 181–199.
- ↑ Б, Маилян (2010). Вопросы армянской школы в Демократической Республике Грузии. Вестник Российско-Армянского университета (гуманитарные и общественные науки). էջեր 22–32.
- ↑ Նոր հորիզոն. նոյեմբերի 29, 1918 թ․.
- ↑ Լեզվի խնդիրը. Նոր հորիզոն. նոյեմբերի 29, 1918 թ․.
- ↑ Բանվորի ձայն. սեպտեմբերի 29, 1920 թ․.
- ↑ Վ․ Մաիլյան (2007). Հայոց մշակութային ինքնավարության ծրագիրը Վրաստանի Հանրապետությունում 1920 թվականին, հատոր 26. Երևան: Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ. էջեր 173–179.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բենիամին Մաիլյան. «Վրաստանի Հայոց ազգային խորհրդի գործունեության պատմությունից (1918 թ. օգոստոս – 1921 թ. փետրվար)». Պատմա-բանասիրական հանդես. № 1: 61–82. ISSN 0135-0536
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |