Սուրբ ծնունդը Ֆրանսիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ ծնունդը Ֆրանսիայում

Տեսակամենամյա միջոցառում
ԵնթադասՍուրբ Ծնունդ
ԱմսաթիվԴեկտեմբերի 25
Տոնվում է Ֆրանսիա
Սուրբ ծնունդը Ստրասբուրգում

Սուրբ Ծնունդը Ֆրանսիայում (ֆր.՝ Noël), եկեղեցական և ընտանեկան գլխավոր տոներից մեկը։ Մտնում է դեկտեմբերի 25-ին սկսվող և հունվարի 6-ին (Աստվածահայտնության տոն) ավարտվող 12 օրերի ցիկլի մեջ (cycle de Noël)[1]։ Նշվում է դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը՝ եկեղեցական ծառայությամբ և տոնական ընթրիքով։ Հիմնական ավանդույթներից է սուրբծննդյան եղևնին, նվերների և բացիկների փոխանակումը և Սուրբծննդյան տիկնիկարկղերը[1]։ Ֆրանսիայի շատ քաղաքներում կազմակերպվում են սուրբծննդյան շուկաներ։ Թեև Սուրբ ծնունդը կրոնական տոն է, սակայն այն նշում է նաև բնակչության այն մասը, որն իրեն հավատացյալ չի համարում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ծննդի տոնումը Եվրոպայում և մասամբ Ֆրանսիայում ունի երկար պատմություն։ Սակայն վաղ քրիստոնեության շրջանում, նման տոն չի եղել և միայն մեր թվարկության 2-րդ դարում է եկեղեցին հարց բարձրացրել Քրիստոսի ծննդյան ամսաթվի վերաբերյալ, որը Ավետարաններից ոչ մեկում չի հիշատակվում[1]։ Որպես հավանական ամսաթիվ նշվել են հունվարի 6-ը, մարտի 25-ը, ապրիլի 10-ը և այլն։ Միայն 4-րդ դարում՝ 330-354 թվականների միջակայքում, Կոստանդիանոս կայսրը որոշում է ընդունել Սուրբ ծնունդը տոնել դեկտեմբերի 25-ին, իսկ 354 թվականին այդ փորձը վերջնականապես ամրապնդել է Հռոմի պապ Լիբերիոսը[1]։ Արդեն 354 թվականի ժամանակագրության մեջ դեկտեմբերի 25-ը հիշատակվում է որպես Հիսուսի ծննդյան ամսաթիվ[3]։ Ամենայն հավանականությամբ այն պատահաբար չի ընտրվել․ այսպիսով քրիստոնությունը մրցակցության մեջ է մտել հեթանոսական մշակույթի հետ, որի համար այդ ամսաթիվը նույնպես ունեցել է կարևոր իմաստ։ Այսպիսով Հռոմեական կայսրությունում (որի մի մասը երկար ժամանակ եղել է Ֆրանսիան) դեկտեմբերի 25-ը հանդիսացել է հատուկ ամսաթիվ․ դա եղել է այսպես կոչված «Անհաղթ Արևի ծննդյան օրը» (լատին․՝ Dies Natalis Solis Invicti)։ Այն ընտրել և ամրապնդել է Ավրելիանոս կայսրը՝ միավորելով Սատուրնին նվիրված տոնի ավարտման օրը Միտրա աստծո ծննդի օրվա հետ, որի պաշտամունքը այդ ժամանակ տարածված էր Հռումում[4]։ Քրիստոնական եկեղեցին էլ այդ պաշտամունքին հակադրել է Հիսուսին՝ որպես «Արդարության լույս»։ Աստիճանաբար դեկտեմբերի 25-ին Սուրբ ծնունդը տոնելու ավանդույթը ստացել է լայն տարածում և 5-րդ դարում այն տեղափոխվել է Գալլիա[1]։ 425 թվականին Թեոդոսիոս կայսրը օրենք է ընդունել Քրիստոսի Ծնունդի համընդհանուր տոնման մասին, և այդ ժամանակից ի վեր ամսաթիվը զուգակցվել է միայն քրիստոնեական ավանդույթի հետ։

Տոնակատարության ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբծննդյան եղևնի[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաֆայետ պատկերասրահի սուրբծննդյան եղևնին

Ինչպես մի շարք եվրոպական երկրներում, այնպես էլ Ֆրանսիայում սուրբծննդյան գլխավոր խորհրդանիշը սուրբծննդյան եղևնին է։ Ձմեռային տոների ընթացքում տները մշտադալար բույսերի ճյուղերով զարդարելու սովորույթը սկիզբ է առել հեթանոսական ժամանակներից, քրիստոնեությունը ընդունել է այն միայն մոտ 7-րդ դարում[5]։ Ավելի ուշ՝ 11-րդ դարում, կարմիր խնձորներով զարդարված եղևնին դրախտի թեմային նվիրված միստերիաների ընթացքում խորհրդանշել է իմացության ծառը։ Սակայն սուրբծննդյան եղևնին ժամանակակից ըմբռնմամբ հավանաբար առաջին անգամ հայտնվել է 16-րդ դարում Էլզասում, որտեղից էլ շուտով տարածվել է ողջ Եվրոպայում[5]։ Ֆրանսիայում առաջին տոնածառը տեղադրվել է Վերսալում 1738 թվականին[5]։ Թագավորական արքունիքից հետո սովորույթն ընդունել է բուրժուազիան, ապա նաև հասարակ ժողովուրդը։ Եղևնիների համար զարդարանքերը (ծաղկաշղթաներ, ոսկեզօծ ընկույզներ և այլն) պատրաստվում էին ձեռքով, 19-րդ դարի կեսերին երևան են եկել տոնածառի ապակե գնդակները, իսկ 20-րդ դարում սկսվել են արտադրվել արհեստական տոնածառները։

Ներկայումս Ֆրանսիայում տարեկան վաճառվում է մոտ հինգ միլիոն բնական եղևնի[5]։ Նրանցից շուրջ մեկ միլիոնը աճեցվում է հենց Ֆրանսիայի տարածքում՝ Մարվոն մարզում (Բուրգունդիա)[5]։

Պեր-Նոյել և նվերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեր Նոյելը և երեխաները. Վիմագրությունը սկսվել է 20-րդ դարում

19-րդ դարում ամանորյա նվերների ավանդույթը հետզհետե փոխարինվել է Սուրբ ծնունդին (հիմնականում երեխաներին) դրանք նվիրելու ավանդույթով։ Ներկայումս սուրբծննդյան նվերները միանշանակ ասոցացվում են իրենց գլխավոր նվիրողի՝ Պեր Նոյելի հետ, սակայն այս կերպարը ևս առաջին անգամ հայտնվել է միայն 19-րդ դարում։ Նրան նախատիպ է ծառայել Սուրբ Նիկողայոսը, որի հիշատակը նշվում է դեկտեմբերի 6-ին և որը համարվում է երեխաների հովանավորը։ Ըստ լեգենդի՝ դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը նա ճանապարհորդում է աշխարհով մեկ և նվերներ դնում երեխաների՝ բուխարու առաջ թողած կոշիկների մեջ[6]։ Սակայն նվերները ստանում են միայն լավ և հնազանդ երեխաները. նրանք, որոնք տարվա ընթացքում վատ են պահել իրենց, ածուխ և ճիպոտներ են ստանում սուրբ Նիկողայոսի «մութ» արբանյակի՝ Պեր Ֆուետարայի կողմից։ Ֆրանսիայի հյուսիսարևելյան որոշ շրջաններում՝ մասնավորապես Լոթարինգիայում, ավանդույթը մինչ այժմ պահպանվել է[7]։

Մինչև 20-րդ դարը Պեր Նոյելը այնքան էլ ժողավրդականություն չէր վայելում ֆրանսիացիների մոտ, բայց 1950-ական թվականներին ամերիկյան Սանտա Կլաուսի աճող համբավի ազդեցության տակ (որի նախատիպը նաև Սուրբ Նիկողայոսն էր), նա վերածվել է սուրբծննդյան գլխավոր խորհրդանիշի[8]։ Կաթոլիկ եկեղեցին ծայրաստիճան բացասական է արձագանքել Պեր Նոյելի հայտնությանը՝ հայտարարելով նրան հեթանոսական և հերետիկոսական կերպար, որը ստիպում է մարդկանց մոռանալ տոնի իրական իմաստի մասին։ 1951 թվականին նույնիսկ Դիժոնում՝ քաղաքի տաճարի դիմաց, տեղի է ունեցել Պեր Նոյելի հրապարակայնորեն այրումը[8]։ Մինչ հիմա որոշ կաթոլիկ ընտանիքներում երեխաներին ասում են, որ նվերները բերում է ոչ թե Պեր Նոյելը, այլ մանուկ Հիսուսը։

Որպես կանոն, նվերների հանձնումը տեղի է ունենում դեկտեմբերի 25-ի ցերեկը (մեծահասակները կարող են նաև նվերներ փոխանակել նախօրեին՝ տոնական ընթրիքից հետո)։ Երեխաները սովորաբար իրենց նվերները գտնում են սուրբծննդյան տոնածառի տակ[9]։

Սուրբծննդյան ընթրիք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սուրբծննդյան գերան»
Ավանդական տասներեք աղանդերով սեղան
Էլզասյան բրենդել

«Ռևեյոն» (ֆր.՝ réveillon) կոչվող հայտնի տոնական ավանդական առատ ընթրիքը կազմակերպվել է դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը՝ կեսգիշերին՝ սուրբծննդյան պատարագից ընտանիքի վերադառնալուց հետո[10]։ Ներկայումս պատարագի ոչ բոլորն են գնում, սակայն ընտանեկան շրջանակում տոնական ընթրիքը մնում է անփոփոխ ավանդույթ․ ֆրանսիացիների մեծամասնության համար սուրբծննդյան ընթրիքն անհամեմատ ավելի մեծ նշանակություն ունի, քան ամանորյա ընթրիքը[11]։ Սեղանին, որպես կանոն, առկա են Ֆուա-գրա, տապակած հնդկահավ՝ շագանակի հետ, ոստրե և ապխտած սաղմոն։ Աղանդերներից առավել հայտնի են ավանդական «սուրբծննդյան գերանը» և շոկոլադը[11]։

Ֆրանսիայի տարբեր շրջաններում, կախված տեղի խոհարարական ավանդույթներից, ճաշացուցակը տարբեր է։ Այսպես, Էլզասում հայտնի է քաղցր թխվածքը, մասնավորապես բրենդելե կոչվող թխվածքաբլիթը, որն ունի բազմազան ձևեր և տարբեր համեր[12]։ Պրովանսում սուրբծննդյան ընթրիքը սովորաբար կազմված է այսպես կոչված «տասներեք աղանդերից», որը խորհրդանշում է տասներկու առաքյալներով շրջապատված Հիսուսին[12]։ Ֆրանսիայի հյուսիսում և արևելքում տարածված է շոկոլադի կտորներով կամ չամիչով քաղցր կաթնահունց բլիթը՝ կունյուն (ֆր.՝ cougnou), որի տեսքը պետք է հիշեցնի բարուրված մանուկ Հիսուսին[12]։ Բրետանում սուրբծննդյան սեղանին հաճախ լինում է զանազան ծովամթերքից պատրաստված կերակրատեսակ[13]։ Բուրգունդիայում ընդունված է մատուցել բուրգունդյան լավագույն գինիներ և Էսկարգո[13]՝ պատրաստված հատուկ ձևով։

Սուրբծննդյան շուկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես եվրոպական մի շարք երկրներում, այնպես էլ Ֆրանսիայում տարվա վերջին ամիսներին (նոյեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում) կազմակերպվում են այսպես կոչված սուրբծննդյան շուկաներ (ֆր.՝ Marché de Noël), որոնց պատմությունը համընկնում է 14-15-րդ դարերին։ 20-21-րդ դարերի սահմանագծում այս ավանդույթը ժողովրդականության նոր ալիք է ապրել[14]։

Սուրբծննդյան շուկա Ստրասբուրգում
Սուրբծննդյան շուկա Փարիզում

Որպես կանոն նրանք իրենցից ներկայացնում են փայտե տնակներ՝ «շալեներ», որոնցում վաճառվում են տեղական նրբախորտիկներ, արհեստավորների արտադրանքներ, եղևնու խաղալիքներ և հուշանվերներ։ Հաճախ սուրբծննդյան շուկայում նաև կա ժամանակավոր սահադաշտ կամ սատանայի անիվ․ տիպիկ տարրերից են սուրբծննդյան մթնոլորտ ստեղծող բազմաթիվ նկարազարդումները և երաժշտությունը[14]։

Ֆրանսիայում առավել հին և հայտնի սուրբծննդյան շուկաներից է Ստրասբուրգի շուկան․ դրա շնորհիվ Ստրասբուրգն անվանում են «Սուրբ Ծննդի մայրաքաղաք»[15]։ Սուրբծննդյան շուկաները մեծ ճանաչում ունեն հատկապես Էլզասի ամբողջ տարածքում։ Դրանք շատ են նաև Պրովանսում[14]։ Փարիզում ամեն տարի կազմակերպվում է մի քանի սուրբծննդյան շուկա, այդ թվում`Դեֆանսի մեծ կամարի դիմաց, Փարիզի Աստվածամոր տաճարի և Օտել դե Վիլի մոտ, Տյուիլրի այգում և այլն[16]։ Ելիսեյան դաշտերում լայն ճանաչում ունեցող սուրբծննդյան շուկան 2017 թվականին քաղաքային խորհրդի որոշմամբ դադարել է գոյություն ունենալ[17]։

Սուրբծննդյան տիկնիկարկղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական մեկ այլ հին ավանդույթ են սուրբծննդյան տիկնիկարկղերը (ֆր.՝ crèche de Noël)։ Դրանց ստեղծումը վերագրվում է Ֆրանցիսկ Ասսիզեցուն, որը Գրեչոյի եկեղեցում պատրաստել էր առաջին տիկնիկարկղերը, ընդ որում Մարիամի, Հովսեփի, մանուկ Հիսուսի, մոգերի և ավետարանական այլ կերպարների դերերը կատարել են գյուղի բնակիչները[18]։ Ժամանակի ընթացքում սուրբծննդյան տիկնիկարկղ պատրաստելու ավանդույթը տարածվել է Իտալիայում և Ֆրանսիայի հարավում, իսկ դերասաններին փոխարինելու են եկել փայտե, կավե և մոմե արձանիկները։

17-րդ դարում Նեապոլում տիկնիկարկղ կազմակերպելու ավանդույթ է առաջացել ոչ միայն եկեղեցիներում, այլև տանը՝ ընտանեկան շրջանում։ Բայց Ֆրանսիայում այն տարածվել է շատ ավելի ուշ, երբ ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանի հակակղերական օրենքները արգելել են սուրբծննդյան պատարագն ու տիկնիկարկղերը[18]։ Հավատացյալները սկսել են տանը վերարտադրել այն, ինչ սովոր էին տեսնել տաճարում ՝ Սուրբ Ծննդյան տեսարանով տիկնիկարկղ, իսկ սրբերի արձանիկները կերտել են սեփական ձեռքերով՝ հացի միջուկից կամ պապիե-մաշեյից․ դրանք փոքր էին պատրաստում՝ հարկ եղած դեպքում հեշտությամբ թաքցնելու համար[19]։

Ստրասբուրգյան տիկնիկարկղեր

Նոր ավանդույթը հատկապես մեծ ճանաչում ունեցավ Պրովանսում, որտեղ նմանատիպ արձանիկների պատրաստումը ձեռք բերեց մասսայական բնույթ։ Դրանք սկսեցին անվանել սանտոններ (ֆր.՝ santon), ինչը բառացիորեն նշանակում է «փոքրիկ սրբեր»։ Հետզհետե աստվածաշնչյան կերպարներին ավելացվել են նոր կերպարներ։ Սանտոնները ավելի հաճախ պատկերել են մանուկ Հիսուսի առաջ խոնարհվելու եկած Պրովանսի հասարակ բնակչությանը[20]։ Մինչ այժմ այդ վառ, ձեռքով պատրաստված արձանիկները վայելում են ֆրանսիացիների սերը։ Պրովանսի տարբեր քաղաքներում անցկացվում են սանտոնների տոնավաճառներ, իսկ շրջանների սահմաններից դուրս դրանք կարելի է տեսնել յուրաքանչյուր սուրբծննդյան շուկայում։

Մեր ժամանակներում սուրբծննդյան տիկնիկարկղերը ավանդաբար տեղադրում են տաճարներում։ «Տնային» տիկնիկարղերը ավելի քիչ են հայտնի։ Դեռ վերջերս տիկնիկարկղ կարելի էր տեսնել ֆրանսիական քաղաքների փողոցներում, սակայն վերջին տարիներին այս ավանդույթը լուրջ բանավեճեր է առաջացնում։ Հաստատվում է, որ տիկնիկարկղը որպես կրոնական խորհրդանիշ աշխարհիկ պետության սկզբունքների հետ անհամատեղելի է[21][22]։ Սուրբծննդյան տիկնիկարկղերի կողմնակիցները պնդում են, որ տիկնիկարկղերը պետք է դիտել ոչ թե որպես կրոնական, այլ Ֆրանսիայի պատմական ժառանգություն հանդիսացող մշակութային ավանդույթ[22]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Франция. Лингвострановедческий словарь, 1997, с. 667.
  2. Louis Manaranche (2015). «Noël est devenu un moment important pour tout le monde». Europe1.fr. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. Louis Manaranche (2014). «Quelles sont les origines de Noël ?». Le Figaro.fr. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. Marie-Christine Brajard.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Les sapins de Noël». Parc naturel régional du Morvan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  6. «D'où vient l'histoire du Père Noël ?». Le Parisien. 2017. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  7. Anne-Diandra Louarn (2009). «Fêtez-vous la Saint-Nicolas ?». Le Figaro.fr. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  8. 8,0 8,1 Chloé Woitier (2013). «De Saint-Nicolas à Santa-Claus, la riche histoire du Père Noël». Le Figaro.fr. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  9. «Noël, le Nouvel An et la Fête des Rois en France». Ambassade de France à Vienne. 2011. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. Repas de réveillon
  11. 11,0 11,1 «Noël : la tradition avant tout !». La Nouvelle République.fr. 2016. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  12. 12,0 12,1 12,2 «La table et ses gourmandises». J'aime mon patrimoine. 2016. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  13. 13,0 13,1 «Le menu du repas de Noël». Cybercuré.fr. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  14. 14,0 14,1 14,2 «Marchés de Noël». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  15. «Strasbourg, capitale de Noël». Office de Tourisme de Strasbourg. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  16. «Les marchés de Noël à Paris». Parisinfo.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  17. «Marché de Noël supprimé à Paris : les forains menacent de "bloquer" la capitale». Europe1.fr. 2017. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  18. 18,0 18,1 «Origine et tradition des crèches de Noël». Alsace catholique.fr. 2015. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  19. «Origine des santons de Provence» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  20. «Santons de Provence de la crèche provençale» (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  21. «Crèche de Noël: la polémique». L'express.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  22. 22,0 22,1 Eugénie Bastié (2014). «La crèche, symbole chrétien ou tradition populaire ?». Le Figaro.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Франция. Лингвострановедческий словарь / Под ред. Л.Г. Ведениной. — Москва: "Интердиалект+"/«АМТ», 1997. — С. 667. — ISBN 5-89520-003-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]