Վարձիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քարանձավային վանական համալիր
Վարձիա
Vardzia cave city.jpg
Կոորդինատներ: 41°22′51.03″ հս․ լ. 43°17′1.54″ ավ. ե. / 41.3808417° հս․. լ. 43.2837611° ավ. ե. / 41.3808417; 43.2837611
Երկիր Վրաստան Վրաստան
##Վարձիա (Վրաստան)
Red pog.png

Վարձիա, Վարձունիք (վրաց.՝ ვარძია), քարանձավային վանական համալիր Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզում։ Գտնվում է Ասպինձայի շրջանում, Կուր գետի հովտում։ Թվագրվում է 12-13-րդ դարերով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության թեկնածու է[1]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավային համալիրը ձգվում է Կուրի ձախակողմյան ափով, Էրուշեթի կոչվող սարի տուֆային պատի երկայնքով՝ մինչև 900 մետր, որտեղ փորված են մոտ 600 տաղավարներ (եկեղեցիներ, ժամատներ, բաղնիքներ, գրադարաններ, բնակելի սենյակներ և այլն)։ Համալիրի տաղավարները ժայռի մեջ խորանում են մինչև 50 մ և բարձրանում վերև՝ մինչև ութ հարկ։ Պահպանվել են գաղտնի անցուղիներ, որոնք տաղավարները կապում են միմյանց, ինչպես նաև պահպանվել են ջրագծի մնացորդները։

Վանքային համալիրի կենտրոնական մասում գտնվում է գլխավոր տաճարը` նվիրված Աստվածամորը: Պատերին կան նկարներ, այդ թվում Գեորգի III թագավորի և Թամար թագուհու նկարները, որոնք արվել են 1180-ական թվականներին:

Վանքային համալիրը կառուցվել է 1156-1205 թվականներին, Գեորգի III թագավորի և նրա դստեր` Թամար թագուհու օրոք և որպես ամրոց, Կուր գետի հովիտը հարավարևմտյան կողմից փակել է պարսիկների և թուրքերի ներխուժումից։ Այն ժամանակներում համալիրի տաղավարները թաքցված էին ժայռով և միայն վերնամասից նրանք միմյանց հետ կապված էին երեք ստորգետնյա անցումներով, որոնց միջով մարտական ջոկատները հանկարծակի հայտնվելով խուճապի էին մատնում թշնամուն։ 1193-1195 թվականներին թուրք-սելջուկների հետ պատերազմի ժամանակ, Թամար թագուհին իր արքունիքով գտնվել է Վարձիայում։

1283 թվականի երկրաշարժի ժամանակ 15 մ հաստությամբ ժայռաբեկորը պոկվել և գլորվել է Կուր գետը։ Համալիրի մեծ մասը ավերվել և մեծ վնասներ է կրել, տաղավարների մեծամասնությունը բացվել և դարձել են տեսանելի։ Դրանից հետո Վարձիան կորցրել է իր պաշտպանական նշանակությունը։

XVI դարի վերջերին Վարձիան գրավել են թուրքերը, որոնք դաժան հաշվեհարդար են տեսել վանականների հետ և նրանց կենդանի այրել գլխավոր տաճարում։ 1828 թվականին այն գրավել են ռուսական զորքերը։ Որոշ ժամանակ անց ուղղափառ հույների կողմից վերականգնվել է վանական կյանքը համալիրում։

1938 թվականին Վարձիան հայտարարվել էր որպես թանգարան-արգելոց: Այժմ փորձեր են արվում Վարձիայում վերականգնել վանականությունը և այն համարվում է Վրաստանի զբոսաշրջության գլխավոր վայրերից մեկը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Centre UNESCO World Heritage։ «Vardzia-Khertvisi - UNESCO World Heritage Centre»։ whc.unesco.org (անգլերեն)։ Վերցված է 2016-01-24