Լյուտնյա (իտալ.՝ liuto, արաբ․՝ al ud), լարային կսմիթային երաժշտական գործիք։ Ունի արևելյան ծագում (Հնդկաստան, Իրան, Միջին Ասիա), հայկական ուդի նախատիպը։ Ունի ուռուցիկ, ձվաձև իրան, կարճ, լայն վզիկ, ետ թեքված գլխիկ և 6—16 լար (երբեմն մինչև 24)։ Եղել են տարբեր լարվածքի, ըստ որում լարվածքը փոփոխվել է նաև ըստ կատարվող ստեղծագործության։ Մուտք է գործել Իսպանիա, որտեղից էլ հետագայում տարածվել եվրոպական երկրներում, ուր լյուտնյա նվագելու արվեստն իր գագաթնակետին հասավ XV-XVII դարերում։ XVIII դարի 2-րդ կեսից փոխարինվել է կիթառով։ Արդիական եվրոպական լյուտնյան ունի 6 միակի լար և լարվում է վեցլարանի կիթառի նման[1]։
15-16-րդ դարերում իսպանացի, կատալոնացի և պորտուգալացի բազմաթիվ կատարողներ լյուտնյայի հետ միաժամանակ կիրառում էին վիուելա (գործիք, որն իր ձևով և լարվածքով նման է լյուտնյային)։ Արաբական երկրներում, լյուտնյան համարվում էր թագավորական երաժշտական գործիք, շնորհիվ մեղմ հնչողության՝ լյուտնյան շատ կրոններում ուներ սիմվոլիկ նշանակություն։ Բուդդայականության մեջ նվագը երաժշտական այս գործիքի վրա հանգստության և մարդկանց ու աստվածների աշխարհում ներդաշնակության գրավականն էր, իսկ քրիստոնեության մեջ լյուտնյան արտացոլում էր երկնային գեղեցկությունն ու բնության ուժերի նկատմամբ հսկողությունը[2]։
Իր գոյության պատմության ողջ ընթացքում լյուտնյայի կառուցվածքը տարբեր փոփոխությունների է ենթարկվել։ Վարպետները փորձեր էին կիրառում կորպուսի ձևի, լարվածքի, լարերի քանակի, չափի և այլնի վրա։ Այդ պատճառով էլ ձևավորվեցին առանձին լարային բազմաթիվ գործիքներ, որոնց նախատիպը համարվում է լյուտնյան.
Սիտար (Հնդկաստան) - այս գործիքն առանձնանում է լարերի մեծ քանակով, որոնցից միայն 7-ն են հիմնական։
Կոբզա (Ուկրաինա) - ունի առավել կլոր կորպուս ու կարճ գրիֆ, ունի միայն 8 լադ[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 647)։