Ջեյմս V (Շոտլանդիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս V
Ծնվել է՝ապրիլի 10, 1512
ԾննդավայրԼինլիթգո պալատ, Շոտլանդիայի թագավորություն
Մահացել է՝դեկտեմբերի 14, 1542 (30 տարեկան)
Վախճանի վայրFalkland Palace, Շոտլանդիայի թագավորություն
Հելլերոդի աբբայություն և Էդինբուրգ
Երկիր Շոտլանդիայի թագավորություն
ՏոհմՍտյուարտներ
բանաստեղծ և ազնվական
ՀայրՋեյմս IV (Շոտլանդիայի թագավոր)[1]
ՄայրՄարգարետ Թյուդոր[2]
ԵրեխաներRobert Stewart, 1st Earl of Orkney?[3], Ջեյմս Սթյուարթ (Մորեյի 1-ին դուքս)[2], Մարի Ստյուարտ[2][1], Jean Stewart?[3], Adam Stewart?[3], Robert Stewart?[3], Margaret Stewart?[3], James Stewart?[3], John Stewart?[3], James Stewart?[3], Ռոթսեյի դուքս Ջեյմս Ստյուարտ[3] և Arthur Stewart, Duke of Albany?[3]
Հավատքկաթոլիկություն
Պարգևներ
Կապիչի շքանշան և Ոսկե գեղմի շքանշանի ասպետ
ՍտորագրությունИзображение автографа

Ջեյմս V (ապրիլի 10, 1512, Լինլիթգո պալատ, Շոտլանդիայի թագավորություն - դեկտեմբերի 14, 1542, Falkland Palace, Շոտլանդիայի թագավորություն), Շոտլանդիայի թագավոր 1513 թվականի սեպտեմբերի 9-ից մինչ իր մահը, որին նախորդել է Սոլվեյ Մոսսի ճակատամարտում շոտլանդացիների պարտությունը։ Ջեյմսի միակ օրինական երեխան՝ Մարին, հաջորդել է նրան ընդամենը վեց օրական հասակում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմսը Շոտլանդիայի թագավոր Ջեյմս IV-ի ու թագուհի Մարգարիտ Թյուդորի մանկությունը վերապրած միակ օրինական զավակն էր։ Ծնվել է 1512 թվականի ապրիլի 10-ին Արևմտյան Լոթիանի Լինլիթգո պալատում և կնքվել հաջորդ օրը՝ ստանալով «Ռոթսեյի դուքս» ու «Շոտլանդիայի արքայազն ու մեծ ստյուարդ» տիտղոսները[4]։ Թագավոր է դարձել, երբ ընդամենը տասնյոթ ամսական էր՝ 1513 թվականի սեպտեմբերի 9-ին Ֆլոդենի ճակատամարտում իր հայրիկի զոհվելուց հետո։

Թագադրվել է Ստեռլինգ ամրոցի արքայական մատուռում 1513 թվականի սեպտեմբերի 21-ին։ Իր մանկության ընթացքում երկիրը կառավարում էին ռեգենտները․ նախ իր մայրը՝ մինչև հաջորդ տարի նորից ամուսնանալը, այնուհետև Ալբանիի 2-րդ դուքս Ջոն Ստյուարտը, որից հետո՝ Մաքսվելլի 5-րդ լորդ Ռոբերտ Մաքսվելլը։ 1517 թվականի փետրվարին Ջեյմսը Ստեռլինգից տեղափոխվել է Էդինբուրգի Հոլիռուդհաուզ պալատը, սակայն քաղաքում ժանտախտի համաճարակի պատճառով նրան հանձնել են Անտուան դ՛Աքրեսի խնամքին Քրեյգմիլլար ամրոցում[5]։ Ստեռլինգում տասնամյա Ջեյմսին հսկում էին իր դրոշի գույներով՝ կարմիր ու դեղին հագնված 20 սպասավորներ։ Երբ նա գնում էր ամրոցից դուրս գտնվող այգին, վեց ձիավոր հսկում էին երկու մղոն տարածության վրա[6]։ Բանաստեղծները մանկական բանաստեղծություններ էին գրում Ջեյմսի համար, իսկ երբ նա մեծացել է, նրա կրթությունը վստահվել է սուրբ Էնդրյուսի համալսարանը ներկայացնող այնպիսի գրողների, ինչպիսին էր սըր Դեյվիդ Լինդսեյը[7]։

Ջեյմս V-ը գրող Վալտեր Սքոթի հուշարձանի վրա

1524 թվականի աշնանը Ջեյմսն ազատել է բոլոր ռեգենտներին ու իր մայրիկի կողմից չափահաս հռչակվել։ Նշանակվել են մի քանի նոր արքունական ծառաներ, այդ թվում և շեփորահար Հենրի Ռուդմենը[8]։ Անգլիացի դիվանագետ Թոմաս Մագնուսը 1524 թվականի Բոլոր սրբերի տոնը նկարագրելիս նշում է, որ «շեփորներն ու շոմերը հնչում էին բավական հաճելի կերպով»։ Մագնուսը տեսել է երիտասարդ թագավորին Էդինբուրգի Լիթ թաղամասում երգելիս, նիզակ խաղացնելիս ու ձիավարելիս, ու այնպիսի տպավորություն էր ստացել, որ արքան նախընտրում էր անգլիական բարքերը ֆրանսիական նորաձևությունից[9]։

1525 թվականին երիտասարդ թագավորի խորթ հայրը՝ Անգուսի 6րդ կոմս Արչիբալդ Դուգլասը, վերցրել է Ջեյմսի խնամակալությունն ու երեք տարի նրան պահել փաստացի գերության մեջ՝ նրա անունից կառավարելով երկիրը։ Երիտասարդ թագավորին գերությունից փրկելու մի քանի անհաջող փորձ է արվել, սակայն 1528 թվականին Ջեյմսին վերջապես հաջողվել է խուսափել Անգուսի խնամքից ու իր ձեռքը վերցնել կառավարումը։

Գահակալություն ու կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս V-ի ժամանակաշրջանի չորս պենսանոց արծաթադրամ, Էդինբուրգի դրամահատարան, 1526×1539

Որպես թագավոր Ջեյմսի ձեռնարկած քայլերից առաջինը քաղաքականությունից Անգուսի հեռացուն էր։ Դուգլասների ընտանիքը, բացառությամբ Ջեյմսի քույր Մարգարեթից, որն արդեն ապահով Անգլիայում էր, աքսորվել է ու Ջեյմսը պաշարել է նրանց Տանտալլոն ամրոցը։ Հետո հանզանդեցրել է սահմանի ապստամբներին ու արտաքին Հեբրիդյան կղզիների առաջնորդներին։ Ընդունելով իր ազնվականների խորհուրդն ու օգտվելով Ֆրանսիայում ու Հռոմում Ալբանիի դքսի ծառայություններից՝ նա ձևավորել է պրոֆեսիոնալ իրավաբանների ու դիվանագետների թիմ, այդ թվում՝ Ադամ Օթթերբուրնն ու հալթունցի Թոմաս Էրսկինը[10]։

Լորդերի անօրինական գործողությունները Ջեյմս V-ի օրոք

Ջեյմսը մեծացրել է իր եկամուտը՝ խստացնելով թագավորական կալվածքների վերահսկողությունն ու արդարադատությունից ու մաքսատնից ստացվող եկամուտների հսկողությունը։ Իր հարստության մի մեծ բաժին նա հատկացրել է Ստեռլինգ ամրոցի, Ֆոկլենդ պալատի, Լինլիթգո պալատի ու Հոլիրուդի կառուցմանը, ինչպես նաև իր հայրիկից ժառանգած գոբելենների հիման վրա սեղծել է արքայական գոբելենների մեծ հավաքածու[11]։ Ջեյմսը նավարկել է դեպի Ֆրանսիա իր առաջին ամուսնության համար և հզորացրել արքայական նավատորմը։ 1540 թվականին տարածքում արքայական ներկայություն ապահովելու նպատակով «Սալամանդեր» ռազմանավով նավարկել է դեպի Օրկնեյան կղզիներում գտնվող Կերկուոլ քաղաք[12]։

Ֆրանսիական Վերածննդի ոճով կառուցված Ջեյմսի պալատի ավերակները Ֆոկլենդում

Ջեյմսի ներքին ու արտաքին քաղաքականության վրա ազդեցություն է գործել ռեֆորմացիան, հատկապես կաթոլիկ եկեղեցու հետ Անգլիայի թագավոր Հենրի VIII-ի կապերը խզելուց հետո։ Ջեյմս V-ը չէր հանդուրժում հերետիկոսությունը, և նրա գահակալության օրոք մի շարք հանրահայտ բողոքականներ ենթարկվել են հալածանքի։ Սրանցից ամենահայտնին Պատրիք Հեմիլթոնն է, որին 1528 թվականին սուրբ Էնդրյուսի մոտ այրել են խարույկի վրա։ Անգլիացի դեսպան Ռալֆ Սադլերը փորձել է թագավորին համոզել փակել վանքերն ու տիրանալ դրանց եկամուտներին, սակայն թագավորը պատասխանել է, որ խելամիտ չէ փակել վանքերը, որոնք «կանգուն են այսքան տարիներ ու կարող եմ նրանցից ստանալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է»[13]։ (Սադլերը գիտեր, որ Ջեյմսն իր կալվածքներում ոչխարներ է բուծում)[14]։

Եկեղեցիներից Ջեյմսը գումար էր ստանում, քանի որ Հռոմի պապ Կլեմենտ VII-ից թույլտվություն էր ստացել հարկել վանական եկամուտները[15]։ 1534 թվականին նա £50 գումար է ուղարկել Մարտին Լյութերի հակառակորդ Յոհան Կոխլեուսին՝ նրա գրքերից մեկն ստանալուց հետո[16]։ 1537 թվականի հունվարի 19-ին Հռոմի պապ Պոլ III-ը Ջեյմսին է ուղարկել իր օրհնված սուր ու գլխարկ, որը խորհրդանշում էր, որ սահմանից այն կողմ Ջեյմսն ուժեղ պայքար կմղեր հերետիկոսների դեմ[17]։ Նվերն առաքվել է պապի սուրհանդակի միջոցով 1537 թվականի փետրվարի 25-ին, երբ Ջեյմսը Ֆրանսիայի Կոմպյենյե քաղաքում էր[18]։

Ըստ 16-րդ դարի պատմագիրների՝ արքունի գանձապահ Ջեյմս Կիրկալդին փորձել է թագավորին համոզել դադարեցննել բողոքականների հետապնդումն ու Յորքում հանդիպել Անգլիայի թագավոր Հենրի VIII-ին[19], սակայն այդ հանդիպումը չի կայացել․ Ջեյմսը չի ժամանել։ Անգլաիցիները սա ընդունել են որպես Ֆրանսիայի ու կաթոլիկության հետ Շոտլանդիայի դաշնակցության նշան[20]։

1541 թվականի հուլիսին իռլանդական առաջնորդների հետ բանակցությունների արդյունքում Ջեյմսն ստացել է «Իռլանդիայի լորդ» տիտղոսը, որը մարտահրավեր էր Անգլիայի թագավոր Հենրի VIII-ին․ 1542 թվականի մի փաստաթղթով վերջինս հռչակվել է Իռլանդիայի թագավոր[21]։

Ամուսնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

25 տարեկան Ջեյմսի դիմանկարը, հեղինակ՝ Կոռնել դե Լիոն

1517 թվականի Ռուանի համաձայնագրում ասվում էր, որ եթե Ֆրանսիայի ու Շոտլանդիայի միջև «Հին դաշինքը» պետք է պահպանվեր, ուրեմն Ջեյմսը պետք է ամուսնանար ֆրանսուհի արքայադուստեր հետ։ Սակայն Ֆրանսիայի թագավոր Ֆրենսիս I-ի դուստրերը կա՛մ վատառողջ էին, կա՛մ ուրիշին խոստացած[22]։ Ֆրենսիսին իր պարտականությունների մասին հիշեցնելու համար 1529 թվականի ամռանը Ջեյմսի պատվիրակները սկսել են ամուսնության բանակցություններ վարել այլուր՝ և՛ Ուրբինոյի դքսուհի Եկատերինա Մեդիչիի, և՛ Հունգարիայի թագուհի, Սուրբ Հռոմի կայսր Կառլոս V-ի քույր Մարի Ավստրիացու համար։ Բայց պլանները փոխվել են։ 1533 թվականի փետրվարին ֆրանսիացի դեսպաններ Գիյոմ դյու Բելլը և Էթյեն դե Լեյգը, որոնք եղել էին Շոտլանդիայում, ասել էին Լոնդոնում վենետիկյան դեսպանին, որ Ջեյմսը մտածում էր Քրիստինա Դանիացու հետ ամուսնանալու մասին[23]։ Ֆրենսիս I-ի քույրը՝ Մարգարիտ Նավառացին առաջարկել էր իր ամուսնու քրոջը՝ Իզաբելին, որը նույն տարիքին էր։

Ֆրենսիս I-ը պնդում էր, որ իր դուստր Մադլենի առողջությունը չափազանց թույլ է ամուսնանալու համար։ Ի վերջո 1536 թվականի մարտի 6-ին պայմանագիր է կնքվել, համաձայն որի Ջեյմս V-ն ամուսնանալու էր Վանդոմի դքսի դստեր՝ Մարի դե Բուրբոնի հետ։ Նա ստանալու էր ֆրանսիական արքայադստեր օժիտ։ Ջեյմսը որոշել է անձամբ այցելել Ֆրանսիա։ 1536 թվականի սեպտեմբերի 1-ին նա Արջիլի ու Ռոթեսի կոմսերի, Ֆլեմինգի լորդի, Դեյվիդ Բիթոնի ու 500 այլոց ուղեկցությամբ «Մարի Ուիլլուոբի» նավով ճանապարհվել է Կերկոլդիից[24]։ Նախ Սեն Կանտենում նա հանդիպել է Մարի դե Բուրբոնին, հետո մեկնել է հարավ՝ թագավորին հանդիպելու[25]։ 1536 թվականի հոկտեմբերին Ջեյմսը գնացել է վարազի որսի Ֆրենսիս I-ի, գահաժառանգի, Նավարայի թագավորի ու կարդինալ Իպպոլիտո II դ՛Էստեի հետ[26]։

Ջեյմսը թարմացրել է «Հին դաշինքն» ու 1517 թվականի Ռուանի համաձայնագիրը 1537 թվականի հունվարի 1-ին արքայադուստր Մադլենի հետ Փարիզի Աստվածամոր տաճարում ամուսնանալով։ Ամուսնությունը մեծ իրադարձություն էր․ Ֆրենսիս I-ը շքեղ ձևավորումների համար վարձել էր վեց նկարչի, Լուվրի ամրոցում տեղի էին ունենում նիզակամրցումներ[27]։ Փարիզ մտնելիս Ջեյմսը կրում էր «ամբողջովին ոսկեպատ թավշե հագուստ»[28]։ Քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաները նկատել էին, որ նա ֆրանսերեն ոչ մի բառ չի խոսում[29]։

Ջյմսն ու Մադլենը Ֆրանսիայից վերադարձել են 1537 թվականի մայիսի 19-ին․ թագավորի շոտլանդական նավատորմը համալրվել էր տասը մեծ ֆրանսիական նավերով[30]։ Երբ նավատորմը մայիսի 15-ին գտնվում էր Բամբուրգի մոտ, անգլիական երեք ձկնորսական նավեր նրանց ձուկ են առաջարկել, իսկ Նորթումբրիայում թագավորի մսավաճառը իջել է միս գնելու[31]։ Այս ակտիվությունը անգլիական սահմանի պաշտոնյաներին ահաբեկել էր[32]։

Մադլենը վատառողջ էր։ Իրականում նա հիվադությունից հյուծված էր ու Շոտլանդիա ժամանելուց հետո՝ 1537 թվականի հուլիսին մահացել է։ Ջեյմսը երկրորդ անգամ ամուսնացել է Մարի դե Գիզի՝ Գիզի դուքս Կլոդի դստեր ու Լոնգվիլլի դուքս Լուի II-ի այրու հետ 1538 թվականի ապրիլին։ Առաջին ամուսնությունից Մարին երկու որդի ուներ, երկրորդ ամուսնուց ևս երկու որդի է ունեցել, որոնք երկուսն էլ մահացել են 1541 թվականի ապրիլին՝ փոքրիկ Ռոբերտի մկրտությունից ութ օր անց։ Նրանց դուստրը և միակ օրինական ժառանգը՝ Մարին, ծնվել է Լինլիթգո պալատում 1542 թվականին։

Այլ հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձան Ստեռլինգ ամրոցում, որը պատկերում է Բալենգեյքի գյուղացուն

Ավանդության համաձայն Ջեյմսին անվանում էին «հասարակ ժողովրդի թագավոր», քանի որ նա սովորություն ուներ ճամփորդելու Շոտլանդիայով՝ ծպտված հասարակ գյուղացու նման, ինքն իրեն անվանելով «Բալենգեյքի գյուղացի»[33]։ Ջեյմսը նաև հմուտ լյուտնյա նվագող էր[34]։ 1562 թվականին սըր Թոմաս Վուդը հաղորդում էր, որ «Ջեյմսը յուրահատուկ լսողություն ուներ, բայց նրա ձայնը կոպիտ էր ու կոշտ»։ Ջեյմսի արքունիքում կար իտալացի երաժիշտների մի նվագախումբ, Դեյվիդ Փիբլզը նրա համար երաժշտություն էր գրում, և շոտլանդացի երաժշտահան Ռոբերտ Քարվերը նույնպես գտնվում էր արքունական ծառայության մեջ[35]։

Որպես բանաստեղծների ու գրողների հովանավոր՝ Ջեյմսն աջակցում էր Ուիլյամ Ստյուարտին ու իր դայակի որդուն՝ Ջոն Բալենդենին, որը թարգմանել էր 1527 թվականին Հեկտոր Բոիսի ստեղծած լատիներեն «Շոտլանդիայի պատմությունը»[36]։ Ջեյմսը գրավում էր նաև այլազգի գրողների ուշադրությունը, թեև ինքը նույնպես գրում էր․ նրա աշխատանքներից են՝ «Գաբերլունցին» ու «Զվարթ մուրացկանը»[37]։

Երբ Ջեյմսն ամուսնացել է Մարի դե Գիզի հետ, իտալացի գիտնական Ջիովաննի Ֆեռերիոն նրանց է նվիրել իր «Աստղագուշակների ունայնության դեմ գիսաստղերի իրական նշանակության վերաբերյալ» աշխատության նոր հրատարակությունը[38]։ Հենրի VIII-ի պես Ջեյմսն աշխատանքի է ընդունել բազմաթիվ օտարերկրացի վարպետների ու արհեստավորների, որպեսզի բարձրացնի իր արքունիքի հեղինակությունը[39]։ Փիթսքոթիցի Ռոբերտ Լինդսեյը թվարկել է նրանց մասնագիտությունները․

իր երկիրը համալրել է այլազգի տարբեր տեսակի արհեստավորներով, այդ թվում՝ ֆրանսիացիներ, իսպանացիներ, հոլանդացիներ, անգլիացիներ, որոնց մեջ կային գնդացրորդներ, շինարարներ, փորագրողներ, նկարիչներ, որմնադիրներ, դարբիններ, զինագործներ, գոբելենագործներ, դերձակներ, դեղագործներ ու բոլոր տեսակի արհեստավորներ, որոնք կզարդարեին իր պալատները[40]։

Տեխնոլոգիական նախաձեռնություն էր դրամահատարանի մոտ գործող զրահների փայլեցման համար նախատեսված հատուկ գործարանը[41]։ Մարի դե Գիզի մայրը՝ Անտուանետա դե Բուրբոնը, զինագործ էր ուղարկել, որը նիզակամրցույթի մասնակիցների համար պողպատե թիթեղիկներ էր պատրաստել, իսկ 1540 թվականի փետրվարին՝ ստեղծել զրահապատ զինահագուստ։ Նույն տարում իր կնոջ թագադրության առթիվ Ջեյմսն անձամբ զբաղվել է հրավառությամբ[42]։ Երբ Ջեյմսը քայլեր է ձեռնարկել Հենրի VIII-ի մասին զրպարտական բալլադների և ոտանավորների արգելման ուղղությամբ, վերջինս նրա մոտ է ուղարկել Ֆուլկ ափ Փաուելին շնորհակալություն հայտնելու և պայմանավորվածություն ձեռք բերելու էկզոտիկ կենդանիների Ջեյմսի գազանանոցին առյուծ նվիրելու համար[43]։

Պատերազմ Անգլիայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1541 թվականին Ջեյմսի մայրիկի մահը վերացրել է Անգլիայի հետ խաղաղություն պահպանելու ցանկացած դրդապատճառ, և պատերազմ է սկսվել։ Սկզբում շոտլանդացիները հաղթանակ են տարել Հադդոն Ռիգի ճակատամարտում 1542 թվականի օգոստոսին։ Հոկտեմբերի 2-ին Լոնդոնում կայսերական դեսպան Եվստաս Շապույը գրում էր, որ շոտլանդական դեսպանները կազմակերպել են Անգլիայում Ջեյմսի ու Հենրի VIII-ի միջև հաշտարար հանդիպումը, մինչև հղի Մարի դե Գիզը երեխա կունենար։ Հենրին այս պայմանը չի ընդունել ու բանակ է հավաքել Շոտլանդիայի դեմ[44]։

1542 թվականի հոկտեմբերի 31-ին Ջեյմսն իր բանակով Լոդեր քաղաքի մոտ էր։ Նա ցանկանում էր ներխուժել Անգլիա, սակայն նրա ազնվականները դժվարանում էինJ[45]։ Ջեյմս Էդինբուրգ է վերադարձել, ճանապարհին Ֆալահիլից կնոջը ֆրանսերեն նամակ գրել, որտեղ նշում էր, որ երեք օր հիվանդ է[46]։ Հաջորդ ամիս նրա բանակը լուրջ պարտություն է կրել Սոլվեյ Մոսսի ճակատամարտում։ Սրանից կարճ ժամանակ անց, դեկտեմբերի 6-ին, նա հիվանդացել է․ ըստ որոշ աղբյուրների՝ դա եղել է պարտության հետ կապված նյարդային ցնցում, և հնարավոր է, որ նա մահացած լինի վշտից, թեև որոշ պատմագիրներ կարծում են, որ դա կարող էր նաև սովորական տենդ լինել[47]։

Անկախ նրանից, թե որն էր հիվանդության պատճառը, Ջեյմսը մահվան մահճում էր, երբ ծնվել է նրա միակ օրինական զավակը՝ դուստրը։ Փիթենդրեյքցի Ջորջ Դուգլասը թագավորի մահվան բոթը հասցրել է Բերվիք։ Ըստ նրա՝ Ջեյմսը մահացել է դեկտեմբերի 15-ի հինգշաբթի օրը կեսգիշերին․ իր զառանցանքներում թագավորն ամենից շատ սգացել է Սոլվեյ Մոսսում իր դրոշի ու իր սիրելի Օլիվեր Սինքլերի գերեվարվելը[48]։ Ջեյմսը մահացել է Ֆոլկլենդ պալատում, բայց հուղարկավորվել Էդինբուրգի Հոլիրուդ վանքում իր առաջին կնոջ՝ Մադլենի մոտ[49]։

Ասում են, որ մահից առաջ նա ասել է․ «սկսվել է կնոջով, կավարտվի կնոջով»։ Այս խոսքերը վերաբերում էին կա՛մ Ռոբերտ Բրյուսի դուստր Մարջորի Բրյուսի միջոցով Ստյուարտների դինաստիայի գահ բարձրանալուն, կա՛մ շոտլանդական ազգի ծագման մասին միջնադարյան առասպելին, համաձայն որի՝ շոտլանդացիներն առաջացել են արքայադուստր Սկոտայից։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմսի հաջորդել է իր նորածին դուստր Մարին։ 1543 թվականի հունվարին նրան հուղարկավորել են Հոլիրուդ վանքում իր առաջին կնոջ ու երկու որդիների մոտ։ Դեյվիդ Լինդսեյն էր վերահսկում գերեզմանի կառուցումը, որն ավերվել է տասնվեցերորդ դարում Էդինբուրգի հրդեհի ընթացում[50]։ Առանի կոմսը որպես ռեգենտ կառավարում էր Շոտլանդիան ու այն շուտով ներքաշվել է «կոշտ սիրահետում» պատերազմի մեջ։

Զավակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս V-ի ու Մարի դե Գիզի դիմանկարը Ֆոկլենդի պալատում, անհայտ նկարիչ, մոտավորապես 1542 թվական

Մադլեն դե Վալուայից՝

զավակներ չի ունեցել

Մարի դե Գիզից՝

  • Ռոթսեյի դուքս Ջեյմս (22 մայիսի, 1540 թվական, սուրբ Էնդրյուս, Ֆայֆ – 21 ապրիլի, 1541 թվական)։
  • Արթուր[51] կամ Ռոբերտ, Ալբանիի դուքս (12 ապրիլի, 1541թվական, Ֆոկլենդ պալատ – 20 ապրիլի, 1541 թվական), թաղված է Էդինբուրգի Հոլիրուդ պալատում[52]։
  • Շոտլանդիայի թագուհի Մարի (8 դեկտեմբերի, 1542 թվական, Լինլիթգո պալատ – 8 փետրվարի, 1587 թվական․ զավակ է ունեցել)։

Բացի սրանք, Ջեյմս V-ն ունեցել է ինը ապօրինի զավակներ, որոնցից առնվազն երեքը ծնվել են նախքան նրա քսան տարեկանը լրանալը[53]։ Երիտասարդ թագավորին Անգուսն էր խրախուսում սիրային հարաբերություններ ունենալ, որպեսզի նրան հեռու պահի քաղաքականությունից[54]։ Բացի արիստոկրատական կապերից, Դեյվիդ Լինդսեյն իր բանաստեղծություններից մեկում նկարագրել է թագավորի ունեցած այլ հարաբերությունները[55]։

Արիստոկրատ սիրուհիներից ծնված նրա որդիները զբաղվել են եկեղեցական կարիերայով։ Հռոմի պապ Կլեմենտ VII-ը 1534 թվականի օգոստոսի 30-ին Ջեյմսին թողության նամակ է ուղարկել, որով թույլ էր տալիս նրա երեխաներից չորսին չափահաս դառնալուց հետո եկեղեցական կարգեր ստանալ։ Փաստաթղթում նշված էր, որ Ջեյմսի ավագ որդին հինգ տարեկան էր, կրտսերն ու Ջոնը՝ երեք տարեկան, իսկ Ռոբերտը՝ մեկ[56]։

  • Ադամ Ստյուարտ (մահացել է 1575 թվականի հունիսի 20-ին), Լենոքսի 3-րդ կոմս Ջոն Ստյուարտի դստեր՝ լեդի Էլիզաբեթ Ստյուարտի որդին[57], Կարտերհաուզի վանահայրը․ թաղված է Օրկնեյան կղզիների Կերկուոլ քաղաքի սուրբ Մագնուս եկեղեցում, գերեզմանաքարը կանգուն է[58]։
  • Ջեյմս Ստյուարտ, Քրիստին Բարքլեյի որդին։
  • Ջեյն Ստյուարտ (մահացել է 1588 թվականի հունվարի 7-ին), Էլիզաբեթ Բեթունի դուստրը։ Ամուսնացել է Արջիլի 5-րդ կոմս Արչիբալդ Քեմփբելլի հետ 1553 թվականին ու ամուսնալուծվել 1573 թվականին։
  • Ջեյմս Ստյուարտ (մոտավորապես 1529–57), Էլիզաբեթ Շոուի որդին, Քեսլոյի ու Մելռոսի վանահայր։
  • Օրքնեյի 1-ին կոմս Ռոբերտ Ստյուարտ (ծնվ․ 1533), Յուֆիմիա Էլֆինստոնի որդին, Հոլիրուդ վանքի վանահայր։
  • Ջոն Ստյուարտ, Դարնլեյի լորդ ու Քոլդինգհեմի վանահայր (մոտավորոպես 1531 – նոյեմբեր, 1563), Էլիզաբեթ Քարմայքլի որդին (1514–1550)[59]։ Ամուսնացել է Ջեյն Հեփբուրնի հետ, որը Բոթվելի 4-րդ կոմս Ջեյմս Հեփբուրնի քույրն ու ժառանգորդն էր․ նրանց որդի Ֆրենսիս Ստյուարտը դարձել է Բոթվելի կոմս, ունեցել են նաև դուստր՝ Քրիստին Ստյուարտ։
  • Մորեյի 1-ին կոմս Ջեյմս Ստյուարտ, Մարգարեթ Էրսկինի՝ Ջեյմսի նախընտրած սիրուհու որդին։ Սուրբ Էնդրյուսի վանահայրն էր, իր խորթ քրոջ՝ Մարի Ստյուարտի խորհրդատուն ու մրցակիցը և իր զարմիկ Հակոբ Ա-ի խնամակալը։
  • Ռոբերտ Ստյուարտ Կրտսեր (մահացել է 1581), մայրն անհայտ է, Ուիթհորնի վանահայրը[60]։

Պատկերումներ գեղարվեստական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս V-ը պատկերվել է պատմավեպերում, բանաստեղծություններում ու կարճ պատմվածքներում, այդ թվում[61]՝

  • Սըր Վալտեր Սքոթի «Լճի օրիորդը» ռոմանտիկ արձակ բանստեղծությունը, որը հրատարակվել է 1810 թվականին և որի իրադարձությունները տեղի են ունենում Թրոսեքսում։ Ջեյմսը ծպտված է։ Բանաստեղծությունը հսկայական ազդեցություն է ունեցել տասնիններորդ դարում և ոգեշնչել Լեռնաշխարհի վերածնունդը։ Ջեյմսը պատկերված է նաև Սքոթի «Պապիկի պատմություններ» եռահատորյակում։
  • «Ջոնի Արմսթրոնգ» բալլադը, որը ներկայացնում է շոտլանդացի հարձակվող ու ազգային հերոս Ջոնի Արմսթրոնգին, որին 1530 թվականին Ջեյմս V-ը գերի է վերցրել ու կախել։
  • Ջոակինո Ռոսսինիի «Լճի օրիորդը» օպերան, որը հիմնված է Սքոթի բանաստեղծության վրա։ Իտալերեն օպերայում Ջեյմս V-ը ներկայացված է որպես «Ջիակոմո V»։
  • Գիբբոն, Չառլզ (1881), The Braes of Yarrow վեպը նկարագրում է Շոտլանդիան Ֆլոդդենի ճակատամարտից հետո՝ ընդգրկելով 1514 թվականի իրադարձությունները։ Մարգարիտ Թյուդորը, մանկահասակ թագավոր Ջեյմս V-ն ու Անգուսի 5-րդ կոմս Արչիբալդ Դուգլասը գլխավոր հերոսներ են[62]։
  • Ռոբերտ Բարրի «Լավ ասպետների արքայազնը» (1902)․ Ջեյմսը տիտղոսակիր արքայազն է ու գլխավոր հերոս, նկարագրված է որպես «արկածասեր անձ»[61]։
  • Ջոն Գաննի «Թռիչք Սամերդեյլում» վեպը․ նկարագրված են 16-րդ դարի Օրկնեյան կղզիները, Էդինբուրգը և Նորմանդիան։ Ջեյմս V-ը տարբեր գլուխներում «հայտնվում է ավելի քան մեկ անգամ»[61]։
  • Ջոն Նայփի «Լուսաբացին նախորդող ժամը» (1921) վեպը նկարագրում է իրադարձությունները Ջեյմս V-ի մահից «անմիջապես առաջ» և «անմիջապես հետո»։ Ջեյմս V-ը, Մարի դե Գիզն ու Դեյվիդ Բիթոնը գլխավոր հերոսներն են[61]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Kindred Britain
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Lundy D. R. The Peerage
  4. Mackay, Æneas (1892). «James V of Scots» . In Lee, Sidney (ed.). Dictionary of National Biography. Vol. 29. London: Smith, Elder & Co. էջեր 153–161.
  5. Accounts of the Lord High Treasurer of Scotland, vol. 5, 130, extra locks bought.
  6. Historic Manuscripts Commission, Earl of Mar & Kellie at Alloa House, (1904), 11–2, Ordinance for keeping James V, 3 August 1522.
  7. Kemp, David. «The Pleasures and Treasures of Britain: A Discerning Traveller's Companion». Dundurn 1992. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին. «Sir David Lyndsay..was at the University (of St Andrews) and was....involved in the education of James V...many of his poems contain advice for the young king...»
  8. A. Thomas, Princelie Majestie, (Edinburgh 2005), pp. 32–33: Register of the Privy Seal of Scotland, vol. 1, (Edinburgh 1908), pp. 492–4, nos. 3267–3282
  9. State Papers Henry VIII, vol. 4 part 4 (1836), 209, Magnus & Radclyff to Wolsey, 2 Nov. 1524: cf. Letters & Papers Henry VIII, vol.4 (1875) no.830: 15 Nov. 1524: Ellis, Henry, ed., Original Letters Illustrative of English History, 1st Series, vol. 1 (1825), 251–252.
  10. Thomas, Andrea, Princelie Majestie, John Donald (2005), 12–15, 36: Murray, Atholl, 'Pursemaster's Accounts', Miscellany of the Scottish History Society, vol. 10, (1965), 13–51.
  11. Dunbar, John G., Scottish Royal Palaces, Tuckwell (1999).
  12. Historic Manuscripts Commission, Earl of Mar & Kellie at Alloa House, (1904), 15, Will 12 June 1540: Cameron, Jamie, James V, Tuckwell (1998), 245–248.
  13. Clifford, Arthur ed., Sadler State Papers, vol. 1 (1809), 30.
  14. Amongst references to the royal sheep, after James's death 600 were given to James Douglass of Drumlanrig), HMC 15th report and appendix, part viii, Duke of Buccleuch, (1897), 17, 6 January 1543.
  15. Cameron, Jamie, James V, Tuckwell (1998), 260.
  16. Accounts of the Lord High Treasurer of Scotland, vol.6 (1905), p.236.
  17. Hay, Denys, ed., Letters of James V, HMSO (1954), 328:Reid, John J., 'The Scottish Regalia', PSAS, 9 December (1889) Արխիվացված 2007-06-11 Wayback Machine, 28: this sword is lost.
  18. Accounts of the Lord High Treasurer of Scotland, vol. 7 (1907), 18.
  19. Steuart, A. Francis, ed., Memoirs of Sir James Melville of Halhill, Routledge (1929), 14–17.
  20. Campbell, Thomas P., Henry VIII and the Art of Majesty, Tapestries at the Tudor Court, Yale (2007), 261:
  21. Thomas D'Arcy McGee (1862), A Popular History of Ireland: from the Earliest Period to the Emancipation of the Catholics, Book VII, Chapter III.
  22. Hay, Denys, Letters of James V, HMSO (1954), 51–52.
  23. Calendar of State Papers Venice, vol. 4 (1871), no.861.
  24. State Papers Henry VIII, vol.5 part 4 cont. (1836), pp.59–60.
  25. Cameron, Jamie, James V, Tuckwell (1998), 131.
  26. Hollingsworth, Mary, The Cardinal's Hat, Profile Books, (2004), 117.
  27. Leproux, Guy-Michel, La peinture à Paris sous le règne de François Ier, Sorbonne (2001), 26.
  28. Robertson, Joseph, Inventaires de la Royne d'Ecosse, Bannatyne Club, (1863), xii–xiii, note citing Thomson, Collection of Royal Inventories, (1815), 80–1.
  29. Teulet, Piéces et documents inédits relatifs a l'histoire d'Ècosse, Bannatyne Club (1852), 122–5.
  30. State Papers Henry VIII, vol. 5 part 4 cont., (1836), 79, Clifford to Henry VIII.
  31. Accounts of the Lord High Treasurer, vol. 7 (1907), 24.
  32. Letters & Papers Henry VIII, vol. 12 part 1 (1890), nos. 1237–8, 1256, 1286, 1307.
  33. Black, Picturesque Tourist of Scotland, էջեր 180–1.
  34. "The Court of Mary, Queen of Scots". BBC Radio 3. 28 February 2010.
  35. Thomas, Andrea, Princelie Majestie, John Donald (1998), 105–7.
  36. Van Heijnsbergen, Theo, 'Literature in Queen Mary's Edinburgh: the Bannatyne Manuscript', in The Renaissance in Scotland, Brill (1994), p.191-6, (Bellenden family; John's mother was Mariota Douglas, the king's nurse)
  37. George, Eyre-Todd (1892). Scottish Poetry of the Sixteenth Century. Glasgow: W. Hodge and Co. էջեր 139...182.
  38. Ferrerio, Giovanni, De vera cometae significatione contra astrologorum omnium vanitatem. Libellus, nuper natus et aeditus, Paris , Vascovan, (1538).
  39. Thomas, Andrea, Princelie Majestie, the court of James V, John Donald, (2005), 226–243.
  40. Lindsay of Pitscottie, Robert, The History of Scotland, Edinburgh, (1778), 238: abbreviated in Lindsay of Pitscottie, vol. 2, (1814), 359.
  41. Accounts of the Masters of Work, vol. 1, HMSO (1957), 101–102, 242 290: Thomas Andrea, Princelie Majestie, John Donald (2005), 173.
  42. Accounts of the Lord High Treasurer of Scotland, vol. 7 (1907), 95, 287 (taslet), 357 fireworks: Marguerite Wood, Balcarres Papers, vol. 1, SHS (1923), 18, 20.
  43. Letters & Papers Henry VIII, vol. 14 part 1, (1894), xix, no. 406: vol. 14 part 2, (1895), no. 781.
  44. Calendar State Papers Spanish, 1542–1543, vol.6 part 2, London (1895), p.144, no.66.
  45. State Papers Henry VIII, vol.5 part 4 part 2, (1836), 213: Laing, David, ed., The Works of John Knox, vol. 1, (1846) pp.389–391
  46. Strickland, Agnes, Lives of the queens of Scotland and English princesses, vol. 1, Blackwood (1850), 402 part translated only; now preserved as National Archives of Scotland SP13/27.
  47. Knox, John, «from History of the Reformation, book 2,». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 29-ին.
  48. Bain, JS., ed., The Hamilton Papers, vol. 1, Edinburgh, (1890) 336–339.
  49. Collection of Epitaphs and Monumental Inscriptions: Chiefly in Scotland
  50. Accounts of the Lord High Treasurer of Scotland, vol. 8 (1908) 142–143: Works of Drummond of Hawthornden: History of the Five Jameses, (Edinburgh 1711), p. 116
  51. The Scots Peerage, vol. I, p. 155.
  52. Weir, Alison (1996) Britain's Royal Families: The Complete Genealogy. London: Random House. 0-7126-7448-9, page 242
  53. The Peerage — James V
  54. Thomas, Andrea, 'Women at the Court of James V' in Ewan & Meikle ed., Women in Scotland, c.1100-c.1750, Tuckwell (1999), 86 citing the chronicles of George Buchanan, Robert Lindsay of Pitscottie, and David Lindsay's Complaynt of Scotland.
  55. Williams, Janet Hadley ed., Sir David Lyndsay, Selected Poems, Glasgow (2000), 98–100, 257–9.
  56. HMC: 6th Report & Appendix, (1877), p.670
  57. Dictionary of National Biography. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  58. Clouston, J Storer (1919). «Some further early Orkney armorials» (PDF). PSAS. UK: AHDS. էջ 186..
  59. Lee, Sidney, ed. (1898). «Stewart, John (1531-1563)». Dictionary of National Biography. Vol. 54. London: Smith, Elder & Co. : James Somerville, Memorie of the Somervilles, vol.1 (1815), pp.385–9, has 'Katherine' Carmichael.
  60. Register of the Privy Seal, vol. 8 (1982), 485, no. 2742.
  61. 61,0 61,1 61,2 61,3 Nield (1968), p. 70
  62. Nield (1968), p. 67

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիիքպահեստ