Սև կակաչ
Սև կակաչ ֆր.՝ La Tulipe noire | |
---|---|
Հեղինակ | Ալեքսանդր Դյումա |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | courtly romance? և պատմական գեղարվեստական գրականություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1850 |
Նկարագրում է | Նիդերլանդներ |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման տարեթիվ | 1850 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/dumasalt/tulpe/tulpe.html |
The Black Tulip Վիքիպահեստում |
«Սև կակաչ» (ֆր.՝ La Tulipe noire), ֆրանսիացի հանրահայտ գրող Ալեքսանդր Դյումա (հայր) պատմական վեպը, որը գրվել է Օգյուստ Մակեի հետ համագործակցությամբ և նվիրված է 1672 թվականի դրամատիկական դեպքերին, որոնք հոլլանդական պատմության մեջ հայտնի են որպես «Աղետալի տարի» (հոլլ. Rampjaar) անվանումով։ Վեպը առաջին անգամ հրատարակվել է երեք հատորով՝ 1850 թվականին, «Baudry» հրատարակչության կողմից։ Վեպը սյուժետային ոչ մի կապ չունի 1963 թվականին նկարահանված ֆրանսիական նույնանուն արկածային ֆիլմի հետ, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Ալեն Դելոնը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլլանդական Հանրապետությունում տեղի է ունենում պայքար իշխանության համար։ Հոլլանդիայի Մեծ պենսիոնարի Յան դե Վիտը, իր եղբայր Կոռնելիուս դե Վիտի՝ ամբարտակների գլխավոր տեսուչի հետ պայքարում են արքայազն Վիլհելմ III Օրանացու դեմ, որը ցանկանում է ետ վերադարձնել Վիտերի կողմից չեղյալ հայտարարված շտատգալտերի պաշտոնը։ Առավելությունը արքայազնի կողմն է։
Օրանժիստ բժիշկ Տիկելարի սուտ մեղադրանքի պատճառով դատապարտված Կոռնելիուսը խոշտանգումների է ենթարկվում Բյույտենհոֆ ամրոցում, սակայն խիզախորեն դիմանում է և 1672 թվականի օգոստոսի 20-ին նրան պետք է ազատեն և աքսորեն։ Եղբոր հետևից ժամանում է Յանը։ Իսկ այդ ժամանակ ամբոխը մոլեգնած է ամրոցի մերձակայքում՝ պահանջելով Վիտերի հանձնումը։ Հեծելազորի կապիտան, կոմս Թիլլին, արիաբար պաշտպանում է ամրոցը, սակայն ամբոխը ուղղություն է վերցնում դեպի Հաագայի Դուման, որտեղ պատգամավորներ Բովելտից և Ասպերենից պահանջում են հետ կանչել Թիլլիի հեծելազորը։
Այդ նույն ժամանակ Վիտ եղբայրների մեջ տեղի է ունենում անկեղծ զրույց, որտեղ պազվում է, որ Յանի և Ֆրանսիայի ռազմական նախարար մարքիզ դե Լուվուայի միջև նամակագրությունը, որը գտնվում էր Կոռնելիուսի մոտ, վերջինիս կողմից չի ոչնչացվել, այլ պահպանության է տրվել իր ազգական Կոռնելիուս վան Բերլեին, որը բնակվում է Դորդրեխտում։ Իր ծառա Կրակեի միջոցով Յանը վան Բերլեին հրաման է ուղարկում ոչնչացնել այդ փաստաթղթերը։ Իրենք եղբայրները, բանտապահի դուստր Ռոզա Գրիֆուսի խորհրդով, ամբոխի զայրույթից թաքնվում են ետնամուտքում և ճանապարհ են ընկնում դեպի դարպասները, որպեսզի դուրս գան քաղաքից։ Սակայն դարպասները կողպված են՝ արքայազն Օրանացու հրամանով, որն իր հավատարիմ գնդապետ վան Դեկենի հետ, հեռվից հետևում էր բանտի մոտ տեղի ունեցող իրադարձություններին։ Հիասթափված դե Վիտերը ուղևորվում են դեպի ուրիշ դարպասներ, սակայն նրանց հասնում է ամբոխը և տեղում սպանում է, իսկ շուտով արքայազն Վիլհելմը ընտրվում է Հոլլանդիայի Հանրապետության շտատգալտեր։
Կոռնելուս վան Բերլեն, որը բնակվում է Դորդրեխտում, բացարձակ չի հետաքրքրվում երկրում տիրող իրավիճակով և տեղյակ չէ իր ազգականի ցավալի մահվան մասին։ Իր վաճառական հորից ստացած մեծ ժառանգությունը վան Բերլեն, արհամարհելով դրամը, որպեսզի մսխի գումարը, ընտրում է Հոլլանդիայի ամենաթանկ հոբբին, որով այդ ժամանակ հրապուրվում էր ամբողջ հանրապետությունը՝ կակաչների բուծումը։ Սակայն վան Բերլեն, որը լրջորեն հրապուրված է դրանով, նույնիսկ չի կասկածում, որ ունի մահացու վտանգավոր թշնամի՝ վան Բերլեի հարևան Իսահակ Բոքստելը, որը պաշտում է կակաչները, սակայն միջոցների սղության պատճառով նա խամրում է հարևանի փառքի առջև։
Բոքստելն ատում է Կոռնելիուսին և բոլոր միջոցներով ջանում է փչացնել նրա գոյատևումը։ Եվ ահա, 1672 թվականի հունվարին, հեռադիտակի մեջոցով հետևելով հարևանին, տեսնում է թե ինչպես է Կոռնելիուս դե Վիտը ազգականին փոխանցում եղբոր և մարքիզ դե Լուվուայի նամակագրությունը։ այդ ժամանակ Հաարլեմում ՝ «կակաչների մայրաքաղաքում», Ծաղկաբույծների Ընկերությունը առասպելական գումարի պարգև է խոստանում՝ 100 հազ. հոլլանդական գուլդեն, նրան, ով կաճեցնի առասպելական սև կակաչը։ Երկու հարևանները պայքարի են մտնում պարգևի համար, սակայն վան Բերլեն, բնականաբար, Բոքստելից առաջ աճեցնում է սև կակաչի երեք սոխուկ։ Այդ ժամանակ հարևան-նախանձոտը հիշում է այն փաստաթղթերի մասին, որը, արդեն սպանված Կոռնելիուս դե Վիտը փոխանցել էր վան Բերլեին և այդ մասին հայտնում է դորդրեխտյան դատավոր վան Սպենենին և վերջինս ձերբակալում է Կոռնելիուսին և նրան պահակախմբով ուղարկում է Հաագա։ Սակայն, սպասվածին հակառակ, վան Բերլեն նվիրական սոխուկները վերցնում է իր հետ։
Հաագայում Կոռնելիուսը ծանոթանում է ծերունի Գրիֆուսի հետ, որն իր բանտապահն է, անզիջում օրանժիստ, որն ամեն կերպ դժվարացնում է դժբախտ կալանավորի գոյությունը։ Իսկ նրա դուստրը՝ Ռոզան, սիրահարվում է վան Բերլեին։ Վերջինս, անտարբեր չլինելով Ռոզայի նկատմամբ և հիանալի հասկանալով, որ ինքը դատապարտված է կառափնարանին, նրան է կտակում իր երեք սոխուկները՝ իր մոտ եղած վերջին սեփականությունը։ Այդ նույն ժամանակ Բոքստելը՝ ուրիշի անունի տակ, ժամանում է Հաագա և ծանոթություն է հաստատում Գերբրուկի՝ դահիճի, հետ, որը պետք է իրականացնի Կոռնելիուսի մահապատիժը։ Գերբրուկը խոստանում է մահապատժից հետո Բոքստելին հանձնել հանգուցյալի հագուստը, որտեղ, ըստ Բոքստելի կարծիքի, պետք է գտնվեն ցանկալի սոխուկները։ Սակայն մահապատժի ժամանակ ժամանում է նորաթուխ շտատգալտեր արքայազն Օրանացու սուրհանդակը և հայտնում, որ մահվան դատավճիռը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Ավարը նորից խուսափում է Բոքստելից։
Կոռնելիուսին տեղափոխում են Լևեշտայնի ամրոց։ Ռոզան փութաջանում է արքայազն Օրանացուն և վերջինս, լինելով լավ տրամադրության մեջ, նրա խնդրանքով, Գրիֆուսին նշանակում է Լևեշտայնի բանտապետ։ Ռոզան երեկոները հանդիպում է Կոռնելիուսի հետ։ Նրա հսկողությամբ Ռոզան սովորում է գրել և կարդալ, ինչպես նաև աճեցնում է սև կակաչի սոխուկներից մեկը՝ երկրորդը, գաղտնի, իր մոտ՝ անոթում, աճեցնում է վան Բերլեն, իսկ երրորդը Ռոզան խնամքով պահում է իր խորդանոցում։ Բայց ահա, օրերից մի օր, Լևենշտայն է ժամանում ոմն Յակոբ Գիզելս, որը կամացուկ մտերմանում է Գրիֆուսին և ցանկանում կնության առնել նրա դստերը՝ Ռոզային։ Իրականում Գիզելսը նույն Բոքստելն է, որը ցանկանում էր հայթայթել սև կակաչի սոխուկը։ Վան Բերլեի սոխուկը ոչնչացվում է Գրիֆուսի ենթակայի կողմից։ Ռոզայի սոխուկը ծլում է, սակայն այն հափշտակում է Բոքստելը և հեռանում Հաարլեմ։ Ռոզան, իր հետ վերցնելով երրորդ սոխուկը, ուղևորվում է հետապնդման։
Հասնելով Հաարլեմ, Ռոզան ուղևորվում է Ծաղկաբույծների Ընկերության նախագահ Պետերս վան Սիստենսի մոտ, սակայն վերջինս չի հավատում պատմության իրականությանը։ Սև կակաչը դիտելու համար Հաարլեմ ժամանած արքայազն Օրանացին լսում է Ռոզային, որը նրան է ներկայացնում երրորդ սոխուկը և Կոռնելիուս դե Վիտի նամակը Կոռնելիուսին, որով ապացուցվում է վան Բերլեի անմեղությունը։ Գնդապետ վան Դեկեն՝ արքայազնի հրամանով, Լևեշտեյնից բերում է Կոռնելիուսին (վերջինս, ի միջի այլոց, այդ ժամանակ վրեժ է լուծում Գրիֆուսից այն բոլոր նեղությունների համար, որ վերջինս պարգևել էր նրան և Գրիֆուսին փայտով ծեծի է ենթարկում)։ Վիլհելմը սև կակաչի համար նախատեսված պարգևը հանձնում է Կոռնելիուս վան Բերլեին և Ռոզա Գրիֆուսին և նույն պահին նրանց պսակում է։ Բոքստելին, որը մասնակցում էր արարողությանը, կաթվածահար է լինում և մահանում։ Գրիֆուսը հաշտվում է իր փեսայի հետ, պաշտոնաթող է լինում բանտապահի ծառայությունից և սկսում է ապրել Կոռնելիուսի և Ռոզայի հետ Դորդրեխտում՝ հսկելով կակաչների այգին կրծողներից։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը բաղկացած է երեսուներեք գլուխներից[1]։
- Գլուխ I. Երախտապարտ ժողովուրդ
- Գլուխ II. Երկու եղբայր
- Գլուխ III. Յան դե Վիտի սանիկը
- Գլուխ IV. Ջարդարարները
- Գլուխ V. Կակաչների սիրահարն ու նրա հարևանը
- Գլուխ VI. Կակաչների սիրահարի ատելությունը
- Գլուխ VII. Երջանիկ մարդը ծանոթանում է դժբախտության հետ
- Գլուխ VIII. Հարձակում
- Գլուխ IX. Տոհմական խուցը
- Գլուխ X. Բանտապահի աղջիկը
- Գլուխ XI. Կոռնելիուս վեն Բերլեի կտակը
- Գլուխ XII. Մահապատիժ
- Գլուխ XIII. Այդ ժամանակ ի՞նչ էր կատարվում մի հանդիսատեսի հոգում
- Գլուխ XIV. Դորդրեխտի աղավնիները
- Գլուխ XV. Պատուհանը
- Գլուխ XVI. Ուսուցիչը և աշակերտուհին
- Գլուխ XVII. Առաջին սոխուկը
- Գլուխ XVIII. Ռոզայի երկրպագուն
- Գլուխ XIX. Կինը և ծաղիկը
- Գլուխ XX. Ի՞նչ էր տեղի ունեցել ութ օրվա ընթացքում
- Գլուխ XXI. Երկրորդ սոխուկը
- Գլուխ XXII. Կակաչը ծաղկեց
- Գլուխ XXIII. Նախանձոտը
- Գլուխ XXIV. Սև կակաչը փոխում է իր տիրոջը
- Գլուխ XXV. Նախագահ վան Սիստենսը
- Գլուխ XXVI. Ծաղկաբույծների Ընկերության անդամներից մեկը
- Գլուխ XXVII. Երրորդ սոխուկը
- Գլուխ XXVIII. Ծաղիկների երգը
- Գլուխ XXIX. Որտեղ վան Բերլեն Լևեշտեյնից հեռանալուց առաջ Գրիֆուսի հետ հաշիվ է մաքրում
- Գլուխ XXX. Որտեղ սկսում են կասկածել, թե ինչպիսի պատժի էր դատապարտված Կոռնելիուս վան Բերլեն
- Գլուխ XXXI. Հաարլեմ
- Գլուխ XXXII. Վերջին խնդիրքը
- Գլուխ XXIII. Եզրափակում
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիլհելմ III Օրանացի - այնուհետև Վիլհելմ III, Անգլիայի թագավոր։
- Լյուդովիկոս XIV - Ֆրանսիայի արքա։
- Կոռնելիուս դե Վիտ - Հաագայի ամբարտակների գլխավոր տեսուչ, Յան դե Վիտի եղբայրը։
- Յան դե Վիտ - Հոլլանդիայի Մեծ պենսիոնարի։
- Գնդապետ վան Դեկեն - Վիլհելմ III Օրանացու համհարզը։
- Կոռնելիուս վան Բերլե - կակաչների սիրահար, Կոռնելիուս դե Վիտի ազգականը։
- Իսահակ Բոքստել - նրա թշնամին, նույն ինքը Յակոբ Գիզելս։.
- Մարքիզ դե Լուվուա - Ֆրանսիայի ռազմական նախարար։
- Կոմս Թիլլի - հեծելազորի կապիտան։
- Բովելտ - պատգամավոր։
- Ասպերեն - պատգամավոր։
- Վան Սպենեն - Դորդրեխտի դատավոր։
- Տիկելար - Հաագայի վիրաբույժ։
- Պետերս վան Սիստենս - Հաարլեմի բուրգոմիստր, Ծաղկաբույծների Ընկերության նախագահ։
- Կրակե - Յան դե Վիտի հավատարիմ սպասավոր։
- Գրիֆուս - բանտապահ։
- Ռոզա - նրա դուստրը, սիրահարված է Կոռնելիուս վան Բերլեին։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սև կակաչի տոնը» (Das Fest der schwarzen Tulpe) — 1920 թվական, Գերմանիա, ռեժիսորնար՝ Մարիա Լուիզա Դրուպ, Մուխսին Էրտուգրուլ։
- «Սև կակաչ» (De zwarte tulp) — 1921 թվական, Մեծ Բրիտանինա, ռեժիսորներ՝ Մորից Բինգաե, Ֆրենկ Ռիչարդսոն։
- «Սև կակաչ» (The Black Tulip) — 1937 թվական, Մեծ Բրիտանիա, ռեժիսոր՝ Ալեքս Բրյուս։
- «Սև կակաչ» (Black Tulip) — 1988 թվական, Ավստրալիա (մուլտֆիլմ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վեպի օրիգինալ տեքստը ֆրանսերենով Վիքիքաղվածքում
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև կակաչ» հոդվածին։ |
|