Ջեյմս IV (Շոտլանդիայի թագավոր)
Ջեյմս IV | |
---|---|
Ծնվել է՝ | մարտի 17, 1473 |
Ծննդավայր | Հելլերոդի աբբայություն |
Մահացել է՝ | սեպտեմբերի 9, 1513 (40 տարեկան) |
Վախճանի վայր | Նորթամբերլենդ, Անգլիա |
Երկիր | Շոտլանդիայի թագավորություն |
Տոհմ | Ստյուարտներ |
քաղաքական գործիչ, միապետ և ազնվական | |
Հայր | Ջեյմս III (Շոտլանդիայի թագավոր)[1] |
Մայր | Մարգարեթ Դանիացի (Շոտլանդիայի թագուհի)[1] |
Երեխաներ | James, Duke of Rothesay?[2], Arthur Stewart, Duke of Rothesay?, Ջեյմս V (Շոտլանդիայի թագավոր)[1], Alexander Stewart, Duke of Ross?, Janet Stewart?, Margaret Stewart?, Alexander Stewart?[2], James Stewart, 1st Earl of Moray?[2], Catherine Stewart?[2], unnamed daughter Stewart?[2] և unnamed son Stewart?[2] |
Հավատք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի և կաթոլիկություն |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Ջեյմս IV (մարտի 17, 1473, Հելլերոդի աբբայություն - սեպտեմբերի 9, 1513, Նորթամբերլենդ, Անգլիա), Շոտլանդիայի թագավոր 1488 թվականի հունիսի 11-ից մինչ իր մահը։ Գահ է բարձրացել իր հոր՝ թագավոր Ջեյմս III-ի (1451/52–1488 թթ․, իշխել է 1460–1488 թթ․) մահից հետո, որը զոհվել է Սոչիեբուրնի ճակատամարտում։ Նրան ընդհանրապես համարում են Շոտլանդիայի Ստյուարտներից ամենահաջողակ միապետը, բայց նրա գահակալությունն ավարտվել է Ֆլոդենի ճակատամարտում աղետալի պարտությամբ։ Նա Մեծ Բրիտանիա կղզու վերջին միապետն էր, որը զոհվել է ճակատամարտում։
1503 թվականին Ջեյմս IV-ի ամուսնությունը Մարգարիտ Թյուդորի հետ միացրել է Շոտլանդիայի ու Անգլիայի արքայական ընտանիքները։ Այն հանգեցրել է 1603 թվականի գահերի միությանը, երբ Էլիզաբեթ I-ը մահացել է առանց ժառանգների ու Ջեյմս IV-ի ծոռ Ջեյմս VI-ն անգլիական գահ է բարձրացել որպես Ջեյմս I։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմսը ծնվել է Հոլիրուդ վանքում և թագավոր Ջեյմս III-ի ու թագուհի Մարգարեթ Դանիացու որդի էր[3]։ Որպես շոտլանդական գահի ժառանգորդ, նա դարձել է Ռոթսեյի դուքսը։ Ուներ երկու կրտսեր եղբայրներ՝ Ջեյմսը և Ջոնը։ 1474 թվականին նրա հայրը կազմակերպել է որդու նշանադրությունը Անգլիայի թագավոր Էդուարդ IV–ի դուստր Սեսիլիա Յորքեցու հետ[4]։ Նրա հայր Ջեյմս III–ը սիրված թագավոր չէր, որի իշխանության ընթացքում տեղի էր ունեցել երկու խոշոր ապստամբություն և որն իր ընտանիքից օտարացրել էր շատ անդամների, այդ թվում՝ իր կրտսեր եղբայր Ալբանիի դուքս Ալեքսանդր Ստյուարտին։ Ջեյմս III–ի պրո–անգլիական քաղաքականությունը նույնպես չէր ընդունվում ու վատ է անդրադարձել նրա վրա, երբ Անգլիայի հետ խնամիական հարաբերությունների վերբերյալ բանակցությունները օժիտի վճարումների դադարեցման պատճառով չեղարկվել են, ու Սեսիլիայի հորեղբայր Գլոուսեստերի դուքս Ռիչարդը Ալբանիի դքսի հետ 1482 թվականին ներխուժել են Շոտլանդիա՝ գրավելով Բերվիքը։ Երբ Ջեյմս III–ը փորձել է բանակ հանել այս նվաճման դեմ, բանակն ապստամբել է նրա դեմ ու նա կարճ ժամանակով բանտարկվել է իր իսկ խորհրդականների կողմից[5]։
Ջեյմս IV–ի մայրը՝ Մարգարեթ Դանիացին, ավելի սիրված էր, քան իր ամուսինը և նրա վրա դրված էր Ստեռլինգ ամրոցում իրենց որդիներին մեծացնելու պարտականությունը, բայց նա մահացել է 1486 թվականին։ Երկու տարի անց տեղի է ունեցել երկրորդ ապստամբությունը, որի ընթացքում ապստամբները 15-ամյա արքայազնին նշանակել են իրենց առաջնորդ։ 1488 թվականի հունիսի 11–ին նրանք Սոչիեբուրնի ճակատամարտում դուրս են եկել թագավորի դեմ, որտեղ թագավորը զոհվել է, թեև հետագա որոշ աղբյուրներ պնդում են, որ արքայազն Ջեյմսը հրամայել էր իր մարդկանց որևէ վնաս չպատճառել իր հորը[6]։ Երիտասարդ Ջեյմսը գրավել է գահն ու հունիսի 24–ին թագադրվել Սքոնում։ Սակայն նրան շարունակ տանջում էր իր հոր մահվան մեջ ունեցած անուղղակի դերի մեղքի ուժեղ զգացումը։ Նա որոշել է հատուցել իր մեղքի համար։ Իր կյանքի մնացած մասի ընթացքում ամեն տարի մեծ պասին նա մերկ մարմնի վրա կրում էր ծանր երկաթյա շղթայակապ մազաշապիկ ու ծանրությունն ավելացնում յուրաքանչյուր հաջորդ տարի[7]։
Իշխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուտով Ջեյմս IV-ն ապացուցել է, որ ինքն արդյունավետ ղեկավար ու իմաստուն թագավոր է։ 1489 թվականին նա ճնշել է ևս մեկ ապստամբություն, ուղղակիորեն հետաքրքրվում էր արդարադատության իրականացմամբ, իսկ 1493 թվականին վերջնականապես հպատակեցրել է Այլզ կղզիների լորդին։ Որոշ ժամանակ նա աջակցում էր անգլիական գահի հավակնորդ Փերկին Ուորբեքին ու նրա անունից 1496 թվականի սեպտեմբերին կարճ հարձակում է իրականացրել Անգլիայի վրա։ Հետո՝ 1497 թվականի օգոստոսին, նա պաշարել է Նորհեմ ամրոցը՝ օգտագործելով իր պապիկի հրանոթները։
Այդուհանդերձ, Ջեյմսը հասկանում էր, որ Շոտլանդիայի ու Անգլիայի միջև խաղաղությունը բխում է երկու երկրների շահերից և դիվանագիտական լավ հարաբերություններ է հաստատել Անգլիայի հետ, որն այդ ժամանակ հաղթահարում էր քաղաքացիական պատերազմի հետևանքները։ Նախ՝ 1497 թվականին նա վավերացրել է Էյթոնի համաձայնագիրը, հետո՝ 1502 թվականին Հենրի VII-ի հետ ստորագրել է հավերժական խաղաղության պայմանագիր։ Այս պայմանագիրն ամրապնդվել է հաջորդ տարի կայացած Հենրիի դուստր Մարգարեթ Թյուդորի հետ նրա ամուսնությամբ, որն արքունական պոետ Ուիլյամ Դանբարը որակել է որպես ուղտափշի ու վարդի ամուսնություն (Շոտլանդիայի ու Անգլիայի խորհրդանիշ ծաղիկները համապատասխանաբար)։
1507 թվականին Հոլիրուդ վանքում պապական ներկայացուցիչը Ջեյմսին շնորհել է «Հավատքի պաշտպան» տիտղոսը[8]։
Ջեյմսը պահպանում էր Ֆրանսիայի հետ Շոտլանդիայի ավանդական լավ հարաբերությունները։ Նա նաև հասկանում էր նավատորմի ստեղծման անհրաժեշտությունը, որը Շոտլանդիայի համար ծովային ներկայություն կապահովեր։ Այս նպատակով նա կառուցել է երկու նոր նավաշինարան ու արքայական շոտլանդական նավատորմի համար ձեռք բերել ընդհանուր առմամբ 38 նավ, այդ թվում՝ «Մարգարեթ» ռազմանավն ու «Մեծ Մայքլ» առագաստանավը։ Վերջինս կառուցվել էր Էդինբուրգի Նյուհեյվն թաղամասում ու ծով իջեցվել 1511 թվականին․ ուներ 240 ֆուտ (73 մ) լայնություն ու կշռում էր[պարզաբանել]1,000 տոննա և այդ ժամանակի ամենամեծ նավն էր աշխարհում[9]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս IV-ն իսկական Վերածննդի արքայազն էր, որը հետաքրքրվում էր կիրառական ու գիտական աշխատանքներով։ 1506 թվականին նա արքայական հրովարտակով հիմնադրել է Էդինբուրգի վիրաբուժական քոլեջը, Էդինբուրգյան դղյակը դարձրել է Շոտլանդիայի առաջավոր ատրճանակաձուլարաններից մեկը, 1507 թվականին ողջունել է Չեպմանի և Մայլարի՝ Շոտլանդիայում առաջին տպագրահաստոցը։ Կառուցել է Ֆոկլենդ ամրոցի մի հատվածը, Էդինբուրգի ու Ստեռլինգ ամրոցների մեծ դահլիճներն ու զարդարել իր պալատները շոտլանդական արքայական գոբելեններով/նկարահյուս գործվածքներով[10]։
Ջեյմսն արվեստների հովանավոր էր․ նա հովանավորում էր նաև այնպիսի գրական գործիչների, ինչպիսիք էին արքունի պոետներ Ուիլյամ Դանբարը, Վալտեր Քեննեդին, Գեվին Դուգլասը, որն առաջինն էր հյուսիսային Եվրոպայում թարգմանել Վերգիլիոսի «Էնեական»-ը։ Նրա իշխանության տարիներին է մահացել պոետ Ռոբերտ Հենրիսոնը։ Ռեստալռիգում հովանավորել է երաժշտությունը[11]։
Աջակցել է Աբերդինում իր կանցլեր Ուիլյամ Էլֆինստոնի կողմից թագավորական քոլեջի բացմանը, ինչպես նաև Սուրբ Էնդրյուս քաղաքում իր ապօրինի որդու՝ Սուրբ Էնդրյուսի արքեպիսկոպոս Ալեքսանդր Ստյուարտի ու Սուրբ Էնդրյուսի վանահայր Ջոն Հեփբուրնի կողմից Սուրբ Լեոնարդի քոլեջի բացմանը։ 1496 թվականին նա ընդունել է Շոտլանդիայում առաջին կրթական օրենքը, համաձայն որի, բոլոր բարոններն իրենց ավագ որդիներին ու ժառանգորդներին որոշակի ժամանակահատվածով պետք է ուղարկեին դպրոց։
Ջեյմսն ինքը լավ կրթություն էր ստացել ու տիրապետում էր մի քանի լեզուների։ 1498 թվականի հունիսին իսպանական պատվիրակ Պեդրո դե Այալան հաղորդում էր Արագոնի թագավոր Ֆերդինանդ II-ին ու Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I-ին․
Թագավորը 25 տարեկան է։ Նա ո՛չ բարձրահասակ է, ո՛չ կարճահասակ, դեմքից այնքան գեղեցիկ է, որքան տղամարդը կարող է լինել։ Նրա դիմելաձևը հաճելի է։ Թագավորը խոսում է հետևյալ լեզուներով․ լատիներեն՝ շատ լավ, Ֆրանսերեն, գերմաներեն, ֆլամանդերեն, իտալերեն ու իսպաներեն, վերջինով խոսում է մարքիզի նման, բայց արտասանում է ավելի հստակորեն։ Շատ է սիրում ստանալ իսպանական նամակներ։ Նրա մայրենի շոտլանդերենն այնքան տարբեր է անգլերենից, որքան արագոներենը կաստիլերենից։ Բացի սրանցից թագավորը խոսում է նաև Շոտլանդիայի որոշ մասերում ու նրա կղզիներում ապրող բնիկների լեզվով։ Այդ լեզուն շոտլանդերենից տարբեր է այնքան, որքան բիսկայանը կաստիլերենից։ Լեզուների նրա իմացությունը հրաշալի է։ Քաջատեղյակ է Աստվածաշնչից ու այլ բարեպաշտ գրքերից։ Լավ պատմաբան է։ Կարդացել է շատ լատիներեն ու ֆրանսերեն պատմություններ, լավ հիշողություն ունի։ Մազերն ու մորուքը երբեք չի կտրում, դա նրան սազում է[12]։ |
Ջեյմս IV-ը վերջին թագավորն էր, որը խոսել է գելական շոտլանդերենով։ Նա նաև այն իշխանավորներից մեկն էր, որը հրամայել է իրականացնել լեզվազրկման փորձեր ու երկու երեխա է ուղարկել Ինչկեյթ կղզի, որտեղ նրանց խնամել է մի համր կին։ Փորձի նպատակն էր պարզել, արդյոք լեզուն սովորում են, թե այն բնածին է[13]։
Ջեյմսը խիստ հետաքրքրված էր վիրաբուժությամբ ու բժշկությամբ, ինչպես նաև այլ գիտություններով։ Ստեռլինգ ամրոցում նա հիմնադրել է ալքիմիական արհեստանոց, որտեղ ալքիմիկոս Ջոն Դամիանը ուղիներ էր փնտրում բազային մետաղները ոսկու վերածելու համար[14]։ Այս նախագծում օգտագործվել են սնդիկ, կապարի մոնօքսիդ ու անագ[15]։ Դամիանը նաև ավիացիա էր ուսումնասիրում ու Ստեռլինգ ամրոցի ատամնավոր պարիսպներից թռիչքի չհաջողված փորձ է արել, որը Դանբարը ծաղրի է ենթարկել երկու տարբեր պոեմներում[16]։
Քաղաքականությունը Շոտլանդիայում և կղզիներում
[խմբագրել | խմբագրել կոդը]1493 թվականի մայիսին Շոտլանդիայի պառլամենտը տուգանել է շոտլանդական կղզիների լորդ Ջոն ՄաքԴոնալդին։ Թագավոր Ջեյմսն անձամբ նավարկել է դեպի Դանստաֆնիջ ամրոց, որտեղ արևմտյան առաջնորդներն իրենց հնազանդությունն են հայտնել նրան։ Ջոնը նույնպես հպատակվել է ու որպես վարձկան բերվել արքունիք, որից հետո ապրում էր Փեյզլի վանքում։ Շոտլանդական լեռնաշխարհն ու կղզիներն այժմ գտնվում էին արքայական ուղղակի վերահսկողության ներքո։ Ջոնի թոռ Դոմնոլ Դաբը (Դոնալդ Օուր), որը լորդության հավանական հավակնորդներից մեկն էր, խաղաղասեր էր, բայց նրա զարմիկ լոքալշցի Ալեքսանդր ՄաքԴոնալդը հարձակվել է Ռոսի վրա ու հետագայում՝ 1497 թվականին, սպանվել Օրանսեյ կղզում[17]։
1496 թվականի հոկտեմբերին թագավորական խորհուրդը հրաման է արձակել, համաձայն որի կղզիաբնակների արարքների համար այդ շրջանի կլանային առաջնորդները պատասխանատվության պետք է ենթարկվեին թագավորի կողմից։ Տարածքի կառավարմանն ուղղված այս գործողությունն անիրագործելի էր, ու 1498 թվականի «Վերացման ակտից» հետո, որով չեղարկվում էր առաջնորդների տիտղոսներն իրենց հողերի նկատմամբ, Էդինբուրգի իշխանության դեմ դիմադրությունն ուժեղացել է։ 1498 թվականի ամռանը Ջեյմսը Քեմփբելթաուն լճի մոտ գտնվող Քիլքեռան ամրոցում սպասում էր, որ առաջնորդներին հանձնի վերահաստատման հրովարտակները, բայց նրանցից քչերն են ներկայացել[18]։ Սկզբից Արջիլի 2-րդ կոմս Արչիբալդ Քեմփբելին ուղարկել են, որ լրացնի իշխանության բացը և թագավորական իշխանություն պարտադրի, բայց նա մեծ հաջողություն չի ունեցել իր փեսա Թորքուիլ ՄաքԼեոդի հետ պայքարում։ Վերջինիս հրամայված էր կղզիների լորդության ժառանգորդ Դոնալդ Դոաբին 1501 թվականին Ինվերնեսում հանձնել Ջեյմս IV-ին․ թագավորն սպասել է, բայց Թորքուիլն այդպես էլ չի եկել։
Այսպիսի բացահայտ անհնազանդությունից հետո Թորքուիլի կալվածքները հանձնվել են Հանթլիի 3-րդ կոմս Ալեքսանդր Գորդոնին։ Լոխաբերում նա բանակ է կազմել ու վարձկալներից մաքրել տարածքը՝ նրանց փոխարինելով իր աջակիցներով[19]։ 1504 թվականի պառլամենտից հետո թագավորական նավատորմը Այրից նավարկել է Քեյրնբուրգ ամրոցի վրա հարձակվելու համար, որտեղ Դյուարտի Մաքլեյնը պահում էր Դոնալդ Դաբին[20]։ 1504 թվականի հունիսին ամրոցը գրավվել է, բայց Դաբը դեռ ազատության մեջ էր[21]։ 1507 թվականի սեպտեմբերին Լյուիս կղզու Ստորնավեյ ամրոցում Թորքուիլ ՄաքԼեոդը պաշարման է ենթարկվել։ Դոնալդ Դաբը գերի է վերցվել ու ցմահ բանտարկվել, իսկ Թորքուիլ ՄաքԼեոդը մահացել է աքսորում 1511 թվականին։ Հանթլիի կոմսը շռայլորեն պարգևատրվել է թագավորի կողմից[22]։
Պատերազմ և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ իտալական պատերազմների արդյունքում պատերազմ է սկսվել Անգլիայի ու Ֆրանսիայի միջև, Ջեյմսը հայտնվել է դժվարին կացության մեջ, որովհետև երկու երկրների հետ դաշնակցային համաձայնագրեր ուներ[23]։ 1509 թվականին Հենրի VIII-ի գահ բարձրանալուց ի վեր Անգլիայի հետ հարաբերությունները վատացել էին, ու երբ Հենրին հարձակվել է Ֆրանսիայի վրա, Ջեյմսը պատերազմ է հայտարարել Անգլիային։
Ջեյմսին արդեն հայտնի էր Հռոմի պապ Ջուլիուս II-ի կողմից իր թագավորության արգելանքի մասին, և նա ընդդիմացել է պապ Լեո X-ի կողմից դրա վավերացմանը․ այսպիսով, նա լավ հարաբերությունների մեջ չէր հովվապետի հետ[24]։ 1513 թվականի հունիսի 28-ին Լեոն նամակ է ուղարկել Ջեյմսին խաղաղության պայմանագիրը խախտելու համար նրան եկեղեցական պարսավանքի ենթարկելու սպառնալիքով, իսկ հետագայում կարդինալ Քրիստոֆեր Բեյնբրիջը նրան հաղորդությունից զրկել է/էքսկոմունիկացիայի ենթարկել։
Ջեյմսը հավաքել է իր նավաստիներին ու շոտլանդական նավատորմիղով, որի կազմում էր նաև «Մեծ Մայքլը», նավարկել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XII-ի նավերին միանալու, որով էլ հաստատվել է նրա մասնակցությունը Քամբրեյի լիգայի պատերազմին[25]։ Թերուանի պաշարման ժամանակ, ցանկանալով օգտվել Հենրիի բացակայությունից, նա բանակ է առաջնորդել դեպի հարավ՝ Նորթումբերլանդիա, բայց այնտեղ 1513 թվականի սեպտեմբերի 9-ին սպանվել է Ֆլոդենի աղետալի ճակատամարտում իր ազնվականներից ու հասարակ զինվորներից շատերի հետ, որոնց թվում էին նաև մի քանի եկեղեցական՝ ներառյալ իր որդի Սուրբ Էնդրյուսի արքեպիսկոպոսը։ Սա պատմության մեջ Շոտլանդիայի կրած ամենավատ ռազմական պարտություններից մեկն էր, որի արդյունքում սիրված ու ունակ թագավորի, ինչպես նաև քաղաքական ներկայացուցչության մեծ մասի կորուստն ահռելի հարված էր թագավորությանը։ Ջեյմս IV-ի որդին՝ Ջեյմս V-ը, որը դեռ երկու տարեկան էլ չկար, թագադրվել է Ֆլոդենի աղետից երեք շաբաթ անց։
Ֆլոդենի ճակատամարտի և՛ անգլիական, և՛ շոտլանդական մեկնաբանություններում նշվում է կռվելու թագավորի վճռականության մասին։ Պեդրո դե Այալան ներկայացնում է թագավորի ունակությունը որպես ռազմական հրամանատար՝ մարտադաշտում նկարագրելով նրան որպես կտրուկ ու անվախ։
Նա համարձակ է, նույնիսկ ավելի շատ, քան թագավորը պետք է լինի։ Ես ինքս դրա վկան եմ։ Ես նրան հաճախ եմ տեսել վերջին պատերազմների ընթացքում ամենավտանգավոր բաները նախաձեռնելիս։ Այսպիսի դեպքերում նա նվազագույնս անգամ չի հոգում իր մասին։ Նա լավ հրամանատար չէ, քանի որ հրամաններ տալուց առաջ նախ սկսում է կռվել։ Նա ասել է ինձ, որ իր ենթակաները ծառայում են իրեն մարմնով ու ունեցվածքով, արդար ու ոչ արդար կռիվներում, հետևաբար նա չի կարծում, որ ճիշտ կլինի որևէ պատերազմական գործողություն սկսել, որում ինքն առաջինը չլինի վտանգի մեջ։ Նրա արարքներն այնքան լավն են, որքան իր խոսքերը[26]։
Ենթադրաբար թագավորի մարմինը դուրս է բերվել մարտադաշտից ու տեղափոխվել Լոնդոն թաղման համար։ Ջեյմսին էքսկոմունիկացիայի էին ենթարկել, ու թեև 1513 թվականի նոյեմբերի 29-ին Հենրի VIII-ը Հռոմի պապից համաձայնություն էր ստացել, որպեսզի թագավորին հուղարկավորեն սուրբ Պողոսի մայր տաճարի օծված տարածքում, նրա զմռսած մարմինը երկար տարիներ մնացել է Սուրրեյի Շին մենաստանում առանց թաղվելու[27]։ Անգլիական բարեփոխումներից հետո մարմինն անհետացել է, ինչն էլ հանգեցրել է մենաստանի կազմալուծմանը[28]։ Անգլիացի պատմաբան Ջոն Սթոուն պնդում էր, որ տեսել է մարմինը, ու որ մի ապակի գցող թագավորի գլուխը (կարմիր մազերով) կտրել է ու այն ի վերջո թաղվել է Լոնդոնի Վուդսթրիթ փողոցում գտնվող սուրբ Միքայել եկեղեցում։ Եկեղեցին հետագայում կազմաքանդվել է ու տեղանքը մի քանի անգամ վերաձևվորվել․ այժմ այնտեղ հանրային շենք է[28][29]։ Եկատերինա Արագոնացին՝ Հենրի VIII-ի թագուհին, նրան է ուղարկել Ջեյմսի արյունոտ բաճկոնը, քանի որ Հենրին արշավանքով գտնվում էր Ֆրանսիայում[30]։
Էրազմ Ռոտերդամցին իր «Ադաջիայում» (ասացվածքներ) տապանագիր է առաջարկել թագավորի համար։ Հետագայում՝ 1533 թվականին, նա գրել է Ջեյմս V-ին, նրա ուշադրությունը հրավիրելով իր գրվածքի վրա հետևյալ ասացվածքով՝ Spartam nactus es, hanc exorna (Եթե ծնվել ես Սպարտայում, պարտավոր ես ծառայել այնտեղ), որը շոշոփում էր Ջեյմսի ու իր որդի Ալեքսանդրի մահերը Ֆլոդենի ճակատամարտում, իսկ Ալեքսանդրը որոշ ժամանակ եղել էր Էրազմի աշակերտը[31]։
Լեգենդներ թագավորի գերեզմանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Շշուկներ կային, որ Ջեյմսը կենդանի է մնացել ճակատամարտում, բայց աքսորվել է, կամ որ նրա մարմինը թաղվել է Շոտլանդիայում։ Շոտլանդական սահմանի երկու ամրոցներ համարվում են նրա գերեզմանատեղին։ Ըստ լեգենդի՝ Ֆլոդենում շոտլանդացիների գրոհից առաջ թագավորը հանել էր իր արքայական թիկնոցը, որպեսզի ցույց տա իր ազնվականներին, որ պատրաստ է կռվել ինչպես հասարակ զինվոր։ Այն մարմինը, որն անգլիացիներն էին հանել մարտադաշտից, կրծքավանդակի շուրջը չուներ երկաթյա շղթա։ (Որոշ պատմաբաններ պնդում էին, որ նա հանել էր երկաթյա շղթան լեդի Հերոնի ննջասենյակում "զվարճանալիս")։ Լեգենդներում ասվում էր, որ Ֆլոդենի ճակատամարտի ընթացքում Հոում տոհմից չորս հեծյալներ կամ գերբնական չորս հեծյալներ սլացել են մարտադաշտով ու իրենց հետ տարել թագավորի մարմինը, կամ որ թագավորը կենդանի հեռացել է մարտադաշտից, սակայն շատ շուտով սպանվել։ 18-րդ դարում, երբ մաքրվում էր Հյում ամրոցի ջրհորը, կողային թաքստոցում հայտնաբերվել է տղամարդու կմախք՝ կրծքավանդակի շուրջ երկաթյա շղթայով, բայց այն անհետացել է։ Մի ուրիշ լեգենդի համաձայն կմախքը հայտնաբերվել է Հյումում՝ ճակատամարտից մի քանի տարի անց ու վերահուղարկավորվել Հոլիրուդ վանքում։ Նույն պատմությունը պատմվել է Ռոքսբուրգ ամրոցի հետ կապված, որտեղ կմախքը հայտնաբերվել է 17-րդ դարում։ Ըստ մեկ այլ լեգենդի, թագավորի մարմինը հայտնաբերվել է Բերրի Մոսում, Քելսոյի մոտ։ Այս ամենին ավելանում է Փիթսքոթիի Ռոբերտ Լինդսեյի 1570-ականներին գրածն այն մասին, որ դատապարտված մի հանցագործ ճակատամարտից տաս տարի անց Ալբանիի դքսին առաջարկել է ցույց տալ թագավորի գերեզմանը, սակայն դուքսը հրաժարվել է[32]։
Ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմսի վաղ նշանադրությունը Սեսիլիա Յորքեցու հետ ոչնչի չի հանգեցրել, բայց անգլիական ամուսնությամբ հետաքրքրվածությունը մնացել է։ Ամուսնական դաշինք էր մտածվում նաև Իսպանիայի կաթոլիկ միապետ Մարիա Արագոնցու դստեր հետ, բայց դա նույնպես չի հաջողվել։
1502 թվականի դեկտեմբերի 10-ին Գլազգոյի մայր տաճարի զոհասեղանի մոտ մի արարողության ընթացքում Ջեյմսը հաստատել է հավերժական խաղաղության համաձայնագիրը Անգլիայի թագավոր Հենրի VII-ի հետ[33]։ Այս համաձայնագրով նա ամուսնացել է Հենրիի դուստր Մարգարիտ Թյուդորի հետ։ Լոնդոնում վստահված անձի հետ ամուսնությունը կնքելուց հետո այն հաստատվել է Էդինբուրգի Հոլիրուդ վանքում 1503 թվականի օգոստոսի 8-ին արդեն անձամբ թագավորի հետ։ Նրանց ամուսնության պատվին թողարկվել է պատկերազարդ աղոթագիրք։
Այս միությունից ծնվել են չափահասության հասած մեկ որդի, ևս երեք որդիներ, որոնք մահացել են մանուկ հասակում ու երկու մեռելածին դուստրեր[34]․
- Ջեյմս Ստյուարտ, Ռոթսեյի դուքս (21 փետրվարի, 1507 թ․, Հոլիռուդհաուզ – 27 փետրվարի, 1508 թ․, Ստեռլինգ ամրոց), առաջնեկ որդին, մահացել է մանուկ հասակում։
- Մեռելածին դուստր՝ ծնված Հոլիռուդհաուզում 1508 թվականի հուլիսի 15-ին։
- Արթուր Ստյուարտ, Ռոթսեյի դուքս (20 հոկտեմբերի, 1509 թ․, Հոլիռուդհաուզ – Էդինբուրգյան դղյակ, 14 հուլիսի, 1510 թ․), երկրորդ որդին, մահացել է մանուկ հասակում։
- Թագավոր Ջեյմս V (Լինլիթգոու պալատ, 10 ապրիլի, 1512 թ․ – Ֆոկլենդ պալատ, Ֆայֆ, 14 դեկտեմբերի, 1542 թ․), երրորդ և միակ երեխան, որը մեծացել ու փոխարինել հորը։
- Երկրորդ մեռելածին դուստր՝ ծնված Հոլիռուդհաուզում 1512 թվականի նոյեմբերին։
- Ալեքսանդր Ստյուարտ, Ռոսսի դուքս (Ստեռլինգ ամրոց, 30 ապրիլի, 1514 թ․ – Ստեռլինգ ամրոց, 18 դեկտեմբերի, 1515 թ․), չորրորդ որդին, ծնվել է հոր մահից հետո ու մահացել մանուկ հասակում։
Ապօրինի երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր սիրուհիներից Ջեյմսն ունեցել է մի քանի ապօրինի երեխա, որոնցից հինգը հասել են չափահաս տարիքի[34]․
- Մարգարեթ Բոյդից՝
- Ալեքսանդր (մոտ. 1493 թ․ – Ֆլոդենի ճակատամարտ, 9 սեպտեմբերի, 1513 թ․), Սուրբ Էնդրյուսի արքեպիսկոպոս։
- Քեթրին Ստյուարտ (մոտ. 1495 թ․ – 1554 թ․), ամուսնացել է Մորտոնի 3-րդ կոմս Ջեյմս Դուգլասի հետ։
- Լեդի Մարգարեթ Դրումոնդից՝
- Մարգարեթ Ստյուարտ (ծնվ․ մոտ․ 1497 թ․), ամուսնացել է նախ Գորդոնի լորդ Ջոն Գորդոնի հետ, ապա նաև՝ Իններպեֆրեյցի սըր Ջոն Դրումոնդ 2-ի հետ։
- Ջանեթ Քեննեդիից՝
- Ջեյմս (նախքան 1499–1544), ստացել է Մորեյի կոմսի կոչում։
- Բուչանի 1-ին կոմս Ջեյմս Ստյուարտի դուստր Իզաբել Ստյուարտից՝
- Լեդի Ջանեթ Ստյուարտ (17 հուկիսի, 1502 թ․ – 20 փետրվարի, 1562 թ․)։
Պատկերումներ գեղարվեստական գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս IV-ին պատկերել են պատմավեպերում ու կարճ պատմվածքներում։ Դրանք են[35]՝
- Ջեյմս Գրանտի «Դեղին հածանավը» (1855 թ․)[35], որը նաև հայտնի է որպես «Երեք քույրեր»[36]։ Վեպի գլխավոր իրադարձությունները տեղի են ունենում 1488 թվականին և ընդգրկում են Սոչիեբուրնի ճակատամարտը, Շոտլանդիայի թագավոր Ջեյմս III-ի սպանությունը, Ջեյմս IV-ի գահ բարձրանալը և այսպես կոչված անգլիական երկպառակությունները Շոտլանդիայում։ Ջեյմս IV-ն ու Մարգարեթ Դրումոնդը գլխավոր հերոսներ են, իսկ լարգոցի Էնդրյու Վուդն ու Անգլիայի թագավոր Հենրի VII-ը՝ երկրորդական[35]։
- Ջեյմս Էդուարդ Փրեսթոն Մուդդոքի «Թագավորի բարեհաճությունը» (1899 թ․) նկարագրում է Ջեյմս IV-ի գահակալության վերջին ամիսներն ու ավարտվում Ֆլոդենի ճակատամարտով (1513)[37]։
- Ռ․Հ․Ֆորսթերի «Նետը հյուսիսից» (1906 թ․) վեպը հիմնականում նկարագրում է Նորթումբերլանդիան Հենրի VII-ի ու Հենրի VIII-ի գահակալության տարիներին, անդրադառնում է անգլո-շոտլանդական պատերազմներին և եզրափակվում ճակատամարտով, որը խլեց Ջեյմս IV-ի կյանքը[37]։
- Հալլիվել Սատքլիֆի «Բոսորագույն դաշտը» (1916 թ․) նույնպես անդրադառնում է անգլո-շոտլանդական պատերազմներին, նկարագրում է Ջեյմս IV-ին ու "ավարտվում Ֆլոդենի ճակատամարտի ամբողջական հաշվետվությամբ" (1513 թ․)[37]։
- Կարոլա Օմանի «Թագավորական սիրտ» (1926 թ․) պատմվածքը նկարագրում է Շոտլանդիան Ջեյմս IV-ի գահակալության ժամանակ։ Թագավորն ինքը ներկայացված է Ֆլոդենի ճակատամարտը պատկերող վերջաբանում (1513)[35]։
- Քրիստին Օռի «Քնքուշ արծիվը» (1937 թ․) թագավորի կյանքի գեղարվեստական մեկնաբանությունն է։
- Նայջել Թրանթների «Ճակատագրի շղթան» (1964 թ․) թագավորի կյանքի գեղարվեստական մեկնաբանությունն է Սոչիեբուրնից մինչև Ֆլոդեն։
- Ադա Ստյուարտի «Բազեն» (1972 թ․) արտասովոր աշխատանք է մի հեղինակի, որը պնդում էր, թե թագավորի վերամարմնավորումն է/ռեինկարնացիա։
- Ֆիլիպպա Գրեգորիի «Երեք քույրեր, երեք թագուհիներ» (2016 թ․) աշխատանքը գեղարվեստական գործ է, որը Մարգարիտ Թյուդորի տեսանկյունից է ներկայացնում Ջեյմս թագավորին։
- «Սև լեդիի զինամրցումը» կարճ պատմվածք է, որը նկարագրում է 1508 թվականին թագավոր Ջեյմսի կողմից Էդինբուրգյան դղյակում անցկացված նիզակախաղի մրցույթը։
- «Աֆրիկացի տիկնոջ զինամրցումը» կարճ անիմացիա է, որը վերստեղծում է 1508 թվականի մայիսի 31-ին թագավոր Ջեյմսի կողմից Էդինբուրգյան դղյակում անցկացված նիզակախաղի մրցույթը։
- Ջեյն Օլիվերի «Մայրամուտ կեսօրին» (1955 թ․) գիրքը թագավորի կյանքի գեղարվեստական մեկնաբանությունն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Kindred Britain
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lundy D. R. The Peerage
- ↑ MacDougall, Margaret of Denmark, ODNB
- ↑ Marshall, Rosalind K. (2003). Scottish Queens, 1034–1714. Tuckwell Press. էջ 85.
- ↑ Macdougall, Norman, James IV, pp. 5–7.
- ↑ Goodwin, George. Fatal Rivalry: Flodden 1513. New York: WW Norton, 2013. pp. 9–10.
- ↑ Lindsay of Pitscottie, Robert, The History of Scotland, Robert Freebairn, Edinburgh (1778), p. 149.
- ↑ Grant, James Old and New Edinburgh, Vol. III, Ch. 7, p. 47
- ↑ Macdougall, Norman, James IV, Tuckwell (1997); chapter 'Royal Obsession: The Navy', pp. 223–46.
- ↑ Dunbar, John G., Scottish Royal Palaces, Tuckwell (1999).
- ↑ W. Swan, South Leith Records Second Series (Leith, 1925), p. 191.
- ↑ Calendar of State Papers, Spain (1485–1509), volume 1 (1862), No. 210, English translation from Spanish.: See original letter at Archivo General de Simancas, PTR, LEG,52, DOC.166 - 857V - Imagen Núm: 2 / 26 Արխիվացված 2019-01-22 Wayback Machine
- ↑ Dalyell, John Graham, ed., The Chronicles of Scotland by Robert Lindsay of Pitscottie, vol. 1, Edinburgh (1814) pp. 249–250.
- ↑ Read, John (1958 թ․ մայիսի 8). «An Alchemical Airman». New Scientist: 30. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.(չաշխատող հղում)
- ↑ Accounts of the Lord High Treasurer of Scotland, vol. 3, HM General Register House (1901), 99, 202, 206, 209, 330, 340, 341, 353, 355, 365, 379, 382, 389, 409: vol. 2 (1900), 362.
- ↑ Reed 1958, p. 31.
- ↑ Mackie, R.L., James IV, (1958), pp. 76 and 188–98.
- ↑ MacDougall, Norman, James IV, (1997), 176–177.
- ↑ MacDougall, Norman, (1997), 179–181.
- ↑ MacDougall, Norman, James IV, (1997), 185.
- ↑ MacDougall, Norman, (1997), 185-186.
- ↑ MacDougall, Norman, James IV, (1997), p. 189.
- ↑ MacDougall, Norman, James IV, Tuckwell (1998) p.207
- ↑ British History Online. Quote: "James had told the Dean of Windsor (West), the English ambassador, that he would appeal from the letters of execution [of the Scottish interdict]. The Dean said he could not appeal from any proceedings of the Pope, as he had no superior. Then, said the King, I will appeal to Prester John — a noted pirate and apostate who commands the French galleys. [Henry VIII thinks] such folly ought to be chastised. It is impious to abuse the Pope, the Head of Christendom." (12 April 1513 entry)
- ↑ Hannay, Robert Kerr, ed., Letters of James IV, SHS (1953), pp. 307–8, 315–16 and 318–19.
- ↑ Calendar of State Papers, Spain,(1485–1509), volume 1 (1862), no. 210, English translation from encrypted Spanish
- ↑ Herbert, Edward, The Life and Reign of Henry VIII,(1672), 45: Letters & Papers Henry VIII, vol.1 (1920) no. 2469, Leo X to Henry.
- ↑ 28,0 28,1 Dr. Tony Pollard (2013 թ․ սեպտեմբերի 8). «The sad tale of James IV's body». BBC News Scotland. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Aikman, James, Buchanan's History of Scotland, vol. 2 (1827), 259 note, quoting Stow's Survey of London on St Michael, Cripplegate ward.
- ↑ Find a Grave — James IV King of Scots
- ↑ Hay, Denys, Letters of James IV, HMSO (1954), p. 252, 8 December 1533: Mynors, RAB., ed., Collected Works of Erasmus, Adages, vol. 3, Toronto, (1991), pp. 240–43, Adage 2.5.1 Spartam nactus es, trans. English
- ↑ Adam de Cardonnel, The Edinburgh Magazine, vol. 4, August (1786), p. 112, and Numismata Scotiae, (1786), p. 83, note both legends: Pitscottie, History of Scotland, Glasgow, (1749), p. 214; Spencer, Nathaniel, The Complete English Traveller, (1772), p. 575; Archaeologia Aeliana, vol. 3, (1859), p. 228.
- ↑ Bain, Joseph, ed., Calendar of Documents relating to Scotland, 1357–1509, vol. 4, HM Register House, Edinburgh (1888), nos. 1681, 1690–1697.
- ↑ 34,0 34,1 The Peerage — James IV
- ↑ 35,0 35,1 35,2 35,3 Nield (1968), p. 61.
- ↑ Internet Archive, Open library online version of The Yellow Frigate, or The Three Sisters
- ↑ 37,0 37,1 37,2 Nield (1968), p. 67.
Քաղվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- James the Fourth, Norman Macdougall (2006 with two earlier editions, regarded as definitive).
- King James IV of Scotland, R.L. Mackie (1958, the most important previous biography).
- Ashley, Mike (2002). British Kings & Queens. Carroll & Graf. էջեր 280–286. ISBN 978-0-7867-1104-8.
- James IV in Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, New York, 2004, Vol. 29, pp. 609–619
Primary Sources
- Macdougall, Norman (2004). «Margaret (1456/7?–1486)». Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/18050. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- Accounts of the Comptroller, Sir Duncan Forestar, 1495–1499, Miscellany of the Scottish History Society, vol. 9 (1958), 57–81. In Latin.
- Bain, Joseph, ed., Calendar of Documents relating to Scotland, 1357–1509, vol. 4, HM Register House, Edinburgh (1888)
- Flodden Papers, 1505–1517, ed. Marguerite Wood, Scottish History Society, (1933), French diplomatic correspondence (does not refer to the battle).
- Letters of James IV, 1505–1513, ed. Mackie & Spilman, Scottish History Society (1953), English summaries of international letters.
- Nield, Jonathan (1968), A Guide to the Best Historical Novels and Tales, Ayer Publishing, ISBN 978-0-8337-2509-7
Նախորդող: Ջեյմս III |
Շոտլանդիայի թագավոր 11 հունիսի, 1488 թ․– 9 սեպտեմբերի, 1513 թ․ |
Հաջորդող: Ջեյմս V |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս IV (Շոտլանդիայի թագավոր)» հոդվածին։ |
|