Jump to content

Վերա Ֆիգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Ֆիգներ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 25 (հուլիսի 7), 1852[1]
ԾննդավայրԿազան, Կազանի գավառ, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 15, 1942(1942-06-15)[2][3][4][…] (89 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՑյուրիխի համալսարան և Q4207781?
Մասնագիտությունքաղաքական ակտիվիստ, հիշատակագիր, կենսագիր, գրող և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀամառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ
ԿուսակցությունՆարոդնայա վոլյա և Սոցիալ-հեղափոխական կուսակցություն
ԱնդամությունՆախկին քաղբանտարկյալների և աքսորյալ բնակիչների միություն
 Vera Figner Վիքիպահեստում

Վերա Նիկոլաևնա Ֆիգներ (ամուսնու կողմից` Ֆիլիպպովա, հունիսի 25 (հուլիսի 7), 1852[1], Կազան, Կազանի գավառ, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն - հունիսի 15, 1942(1942-06-15)[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2] (այլ տվյալներով` 25 հունիսի [7 հուլիսի] 1852), Կազանի նահանգի Նիկոֆորովո գյուղ[5]), ռուս հեղափոխական, ահաբեկիչ, «Նարոդնայա Վոլյա»-ի գործադիր կոմիտեի անդամ, հետագայում՝ էսէռ, բայց դուրս եկավ կուսակցությունից՝ Եվնո Ազեֆի բացահայտումից և դրան հաջորդած հիասթափությունից հետո։ Փետրվարյան հեղափոխությունից հետո` Ազատագրված բանտարկյալներին և աքսորյալներին օգնության հարցերով հանձնաժողովի նախագահ, կադետական կուսակցության անդամ և Սահմանադիր ժողովի թեկնածու։ Հոկտեմբերյան հեղափոխությունը չընդունեց, հավատարիմ մնաց աջ նարոդնիկական և դեմոկրատական հայացքներին, բայց մնաց ապրելու Ռուսաստանում։

Հարազատ եղբայրը` Նիկոլայը, օպերային երգիչ էր, կրտսեր քույրը` Լիդիան, հեղափոխական նարոդնիկ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերա Ֆիգները 1857 թվականին

Հայրը Նիկոլայ Ալեքսանդրովիչ Ֆիգները (1817-1870), 1847 թվականից թոշակի անցած շտաբս կապիտան էր, որը ծառայել էր Կազանի նահանգի Տետյուշ գավառում՝ Պետական գույքի նախարարության ենթակայության ներքո, ստացել գավառի քարտուղարի կոչում, այնուհետև՝ Տետյուշի և Մամադիշի անտառներում աշխատել որպես անտառապահ։ Նա ամուսնացած էր Եկատերինա Խրիստոֆորովնա Կուպրիանովայի հետ (1832-1903)։ Նրանք ունեին վեց երեխա՝ Վերա, Լիդիա, Պյոտր, Նիկոլայ, Եվգենիա և Օլգա[6]։ 1863-1869 թվականներին սովորել է Կազանի Ռոդիոնյան ազնվազարմ օրիորդների ինստիտուտում[7]։ Այս հաստատությունում հատուկ ուշադրություն էր դարձվում ուսանողների կրոնական դաստիարակությանը, բայց Վերան դարձավ համոզված աթեիստ, այնուամենայնիվ, Ավետարանից վերցնելով «մի քանի սկզբունքներ», ինչպիսիք են՝ «լիովին նվիրվել ընտրված նպատակին» և «այլ ավելի բարձր բարոյական արժեքների», որոնք նա հետագայում կապեց հեղափոխական աշխատանքի հետ։ Նա ընդունվել է Կազանի համալսարան, որտեղ եղել է Պյոտր Լեսգրաֆտի ուսանողը։ Ըստ նրա՝ բարոյական համոզմունքներն էին, որ իրեն ստիպեցին ընտրել բժշկի մասնագիտությունը[8]։

Երբ ես 17 տարեկանում հեռացա ինստիտուտից, առաջին անգամ միտք առաջացավ, որ ոչ բոլորն են այնպիսի բարենպաստ պայմաններում, ինչպես ես։ Այն մշուշոտ գաղափարը, որ ես պատկանել եմ մշակութային փոքրամասնությանը, իմ մեջ միտք առաջացավ այն պարտականությունների մասին, որոնք ինձ պարտադրում էր իմ դրությունը մնացածի նկատմամբ, որոնք ապրում են, ծանրաբեռնված ֆիզիկական աշխատանքով և զրկված դրանից, որը սովորաբար կոչվում է քաղաքակրթության առավելություններ։ <…> Այդ ժամանակի ռուսական լրագրությունը և կանանց շարժումը, որոնք 70-ականների սկզբին եռուն շրջան էին ապրում, պատրաստ էին պատասխան տալու իմ մոտ ծագած բոլոր հարցերին, նրանք մատնանշում էին բժշկի գործունեությունը որպես այդպիսին, որը կարող է բավարարել իմ մարդասիրական ձգտումներին։
- Ֆիգներ Վ. Ն. Կնքված աշխատանք

1870 թվականի հոկտեմբերի 18-ից, նա ամուսնացած էր Կազանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ՝ Սամարայի դատարանի քննիչ Ալեքսեյ Վիկտորովիչ Ֆիլիպովի հետ։ Ամուսնությունը կայացել էր Լեսգաֆտի պաշտոնանկությունից առաջ։ Լեսգաֆտի ազատումից և Կազանի համալսարանի բժշկական ֆակուլտետում կանանց վերապատրաստման դադարեցումից հետո ամուսնու հետ միասին նրանք մեկնում են Շվեյցարիա` բժշկական կրթությունն ավարտելու նպատակով։ Ամուսնությունը, 19-րդ դարում ծնողներից «փախչելու» և ռուս կանանց համար իրենց կյանքի ուղին ընտրելու տիպիկ միջոց էր։

1872 թվականին ընդունվում է Ցյուրիխի համալսարանի բժշկական ֆակուլտետ, որտեղ ծանոթանում է նարոդնիկ Սոֆիա Բարդինային և նրա շուրջը ձևավորված ռուսաստանցի ուսանողուհիների «Ֆրիչի» խմբակին[9]։ «Բոլոր ուսանողուհիները խենթանում էին նրա համար», - ասում էր Վ. Կ. Պլևը, ոստիկանության վարչության պետը և ապագա ներքին գործերի նախարարը։ 1873 թվականին նրանց հետ սովորում էր քաղաքատնտեսություն, Եվրոպայում սոցիալիստական ուսմունքների և հեղափոխական զարգացման պատմություն։ Նա պնդում էր, որ իր նախընտրած գրական հերոսը Գ. Չեռնիշևսկու «Ի՞նչ անել» վեպի կերպար Ռախմետովն էր։

Կան անհատականություններ, որոնք չեն շեղվում, դրանք կարող են միայն կոտրվել, կոտրվել մինչև մահ, բայց ոչ խոնարհվել գետնին։ Նրանց թվում էր Վերա Նիկոլաևնան ...
- Ս. Իվանով

Գլեբ Ուսպենսկին Վերա Ֆիգներին «պարզապես «պաշտում էր», բառացիորեն պաշտում էր ընդհուպ մինչև կրոնական հափշտակվածություն»։ Նրա ձերբակալության մասին լուրը ցնցել էր նրան, «նա նույնիսկ հեկեկում էր և երկար ժամանակ չէր կարողանում հանգստանալ»։ «14-ի» գործով դատավճիռը հրապարակելու օրը գրողին հաջողվեց Վերա Ֆիգներին փոխանցել գրություն, որը նոր էր դատապարտվել մահվան, «Ինչպե՞ս եմ նախանձում ձեզ, Գլեբ Ուսպենսկի»։

Վերա Ֆիգները 1870 թվականին

1874 թվականին նա տեղափոխվում է ուսանելու Բեռնի համալսարանում, որտեղ ծանոթանում է Պ. Լ. Լավրովի և Մ. Ա. Բակունինի հետ, որից հետո «ֆրիտչի» խմբակը դառնում է «Համառուսական սոցիալ-հեղափոխական կազմակերպության» միջուկը։ 1875 թվականին դեռևս ուսումը չավարտած, կազմակերպության իր գործընկերների խնդրանքով, նա վերադարձավ Ռուսաստան, որտեղ հանձնեց քննությունները բժշկի օգնականի կոչման համար, իսկ 1876 թվականին բաժանվեց ամուսնուց, որը չէր կիսում իր հեղափոխական հայացքները։ 1876 թվականից նա մասնակցեց «ժողովրդի մեջ գնալու» գործընթացին և առաջնորդեց քարոզչությունը Սամարայի գավառի Սթովենս գյուղի գյուղացիների շրջանում։ 1878 թվական, 10 ամիս, աշխատել է որպես բժշկի օգնական Սարատովի մարզի Վյազմինո գյուղում։

Ամեն րոպե զգում էինք, որ մեզ պետք ենք, որ ավելորդ չենք։ Իր օգտակարության այս գիտակցումը այն գրավիչ ուժն էր, որն ուղղորդում էր մեր երիտասարդությունը դեպի գյուղ, միայն այնտեղ կարելի էր ունենալ մաքուր հոգի և հանգիստ խիղճ։

Ձևականորեն, Վերա Ֆիգները «Զեմլյա ի վոլյա» կազմակերպության անդամ չէր, բայց ղեկավարում էր իր ստեղծած «անջատողականների» ինքնավար խմբակը (Ալեքսանդր Իվանչին-Պիսարև, Յուրի Բոգդանովիչ, Ալեքսանդր Սոլովյով և ուրիշներ), որը կիսում էր «զեմլեվոլցիների» տեսակետը և համագործակցում էր նրանց հետ։ 1879 թվականին նա մասնակցել է Վորոնեժի «զեմլեվոլցիների» համագումարին։ «Զեմլյա ի վոլյա»-ի կազմալուծումից հետո նա միացավ «Նարոդնայա Վոլյա» կազմակերպության գործադիր կոմիտեին և քարոզարշավ անցկացրեց Սանկտ Պետերբուրգում և Կրոնշտադում ուսանողների և զինվորականների շրջանում։ Նա մասնակցել է Օդեսայում (1880) և Սանկտ Պետերբուրգում (1881) Ալեքսանդր II-ի մահափորձերի նախապատրաստմանը։ Օդեսայում նրա գտնվելու միակ պայծառ հիշողությունը նրա համար «Սաշակա-ինժեների» հետ հանդիպումն էր (Ֆեոդոր Յուրկովսկին, ով կազմակերպության հանձնարարությամբ կատարել է Խերսոնի գանձարանի գողությունը), որը նրան տվել էր «Տոպնի տոտիկ» մականունը։ Երբ գրող Վերեսաևը հարցրել էր այդ մականունի ծագման մասին, Ֆիգները անկեղծորեն ժպտացել էր «Որովհետև գեղեցիկ կանայք սովորություն ունեն դոփելով քայլել»։ Ոստիկանական վարչության կողմից բնութագրվում էր հետևյալ կերպ. «Փոքահասակ, նիհար, մուգ շագանակագույն մազերով կին, գունատ դեղնակարմրավուն դեմքով, մեծ ուղիղ քթով, պարանոցի աջ կողմում սպի, ունի մեծ և սպիտակ ականջներ[10]։

Ալեքսանդր II-ի սպանությունից հետո կարողացավ թաքնվել՝ լինելով ոստիկանության կողմից չձերբակալված կազմակերպության միակ անդամը։ Սակայն 1883 թվականի գարնանը Սերգեյ Դեգաևի մատնությամբ ոստիկանությունը Խարկովում, ձերբակալեց նրան և հանձնեց դատարանին։ 1884 թվականի սեպտեմբերին, «14-ի դատավարության» գործով Ֆիգները Սանկտ Պետերբուրգի ռազմական դատարանի կողմից դատապարտվում է մահվան։

Վերա Ֆիգները 1880 թվականին

Ես հաճախ մտածում էի՝ կարո՞ղ է իմ կյանքն <...> ավարտվել որևէ այլ կերպ, բացի դատապարտյալի աթոռից։ Եվ ամեն անգամ ինքս ինձ պատասխանում էի, ո՛չ։

Պատժի կատարմանը 9 օր սպասելուց հետո մահապատիժը փոխարինվեց անժամկետ տաժանակիր աքսորով։ Բանտում նա սկսեց բանաստեղծություններ գրել։ Նա փորձեց կապ հաստատել Շլիսսելբուրգի ամրոցի այլ քաղբանտարկյալների հետ (մասնավորապես՝ Նիկոլայ Մորոզովի և այլոց հետ), կազմակերպել կոլեկտիվ բողոքի ակցիաներ՝ ընդդեմ կալանքի ծանր պայմանների։ 1904 թվականին նրան աքսորեցին՝ նախ Արխանգելսկի նահանգի Նյոնոկսա, ապա Կազանի նահանգ, իսկ այնտեղից էլ՝ Նիժնի Նովգորոդ։

Բերա Ֆիգները 1906 թվականին

1906 թվականին ստանում է արտասահման մեկնելու թույլտվություն բուժման նպատակով։ 1907 թվականին նա ընդունվեց էսէռների կուսակցություն։ Նա կուսակցությունից դուրս եկավ Եվնո Ազեֆի բացահայտումից հետո, որին երկար ժամանակ նա պաշտպանում էր անհավանական, իր կարծիքով, սադրիչ գործունեության մեղադրանքներից։

1910 թվականին նա նախաձեռնում է «Փարիզյան քաղաքական աքսորյալներին օգնության կոմիտե»-ի ստեղծումը, որի կազմակերպման ընթացքում նա մտերմացավ Եկատերինա Պեշկովայի հետ։ Կոմիտեն նպատակ էր դրել կազմակերպել Արևմուտքում հասարակական կարծիք՝ Ռուսաստանում քաղբանտարկյալներին պաշտպանելու, միաժամանակ նրանց նյութական օգնություն տրամադրելու համար, այդ նպատակով նա աշխատանքներ է իրականացրել Անգլիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում։ Դրամական ներդրումները ստացվեցի և Համբուրգից և Բուխարեստից, Նեապոլից և Չիկագոյից։ Ինքը` Ֆիգները, որը լավ տիրապետում էր անգլերենին և ֆրանսերենին, մշտապես ելույթներ էր ունենում հանրահավաքներում, առանձնատներում, ուսանողական հանդիպումներում։ Նրա կողմից օտարերկրյա ամսագրերում հրապարակել են քաղաքական թեմաներով մի շարք արդիական հոդվածներ։ Նրա հոդվածների ոճը հավանության արժանացավ Իվան Բունինի կողմից. «Ահա, թե դուք ումից պետք է սովորեք գրել»։

1915 թվականին, երբ նա վերադառնում էր Ռուսաստանի սահմանին, ձերբակալվեց, դատապարտվեց և ոստիկանության հսկողության ներքո աքսորվեց Նիժնի Նովգորոդ։ 1916 թվականի դեկտեմբերին, եղբոր՝ Կայսերական թատրոնի մեներգիչ Նիկոլայի շնորհիվ, նա թույլտվություն ստացավ բնակվել Պետրոգրադում։ 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունը Վերա Ֆիգները դիմավորեց որպես ազատագրված բանտարկյալների և աքսորյալների օգնության կոմիտեի նախագահ։ 1917 թվականի մարտին նա մասնակցեց կանանց համար հավասար իրավունքներ պահանջող զինվորների և կին աշխատողների ցույցերին։ Ժամանակավոր կառավարության նախագահ, իշխան Գեորգի Լվովի կողմից ընդունելության ժամանակ, նա պահանջեց, որ կանանց իրավունք տրվի ընտրելու Սահմանադիր ժողովի ընտրություններում։ 1917 թվականի ապրիլին ընտրվեց ուսուցիչների համառուսաստանյան համագումարի պատվավոր անդամ, Գյուղացիական պատգամավորների համառուսական խորհրդի գործադիր կոմիտեի անդամ, աշխատանքային խմբի երկրորդ համագումարում կոչ արվեց նարոդնիկական խմբավորումների միավորվել մեկ կուսակցության մեջ։

1917 թվականի մայիսին Սահմանադրական դեմոկրատների կուսակցության խորհուրդների ներկայացուցիչների համառուսաստանյան համագումարում ընտրվեց նրա պատվավոր անդամ և դարձավ այս կուսակցության գործադիր կոմիտեի անդամ։ Հունիսին կադետների կողմից ընտրվեց Սահմանադիր ժողովի թեկնածու։ Նա դարձավ այսպես կոչված Նախախորհրդարանի անդամ։

1917 թվականի հունիսի 18-ին ստորագրեց հին հեղափոխականների կոչը Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ պատերազմը «մինչև հաղթական ավարտ» շարունակելու համար։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունը Ֆիգները չընդունեց։

1918 թվականի մայիսին քրոջ՝ Վերա Սերգեևնա Ստախևիչի (Լիդիայի քրոջ դուստրը) հրավերով նա սովյալ Պետրոգրադից տեղափոխվեց Լուգան գյուղ (Սևսկի ույեզդ, Օրյոլի նահանգ)։ Իր հարազատների կորստից հետո (1919-1920 թվականներին Լուգանում մահացան քույրերը Օլգան և Լիդիան, բարեկամուհին Վերա Սերգեևնա Ստախևիչը), Վերա Նիկոլաևնան մնաց մենակ իր մեկամյա թոռնիկի`Սերգեյի, Վ. Ս. Ստախևիչի որդու հետ։ 1920 թվականի մարտին Մոսկվայից եկավ հայտնի գիտնական-քիմիկոս, Նարոդնայա Վոլյայի նախկին անդամ Ալեքսեյ Բախի կինը և Վերա Նիկոլաևնային տարավ մայրաքաղաք։ Երեխային որդեգրել էր Վերա Նիկոլաևնայի զարմուհին` Տատյանա Սերգեևնա Ստախևիչը, ով տղայի համար եկել էր Ուկրաինայից։

1921-1922 թվականներին հրատարակել է Ռուսաստանի հեղափոխական շարժման պատմության վերաբերյալ գրված «Կնքված աշխատանք»[11] երկհատորյակը։

1920-ականների կեսերին նա մասնակցեց քաղբանտարկյալների և աքսորյալների համամիութենական ընկերության ստեղծմանը, ինչպես նաև նրա գործունեության կազմակերպմանը (1928 թվականին տարբեր քաղաքներում գործում էին առնվազն 50 մասնաճյուղեր), ինչպես նաև բազմաթիվ այլ հասարակական կազմակերպությունների գործունեությանը (մոտ 15), նա եղել է Պ. Ա. Կոպոտկինի հիշատակի հավերժացման համար ստեղծված Համառուսաստանյան հասարակական կոմիտեի գործադիր բյուրոյի նախագահ[12]։

Շիրիմը Նովոդևիչյան գերեզմանատանը

1927 թվականին մի խումբ «հին հեղափոխականների» հետ միասին նա դիմեց Խորհրդային կառավարությանը՝ քաղաքական բռնաճնշումները դադարեցնելու պահանջով, բայց նրա ձայնը չլսվեց։

80-ամյակի օրը (1932), լույս տեսավ նրա ստեղծագործությունների լիակատար ժողովածուն 7 հատորով` պատմվածքներ «ցարական զնդաններում» կյանքի սարսափների մասին։ Դա տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ նոր կառավարությունը ստեղծում էր նոր բանտեր և պատժիչ ապարատ՝ նոր ընդդիմության համար։ Ֆիգները երբեք չի եղել Կոմունիստական կուսակցության անդամ, չնայած մարդիկ սովորաբար նրան ընկալում էին որպես կոմունիստ։ Բռնաճնշումների տարիներին մարդիկ խնդրանքով դիմում էին նրան, նա էլ դիմում էր իշխանություններին, ընհուպ մինչև Մ. Ի. Կալինինին, Եմ. Յարոսլավսկուն փորձելով մարդկանց փրկել մահվան ճիրաններից։

Նա մահացել է 1942 թվականի հունիսի 15-ին թոքաբորբից։ Թաղված է Մոսկվայում` Նովոդևիչևյան գերեզմանատանը։

Դուք հարցնում եք` ինչ անել։ Հեղափոխություն է պետք։ Այո, նորից հեղափոխություն։ Բայց մեր խնդիրը չափազանց մեծ է, հեղափոխությունը չափազանց անսովոր է, և մենք պետք է լրջորեն պատրաստվենք դրան։ Ի՞նչ օգուտ, եթե ճնշվածները կրկին գրավեն նախկին տիրակալների տեղը։ Նրանք իրենք գազաններ կլինեն, նույնիսկ, գուցե ավելի վատը։ ... Այսօր մենք պետք է սկսենք լուրջ և դաստիարակչական աշխատանքներ կատարել ինքներս մեր վրա և մյուսների։ Երբ մարդը մարդու մեջ տեսնի հզոր անհատականություն, որը մեծ արժեք ունի, որ նա նույնպես ազատ է, ինչպես մյուսները, այդ ժամանակ միայն մեր հարաբերությունները կվերականգնվեն, միայն այդ դեպքում կկայանա վերջին լուսավոր հոգևոր հեղափոխությունը և ժանգոտված շղթաները ընդմիշտ կվերանան։
- Վ. Ն. Ֆիգներ, 1925 թ. ապրիլի 11, ԱՄՆ-ում և Կանադայում Ռուսաստանի բանվորական կազմակերպությունների «Լուսաբաց» թերթ

Արժանիքների գնահատումը Սովետական կառավարության կողմից

[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականին Ժողովրդական Կոմիսարների խորհրդի հատուկ որոշմամբ, որը ստորագրել էր Վ. Վ.Կույբիշևի կողմից, Վ. Ն. Ֆիգներին , ու ևս 8 անձանց «որոնք 1880 թվականի մարտի 1-ին մասնակցել էին ցարի դեմ մհափորձին», նշանակվեց ցմահ կենսաթոշակ։

1922 թվականին Վերա Նիկոլաևնայի 70-ամյակը նշանավորվեց Հեղափոխության թանգարանում կազմակերպված հանդիսավոր հավաքով։ 1932 թվականի 80-ամյակի օրը, հնագույն հեղափոխականին շնորհավորեցին հեղափոխական շարժման վետերաններ Ֆ. Կոնը և Էմելյան Յարոսլավսկին։ Միջոցառման կազմակերպման և մեծարման մասին հաղորդագրությունները տեղադրվեցին կենտրոնական թերթերում[13]։

1933 թվականին[14] ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ 1881 թվականի մարտի 1-ի ահաբեկչական հարձակման մասնակիցների անհատական կենսաթոշակի չափը ավելացվեց։ 1933 թվականի հունվարի 1-ից Վերա Նիկոլաևնա Ֆիգների, Աննա Վասիլևնա Յակիմովա-Դիկովսկայայի, Միխայիլ Ֆեդորովիչ Ֆրոլենկոյի, Աննա Պավլովնա Պրիբիլևա-Կորբայ և Ֆանի Աբրամովնա Մորենին-Մուրատովայի կենսաթոշակի չափը սահմանվեց մինչև 400 ռուբլի։

Չնայած նա ինքն ափսոսում էր ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար, բայց 30-ականների վերջին ահաբեկիչների դեմ պայքարի համատեքստում, նրանք փորձում էին չհիշել Ֆիգներին և մյուս նարոդովոլցիներին։ Նրա թոռան հարազատներից մեկին 1938 թվականին գնդակահարեցին։ Նա գրել էր Ստալինին, Կալինինին և խնդրել չգնդակահարել կադետական, սոցիալիստական-հեղափոխական և պոպուլիստական այլ կուսակցությունների հին անդամներին։

Հասցեներ Սանկտ Պետերբուրգում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիգներ ընտանիքը 1915 թվականին
  • 1879 թվականի օգոստոսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբերի կեսը, եկամտային տուն (Լեշտուկովո նրբանցք 15)[15]։
  • 1881 թվականի հունվարի սկզբից մինչև ապրիլի 3-ը` «Նարոդնայա Վոլյա»-ի գաղտնի բնակարան (Եկատերինյան ջրանցքի առափնյա փողոց, շենք 78, բն. 8):
  • 1928 թվականին Ֆիգների անունով կոչվեց Ֆիգերիա փոքր մոլորակը (1099)։
  • Ցուցատախտակ այն տան վրա, որտեղ Վ. Ն. Ֆիգներն անցկացրել է աքսորը 1904-1905 թվականներին նրա անվան փողոցում (Նյոնոկսա գյուղ)[16]։
  • Գորկի (Նիժնի Նովգորոդ) քաղաքի կենտրոնում գտնվող փողոցներից մեկը կոչվեց Ֆիգների անունով։ 1990-ականներին փողոցին վերադարձվեց նախկին անվանումը (Վարվարսկայա)։
  • Ներկայումս Վերա Ֆիգների անունով են կոչվում հետևյալ քաղաքների փողոցները` Պերմ, Մամադիշ (Թաթարստան), Վորոնեժ (փողոց և նրբանցք), Սանկտ Պետերբուրգ, Օդեսա (Մալինովսկի շրջան), Գորոդեց։

1928 թվականին Ֆիգների անունով կոչվեց (վերանվանվեց) «Խարիտինա» ապրանքա-մարդատար շոգենավը (1908-1928)։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է «Կնքված գործ» հուշագրությունը 3 հատորով, որոնք վերահրատարակվել են ԽՍՀՄ-ում 1920–ական և 1930-ական թվականներին։

Թարգամանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Бертран Рассел Очерки изъ исторіи германской соціалъ-демократической рабочей партіи. Шесть лекцій/ Перев. съ англійскаго В. Фигнеръ; редакція и предисловіе В. Канеля. Канель, Вениамин Яковлевич Спб, 1906. - XXIV+137 c.

Գեղարվեստական կերպար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1885 թվականին Նադսոնը, ոգեշնչվելով Վերա Ֆիգների կերպարից և տպավորված «14-ի գործընթացից», գրել է «Մշուշով նշաններով` մատչելի քչերին...» բանաստեղծությունը«По смутным признакам, доступным для немногих…»[17]
  • Աննա Բարկովա Վերա Ֆիգներ
  • Վլադիմիր Վոյնովիչ Վստահության աստիճանը։ Վերա Ֆիգների պատմությունը։ - Մ .: Պոլիզդատ, 1972. («Բոցավառ հեղափոխականներ» շարք)[18]. Переиздание: Владимир Войнович. Деревянное яблоко свободы: Роман о переломном периоде в истории России. — М.: Эксмо, 2008. — 384 с. — ISBN 978-5-699-29401-5[19]
  • Եվգենի Եվտուշենկո, «Ֆիգներ» գլուխը «Կազանի համալսարան» վեպից (1971)[20]
  • Բորիս Արցիբաշև Վերա Ֆիգների դիմանկարը Արխիվացված 2013-10-19 Wayback Machine

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.)Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Фигнер Вера Николаевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. Никитин Е.Н. Когда и где родилась В. Н. Фигнер // Советские архивы. — 1982. — № 4.
  6. «Фигнеры». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  7. Родионовский институт благородных девиц
  8. Финер В. Н. Запечатленный труд. Воспоминания в двух томах.(չաշխատող հղում) Т. 1. М., 1964. с. 381—388. (Интернет-проект: «Народная воля»)
  9. «Фричи» — кружок российских студенток в Цюрихе в 1872—1874 годах (назван по фамилии хозяйки пансиона), 12 человек: Софья Бардина, Вера и Лидия Фигнер, Варвара Александрова (впоследствии — Натансон), Ольга и Вера Любатович, Евгения, Мария и Надежда Субботины, Берта Каминская, Анна Топоркова, Доротея Аптекман. С 1873 на позициях революционного народничества. В 1874 объединились с «кавказцами» в группу «москвичей».
  10. Экспозиция Томский областной краеведческий музей
  11. «Электронный каталог РНБ - фигнер / запечатленный труд» (ռուսերեն). primo.nlr.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  12. Ярослав Леонтьев. Вера Фигнер и Кропоткинский комитет
  13. Lib.ru/Классика: Фигнер Вера Николаевна. Э. Павлюченко. Вера Николаевна Фигнер и её «Запечатленный труд»
  14. В конвое императора служил сын легендарного Шамиля — Игорь Елков — «Царская „девятка“» — Российская газета —
  15. В этом доме в квартире 14 в январе-феврале 1894 года жил В. И. Ленин.
  16. Мемориальная доска на доме, в котором В. Н. Фигнер отбывала ссылку
  17. С. Я. Надсон. Стихотворения
  18. Lib.ru/Классика: Фигнер Вера Николаевна. Владимир Войнович. Степень доверия
  19. Новое издание книги «Деревянное яблоко свободы». Нужна ли нынче серия «Пламенные революционеры»? «Эхо Москвы», 15 марта 2009
  20. Е. Евтушенко. Казанский университет

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Ֆիգներ» հոդվածին։