Թամար (վրաց թագուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թամարից)
Picto infobox prétendant à un trône.png
Թամար
Վրաստանի թագուհի
Queen Tamara of Georgia.jpg
Ծնվել է՝ 1166
Ծննդավայր Մցխեթ
Մահացել է՝ 1213
Վախճանի վայր Տաբախմելա
Քաղաքացիություն Վրաստան
Ազգություն վրացիներ
Նախորդ Գեորգի III
Հաջորդող Գեորգի IV Լաշա
Տոհմ Բագրատիոնիներ
Հայր Գեորգի III
Մայր Բուրդուխան
Երեխաներ Գեորգի VI Լաշա և Ռուսուդան
Քույր(եր) Ռուսուդան
Կրոնական հավատքներ Վրաց ուղղափառ եկեղեցի
Ստորագրություն Tamar signature.svg

Թամար թագուհի (վրաց.՝ თამარ მეფე, մոտ 1166, Մցխեթ - 1213, Տաբախմելա), Վրաստանի թագուհի 1184 թվականից (1178 թվականից հոր՝ Գեորգի III-ի գահակից)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամարի հայրը՝ Գեորգի III-ը (թագավորել է 1156–84 թթ.-ին), 1178 թ.-ին նրան նշանակել է գահակից։ Ինքնուրույն գահակալել է հոր մահից (1184 թ.) հետո։

Գահակալության առաջին տարիներին ֆեոդալական ավագանին հանդես է եկել թագավորական իշխանության սահմանափակելու պահանջով։ Թագուհին թեև պահպանել է օրենսդրական և գործադիր իրավունքները, սակայն զրկվել է պետական հարցերը միանձնյա լուծելու հնարավորությունից։ Թամարի օրոք վրացական պետությունը հասել է իր հզորության ու ծաղկման գագաթնակետին։

Պետության և անձամբ թագուհու նեցուկն են դարձել Սարգիս Զաքարյանը և նրա որդիներ Զաքարե Բ-ն ու Իվանե Ա-ն։ Վերջիններս ազատագրելով Հայաստանի Բագրատունիների թագավորության տարածքը ստեղծեցին Զաքարյան Հայաստանը և պետական ունիայով գործակցեցին Թամար թագուհու գլխավորած Վրաստանի պետության հետ՝ ստանձնելով այդ երկրի բարձրագույն ռազմա-քաղաքական պաշտոնները։ Նրանք գլխավորել են պայքարը կենտրոնախույս ավագանու և արտաքին թշնամիների դեմ։

1195 թ.-ին վրացական և հայկական զորքերը՝ Զաքարե Բ Մեծի հրամանատարությամբ, Շամխորի ճակատամարտում պարտության են մատնել Ատրպատականի աթաբեկ Աբուբեքիրին և նրա դաշնակիցներին։ Հաջողությամբ են պսակվել նաև Թամարի ռազմական արշավանքները Սև ծովի առափնյա շրջան (որտեղ 1204 թ.-ին հիմնադրվել էր Տրապիզոնի կայսրությունը), Խլաթի սուլթանության՝ Շահ-Արմենների դեմ և Ատրպատականի ու Պարսկաստանի խորքերը (1210 թ.)։ Վրաստանի վասալ են դարձել Գանձակի և Էրզրումի ամիրները, Երզնկայի և Խլաթի սուլթանները, հյուսիսկովկասյան լեռնականների տիրակալները։

Վրաստանը Թամար թագուհու կառավարման ավարտին

Զաքարե Բ Մեծի մղած պատերազմների շնորհիվ ազատագրվել է Հյուսիս-արևելյան Հայաստանը, կազմավորվել և հզորացել է Զաքարյանների իշխանապետությունը։ Իվանե Ա-ն ճնշել է կովկասյան լեռնականների ապստամբությունը Թամարի դաժան հարկային քաղաքականության դեմ։ Թամարի թագավորության տարիները Վրաստանում և Հայաստանում նշանավորվել են շինարարական ծավալուն գործունեությամբ, մշակույթի առաջնթացով։ Թամարը 1185 թ.-ին ամուսնացել է Վլադիմիր-Սուզդալյան իշխան Անդրեյ Բոգոլյուբսկու որդու՝ Յուրիի (Գեորգի) հետ, երկրորդ անգամ՝ 1189 թ.-ին՝ ալանների արքայորդի Դավիթ Սոսլանի (մահացել է 1207 թ.-ին) հետ։

Թամար թագուհուն է նվիրված Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմը։ Նրա կերպարին անդրադարձել է Ալեքսանդր Վերմիշևը՝ «Ամիրսպասալարը» վեպում։ Վրաց և ռուսաց եկեղեցիները Թամար թագուհուն կարգել են սրբերի դասը՝ որպես տոնելի սուրբ։ 1917 թ.-ից վրաց եկեղեցին ամեն տարի մայիսին նշում է սբ Թամարի տոնը՝ Թամարոբան։ Ախալցխայում կանգնեցվել է Թամար թագուհու հուշարձանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]