Եկատերինա Արագոնացի
Եկատերինա Արագոնացի անգլ.՝ Catherine of Aragon | |||
![]() | |||
Եկատերինա Արագոնացին` Հենրի VIII-ի առաջին կինը | |||
| |||
---|---|---|---|
հունիսի 11 1509 - մայիսի 23 1533 | |||
Հաջորդող | Աննա Բոլեյն | ||
Մասնագիտություն՝ | դիվանագետ, ազնվական և Կոնսորտ թագուհի | ||
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի և կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | 1485 դեկտեմբերի 16 | ||
Ծննդավայր | Ալկալա դե Էնարես, Իսպանիա | ||
Վախճանի օր | հունվարի 7, 1536 (տարիքը 50) | ||
Վախճանի վայր | Քիմբլթոն ամրոց, Քեմբրիջշիր, Անգլիա | ||
Թաղված | Peterborough Cathedral | ||
Դինաստիա | Թյուդորներ | ||
Քաղաքացիություն | Իսպանիա | ||
Ի ծնե անուն | իսպ.՝ Catalina de Aragón y Castilla | ||
Հայր | Ֆերդինանդ II Արագոնացի[1] | ||
Մայր | Իզաբելլա I[1] | ||
Ամուսին | Ուելսի արքայազն Արթուր[1] և Հենրի VIII[1] | ||
Զավակներ | Մարի Թյուրդոր | ||
Ինքնագիր | ![]() | ||
Եկատերինա Արագոնացին (իսպ.՝ Catalina de Aragón y Castilla; Catalina de Trastámara y Trastámara, անգլ.՝ Catherine of Aragon, գործածվում է նաև Katherine կամ Katharine; դեկտեմբերի 16 1485 - հունվարի 7 1536), Իսպանական պետության հիմնադիր Ֆերդինանդ II-ի և Իզաբելլա I-ի դուստրն է։ Նա եղել է Անգլիայի թագավոր Հենրի VIII-ի առաջին կինը և Մարիա Թյուդորի մայրը։ 24 տարվա ամուսնական կյանքի ընթացքում չունենալով արու զավակ Հենրի VIII-ը նրանից բաժանվեց։ Այս քայլը կոնֆլիկտ առաջացրեց Հենրի VIII-ի և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու միջև և դարձավ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետ խզման և Անգլիայում Ռեֆորմացիայի պատճառներից մեկը։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկատերինան ծնվել է 1485 թվականի դեկտեմբերի 16-ի գիշերը Մադրիդի մոտակայքում գտնվող Ալկալա դե Էնարես քաղաքում գտնվող Տոլեդոյի արքեպիսկոպոսի ամրոցում։ Նա կաթոլիկ թագավորների՝ Ֆերդինանդ Արագոնացու և Իզաբելլա Կաստիլացու կրտսեր երեխան էր, և իր անունը ստացել է ի պատիվ մեծ տատիկի՝ Լանքասթերի տոհմից Անգլիայի արքայադուստր Եկատերինայի՝ Հովհան Գոնտացու դստեր[2]։ Մոր կողմից երիտասարդ ինֆանտան հեռավոր ազգակցական կապ ուներ անգլիական միապետների ընտանիքի հետ և չորրորդ սերնդով իր ապագա սկեսրայրի՝ Հենրի VII-ի զարմիկն էր[Մ 1]:
Իր կյանքի առաջին տարիները Եկատերինան անցկացրել է քույրերի և մոր հետ. Իզաբելլան չի բաժանվել դուստրերից նույնիսկ 1491 թվականին Գրանադայի պաշարման ժամանակ։ Ինֆանտայի մանկությունը համընկել է Իսպանիայում Վերածննդի դարաշրջանի վերելքի շրջանի հետ, ինչը մեծապես ազդել է նրա կրթության և դաստիարակության որակի վրա։ Իզաբելլան անձամբ հետևել է, որ դուստրերի կրթության մակարդակը պակաս չլինի ժառանգորդ որդու՝ Խուան Աստուրիացու ստացածից[3]։ Եկատերինայի դաստիարակներից մեկը Ալեսանդրո Ջալդինին էր, ով իր եղբոր՝ Անտոնիոյի հետ միասին իր ժամանակի ամենահայտնի հումանիստներից մեկն էր[Մ 2]:
Ծրագիրը ներառում էր հերալդիկայի և ծագումնաբանության, պատմության, կանոնական և քաղաքացիական իրավունքի, դասական գրականության, գրականության և հին լեզուների, մասնավորապես՝ լատիներենի և հին հունարենի ուսումնասիրություն։ Հետագայում, արդեն լինելով միապետերի կողակիցներ, քույրերից յուրաքանչյուրը հիանալի կերպով խոսում էր լատիներեն այլ պետությունների բազմաթիվ դեսպանորդների հետ, իսկ Էրազմ Ռոտերդամցին և Խուան Լուիս Վիվեսը արտահայտվել են Եկատերինայի մասին՝ որպես չափազանց կրթված կնոջ[4]։ Բացի այդ, Եկատերինան, ինչպես նաև նրա քույրերը՝ Իզաբելլան, Խուանան և Մարիան, պարի և աշխարհիկ բարքերի դասեր են առել, սակայն չեն պահպանվել վկայություններ այն մասին, որ ինֆանտաներին երգ ու երաժշտական գործիքներ են դասավանդել[5]։ Մեծ ուշադրություն է դարձվել երեխաների կրոնական դաստիարակությանը, իսկ աղջիկներին նաև սովորեցրել են այդ դարաշրջանի համար բնորոշ կանացի զբաղմունքներ՝ տնային տնտեսություն, կար և ասեղնագործություն[4]։

Քանի որ ինֆանտաները պետք է հարազատանային Եվրոպայի ամենաազդեցիկ դինաստիաների հետ, նրանց ծնվելուց անմիջապես հետո յուրաքանչյուրի համար ընտրվեցին համապատասխան թեկնածուներ։ Իզաբելլան պետք է մեկներ Պորտուգալիա, Խուանան նախատեսված էր որպես Բուրգունդիայի դուքս Ֆիլիպի կին, իսկ Եկատերինան երեք տարեկանից նշանված էր Ուելսի արքայազն Արթուրի հետ, ով անգլիական գահի ժառանգն էր։
Անգլիայում, որտեղ վերջերս մոլեգնել էր Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը, որը զգալի հարված էր հասցրել երկրի հեղինակությանը, գահ էր բարձրացել Հենրի VII Թյուդորը։ Նա ամուսնացած էր Էլիզաբեթի Յորքի՝ Յորքի՝ Պլանտագենետների կրտսեր ճյուղի, դինաստիայի թագավոր Էդուարդ IV-ի դստեր հետ։ Ինքը՝ Հենրին, Հովհան Գոնտացու հետնորդն էր, բայց նրա տոհմը կողմնակի ճյուղ էր. նա՝ Ջոն Բոֆորթի (Գոնտացու որդու և սրա սիրուհի Քեթրին Սվինֆորդից ծնված) ծոռն էր։ Եվ չնայած իր կնոջ՝ Կոնստանցա Կաստիլիացու մահից հետո Գոնտացին ամուսնացավ Քեթրինի հետ, և նրանց երեխաները ստացան օրինական կարգավիճակ, նրանք զրկված էին Անգլիայի թագը պահանջելու իրավունքից[Մ 3]: Այս հանգամանքի պատճառով Թյուդորների գահ բարձրանալու օրինականությունը կասկածի տակ էր դրվում և ոչ բոլոր եվրոպական թագավորական տների կողմից էր ճանաչվում։
Թագավորի ավագ որդու ամուսնությունը իսպանացի ինֆանտայի հետ, որը հզոր Տրաստամարա դինաստիայի ներկայացուցիչն էր, ամրապնդեց Թյուդորների՝ գահի հանդեպ պահանջների կայունությունն ու օրինականությունը և վերականգնեց Անգլիայի խարխլված դիրքերը։ Իսպանիայի համար այս ամուսնությունը շահավետ համագործակցություն էր դարավոր մրցակցի՝ Ֆրանսիայի դեմ պայքարում[7]։
Օժիտի չափի վերաբերյալ երկարատև բանակցություններն ավարտելուց հետո[Մ 4], 1499 թվականի մայիսի 19-ին Անգլիայում տեղի ունեցավ լիազորագրով ամուսնության արարողությունը։ Պայմանավորվածություն կայացավ, որ Եկատերինան տասնհինգ տարեկան դառնալուն պես կմեկնի Անգլիա։ Մինչ նրա տեղափոխությունը պետք է լուծվեր ևս մեկ խնդիր՝ լեզվական խոչընդոտի հաղթահարումը։ Բացի մայրենի իսպաներենից, ինֆանտան տիրապետում էր լատիներենին, բայց չգիտեր ժամանակակից ոչ մի այլ օտար լեզու։ Նրա ապագա հարազատները՝ Էլիզաբեթ Յորքը և Մարգարետ Բոֆորթը, իսպանացի բանագնաց Ռոդրիգո դե Պուեբլայի միջոցով ցանկություն հայտնեցին, որ Եկատերինան սկսի ֆրանսերեն սովորել, ինչին նա շուտով ձեռնամուխ եղավ հարսի՝ Մարգարիտա Ավստիրացու օգնությամբ[8]։ Ինֆանտան փեսացուի հետ նամակագրությունը վարում էր լատիներենով[9]։
Առաջին տարիները Անգլիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնություն արքայազն Արթուրի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]
1501 թվականի օգոստոսի 17-ին հսկայական շքախմբի ուղեկցությամբ Եկատերինան նավարկեց Անգլիա, իսկ հոկտեմբերի 2-ին նրա նավերը հասան Պլիմուտի նավահանգիստ։ Արդեն երկրով մեկ իր առաջին ճանապարհորդության ժամանակ անգլիացիները ջերմորեն ողջունեցին իսպանացի ինֆանտային։ Լիցենցիատ Ալկարեսը նամակ է գրել Իզաբելլային՝
Նրան չէին կարող ավելի մեծ ուրախությամբ ընդունել, նույնիսկ եթե նա աշխարհի Փրկիչը լիներ։[11]
Մեկ ամիս անց՝ նոյեմբերի 4-ին, թագավորն ու արքայազն Արթուրը հանդիպեցին Եկատերինային Դոգմերսֆիլդում (Հեմփշիրի կոմսություն), իսկ նոյեմբերի 14-ին Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում տեղի ունեցավ պսակադրությունը։ Հարսնացուին դեպի խորան ուղեկցում էր փեսայի կրտսեր եղբայրը՝ տասնամյա Հենրի Թյուդորը, Յորքի դուքսը։
Հարսանիքից հետո նորապսակները մեկնել են Լադլոու ամրոց, որը գտնվում է Ուելսի սահմանին։ Նրանց ներկայությունն այնտեղ անհրաժեշտ էր, քանի որ Արթուրը կրում էր Ուելսի արքայազնի տիտղոսը և այդ տարածաշրջանում ներկայացնում էր թագավորական իշխանությունը։ Այնուհետև նրանք ապրել են ոչ հեռու գտնվող Լոջի ամրոցում[en]: Մի քանի ամիս անց երկուսն էլ հիվանդացան[Մ 6], և 1502 թվականի ապրիլի 2-ին արքայազն Արթուրը մահացավ։ Նրան հուղարկավորեցին Վուսթերում, իսկ Եկատերինան վերադարձավ Լոնդոն, ուր նրան տեղավորեցին Ստրենդի վրա գտնվող պալատում։ Այն ենթադրությունները, որ նա կարող էր հղի լինել, չեն հաստատվել, և թագավորի երկրորդ որդին՝ Հենրի Թյուդորը, հայտարարվել է որպես գահաժառանգ և Ուելսի նոր արքայազն[14]։
Այրիացած արքայադուստր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայազն Արթուրի մահվան լուրը Ֆերդինանդը և Իզաբելլան ստոիկորեն ընդունեցին, բայց շատ ավելի մեծ չափով նրանք շահագրգռված էին պահպանել Անգլիայի հետ դաշինքը, որն այնքան անհրաժեշտ էր Ֆրանսիայի դեմ պատերազմի համար։ Դաշնակցային և դիվանագիտական կապերը պահպանելու նպատակով Իսպանիայի միապետերը դեսպանություն ուղարկեցին Հենրի VII-ի մոտ դուքս Հերնան դ'էստրադայի գլխավորությամբ՝ նրան հրահանգավորելով ՝ ֆինանսական հարցերի շուրջ բանակցություններ վարելու և Եկատերինային արքայազն Հենրիի հետ նշանադրելու պլանների վերաբերյալ[15]։ Բանակցությունների առաջին փուլում դ'Էստրադան պետք է պաշտոնական պահանջ ներկայացներ՝ վերադարձնել օժիտի արդեն վճարված մասը և Եկատերինայի համար սահմանել այրու բաժնեմաս, ինչպես նաև կազմակերպել նրա վերադարձը Իսպանիա։ Կաթոլիկ թագավորները հույս ունեին, որ ավագ ժառանգին կորցնելուց հետո Հենրին, դժվար կացության մեջ գտնվելով, չի զլանա օգտվել Իսպանիայի հետ կորցրած կապերը վերականգնելու հնարավորությունիй[16]։
Անգլիական թագավորն իր հերթին կարծում էր, որ քանի որ օժիտի միայն կեսն է փոխանցվել, նա պարտավոր չէ կատարել ամուսնական պայմանագրի հետագա պայմանները՝ այրուն վճարելով լրիվ կամ նույնիսկ մասնակի բաժնեմաս[17]։ Միաժամանակ հարց էր առաջացել, թե արդյոք Եկատերինան ու Արթուրը իսկապես ամուսիններ են դարձել։ Եթե ամուսնության կայացման՝ կոնսումացիայի փաստը հաստատվեր, ֆինանսական հարցերի շուրջ համաձայնության գալը շատ ավելի հեշտ կլիներ։ Եկատերինայի քահանան՝ Ալեսանդրո Ջերալդինան, հայտնում էր, որ ամուսնությունը կատարվել է, բայց նրա դուենյա Էլվիրա Մանուելը հակառակն էր պնդում, և նրա ջանքերով Ջերալդինան շուտով վտարվեց Անգլիայից[18]։
Հենրի VII-ը, այդուհանդերձ, հապաղում էր որևէ որոշում կայացնել Եկատերինայի կարգավիճակի և ֆինանսների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, 1503 թվականի փետրվարի 11-ին մահացավ նրա կինը՝ Էլիզաբեթ Յորքը, և վախենալով դինաստիայի ճակատագրի համար (միակ կենդանի արու ժառանգը արքայազն Հենրին էր), նա մտադրվեց ամուսնանալ Եկատերինայի հետ։ Իրադարձությունների զարգացման այս տարբերակը ձեռնտու չէր Իզաբելլային. նման ամուսնությունը չէր բխում իսպանացիների շահերից։ Դառնալով Հենրիի նման հասուն ամուսնու կինը՝ երիտասարդ Եկատերինան չէր կարողանա ազդել նրա քաղաքականության վրա՝ ի շահ Իսպանիայի[19]։
Հենրին չէր պնդում, բայց չէր էլ պատրաստվում վերադարձնել Եկատերինայի օժիտի առաջին մասը՝ անկախ նրանից, թե ով կլինի նրա նոր ամուսինը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով Իսպանիայի հետ միության կարևորությունը, նա որոշեց իր որդուն ամուսնացնել աղջկա հետ, և 1503 թվականի հունիսի 23-ին ստորագրվեց նոր ամուսնական պայմանագիր, որով իսպանական կողմը պարտավորվեց վճարել 100 հազար դուկատի մնացած մասը, իսկ Եկատերինան, իր հերթին, հրաժարվեց ժառանգությունից, որը նրան տրվել էր որպես արքայազն Արթուրի այրի, այն հիմքով, որ նա ստանալու է համապատասխանը՝ ամուսնանալով արքայազն Հենրիի հետ, հենց որ լրանա վերջինիս տասնհինգ տարին՝ պայմանով, որ օժիտն ամբողջությամբ վճարվի [20]։ Այդուհանդերձ, անհրաժեշտ էր ամուսնության թույլտվություն ստանալ Հռոմի պապից, քանի որ, ըստ կանոնական իրավունքի, Հենրին և Եկատերինան համարվում էին մերձավոր ազգականներ[Մ 7]: Մինչ Եկատերինան Անգլիայում էր, նրան օրապահիկ նշանակեցին (ամսական 100 ֆունտ), ինչը ավելի քան տեղին էր, քանի որ նրա դրամական միջոցները մոտենում էին ավարտին, և ծառաներին աշխատավարձ վճարելու բան չէր մնացել[22]։ 1504 թվականի նոյեմբերին Հուլիոս II պապից Եկատերինայի և Հենրիի ամուսնության թույլտվությունը ստացվեց՝ չնայած այն հանգամանքին, որ աղջկա առաջին «միությունը» արքայազն Արթուրի հետ կարող էր «իրականացված լինել»[23]։
Բայց Իզաբելլայի մահը 1504 թվականի վերջին բացասական ազդեցություն ունեցավ անգլո-իսպանական միության վրա. դադարեցվեցին կարևոր առևտրային պայմանագրերը, իսկ արքայազն Հենրին, հոր դրդմամբ, 1505 թվականի հունիսի 27-ին պաշտոնապես բողոքարկեց Եկատերինայի հետ նշանադրությունը[24]։ Անգլիան մտադիր էր փոխել իր արտաքին քաղաքական կուրսը, և որդու ամուսնությունը Ֆերդինանդի դստեր հետ այլևս այնքան էլ նշանակալի չէր թագավորի համար։ Հենրին ձգտում էր դաշնակցել Նիդեռլանդների կառավարիչ Ֆիլիպի հետ, ով Իզաբելլայի մահից հետո հավակնում էր Կաստիլիայի ռեգենտի կոչմանը։ Իսպանական պետությունը փլուզման եզրին էր, քանի որ Կաստիլիայում՝ նրա ավելի ընդարձակ մասում, Ֆերդինանդ թագավորը համարվում էր միայն Իզաբելլա թագուհու ամուսինը, և վերջինիս մահից հետո Կաստիլիան իրավամբ պատկանում էր ոչ թե նրան, այլ նրա դստերը՝ Խուանային, Ֆիլիպի կնոջը, որն արդեն այդ ժամանակ հուզական անկայունության նշաններ էր ցույց տալիս[25]։ Ֆերդինանդը, զբաղված լինելով ներքաղաքական խնդիրների լուծմամբ, հետաձգում էր օժիտի վճարումը։ Անգլիական թագավորն, իր հերթին, որևէ գործողություն չէր ձեռնարկեում հարսանիքի ուղղությամբ և, ի լրումն, դադարել էր ապրուստավճար հատկացնել Եկատերինային։
Սպասելով, որ պարզվի դստեր ամուսնության հարցը, 1507 թվականին Ֆերդինանդը նրան ուղարկեց 2 հազար դուկատ և հավատարմագրեր՝ Եկատերինային օժտելով անգլիական արքունիքում դեսպանի լիազորություններով[26]։ Այժմ, դառնալով եվրոպական պատմության մեջ առաջին կին դեսպանը[27], նա կարող էր ինքնուրույն պաշտպանել իր շահերը և վերահսկել իրավիճակը։ 1508 թվականի սկզբին Իսպանիայից դոն Գուտիերե Գոմես դե Ֆուենսալիդան եկավ նրան օգնելու։ Նրանց համատեղ առաքելությունն էր ոչ միայն հասնել Եկատերինայի և Ուելսի արքայազնի ամուսնության վերջնական որոշմանը, այլև վերականգնել Հենրիի և Ֆերդինանդի նախկին վստահելի հարաբերությունները[28]։ Բայց Ֆուենսալիդայի տաքարյուն տրամադրվածությունը և նրա չափազանց շիտակությունը գրեթե վերսկսված բանակցությունները բերեցին լիակատար ձախողման։ Վերջապես, 1509 թվականի ապրիլին, Հենրի VII-ի մահից անմիջապես առաջ (նա մահացավ ապրիլի 21-ին), Ֆերդինանդը հայտնեց, որ պատրաստ է վճարել Եկատերինայի օժիտի մնացած մասը[29]։
Անգլիայի, Իսպանիայի և Սրբազան Հռոմեական Կայսրության միջև միության հետագա ամրապնդման և Ֆրանսիայի դեմ համատեղ առճակատման համար նոր թագավոր Հենրի VIII-ը որոշեց ամուսնանալ իր եղբոր այրու հետ։ Ինչպես նա հետագայում խոստովանել է՝ մահացող հայրը նրան ստիպել է ամուսնանալ Եկատերինայի հետ, և նա չի համարձակվել չհնազանդվել[30]։
Ամուսնություն Հենրի VIII-ի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին տարիները և ժառանգի հարցը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրին և Եկատերինան ամուսնացան Գրինվիչի մատուռում, իսկ հանդիսավոր թագադրումը տեղի ունեցավ Վեստմինստերյան աբբայությունում հունիսի 24-ին։ 1509 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցավ հանդիսավոր թագադրությունը։
Ամուսնության առաջին հինգ տարիներին Եկատերինան շարունակեց կատարել Իսպանիայի դեսպանի պարտականությունները՝ ամբողջությամբ կիսելով իր հոր շահերը։ Նրա նրբանկատ, բայց շատ շոշափելի ազդեցության տակ Անգլիայի արտաքին քաղաքականությունը հավատարիմ մնաց իսպանական ուղղությանը և ուղղված էր Ֆրանսիայի դեմ, որն այդ ժամանակ դարձել էր Եվրոպական առաջատար տերություն։ Նրա հզորությունն այնքան մեծ էր, որ այլ երկրներ ստիպված էին միավորել ուժերը՝ կասեցնելու նրա առաջխաղացումը դեպի Իտալիա, ինչը հանգեցրեց մայրցամաքում մի շարք հակամարտությունների, որոնք հայտնի են որպես Իտալական պատերազմներ[32]։
Չնայած բուռն քաղաքական գործունեությանը, նրա հիմնական նպատակը ժառանգ ունենալն էր։ Թագուհու առաջին հղիության մասին հայտարարվեց 1509 թվականի նոյեմբերին[33]։ Սակայն, 1510 թվականի հունվարի 31-ին տեղի ունեցած ծննդաբերությունը վաղաժամ էր և ավարտվեց մահացած աղջկա ծնունդով։ Տեղի ունեցածի մասին գիտեին միայն մի քանի հոգի, այդ թվում՝ թագավորը, Եկատերինայի շքախմբից երկու իսպանացի տիկնայք, նրա բժիշկն ու խոստովանահայրը։ Այնուամենայնիվ, թագուհու որովայնը չվերադարձավ նախկին չափին, ինչը, հավանաբար, վարակի հետևանք էր, բայց նրա բժիշկը եզրակացրեց, որ նա դեռ հղի է մեկ այլ երեխայով[34]։ Մարտին Եկատերինան առանձնացավ ծննդաբերության համար հատուկ հատկացված սենյակում, որտեղ մնաց մինչև մայիսի վերջ, բայց երկար սպասված իրադարձությունը տեղի չունեցավ։ Շուտով նա ստիպված էր խոստովանել, որ հղիությունը կեղծ է եղել[35]։
Այնուամենայնիվ, արդեն 1510 թվականի կեսերին նա նորից հղիացավ, և 1511 թվականի առաջին օրը ծնեց առողջ տղա, որին մականունով կոչում էին «ամանորյա»։ Երեխային անվանակոչել են Հենրի՝ ի պատիվ իր հոր և շնորհել են Կոռնուոլի դուքսի կոչում։ Բայց երեխան մահացավ 1511 թվականի փետրվարի 22-ին՝ հազիվ ապրելով երկու ամիս։
Ռեգենտություն և պատերազմ Շոտլանդիայի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1513 թվականին Հենրին, Ֆերդինանդի հետ դաշնակցային պայմանավորվածության համաձայն, ռազմական արշավ սկսեց Ֆրանսիայի դեմ, Իսկ Եկատերինան Անգլիայում նրա բացակայության ժամանակ նշանակվեց ռեգենտ։ Միևնույն ժամանակ, օգտվելով թագավորի բացակայությունից, շոտլանդացի լորդերը Ջեյմս IV-ի գլխավորությամբ ներխուժեցին Անգլիայի տարածք։ Թագուհին անձամբ մշակեց պաշտպանական ծրագրի մեծ մասը, և 1513 թվականի սեպտեմբերի 9-ին շոտլանդացիները ջախջախվեցին Ֆլոդենի դաշտի ճակատամարտում, իսկ թագավոր Ջեյմսը սպանվեց։ Հպարտանալով իր հաղթանակով՝ Եկատերինան Հենրիին նամակ և նվեր՝ շոտլանդական թագավորի արյունոտ վերնաշապիկը, ուղարկեց[36]։ Նրանց ուրախությունը շուտով ստվերվեց տխուր իրադարձությամբ՝ թագուհին հերթական վիժումն ունեցավ։ Իրավիճակը կրկնվեց 1514 թվականի նոյեմբերին, երբ Եկատերինան մեկ այլ մահացած տղա ծնեց։
Միևնույն ժամանակ, նրա ազդեցությունը պետական գործերում սկսեց թուլանալ։ Եթե ամուսնությունից հետո առաջին տարիներին նա Հենրիի գլխավոր խորհրդականն էր և ամենավստահելի անձը, ապա այժմ թագավորն ավելի ու ավելի հաճախ էր դիմում Թոմաս Ուոլսիին, ով 1515 թվականին ստացավ լորդ-կանցլերի պաշտոնը[37] և, ի տարբերություն Եկատերինայի, ով արտաքին քաղաքականության մեջ աջակցում էր իսպանական կողմնորոշմանը ձգտում էր մերձենալ Ֆրանսիայի հետ[38]։

Դստեր ծնունդը. դինաստիական ճգնաժամ
[խմբագրել | խմբագրել կոդը]1516 թվականի հունվարի 23-ին մահացավ Եկատերինայի հայրը՝ Ֆերդինանդ Արագոնացին։ Այս լուրը թաքցնում էին թագուհուց՝ վախենալով նրա առողջության համար։ Մեկ ամիս անց՝ փետրվարի 18-ին, նա բարեհաջող ծննդաբերեց դստերը։ Աղջկան անվանակոչեցին Մարի՝ ի պատիվ Հենրիի կրտսեր քրոջ՝ Ֆրանսիայի թագուհի Մարիա Թյուդորի, և մի քանի օր անց մկրտեցին։ Ի տարբերություն Եկատերինայի նախորդ երեխաների, նա ապրեց վտանգավոր առաջին շաբաթները, և բավականին առողջ տեսք ուներ։
Հենրին հիասթափված էր ժառանգի բացակայությունից։ 1518 թվականին կազմակերպվեց արքայադուստր Մարիի և Ֆրանսիայի դոֆին Ֆրանցիսկի նշանադրությունը։ Ամուսնական պայմանագրի պայմաններից մեկն այն դրույթն էր, որ եթե թագավորը տղամարդ ժառանգներ չունենա, նրանից հետո թագուհի կդառնա դուստրը[39]։ Բայց Հենրիի համար Անգլիայի գահին ֆրանսիացի թագավորի, ինչպես նաև թագուհու (կին) գահ բարձրանալու հավանականության հեռանկարն անընդունելի էր։ Նման նախադեպ տեղի էր ունեցել միայն մեկ անգամ ՝ 1141 թվականին, երբ Մաթիլդան դարձել էր թագուհի, և նրա իշխանության գալը ուղեկցվել էր ավերիչ քաղաքացիական պատերազմով[40]։
Որդի ունենալու հույսը պահպանվում էր, քանի որ 1518 թվականին Եկատերինան կրկին հղի էր, բայց նոյեմբերի 10-ին ծնվեց մի աղջիկ, ով ընդամենը մի քանի ժամ ապրեց։ Սա թագուհու վերջին ծննդաբերությունն էր[41]։ Վենետիկի դեսպան Հուստինիանոսը իր զեկույցում նշել է՝
Այս թագավորությունում երբեք և ոչ մեկին այդքան շատ և այնքան անհամբեր չէին սպասում, որքան արքայազնի։ Եթե Նորին Մեծությունը ժառանգ թողներ իրենից հետո, պետությունն ավելի ապահով կլիներ. դա այստեղ պարզ է գրեթե բոլորի համար։ Իսկ հիմա իրավիճակը ճիշտ հակառակն է։ Թագավորությունում մտավախություն ունեն, որ ամուսնության միջոցով այն կարող է անցնել Ֆրանսիայի տիրապետության տակ[42]:
1516 թվականին Ֆերդինանդ Արագոնացու և 1519 թվականին Մաքսիմիլիան կայսեր մահից հետո Եվրոպայում քաղաքական իրավիճակը զգալիորեն փոխվեց։ Սկզբում Հենրին հակված էր շարունակել դաշնակցային հարաբերությունները Ֆրանսիայի հետ[43]։ Սակայն 1520 թվականին Ոսկե դիպակի դաշտում Ֆրանցիսկոս I-ի հետ հանդիպելիս լուրջ պայմանավորվածություններ ձեռք չբերվեցին, և Հենրին դաշինք կնքեց Սրբազան Հռոմեական կայսրության նոր կայսեր՝ Եկատերինայի եղբորորդու՝ Կառլոս V-ի հետ։ Մարիի նշանադրությունը ֆրանսիական դոֆինի հետ լուծարվեց. այսուհետ նա դարձավ Կառլոսի հարսնացուն, որի հետ ամուսնության պայմանագիրը կնքվեց 1522 թվականին, որի պայմանների համաձայն, անգլիական գահը անցնելու էր Մարիի և Կառլոսի ավագ որդուն, եթե Հենրին արու ժառանգ չունենա[44]։
Արքայական ամուսնալուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախադրյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած գահաժառանգության հետ կապված խնդրի նման փոխզիջումային լուծման, Հենրիին ոչ մի կերպ դա չբավարարեց։ Նա, անշուշտ, ցանկանում էր թագը փոխանցել իր որդուն, բայց ակնհայտ էր, որ Եկատերինան ի վիճակի չէ ժառանգ ծնել։ Իսկ 1526 թվականին Կառլոսը, չսպասելով Մարիի չափահասությանը, ամուսնացավ Իզաբելլա Պորտուգալացու հետ, և այս իրադարձությունը ստիպեց նորից վերադառնալ իրավահաջորդի հարցին[45]։
Արդեն 1525 թվականին Եկատերինայից ամուսնալուծվելու մտադրությունները ընդունեցին շատ կոնկրետ ուրվագծեր։ Այդ ժամանակ Հենրիի ուշադրությունն ամբողջությամբ կլանված էր պալատական ազնվական օրիորդ Աննա Բոլեյնով։ Սկզբում դրան ոչ ոք նշանակություն չէր տալիս. թագավորը նախկինում էլ անցողիկ հոբբիներ ունեցել էր։ Եկատերինայի հետ ամուսնությունից մեկ տարի անց նա կարճատև սիրավեպ էր ունեցել Բեքինգհեմի 3-րդ դուքս Էդվարդ Ստաֆորդի քույրերից մեկի հետ[46], իսկ 1514 թվականին ռոմանտիկ հարաբերություններ էին առաջացել պալատական ազնվական օրիորդ Էլիզաբեթ Բլաունտի հետ։ Վենետիկի դեսպանը Հռոմի պապին ուղղված նամակում գրել է՝
Ասում են, որ անգլիական թագավորը մտադիր է մերժել իր ներկայիս կնոջը... քանի որ այլևս ի վիճակի չէ նրանից երեխաներ ունենալ[47]:
Բեսսի Բլաունտի հետ կապը բավականին երկար տևեց, և 1519 թվականին նա թագավորին որդի ծնեց՝ Հենրի Ֆիցրոյին։ 1525 թվականին տղային շնորհվեց Ռիչմոնդի դուքսի տիտղոսը, բայց, այնուամենայնիվ, նա բաստարդ էր և չէր կարող հավակնել Անգլիայի գահին[48]։ 1520-ականների սկզբին Հենրին երկարատև հարաբերություններ ուներ Աննայի ավագ քրոջ՝ Մարիա Բոլեյնի հետ։ Շատերը հակված էին կարծելու, որ վերջինիս երեխաների՝ Քեթրինի և Հենրիի հայրը, թագավորն էր, բայց Հենրին երբեք պաշտոնապես չճանաչեց նրանց կամ պատիվների չարժանացրեց, ինչպես Ֆիցրոյի դեպքում էր։
Այս ընթացքում թագավորի կիրքը Աննա Բոլեյնի հանդեպ ամենևին չթուլացավ, իսկ Բեսսի Բլաունտի որդու ծնունդը նրա համար բավարար փաստարկ դարձավ հօգուտ այն բանի, որ նա չէ, որ մեղավոր է ժառանգի բացակայության համար[49]։ 1527 թվականին, փորձելով խուսափել շարունակական անորոշությունից և Վարդերի պատերազմին նմանվող հնարավոր քաոսից, Հենրին վերջնական որոշում կայացրեց հասնել Եկատերինայի հետ ամուսնության անվավեր ճանաչմանը։ Որպես դրա հիմնավոր պատճառ՝ նրա կողմից մեջբերվեց Ղևտացոց գրքի 20:21-ի ասացվածքը՝
Եվ եթէ մի մարդ իր եղբոր կինն առնէ, դա պղծութիւն է. նա իր եղբոր մերկութիւնն է բանում. անզավակ պիտի լինեն[50]։
Այն փաստը, որ թագուհին մահացած երեխաներ էր ծնում, նրա համար անկասկած Աստծո նշան էր և ապացույց, որ իրենց ամուսնությունը անիծված է։ Ամուսնության անօրինականության վերաբերյալ իր նկատառումները թագավորը կիսել է Թոմաս Ուոլսիի հետ և հանձնարարել է անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստել Հռոմի պապին ամուսնալուծության խնդրագրով դիմելու համար[51]։
Թագավորի մեծ գործը
[խմբագրել | խմբագրել կոդը]1527 թվականի մայիսի 17-ին տեղի ունեցավ առաջին գաղտնի դատական նիստը, որտեղ Քենթերբերիի արքեպիսկոպոս Ուիլյամ Ուորեմի ներկայությամբ փաստարկներ ներկայացվեցին Հենրի VIII-ի և Եկատերինա Արագոնացու ամուսնությունը չեղյալ հայտարարելու օգտին։ Ուոլսին հույս ուներ, որ իրեն, որպես պապական պատվիրակ, կհաջողվի առանց դժվարության ավարտել այս գործընթացը:։ Երդվյալ ատենակալները կարծում էին, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է աստվածաբանական փորձաքննություն։ Հունիսին Անգլիա հասավ այն լուրը, որ Կառլոս կայսրը գրավել է Հռոմը, և Հռոմի Պապ Կղեմես VII-ը իրականում նրա գերին է։ Եվ քանի որ Կառլոսը Եկատերինայի զարմիկն է, նման իրավիճակում Պապը հազիվ թե ազատ լիներ Հենրիի միջնորդությամբ որոշում կայացնելու հարցում[52]։
Շուտով թագավորի ծրագրերի մասին լուրերը հասան Եկատերինային։ Թագավորն ինքը պատմեց նրան իրենց միության մեղավորության վերաբերյալ իր վերլուծությունների մասին, բայց թագուհին ամուսնությունը չեղյալ հայտարարելու և մենաստան տեղափոխվելու նրա խնդրանքին պատասխանեց անվերապահ մերժմամբ։ Միևնույն ժամանակ, կարդինալ Ուոլսիի բոլոր փորձերը՝ համոզել Կղեմես VII-ին չեղարկելու Հռոմի Պապ Հուլիոս II-ի՝ արքայազն Արթուրի մահից հետո տրված ամուսնության թույլտվությունը, և այդպիսով թույլ տալ, որ Հենրին մեկ այլ կին վերցնի, ապարդյուն եղան[53]։ Եվ այնուամենայնիվ, Ուոլսիի բանագնացները՝ Սթիվեն Գարդիները և Էդվարդ Ֆոքսը, կարողացան հասնել որոշակի փոխզիջման. պապը համաձայնեց դատավարություն սկսել թագավորի Մեծ գործի վերաբերյալ (անգլ.՝ The King’s Great Matter) պայմանով, որ որպես գլխավոր դատավոր հանդես կգա ոչ թե Ուոլսին, այլ կարդինալ Լորենցո Կամպեջոն, որը գաղտնի հրաման էր ստացել գործը ձգձգել մինչև վերջին հնարավորությունը[54]։
Դատ և ամուսնության չեղյալ հայտարարում
[խմբագրել | խմբագրել կոդը]1529 թվականի հունիսի 18-ին Լոնդոնում սկսվեց դատական նիստ, որի ժամանակ Եկատերինան պաշտոնապես բողոք հայտնեց՝ կասկածելով դատավորների անաչառությանը և պահանջեց իր գործի քննությունը տեղափոխել Հռոմ։ Հունիսի 21-ին գործընթացը շարունակվեց։ Հենրիի ելույթից հետո, որով նա հերթական անգամ ներկայացրեց իր ամուսնության օրինականության վերաբերյալ կասկածները, խոսքը վերցրեց Եկատերինան՝
Պարոն, ես երդվում եմ հանուն այն սիրո, որ եղել է մեր միջև…, մի զրկեք ինձ արդարությունից, խղճացեք և կարեկցեք ինձ…Ես դիմում եմ Ձեզ որպես այս Թագավորության արդարադատության ղեկավար…Տիրոջը և ողջ աշխարհին որպես վկա եմ կանչում, որ ես Ձեզ հավատարիմ, խոնարհ և հնազանդ կին եմ եղել… Եվ ես Ձեզ համար շատ զավակներ եմ ծնել, թեև Տերը հաճեցավ նրանց իր մոտ կանչել այս աշխարհից…Երբ դուք ընդունեցիք ինձ առաջին անգամ, թող Տերը դատավոր լինի, ես անարատ օրիորդ էի, ով ամուսին չէր տեսել։ Անկախ նրանից՝ ճիշտ է, թե ոչ, ես դա թողնում եմ Ձեր խղճին։ Եթե օրենքը այս գործը, որը դուք վերագրում եք ինձ, կհամարի արդար, ... ապա ես համաձայն եմ հեռանալ... Եթե այդպիսի գործ չկա, ապա խոնարհաբար աղաչում եմ Ձեզ, թույլ տվեք մնալ իմ նախկին վիճակում[55]:
Դրանից հետո նա հեռացավ։ Հետագա լսումները տեղի են ունեցել առանց նրա, իսկ հուլիսի 23-ին Կամպեջոն հայտարարեց, որ դատը հետաձգվում է մինչև հոկտեմբեր, իսկ գործի հետագա քննությունը տեղափոխվում է Հռոմ՝
Ես ոչ մի դատավճիռ չեմ կայացնի այնքան ժամանակ, քանի դեռ պապին դիմում չեմ ներկայացրել ... մեղադրանքը չափազանց կասկածելի է, իսկ դատավարության մեջ ներգրավված մարդիկ չափազանց բարձր դիրք են զբաղեցնում ... ինչի՞ կարող եմ հասնել, եթե Աստծո բարկությունը բերեմ իմ հոգու վրա, որպեսզի գոհացնեմ այս աշխարհում որևէ տիրակալի կամ ազնվական մարդու[56]:

Հենրին, ով հույս ուներ ամուսնալուծության գործընթացի ավարտից անմիջապես հետո ամուսնանալ Աննա Բոլեյնի հետ, վրդովված էր և ձախողման ամբողջ մեղքը բարդեց Ուոլսիի վրա։ 1532 թվականին թագավորի նոր խորհրդականները՝ Թոմաս Կրանմերը, Թոմաս Կրոմվելը և Սթիվեն Գարդիները, ելք գտան ստեղծված իրավիճակից։ Համաձայն խորհրդարանում ընդունված մի շարք օրենքների՝ Հռոմի պապի իշխանությունն այլևս ուժ չուներ Անգլիայի տարածքում, և եկեղեցական բոլոր գործերն այսուհետ թագավորի իրավասության ներքո էին։ 1534 թվականին ընդունվեց Սուպրեմատիայի ակտը, որով Հենրին հռչակվեց անգլիական եկեղեցու գերագույն ղեկավար։ Դա Հռոմի հետ վերջնական բաժանումն էր։
1533 թվականի հունվարին թագավորն ու Աննան գաղտնի ամուսնացան։ Այդ պահին նա արդեն հղի էր։ Մայիսի 23-ին Քենթերբերիի նոր արքեպիսկոպոս Թոմաս Կրանմերը չեղյալ հայտարարեց Հենրիի և Եկատերինայի ամուսնությունը, իսկ մայիսի 28-ին Աննա Բոլեյնը պաշտոնապես ճանաչվեց Հենրի VIII-ի օրինական կինը։
Վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1533 թվականի ապրիլի 9-ին Սաֆոլկի և Նորֆոլկի դուքսերի գլխավորած պատվիրակությունը եկավ Եկատերինայի մոտ՝ հայտարարելու թագավորի կամքը. նա այլևս Հենրի VIII-ի կինը չէ, իրավունք չունի թագուհի կոչվել, և քանի որ նա Արթուրի այրին է, այսուհետ նրա տիտղոսը Ուելսի Այրի արքայադուստր է (անգլ.՝ Dowager Princess of Wales): Բայց նա շարունակում էր իրեն թագուհի անվանել, իսկ սպառնալիքներին պատասխանում էր, որ ինքը Անգլիայի թագավորի միակ օրինական կինն է։
Դեռ 1531 թվականի ամռանը Հենրին Եկատերինային հեռացրել էր արքունիքից, և նա տեղափոխվել էր հեռավոր կալվածքներից մեկը։ Մենության մեջ Եկատերինան չդադարեցրեց նամակագրությունը Հռոմի պապի և Կառլոս V-ի հետ՝ աղաչելով նրանց աջակցությունը։ Աննայի թագադրումից անմիջապես հետո նախկին թագուհուն հրամայեցին հեռանալ Հանթինգդոնշիր, և թագավորն արգելեց նրան ամեն տեսակի հաղորդակցություն Մարիի հետ։ Իր դստեր մասին լուրերը նա ստանում էր 1529 թվականի վերջին Անգլիա ժամանած կայսեր դեսպան Էստաշ Շապյուիից, որին նա լիովին վստահում էր՝ անվանելով իր «հատուկ ընկերը» (իսպ.՝ especial amigo):
1534 թվականին, ի պատասխան Եկատերինայի ամուսնության վավերականության մասին պապական բուլլի, ընդունվեց իրավահաջորդության նոր Ակտ, համաձայն որի՝ հաստատվեց թագավորի գերակայությունը եկեղեցու նկատմամբ, և արքայադուստր Մարին, որ ծնվել էր Հենրիի և Եկատերինա Արագոնացու մեղավոր կենակցությունից, հայտարարվեց ապօրինի ծնունդ։ Գահի ժառանգորդ հայտարարվեց Եղիսաբեթը՝ Աննա Բոլեյնի դուստրը[57]։

1535 թվականին Ուելսի Այրի Արքայադուստրը տեղափոխվեց Քեմբրիջշիր կոմսության Քիմբոլթոն ամրոց։ Նրան թույլատրվեց այցելուներ ընդունել (թագավորի հետ նախնական համաձայնությամբ), բայց դեռ չէր թույլատրվում շփվել դստեր հետ։ 1535 թվականի վերջին Եկատերինան հիվանդացավ, ինչպես հետո հայտնի դարձավ, անբուժելի։ Դեկտեմբերին նա կտակ կազմեց, ըստ որի՝ իր ունեցած բոլոր փողերը թողնում էր իր մերձավորներին, դստերը կտարկեց իր բոլոր հին մորթները և ոսկե զարդերը։ Հենրիին ուղղված իր վերջին նամակում նա ներում էր վերջինիս՝ իրեն հասցրած բոլոր վիրավորանքները և խնդրում էր հոգ տանել Մարիի մասին[58]։
Մահից առաջ նրան այցելել է Էստաշ Շապյուին, իսկ հունվարի 5-ին, անտեսելով Հենրիի բոլոր արգելքները, Մարիա դե Սալինասը՝ Եկատերինայի լավագույն ընկերը և նրա նախկին պատվո սպասուհին, ժամանել է Քիմբոլթոն ամրոց։ Չնայած կառավարչի առարկություններին՝ նա մնաց թագուհու հետ և չհեռացավ նրանից մինչև վերջին րոպեն։ Եկատերինա Արագոնացին մահացավ 1536 թվականի հունվարի 7-ին։ Նրան թաղեցին Պիտերբորոյի Սուրբ Պետրոսի տաճարում՝ համաձայն Ուելսի Այրի արքայադստեր աստիճանի, այլ ոչ թե Անգլիայի թագուհու։ Նրա մահից անմիջապես հետո համառորեն լուրեր տարածվեցին, որ նրան սպանել են։ Մարմինը զմռսելու համար բացելիս պարզվել էր, որ նրա սիրտը սևացել է, և դրա վրա տարօրինակ գոյացություն կա։ Շատերը վստահ էին, որ Եկատերինային թունավորել են կաՙմ Աննա Բոլեյնի հրամանով, կաՙմ թագավորի[58]։
Կերպարը արվեստում և փոփ–մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ իսպանացի կանանց արտաքին տեսքի վերաբերյալ գերակշռող կարծրատիպերի՝ կինեմատոգրաֆիայում և թատերական բեմերում Եկատերինա Արագոնացին սովորաբար պատկերվում է թխամաշկ և մուգ աչքերով։ Ըստ ստացված նկարագրությունների՝ Եկատերինան կարճահասակ է եղել, երկար ոսկեգույն շագանակագույն մազերով, մոխրագույն-կապույտ աչքերով և բաց մաշկով՝ թեթև կարմրությամբ[59], ինչը հաստատվում է նաև իսպանացի ինֆանտայի պահպանված դիմանկարներով։
Կինոյում և հեռուստատեսությունում՝
- Եկատերինա Արագոնացու կերպարն առաջին անգամ ներկայացրել է դերասանուհին Վայոլետ Բանրուն[en] 1911 թվականին Շեքսպիրի «Հենրի VIII» պիեսի կարճամետրաժ էկրանավորման մեջ։
- 1920 թվականի «Աննա Բոլեյն[de]» համր ֆիլմում Եկատերինայի դերում հանդես է եկել գերմանացի դերասանուհի Հեդվիգ Պաուլի-Վինտերշտայնը[de]:
- 1953 թվականի «Թուր ու վարդ[en]» արկածային մելոդրամայում Եկատերինայի դերը կատարել է Ռոզալի Կրատչլին[en]:
- 1969 թվականին նկարահանված «Աննայի հազար օրը» պատմական ֆիլմում իսպանուհի Եկատերինայի կերպարը մարմնավորել է հույն դերասանուհի Իրեն Պապասը։ Հենրիի դերը խաղացել է բրիտանացի դերասան Ռիչարդ Բարթոնը, իսկ Աննա Բոլեյնի դերը՝ Ժենևև Բյուժոն։
- 1972 թվականի «Հենրի VIII-ը և նրա վեց կանայք[en]» ֆիլմում թագավորի դերում Կիտ Միչելլն է, իսկ Եկատերինայի՝ Ֆրենսիս Կուկան[en]:
- Բի-բի-սի-ի համար Ֆիլիպ Գրեգորիի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Բոլեյնի տոհմից ևս մեկը» (2003 թվական) հեռուստատեսային տարբերակում գլխավոր հերոսուհին Մարիա Բոլեյնն է՝ Նատաշա Մակելհոնի կատարմամբ, Եկատերինան այստեղ էպիզոդիկ ներկայություն ունի՝ Յոլանդա Վասկեսի[en]դերակատարմամբ։
- 2003 թվականի «Հենրի VIII» դրամատիկ մինի-սերիալում Եկատերինային մարմնավորել է Ասսումպտա Սերնան։
- 2007 թվականին Showtime հեռուստաալիքով տեղի ունեցավ «Թյուդորներ» հեռուստասերիալի պրեմիերան, որը պատմում է անգլիական թագավորական արքունիքի կյանքի մասին Հենրի VIII-ի (Ջոնաթան Ռիս Մայերս) օրոք։ Եկատերինա Արագոնացին (Մարիա Դոյլ-Քենեդի) երկու սեզոնների ընթացքում հանդես է գալիս որպես գլխավոր հերոսուհիներից մեկը։
- Ֆիլիպա Գրեգորիի՝ «Բոլեյնի տոհմից ևս մեկը» վեպի մեկ այլ էկրանավորման մեջ (2008 թվական) մի քանի դրվագներում Եկատերինայի դերում հանդես է գալիս Անա Տորենտը։
- BBC Two-ի 2015 թվականի «Wolf Hall» հեռուստատեսային նախագծի մեջ, որը հիմնված է Հիլարի Մենթելի «Վուլֆհոլ» և «Ներս բերեք մեղադրյալներին» վեպերի վրա, Եկատերինային մարմնավորել է Ջոան Ուոլին։
- Ֆիլիպա Գրեգորիի («Թագավորների անեծքը» և «Հավերժական Արքայադուստրը») վեպերի հեռուստատեսային Էկրանավորումը, որը կոչվում է «Իսպանական արքայադուստր» (2019), պատմում է Եկատերինա Արագոնացու պատանեկության և Անգլիայում նրա կյանքի առաջին տարիների մասին։ Ինֆանտա Եկատերինային մարմնավորել է խաղում է Շարլոտտա Հոուպը։
Մուլտֆիլմում՝
- Ամերիկյան «Սիմփսոններ» մուլտսերիալի «Margical History Tour»-ի դրվագում Մարջը, երեխաներին պատմելով տարբեր պատմական իրադարձությունների մասին, իրեն ասոցացնում է Եկատերինայի հետ՝ ներկայանալով որպես Արագոնացի Մարջերինա։
Երաժշտության մեջ՝
- Կարծիք կա, որ «Pastime with Good Company» («Հաճելի ժամանաց լավ շրջապատով») բալլադը, որը Հենրի VIII-ը գրել է իր կառավարման առաջին տարիներին, նվիրված է Եկատերինային։
- Բրիտանացի երաժիշտ Ռիկ Ուեյքմանի The Six Wives of Henry VIII (1973 թվական) ալբոմի ստեղծագործություններից մեկը կրում է «Catherine of Aragon» անվանումը։
Գրականության մեջ՝
Նույնիսկ իր կյանքի ընթացքում Եկատերինայի անունը հիշատակվում էր ժողովրդական երգերում և բանաստեղծություններում։ Անգլիացի ականավոր հումանիստ սըր Թոմաս Մորը փառաբանել է նրան Հենրիի և Եկատերինայի թագադրման առիթով գրված բանաստեղծություններում[60]։ Հենրի VIII-ը բալլադներ է հյուսել նրա պատվին, իսկ Խուան Լուիս Վիվեսը, ում նա հովանավորում էր, թագուհուն նվիրել է «Քրիստոնյա կնոջ դաստիարակության մասին» տրակտատը[61]։
Եկատերինայի՝ որպես գրական կերպարի առաջին հայտնություններից մեկը Շեքսպիրի «Հենրի VIII» տարեգրության մեջ է, որը լույս է տեսել 1623 թվականին։ Ժամանակակից գրականության մեջ նրա կերպարը օգտագործվում է պատմական, արկածային և մելոդրամատիկ ժանրի ստեղծագործություններում այնպիսի հեղինակների մոտ, ինչպիսիք են Էլեանոր Հիբբերտը (Ջին Փլեյդի կեղծանունով), Նորա Լոֆթսը և Կարոլին Մեյերը։ Բրիտանացի գրող Ֆիլիպա Գրեգորիի՝ Թյուդորներին վերաբերող վեպերի մեջ («Այլ Բոլեյն» և «Թագավորների անեծքը») Եկատերինա Արագոնացին երկրորդական հերոսուհի է, մինչդեռ «Հավերժական արքայադուստր»-ի մեջ կենտրոնական կերպար է։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեկնաբանություններ
- ↑ Նրանց ընդհանուր նախնին Հովհան Գոնտացին է։ Բայց Հենրի VII-ի տոհմը սերում էր Բոֆորտների կողմնակի ճյուղից (Գոնտացու սերունդն է Քեթրին Սվինֆորդից), իսկ Եկատերինան Ֆիլիպայի և Եկատերինայի (Գոնտի՝ Բլանշ Լանքասթերոցու և Կոնստանցա Կաստիլիացու հետ օրինական ամուսնություններից ծնված) դուստրերի բարեկամուհին էր։
- ↑ Ալեսանդրո Ջերալդինի (1455-1525), Իզաբելայի և Ֆերդինանդի արքունիքում թագավորական երեխաների դաստիարակ. այն քչերից էր, ովքեր աջակցում էին Քրիստափոր Կոլումբոսին[4]։
- ↑ Հովհան Գոնտացու և Քեթրին Սվինֆորդի երեխաները կրում էին Բոֆորթ ազգանունը։ Ռիչարդ II-ը 1390 թվականին նրանց ծնունդը ճանաչել է օրինական, 1396 թվականին նրանց այդ կարգավիճակը ճանաչվել է նաև պապական բուլլով։ Սակայն ավելի ուշ Հենրի Բոլինգբրոկը Բոֆորթներին և նրանց սերունդներին բացառեց հնարավոր ժառանգորդների հերթից։ Այդ սերունդների թվում էր նաև Հենրի VII-ի մայրը՝ Մարգարետ Բոֆորթը[6]։
- ↑ Ամուսնական պայմանագրով օժիտի գումարը կազմել է 200 հազար կրոն, որից 100 հազարը վճարվել է անմիջապես ամուսնության օրը, 50 հազարը՝ կես տարվա ընթացքում, իսկ մնացած 50 հազարը՝ տարվա ընթացքում, ներառյալ սպասքն ու զարդերը։
- ↑ Նկարչի արվեստի շատ հետազոտողներ դիմանկարում պատկերված աղջկան նույնացնում են հենց Եկատերինա Արագոնացու հետ։ Ենթադրվում է, որ 1503-1505 թվականներին Զիտտովը անցկացրել է Լոնդոնում, որտեղ նա ստեղծել է այրիացած արքայադստեր դիմանկարը: Աղջկա պարանոցի վզնոցը զարդարված է «K» սկզբնատառով — Katherine և նռան պտուղներով, ինչը Եկատերինայի անձնական զինանշանն էր[10].
- ↑ Արթուրի և Եկատերինայի հիվանդության բնույթը չի հաստատվել։ Մի շարք հետազոտողներ նշում են տարբեր վարակիչ հիվանդություններ, որոնց թվում առավել հաճախ հայտնվում է քրտնախաշը[12][13]։
- ↑ Կանոնական օրենքով արգելվում էր տեգրի և հարսի միջև ամուսնությունը։ Ըստ Ղևտացոց գրքի կանոնների՝ 18:16 «քո եղբոր կնոջ մերկությունը մի բացիր, դա քո եղբոր մերկությունն է»[21]։
- ↑ Ռեկոնկիստայի ավարտից հետո նուռը դարձավ Իսպանիայի խորհրդանիշներից մեկը, և նրա պատկերը ներդրվեց թագավորական վահանի վրա: Նռան հասած պտուղը, մեջտեղում երևացող ճեղքով, որի միջով երևում էին կարմիր հատիկները, նշանավորում էր Գրանադայի առասպելական շքեղությունը, որն այժմ բաց էր իսպանացիների համար։ Բացի այդ, նուռը Եկատերինայի անձնական խորհրդանիշն էր, որը խորհրդանշում էր պտղաբերությունը[31]:
- ↑ Եկատերինա Արագոնացու ենթադրյալ դիմանկարը, որն այդ ժամանակ դեռ ինֆանտա էր: Կա վարկած, որ դիմանկարում պատկերված է ոչ թե Եկատերինան, այլ նրա ավագ քույրը՝Խուանան:
Աղբյուրներ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Kindred Britain
- ↑ Starkey, 2004, էջ 11
- ↑ Starkey, 2004, էջեր 15—16
- ↑ 4,0 4,1 4,2 Перфильев, 1999, էջ 22—23
- ↑ Starkey, 2004, էջ 17
- ↑ Weir, 1991, էջեր 28—29
- ↑ Weir, 1991, էջեր 15—17
- ↑ Starkey, 2004, էջ 29
- ↑ Weir, 1991, էջ 23
- ↑ Weir, 1991, էջ 28
- ↑ Перфильев, 1999, էջ 31
- ↑ Линдсей, 1996, էջ 49
- ↑ Starkey, 2004, էջեր 76, 79
- ↑ Starkey, 2004, էջեր 79—80
- ↑ Лоудз, 1997, էջ 27—28
- ↑ Перфильев, 1999, էջ 41
- ↑ Starkey, 2004, էջ 80
- ↑ Перфильев, 1999, էջ 42—43
- ↑ Weir, 1991, էջեր 41—42
- ↑ Перфильев, 1999, էջ 44—47
- ↑ «Глава 18 Книги Левит» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Перфильев, 1999, էջ 48—49
- ↑ Starkey, 2004, էջ 86
- ↑ Перфильев, 1999, էջ 50
- ↑ Weir, 1991, էջեր 54—55
- ↑ Линдсей, 1996, էջ 55
- ↑ Weir, 1991, էջ 59
- ↑ Перфильев, 1999, էջ 59—60
- ↑ Weir, 1991, էջ 51
- ↑ Линдсей, 1996, էջ 56
- ↑ Starkey, 2004, էջեր 14—15
- ↑ Перфильев, 1999, էջ 80—81
- ↑ Starkey, 2004, էջ 114
- ↑ Starkey, 2004, էջ 115
- ↑ Starkey, 2004, էջեր 116—117
- ↑ Эриксон, 2008, էջ 28—29
- ↑ Линдсей, 1996, էջ 63
- ↑ Перфильев, 1999, էջ 99
- ↑ Эриксон, 2008, էջ 48
- ↑ Линдсей, 1996, էջ 108
- ↑ Перфильев, 1999, էջ 111
- ↑ Эриксон, 2008, էջ 52
- ↑ Линдсей, 1996, էջ 82
- ↑ Перфильев, 1999, էջ 124
- ↑ Перфильев, 1999, էջ 128—130
- ↑ Эриксон, 2008, էջ 18—19
- ↑ Линдсей, 1996, էջ 77
- ↑ Линдсей, 1996, էջ 105—106
- ↑ Линдсей, 1996, էջ 100
- ↑ «Глава 20 Книги Левит» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Перфильев, 1999, էջ 168—174
- ↑ Линдсей, 1996, էջ 112—114
- ↑ Эриксон, 2008, էջ 113—114
- ↑ Линдсей, 1996, էջ 121
- ↑ Линдсей, 1996, էջ 129
- ↑ Перфильев, 1999, էջ 211
- ↑ Эриксон, 2008, էջ 152
- ↑ 58,0 58,1 Линдсей, 1996, էջ 172—174
- ↑ Weir, 1991, էջ 15
- ↑ Перфильев, 1999, էջ 76
- ↑ Weir, 1991, էջ 123
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Линдсей, Карен. Разведённые. Обезглавленные. Уцелевшие. Жёны короля Генриха VIII / Пер. с англ. Т. Азаркович. — М.: КРОН-ПРЕСС, 1996. — 336 с. — 10 000 экз. — ISBN 5-232-00389-5
- Лоудз, Дэвид. Генрих VIII и его королевы / Пер. с англ. Ю. И. Губатова. — Ростов-на-Дону: Феникс, 1997. — 320 с. — (Исторические силуэты). — 10 000 экз. — ISBN 5-85880-544-2
- Перфильев, Олег. Жёны Синей Бороды. В спальне Генриха VIII. — М.: ОЛМА-ПРЕСС, 1999. — 415 с. — 7000 экз. — ISBN 5-224-00599-X
- Эриксон, Кэролли. Мария Кровавая / Пер. с англ. Л. Г. Мордуховича. — М.: АСТ, 2008. — 637 с. — (Историческая библиотека). — 2000 экз. — ISBN 5-17-004357-6
- Starkey, David. Six Wives: The Queens of Henry VIII. — New York: Harper Perennial, 2004. — P. 880. — ISBN 0-06-0005505
- Weir, Alison. The Six Wives of Henry VIII. — New York: Grove Press, 1991. — 656 с. — ISBN 0-8021-3683-4
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Արագոնացի» հոդվածին։ |
- «Catherine of Aragon: EnglishHistory.net» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին.
- «Luminarium: England under the Tudors» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին.
Հենրի VIII-ի կանայք |
---|
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Արագոնացի» հոդվածին։ |
|