Ելիսեյան դաշտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելիսեյան դաշտեր
Avenue des Champs-Élysées
Triumfbågen, Paris2.JPG
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Շրջան Իլ-դե-ֆրանս
Գտնվում է Փարիզի 8-րդ շրջան, Ելիսեյան դաշտեր և Faubourg-du-Roule
Երկարություն 1910 մետր
Լայնություն 70 մետր
Սկզբի կոորդինատներ Համերաշխության հրապարակ
Ավարտի կոորդինատներ Շառլ դե Գոլի հրապարակ
Անվանվել է Elysium[1][2]
Կոորդինատներ: 48°52′10.81″ հս․ լ. 2°18′28.30″ ավ. ե. / 48.8696694° հս․. լ. 2.3078611° ավ. ե. / 48.8696694; 2.3078611
Wikimapia-ում
OpenStreetMap-ում
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում
Avenue des Champs-Élysées (Paris) Վիքիպահեստում

Ելիսեյան դաշտեր կամ Շանզ Էլիզե (ֆր.՝ avenue des Champs-Élysées, [ˌʃɒ̃zeˈliːze], կամ les Champs-Élysées, կամ պարզապես les Champs), Փարիզի կենտրոնական փողոցը, Ֆրանսիայի մայրաքաղաքի 8-րդ շրջանի գլխավոր պողոտաներից մեկը։ Այն ձգվում է Կոնկորդի հրապարակից մինչև Հաղթական կամարը: Երկարությունը 1915 մ է, լայնությունը՝ 71 մ։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունը ծագում է հին հունական դիցաբանության Էլիզիում անունից։ Ելիսեյան դաշտերը երանելիների չքնաղ դաշտերն են հանդերձյալ կյանքում Օվկիանոսի ափին, ուր երկրային կյանքից հետո հայտնվում են աստվածների սիրելի հերոսները։ «Երանելիների կղզիներում» թագավորում է հավերժական գարունը. այնտեղ չկա հիվանդություն և տառապանք։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Avenue des Champs-Élysées street sign, Paris, France - 20100619.jpg

Ելիսեյան դաշտերը գտնվում է Փարիզի հյուսիս-արևմուտքում՝ 8-րդ շրջանում։ Այն Փարիզի տեսարժան վայրերից է, ուր օրական այցելում են 100 000-ավոր մարդիկ։ Փողոցն ընկած է քաղաքի պատմական առանցքում, որն իր սկիզբն է առնում Լուվրում Նապոլեոնի պալատից՝ Լյուդովիկոս 15-րդի արձանով, շարունակվում է դեպի արևմուտք Կարուզելի հրապարակի կամարով, հատվում է Թյուիլրիի Արքայական այգուն, Աստղերի հրապարակի Հաղթական կամարին և վերջանում Դեֆանսի Մեծ կամարով։ Ելիսեյան դաշտերը պայմանականորեն կարելի է բաժանել 2 մասի՝ պուրակային և առևտրային։ Համերաշխության հրապարակից մինչև Շրջանաձև հրապարակը պողոտայի երկու կողմերում ձգվում են զբոսայգիները՝ 700 մ երկարությամբ և 300-400 մ լայնությամբ։ Այգիները զբոսուղիներով բաժանվում են քառակուսիների.

  • Հյուսիսային հատված՝ արևմուտքից արևելք։
  • Դեսպանների քառակուսի (անունը ծագում է օտարերկրյա դիվանագետների համար նախատեսված հյուրանոցներից, ճարտարապետ՝ Անժ-Ժակ Գաբրիել)։ Համեմատաբար վերջերս նշանավոր մոդելավորող Պիեռ Կարդենը այնտեղ հիմնադրել է Էսպաս մշակութային կենտրոնը։ Այստեղ է գտնում նաև Մարլի Գիյոմ Կուստուի «Ձիեր» քանդակների շարքը։
  • Ելիսեյան քառակուսի (գտնվում է Ելիսեյան պալատի առաջ)։ Այստեղ է գտնվում Ժան Մուլենի արձանը, ով եղել է Դիմադրության շարժման հերոս, գերեվարվել է հիտլերականների կողմից և սպանվել՝ կտտանքների ենթարկվելով։
    • Ելիսեյան դաշտերի տեսարժան վայրերից է Ֆրանսիայի Հանրապետության նախագահների փարիզյան նստավայրը՝ Ելիսեյան պալատը։ Երրորդ հանրապետությունից սկսած՝ բոլոր նախագահներն ապրել ու աշխատել են այնտեղ։
  • Մարինիայի քառակուսի։ 1855 թվականից այստեղ է գտնվում Մարինիայի թատրոնը, որը մի քանի տարի ղեկավարել է ֆրանսիական օպերետի հիմնադիր Ժակ Օֆենբախը:
  • Գեորամի կամ Լեդուաենի քառակուսի։ Այստեղ է տեղակայված ֆրանսիական հնագույն ռեստորաններից մեկը՝ Լեդուաենը (Pavillon Ledoyen)։ Այն կառուցվել է դեռևս 1848 թվականին Լյուդովիկոս 16-րդի օրոք, ունի մշակութային մեծ ժառանգություն, քանզի այստեղ են եղել այնպիսի նշանավոր անձինք, ինչպիսիք են Ֆլոբերը, Գի դը Մոպասանը, Էմիլ Զոլան, Ժան Կոկտոն:
  • Խաղերի կամ տոների մեծ քառակուսի։ Այս հատվածը, որը երևում է Ելիսեյան պալատի պատուհաններից, ստեղծվել է Մարինիայի իշխանի կողմից Լյուդովիկոս 15-րդի սիրուհի տիկին Պոմպադուրի պատվերով։ Կլեմանսոյի հրապարակի կենտրոնում խոյանում է Ժորժ Կլեմանսոյի բրոնզե արձանը, ում շնորհիվ Ֆրանսիան հաղթանակ տոնեց Առաջին համաշխարհայինի ընթացքում։
Ելիսեյան դաշտերը՝ զարդարված Ֆրանսիայի եռագույնով

Քառակուսիներից յուրաքանչյուրում, բացի վերջինից, 1840-1847 թվականներին ճարտարապետ Ժակ Հիտորֆի ղեկավարությամբ կատարված աշխատանքների արդյունքում տեղադրվեցին շատրվաններ։ Ելիսեյան դաշտերի՝ զբոսանքի համար նախատեսված վայրն ավարտվում է Շրջանաձև հրապարակում, ուր գտնվում է նույնանուն թատրոնը (Theatre de Rond-Point)։ Դրանից հետո Ելիսեյան դաշտերը ձգվում է արևմուտք, ուր առևտրային մասն է. այստեղ են կենտրոնացված բանկերը, ավիաընկերությունների գրասենյակները, մեքենաների ցուցասրահները, Le Figaro և Jour de France թերթերի խմբագրատները։ Այստեղ կան նաև կինոթատրոններ, ռեստորաններ, տարբեր խանութներ՝ հայտնի ողջ աշխարհին, կաբարեներ։ Ելիսեյան դաշտերի կինոթատրոններում հաճախ են լինում կինոֆիլմերի պրեմիերաներ՝ համաշխարհային կինոաստղերի մասնակցությամբ։

Պողոտան ձգվում է մինչև Աստղի հրապարակ, որի կենտրոնում խոյանում է հռչակավոր Հաղթական կամարը։ Կամարի տանիքը տեսահրապարակ է, որից բացվում է Ելիսեյան դաշտերի հոյակապ տեսարան։

Ելիսեյան դաշտերը աշխարհի ոչ միայն ամենագեղեցիկ, այլ նաև ամենաթանկ վայրերից մեկն է. գրասենյակային տարածքի 1քմ 2010 թվականին կազմել է մոտ 10 000$[3]: Քաղաքացիներից քչերն են ապրում այնտեղ. այնտեղ գտնվում են ամբողջ աշխարհին հայտնի ընկերությունների խանութներ ու գրասենյակներ։ Այդ պատճառով այն թանկությամբ առաջինն է Եվրոպայում և Նյու Յորքի Հինգերորդ պողոտայի, Տոկիոյի Գինձայի և Սիդնեյի Pitt Street Mall-ի հետ հինգերորդն է աշխարհում[4]:

Շանզ Էլիզեն Փարիզի ամենագեղեցիկ փողոցներից է, ընդունված կարծրատիպի համաձայն՝ ամենագեղեցիկ մայրուղին ողջ աշխարհում (la plus belle avenue du monde)[5]: Ամեն տարի Ֆրանսիայի ազգային տոնին՝ Հուլիսի 14-ին, զինվորական շքերթն անցնում է Ելիսեյան դաշտերով՝ Հաղթական կամարից մինչև Համերաշխության հրապարակը։ Նշանավոր Տուր դե Ֆրանս (ֆր.՝  Le Tour de France) հեծանվարշավի վերջին փուլը եզրափակվում է Ելիսեյան դաշտերում։

Ելիսեյան դաշտերը նախատիպ է հանդիսացել Ֆիլադելֆիայի Բենջամին Ֆրանկլին (1917 թվական) և Մեխիկոյի Պասեո դե լա Ռեֆորմի (1960 թվական) պողոտաների կառուցման համար։

Ելիսեյան դաշտերի տեսարան

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

16-17-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շրջանի գրավոր առաջին տեղեկությունները վերաբերում են 16-րդ դարին։ Այդ ժամանակ ֆրանսիացի թագավորները գալիս էին ճահճոտ այս վայրերը՝ բադ որսալու։ 1616 թվականին Մարիա Մեդիչիի հրամանով այստեղ ստեղծվում է Թագուհու զբոսայգին[6]: Ճանապարհի երկու կողմերը չորացվեցին և ծառեր տնկվեցին։ Այնուհետև կառքերի համար ճանապարհն կառուցվեց։

18-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոնի արձանը Ելիսեյան դաշտերում

Ճանապարհն սկզբում ձգվում էր մինչև այսօրվա Շրջանաձև հրապարակը, սակայն 18-րդ դարում պալատական այգիների տնօրեն հերցոգ դը Անտենը որոշեց այն շարունակել մինչև Շայո բլուրը (այսօր՝ Շառլ դը Գոլի հրապարակ)։ 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխությունից հետո ճանապարհն ստացավ իր այսօրվա անվանումը՝ Ելիսեյան դաշտեր[6]: Լյուդովիկոս 16-րդի օրոք տարածքն ամայի էր և ոչ անվտանգ։ Այդ պատճառով 1777 թվականին այստեղ տեղակայվեց գվարդիական զորամասը։ 1791 թվականի հունիսի 25-ին ուժեղացված պահակախմբով այստեղով անցավ թագավորական ընտանիքի շքախումբը, որը փորձում էր անցնել սահմանը, բայց ձերբակալվեց Վարենայում։ Գվարդիականները ողջունեցին թագավորական շքախումբը՝ միաժամանակ հասարակությանը կոչ անելով պահպանել հասարակական կարգը։ Դիրեկտորիատի շրջանում Ելիսեյան դաշտերը նորաձև էր փարիզցիների շրջանում, օրեցօր ավելանում էին կրպակներն ու խանութները։

19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1810 թվականի ապրիլի 2-ին նոր կայսրուհ Մարիա - Լուիզան թմբուկների և շեփորների ձայնի ներքո Փարիզ է մտնում Ելիսեյան դաշտերով։ 1814 թվականի մարտի 29-ին նույն ճանապարհով էլ լքում է այն, քանի որ հակաֆրանսիական կոալիցիան գրավել էր այն։ Ռուս կայսր Ալեքսանդր I-ի կազակները հենց այստեղ էին իրենց ճամբարները հիմնել։ Նրանցից հետո մի քանի տարի պահանջվեց տարածքը կարգի բերելու համար։ 1828 թվականին ֆրանսիական կառավարությունը Ելիսեյան դաշտերը հանձնեց Փարիզի քաղաքապետարանին պայմանով, որ նա պետք է բարեկարգի տարածքը։ Սա Ելիսեյան դաշտերի թափ առնող շինարարության սկիզբն էր։ 1836 թվականին կառուցվում է Հաղթական կամարը, որը Նապոլեոնի՝ Աուստեռլիցի ճակատամարտի հաղթանակն էր նշանավորում։ 1838 թվականից այստեղ հիմնվում են այգիներ, որոնք մինչև դարավերջ գրեթե չեն փոխվում։ 2-րդ կայսրության շրջանում Ելիսեյան դաշտերում հայտնվում են շքեղ առանձնատներ, ասֆալտապատ մայթեր, փողոցային լուսավորություն։ Ելիսեյան դաշտերը ստանում է ավելի ու ավելի մեծ հեղինակություն։ Այստեղ են անցկացվում 1844, 1855, 1867, 1900 թվականների համաշխարհային ցուցահանդեսները։ Փարիզի օկուպացման շրջանում՝ ինչպես 1870, այնպես էլ 1940 թվականներին պրուսական և գերմանական զորքերը այստեղ ամենօրյա զինվորական շքերթներ էին անցկացնում՝ ընդգծելով իրենց ներկայությունը ֆրանսիական հողում[6]:

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացի ազգայնականները 1944 թվականի օգոստոսի 26-ին անցնում են Ելիսեյան դաշտերով՝ տոնելու Ֆրանսիայի ազատագրումը

20-րդ դարում Ելիսեյան դաշտերը դառնում է «ազգային խրախճանքների» վայր, ուր փարիզցիների մեծ հոսք է կուտակվում ազգային նշանավոր տոների ու իրադարձությունների առթիվ, ինչպես օրինակ՝

  • 1944 թվականի օգոստոսի 26, ազատագրման երթ։
  • 1989 թվականի հուլիսի 14, երբ երկիրը տոնում էր Ֆրանսիական մեծ հեղափոխության 200-ամյակը։
  • 1998 թվականի հուլիսի 12, Ֆրանսիան առաջին անգամ դարձավ ֆուտբոլի՝ աշխարհի չեմպիոն. Ելիսեյան դաշտեր եկավ մոտ 3 միլիոն մարդ։
  • Երկու տարին մեկ այստեղ է եզրափակվում Տուր դե Ֆրանս հեծանվարշավը։
  • Ելիսեյան դաշտերն այն տեղն է, ուր ավանդաբար անցկացվում են զինվորական շքերթներ Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14-ին, և նոյեմբերի 11-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի առթիվ։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելիսեյան դաշտերին է նվիրված Ջո Դասենի «Champs-Élysées» երգը.

Արև լինի, թե անձրև, կեսօր լինի, թե կեսգիշեր, ինչ որ ուզեք, միշտ կգտնեք Ելիսեյան դաշտերում։

Նշանավոր բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելիսեյան դաշտերում տարբեր ժամանակներում ապրել են ԱՄՆ-ի նախագահ Թոմաս Ջեֆերսոնը, Ֆրանսիայի նախագահ Ռայմոն Պուանկարեն, դերասանուհի Սառա Բեռնարը և այլք։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]