Սկոտա
Սկոտա կամ Սկոտիա, անուն, որով կոչվել են եգիպտական երկու տարբեր փարավոնների դուստրերը իռլանդական ու շոտլանդական դիցաբանության ու պսևդոպատմության մեջ[1]։ Չնայած լեգենդները տարբեր են, դրանք բոլորը պնդում են, որ ոմն Սկոտա է եղել շոտլանդացիների նախնին․ շոտլանդացիներն իրենց ծագումը կապում են Արգայլում ու Քալեդոնիայում բնակվող «սքոթներ» կոչվող իռլանդացի նվաճողների հետ, և այդ տարածքները հետագայում իրենց հիմնադրի անունով կոչվել են Շոտլանդիա։
Վաղ հիշատակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոտլանդացի պատմաբան Էդուարդ Քոուանը գրականության մեջ Սկոտայի մասին առաջին հիշատակումը վերագրում է 12-րդ դարին[2]։ Սկոտան հանդիպում է իռլանդական տարեգրության «Լեյնստերյան գրքում»[3], սակայն 11-րդ դարի «Բրիտոնների պատմություն» (լատին․՝ Historia Brittonum) գրքում զետեղված մի տեքստ Սկոտայի մասին ավելի վաղ հիշատակում է պարունակում[4]։ 12-րդ դարի աղբյուրների համաձայն՝ Սկոտան եգիպտացի փարավոնի դուստր էր, Մովսես մարգարեի ժամանակակիցը, որն ամուսնացել է շոտլանդացիների ու գալլերի նախապապ Գայթելոսի հետ, վերջինիս Եգիպտոսից արտաքսվելուց հետո[5]։ Ամենավաղ շոտլանդական աղբյուրները տեղեկացնում են, որ Գայթելոսը Հունաստանի, Նեոլուսի ու Հեոլաուսի թագավորն էր, իսկ ըստ Lebor Gabála Érenn -ի՝ նա սկյութ էր։ Lebor Gabála Érenn -ի այլ ձեռագրերում նշված է մի լեգենդի մասին, որտեղ Միլ Իսպանացին է Սկոտայի ամուսինը և նրան կապում է Պիրենեյան թերակղզու հետ[6]։
Lebor Gabála Érenn -ի մեկ այլ առասպելում նշվում է, որ կար ևս մեկ Սկոտա։ Նա Սինգրիս անունով եգիպտացի փարավոնի դուստրն էր, որի անունը նշվում է միայն իռլանդական լեգենդում։ Սկոտան ամուսնացել է Ֆենիուս Ֆարսայդի որդի Նիուլի հետ․ վերջինս բաբելոնացի էր, որը Բաբելոնի աշտարակի փլուզումից հետո ճանապարհվել էր դեպի Սկյութիա։ Նա լեզուների գիտակ էր, ու փարավոնը նրան Եգիպտոս է հրավիրել Սկոտայի հետ ամուսնանալու։ Սկոտան ու Նիուլը Գոյդել Գլաս անունով որդի են ունեցել, որը գալլերի անվանակիր նախնին էր ու այն ժամանակ գոյություն ունեցած 72 լեզուների լավագույն հատկանիշները համադրելով ստեղծել էր գելական լեզուն։
Սկոտա և Սկունի քար
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարյան շոտլանդացի փաստաբան Բալդրեդ Բիսսետը համարվում է առաջինը, որը 1301 թվականի իր Processus աշխատության մեջ Սկունի քարը կապում էր Սկոտայի լեգենդների հետ, առաջ քաշելով այն տեսակետը, թե Շոտլանդիան, այլ ոչ թե Իռլանդիան է եղել Սկոտայի առաջին հայրենիքը[7]։
Բիսսետը ցանկանում էր օրինականացնել շոտլանդացիների գահակալության իրավունքն ի հակադրություն անգլիացիների, երբ 1286 թվականին մահացել էր Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր III-ը։ 1249 թվականին իր թագադրության ժամանակ Ալեքսանդրը լսել էր իր իսկ թագավորական ծագումնաբանությունը, որը սկիզբ էր առնում Սկոտայից։ Բիսսետը փորձում էր օրինականացնել շոտլանդական գահակալությունը՝ ընդգծելով Սկոտայի կարևորությունը, քանի որ նա էր Եգիպտոսից տեղափոխել Սկունի քարը, երբ Մովսես մարգարեն մեկնում էր Շոտլանդիա։ 1296 թվականին Անգլիայի թագավոր Էդուարդ I-ը տիրացել է քարին ու այն տեղափոխել Վեստմինստերյան աբբայություն։ 1323 թվականին Ռոբերտ Բրյուսն օգտագործել է Սկոտային Սկունի քարի հետ կապող Բիսսետի լեգենդը՝ փորձելով քարը վերադարձնել Շոտլանդիայի Սկուն վանքին[8]։
15-րդ դարի անգլիացի պատմագիր Ջոն Հարդինգը հետագայում փորձել է արժեզրկել Բիսսետի պնդումները[9]։
Հետագա աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնդրյու Ուինթոնի Orygynale Cronykil of Scotland և Ջոն Ֆորդունցու Chronica Gentis Scotorum (1385) աշխատությունները, ինչպես նաև Թոմաս Գրեյի Scalacronica -ն (1362) շոտլանդական լեգենդների աղբյուրներ են։ Հեկտոր Բոիսի 16-րդ դարի «Շոտլանդական ազգի պատմություն» (լատին․՝ Historia Gentis Scotorum) գիրքը նույնպես նշում է Սկոտայից սերելու առասպելի մասին։ Վալտեր Բոուերի 15-րդ դարի Scotichronicon-ում ներկայացված են լեգենդների առաջին պատկերազարդումները։
Սկոտայի գերեզման
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկոտիայի գերեզմանը ենթադրաբար գտնվում է Իռլանդիայի Թրալի քաղաքից հարավ գտնվող հովտում։ Այս տարածքը հայտնի է որպես «Փոքրիկ ծաղկի հովիտ» (Foley's Glen)։ Ճանապարհից դուրս եկող մի արահետ տանում է դեպի մի բացատ, որտեղ մեծ քարերից կազմված շրջանը մատնանշում է գերեզմանի տեղը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lebor Gabála Érenn [1]
- Geoffrey Keating, Forus Feasa ar Éirinn [2]
- Seumas MacManus, The Story of the Irish Race (February 1970 The Devin-Adair Company New York)
- Seumas MacManus, The Story of the Irish Race (1990 edition printed by Wings Books)
- Michael O'Clery, Annals of the Kingdom of Ireland (1616–1636 Donegal)
- Benedict Fitzpatrick's (1901–1963) "Ireland and the Foundations of Europe"
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սկոտիայի գերեզման
- Սկոտիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lennon, Joseph (2008). Irish Orientalism: A Literary and Intellectual History (անգլերեն). Syracuse University Press. էջ 5-57. ISBN 9780815631644. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Myth and Identity in Early Medieval Scotland, EJ Cowan, Scottish Historical Review lxiii, No. 176 (Oct. 1984) pp.111–35.
- ↑ «Lebor Gabála Érenn».
- ↑ The Irish identity of the kingdom of the Scots in the 12th and 13th centuries, Dauvit Broun, Boydell & Brewer Ltd, 1999, p. 78.
- ↑ W. Matthews, "The Egyptians in Scotland: the Political History of a Myth", Viator 1 (1970), pp.289–306.
- ↑ A dictionary of Celtic mythology, James MacKillop, Oxford University Press, 2004, p. 330.
- ↑ The Irish identity of the kingdom of the Scots in the 12th and 13th centuries, Dauvit Broun, Boydell & Brewer Ltd, 1999, p. 120.
- ↑ Reading the medieval in early modern England, Gordon McMullan, David Matthews, Cambridge University Press, 2007, p. 109.
- ↑ Glastonbury Abbey and the Arthurian tradition, James P. Carley, Boydell & Brewer, 2001, p. 275 ff.