Սմբատ Տեր-Կյուրեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծնվել է1913 հոկտեմբերի 19
ԾննդավայրԻրան Նոր Ջուղա
Վախճանվել էհունիսի 9, 1999(1999-06-09) (տարիքը 85)
Մահվան վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտություննկարիչ
ԶավակներՍիրուշ, Արմեն, Թագուշ
Կայքsumbat.com

Սմբատ Տեր Կյուրեղյան (անգլ.՝ Sumbat Der Kiureghian, հոկտեմբերի 19, 1913(1913-10-19), Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան - հունիսի 9, 1999(1999-06-09), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), սփյուռքահայ նկարիչ։

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Արմեն Տեր-Կյուրեղյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմբատ Տեր Կյուրեղյանը ծնվել է 1913 թվականին Սպահանից ոչ հեռու գտնվող Նոր Ջուղա քաղաքում։ Նկարչության հանդեպ նրա սերն ի հայտ է եկել դեռ մանկուց։ Գեղանկարչության մեջ վարպետացել է հիմնականում ինքնակրթությամբ։ Կյանքի մեծ մասն ապրել և ստեղծագործել է Իրանում, 1980 թվականին գաղթել է ԱՄՆ, բնակություն հաստատել Լոս Անջելեսում, որտեղ շարունակել է ստեղծագործել՝ բացելով ցուցասրահ և սեփական աշխատանքներով ամերիկացիներին ներկայացնելով իրանահայ առօրյան։ Առաջին անգամ Հայաստան է եկել 1991 թվականին և սիրահարվել հայրենի երկրի բնաշխարհին։ Այդ տպավորությունները նա ներկայացրել է հայրենի բնաշխարհին, եկեղեցիներին նվիրված շարքում։ Իր գեղանկարների մեծ մասը պատկերում են հայկական կենցաղն ու ազգային ավանդույթները։

Սմբատ Տեր Կյուրեղյանը մահացելէ 1999 թվականին ԱՄՆ-ում՝ թողնելով հարուստ ստեղծագործական ժառանգություն. շուրջ տասը հազար արվեստի գործեր, որոնք սփռված են աշխարհով մեկ։ Նրա թողած մշակութային ժառանգության կարևորագույն մասն է նաև «սմբատիզմ» գեղանկարչական ոճը, որին ծանոթ են աշխարհի շատ գեղանկարիչներ։ Դա իրենից ենթադրում է նկարներ՝ արված թերթերի վրա։ Սմբատը իրանական արվեստում ջրաներկի հինգ հայտնի վարպետներից մեկն է, որոնցից չորսը հայեր են և նույնպես Նոր Ջուղայից են։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի ստեղծագործական կյանքի կայացման գործում մեծ դեր է ունեցել Ջուղայի հայկական միջավայրը, որտեղ ծնվել և մեծացել է Սմբատը, մասնավորապես եկեղեցիների, տեղի հայկական ճարտարապետության առանձնահատկությունների, միջավայրի ուսումնասիրությունը, որի արդյունքը հետագայում տեսնում ենք նրա գործերում։ Սմբատի գեղանկարների հիմնական թեման պարսկահայ առօրյան է, գյուղացիների կենցաղը, սովորույթները։ Սմբատի արվեստի առաջին ուսուցիչը եղել է Եղիա Եղիջանյանը, այնուհետև Հակոբ Վարդանյանը՝ Սպահանի «Սարամ-ոլ-Դոլե» գեղարվեստի դպրոցի դասատուն։ Բայց նրա՝որպես անձի և նկարչի ձևավորման գործում վճռական դեր է խաղացել Սարգիս Խաչատրյանը։ Մալաթիայում 1886 թվականին ծնված և նախ Հռոմի գեղարվեստի ակադեմիայում, հետագայում նաև Փարիզի «Էկոլ դե Բոզարում» ուսում առած այս արվեստագետը, որն արդեն հասցրել էր ցուցադրվել Կոնստանդնուպոլսում, Թբիլիսիում, Կահիրեում, Վիեննայում, Փարիզում և Լոնդոնում, ժամանելով Սպահան, հիմնել է արվեստի մի դպրոց, որտեղ աշակերտների մեջ նկարչական իր փայլուն ընդունակություններով առանձնացել է Սմբատը։ Նոր Ջուղայի հայկական դպրոցն ավարտելուց հետո, Սմբատը 1929 թվականին սկսել է հաճախել Սպահանի «Ստյուարդ Մեմորիալ» տղաների անգլիական քոլեջը, որը, սակայն, ֆինանսական դժվարությունների պատճառով, մեկ տարի անց ստիպված է եղել թողնել, և տասնյոթ տարեկանում բացել իր փոքրիկ ստուդիա-վաճառատունը՝ Չահարբաղ պողոտայի վրա՝վաճառելու իր նկարազարդումներով ծաղկամանները, լուսամփոփներ և ջրաներկ կտավներ։ 1933 թվականին Սմբատը փակել է ստուդիան՝ բանակ զորակոչվելու պատճառով։ Ծառայության ավարտին վերաբացելով արվեստանոցը՝ նա շարունակել է նկարել բնապատկերներ, գյուղական վայրերի, ծառերի ու առվակների, մարդկանց կենցաղային առօրյային վերաբերող տեսարաններ։

1948 թվականի ձմռանը ընտանիքը տեղափոխվել է Աբադան։ Այնտեղ Սմբատը արվեստանոց է վարձել և նույնիսկ անհատական ցուցահանդես կազմակերպել ATOC-ի՝անգլո-իրանական նավթային ընկերության մշակութային կենտրոնի գլխավոր դահլիճում, որն արտակարգ հաջողություն է արձանագրել։ Գովասանքի խոսքերը մեկը մյուսին են հաջորդել։ Այցելուներից մեկը՝ ATOC-ի խորհրդատու, ճարտարագետ և սիրողական մակարդակի արվեստագետ անգլիացի Ստենլի Ֆոստերը, հիացմունքով գրել է. «Սմբատ Կյուրեղյանը մի արվեստագետ է, որով բնությունը` նրա միակ ուսուցիչը, կարող է հպարտանալ»։ Նա նաև առաջարկել է ֆինանսավորել Սմբատի 6-ամսյա ճանապարհորդությունը դեպի մերձավոր արևելյան երկրներ և Եվրոպա` փոխարենը նրանից նկարչության դասեր առնելու պայմանով։ Նրանք ճանապարհ են ընկել 1949 թվականի հունիսի 18-ին և անցել Իրանից Իրաք, Սիրիա և Լիբանան, որտեղ չորս օր մնալուց հետո նավով ուղևորվել են Նեապոլ, Հռոմ, Վենետիկ, իսկ այնտեղից էլ` Շվեյցարիա, Փարիզ և Լոնդոն։ Ֆոստերն այնքան է տպավորված եղել Սմբատի գիտելիքներով և նրա ստեղծագործություններով, որ տարբեր ատյաններ է դիմել՝ Սմբատին ամեն կերպ աջակցելու խնդրանքով։ Հետագայում նա, նույնիսկ «Յի Օուլդ Բոպհաուս» կոչված իր առանձնատունը ընդարձակելով, պատկերասրահի համար նախատեսված մի մասնաշենք է կառուցել տվել և այն անվանել «ՍմբատՍտուդիո»։ Այդ մասին է վկայում 1962 թվականի հունվարի 20-ին նրա գրած նամակը։

«Սմբատիզմներ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայից վերադառնալուց հետո Սմբատը մի շարք նորամուծություններ է մտցրել իր ստեղծագործություններում։ Նրա վրձնահարվածները դարձել են ավելի համարձակ, ինքնավստահ, առավել արտահայտչական։ Գույները՝ առավել կենսունակ, հյութալի և թափանցիկ։ Որպես նորամուծություն, սովորական լուսանկարներից հատվածներ (հիմնականում դեմքեր) կտրատելով և տեսարանի մնացած մանրամասներն իր երևակայությամբ ջրաներկով ամբողջ ացնելով, նոր տարվա բացիկներ է պատրաստել և ուղարկել ծանոթներին, որոնք հիացել են նրա մտքի թռիչքներով։ Որպես նորամուծություն, նաև սկսել է նկարել օրաթերթերի վրա՝ երբեմն թողնելով, որ մի քանի հայերեն կամ պարսկերեն տողեր երևան իր կտավներում։ Միտքը ծագել է այն բանից հետո, երբ մի գույնից մյուսն անցնելու համար վրձինը թերթի վրա մաքրելուց հետո նկատել է, որ մի փոքր շտկումներ մտցնելով կարելի է հետաքրքական ու գունեղ նկարներ ստանալ։ Սմբատի որդին՝ Արմեն Տեր-Կյուրեղյանը դրանց անվանել է «սմբատիզմներ»` պահպանելով ժամանակին «նկարչության ո՞ր ուղղություն է ներկայացնում այդ ոճը» հարցին հոր (որն այդ միջավայրում ոչ մի ուղղության էլ չէր հետևում) տված պատասխանը[1]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականների սկզբներին Սմբատն արդեն ճանաչված նկարիչ է եղել Իրանում և նույնիսկ համարվել «ջրանկարիչների վարպետ»։ 1976 թվականին Սմբատն ու իր կինը այցելել են Լոս Անջելես և չորս տարի անց՝ 1980 թվականին, վերջնական բնակություն են հաստատել Միացյալ Նահանգներում։ 1981 թվականին Սմբատը Գլենդեյլում բացել է իր արվեստանոց-պատկերասրահը։ Ունեցել է անհատական և խմբակային ցուցահանդեսներ Լոս Անջելեսում (1976, 1980, 1982, 1985, 1991)[2], Բերքլիում (1980, 1981), Սան Ֆրանցիսկոյում (1980, 1982, 1987), Բոստոնում (1985), Փասադենայում (1982), Նյու Յորքում (1991, 1993) և Տորոնտոյում (1987)։

Սմբատը Հայաստանի նկարիչների միության հրավերով այցելել է Հայաստան 1991 թվականի մայիսին, որտեղ անչափ կապվել է հայկական բնաշխարհին, և հունիսի 1-10-ը ցուցահանդես է կազմակերպել Ազգային պատկերասրահի գլխավոր դահլիճում։ 1993 թվականի աշնանը վերջին անգամ այցելել է Իրան և գրկաբաց ընդունելություն գտել ծանոթ արվեստասերների կողմից։ Վախճանվել է 1999 թվականի հունիսի 9-ին։

«Սմբատի կյանքը և արվեստը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրային գրադարանում տեղի ունեցավ նրա որդու՝ Կալիֆորնիայի համալսարանի դոկտոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսումնական հարցերի փոխնախագահ Արմեն Տեր Կյուրեղյանի «Սմբատի կյանքը և արվեստը» անգլերեն գիրք-ալբոմի շնորհանդեսը։ Գիրք-ալբոմը ներկայացնում է Սմբատ Տեր-Կյուրեղյանի անցած ճանապարհը՝ Իրանից մինչև ԱՄՆ, որի ընթացքում, սակայն, գեղանկարիչը չի կորցրել իր ինքնությունը, իր կտավներում հարազատ է մնացել հայկական թեմաներին։ Ներկայացվող ալբոմն ամփոփում է Սմբատ Տեր Կյուրեղյանի անձնական, ընտանեկան լուսանկարներ, նրա հեղինակած շուրջ 190 գեղանկարներ։ Ըստ այդ ալբոմի տվյալների՝ իր ստեղծագործական կյանքի ընթացքում Սմբատը շուրջ 10 հազար էսքիզներ, բնանկարներ, նատյուրմորտներ և գծանկարներ է ստեղծել, որոնց մի մասը գտնվում է Իրանի, մյուսը՝ Հայաստանի թանգարաններում, իսկ զգալի մասը՝ անհատական հավաքածուներում[3][4]։

Մեջբերումներ Սմբատ Տեր-Կյուրեղյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր հանդիպման ընթացքում նա ինձ իմ աչքի առաջ անձեռոցիկից պատրաստված մի տիկնիկ-արքայազն նվիրեց, մեծ սիրով այն պահում էի ինձ մոտ, ցուցադրում ընկերներիս։ Մի անգամ ծանոթներիցս մեկն այնքան հրապուրվեց այդ տիկնիկով, որ ստիպված նվիրեցի իրեն, հետագայում իմացա, որ նա էլ է նվիրել ուրիշին, այդ պատճառով ալբոմի առաջաբանում գրել եմ, որ Սմբատ Տեր- Կյուրեղյանը կարծես այդ արքայազնը լինի, ով քայլում է Հայաստանով։
Ալբոմի շուրջ աշխատանքն ինձ հնարավորություն տվեց ծանոթանալու այս մեծ նկարչի կյանքին ու ստեղծագործությանը,եւ կարծում եմ՝ սա իսկապես եզակի դեպք է, երբ կյանքն ու արվեստն ամփոփ, բայց հարուստ կերպով միաձուլվում են։
- Հարություն Սամուելյան

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Արաքս Աֆթանդիլյան (ամուսնացել են 1944 թվականին)
  • Դուստրեր՝ Սիրուշ (1947) և Թագուշ (1959) Տեր-Կյուրեղյաններ
  • Որդին՝ Արմեն Տեր-Կյուրեղյան (1947)
  • Թոռներ՝ Արբի Ասատուրյան, Նաիրա Տեր-Կյուրեղյան[5], Սեպուհ Տեր-Կյուրեղյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Materials and Techniques of Sumbat Der Kiureghian:Iranian-American Watercolors
  2. «Isfahan, New Julfa and the Art of Sumbat by Prof. Armen Der Kiureghian». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  3. «Իրանահայ նկարիչ Սմբատ Տեր-Կյուրեղյանի աշխատանքները` գունագեղ ալբոմի տեսքով». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  4. «Sumbat: A Son's Tribute to His Father's Unique Style, Creativity». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  5. «Naira Der Kiureghian». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]