Հինգերորդ պողոտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հինգերորդ պողոտա
անգլ.՝ Fifth Avenue
Երկիր ԱՄՆ
Գտնվում էՆյու Յորք շրջան
Երկարություն10 կմ
Փոստային ինդեքս10001, 10003, 10010, 10011, 10016, 10017, 10018, 10019, 10021, 10022, 10026, 10027, 10028, 10029, 10035, 10036, 10037, 10065 և 10128

Հինգերորդ պողոտա (անգլ.՝ Fifth Avenue), պողոտա Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի կենտրոնում։ Այն աշխարհի ամենահայտնի, հեղինակավոր և թանկ փողոցներից մեկն է։ Փողոցում են գտնվում մի շարք բացառիկ, թանկարժեք աշխարհահռչակ բուտիկներ ու խանութներ։ Հինգերորդ պողոտան կարելի է համեմատել Փարիզի Ելիսեյան դաշտերի, Լոնդոնի Օքսֆորդ փողոցի, Միլանի Վիա Մոնտենապոլեոնե, Սանկտ Պետերբուրգի Նևայի պողոտայի, Մոսկվայի Տվերի փողոցի հետ։

Հինգերորդ պողոտան սկսվում է Վաշինգտոն Սկվեր պարկի (անգլ.՝ Washington Square Park)՝ Գրինվիչ վիլիջի (անգլ.՝ Greenwich Village) շրջանից, անցնում է հյուսիսում Միդթաունով, արևմուտքում Կենտրոնական այգով, Վերին Իստսայդով, Գառլեմով և վերջանում Գառլեմ գետի ծոցի մոտ։ Պողոտայում են գտնվում ճարտարապետական հուշարձաններ, պատմական և մշակութային կենտրոններ, բացառիկ խանութներ։

Պողոտան Մանհեթեն կղզին բաժանում է երկու մասի։ Պողոտայից արևմուտք գտնվող փողոցները կոչվում են Արևմտյան (West), օրինակ՝ Արևմտյան 15-րդ փողոց, արևելք գտնվող փողոցները՝ Արևելյան (East), օրինակ՝ Արևելյան 15-րդ փողոց։ Տների համարակալումը աճում է՝ սկսած Հինգերորդ պողոտայից, այսպես՝ պողոտային ամենամոտ տունը Արևելյան և Արևմտյան փողոցներում համար մեկն է։ Փողոցների համարակալումը աճում է հարավից հյուսիս։ Համարակալման այս ձևը թույլ է տալիս հասցեով հեշտությամբ որոշել խաչմերուկը, որում գտնվում է փնտրվող տունը։

Հինգերորդ պողոտան Նյու Յորքի այն սակավաթիվ փողոցներից է, որոնցով երբեք չեն անցել տրամվայներ։ Սկզբնական շրջանում փողոցով անցնում էին երկհարկանի մեծ ավտոբուսներ, որոնք հետագայում վերացվեցին։ 135-րդ փողոցից մինչև Վաշինգտոնի հրապարակ երթևեկությունը միակողմանի է՝ սկսած 1966 թվականից։ Երկկողմանի երթևեկությունը գործում է միայն 135-րդ փողոցից հյուսիս։ 2008 թվականին քննարկվում է այն հարցը, որ Հինգերորդ պողոտայում կրկին երթևեկեն երկհարկանի ավտոբուսները, ինչպես մինչև 1953 թվականն էր։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորքի տեսարժան շատ հուշարձաններ և խորհրդանիշեր գտնվում են Հինգերորդ պողոտայում։ Դրանցից են 34-րդ փողոցի անկյունում գտնվող Էմփայր Սթեյթ Բիլդինգը, Նյու Յորքի հանրային գրադարանը, Ռոքֆելերի կենտրոնը, Սուրբ Պատրիկի եկեղեցին։ 85-105-րդ փողոցների միջև ընկած տարածքը բազմաթիվ թանգարաններ ունենալու պատճառով անվանում են թանգարանային։ Այստեղ են գտնվում Մետրոպոլիտեն թանգարանը, Գուգենհայմի թանգարանը, Դիզայնի ազգային թանգարանը, Նյու Յորքի թանգարանը։ Այս մասն անվանում են նաև միլիոնատերերի փողոց, քանի որ 1920-ական թվականներին այստեղ իրենց առանձնատները կառուցեցին ամենահարուստ քաղաքացիները։

Մանհեթենի առևտրական գլխավոր մասում՝ 34-60-րդ փողոցների հատվածում են գտնվում այնպիսի հանրահայտ ընկերությունների խանութներ, ինչպիսիք են՝ Apple, Tiffany & Co., Cartier, Burberry, Gucci, Louis Vuitton, Chanel, Brooks Brothers, Prada, Hermès, Salvatore Ferragamo, BVLGARI, Emilio Pucci, Armani Exchange, Coach Inc., Escada, Christian Dior, Victoria's Secret, Lacoste, Fendi, Sephora, Versace, Kenneth Cole, Sak's Fifth Avenue, H. Stern, Takashimaya, Harry Winston, Henri Bendel, Emanuel Ungaro, Peter Fox, Banana Republic, Hugo Boss, Bergdorf Goodman և այլն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հինգերորդ պողոտա» հոդվածին։