Ջեյմս II (Շոտլանդիայի թագավոր)
Ջեյմս II | |
---|---|
Ծնվել է՝ | հոկտեմբերի 16, 1430 |
Ծննդավայր | Հելլերոդի աբբայություն |
Մահացել է՝ | օգոստոսի 3, 1460 (29 տարեկան) մահը պատահարից |
Վախճանի վայր | Ռոքսբուրգ |
Հելլերոդի աբբայություն | |
Երկիր | Շոտլանդիայի թագավորություն |
Տոհմ | Ստյուարտներ |
քաղաքական գործիչ | |
Շրջանավարտ | Սենթ Էնդրյու համալսարան |
Հայր | Ջեյմս I (Շոտլանդիայի թագավոր)[1] |
Մայր | Ջոան Բյուֆորտ[1] |
Երեխաներ | Ջեյմս III (Շոտլանդիայի թագավոր)[1], Մերի Ստյուարտ, Առանի կոմսուհի, Alexander Stewart?[2], David Stewart, Earl of Moray?[2], John Stewart, Earl of Mar?[2], Margaret Stewart?[2], John Stewart?[2] և unnamed son Stewart?[2] |
Հավատք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի և կաթոլիկություն |
Ջեյմս II (անգլ.՝ James II of Scotland, հոկտեմբերի 16, 1430, Հելլերոդի աբբայություն - օգոստոսի 3, 1460, Ռոքսբուրգ), Ստյուարտների արքայատոհմի անդամ, որը 1437 թվականից մինչև իր մահն իշխել է Շոտլանդիայում որպես թագավոր։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմսը ծնվել է Հոլիրուդ վանքում[3]։ Նա թագավոր Ջեյմս I-ի ու Ջոան Բյուֆորտի որդին էր։ Մինչև իրենց առաջին ծննդյան օրը իր երկվորյակ ու միակ եղբայր Ալեքսանդրը, որը նաև ավագն էր երկվորյակներից, մահացել էր, այսպիսով Ջեյմսը դարձել էր ակնհայտ ժառանգորդ ու նրան տրվել էր Ռոթսեյի դուքս տիտղոսը։ Ջեյմս I-ը սպանվել է 1437 թվականի փետրվարի 21-ին և նրա վեցամյա որդի Ջեյմսը անմիջապես հաջորդել է նրան որպես Ջեյմս II։ Նա թագադրվել է Հոլիրուդ վանքում վանահայր Պատրիքի կողմից 1437 թվականի մարտի 23-ին[3]։
1449 թվականին տանիննամյա Ջեյմսն ամուսնացել է տասնհինգամյա Մերի Գուելդերսի՝ Գելդերլենդի դքսի դստեր հետ։ Նա ծնունդ է տվել յոթ երեխայի, որոնցից վեցն ապրել են մինչև հասուն տարիք։ Հետագայում բարելավվել են հարաբերությունները Ֆլանդրիայի ու Շոտլանդիայի միջև։[4] Ջեյմսի մականունը՝ կարմրադեմ, վերաբերում էր դեմքի վրա տեսանելի մի ալ կարմիր ծննդանշանի (խալ), որն իր ժամանակակիցները համարել են իր կրակոտ խառնվածքի արտաքին դրսևորումը։[5]
Ջեյմսը խելացի և եզակի հաջողակ թագավոր էր։ Նրան սիրել է հասարակ ժողովուրդը, որոնց հետ, ինչպես Ստյուարտների մեծ մասը, նա հաճախ էր շփվում, ինչպես խաղաղության, այնպես էլ պատերազմի ժամանակ։ Նրա օրենսդրությունը կրել է ընդգծված ժողովրդական բնույթ։ Թվում էր, թե նա չէր ժառանգել իր հոր ճաշակը գրականության վերաբերյալ, որն արտահայտված էր իր քույրերից առնվազն երկուսի մոտ, բայց իր իշխանության տարիներին Գլազգոյի համալսարանի հիմնադրումը եպիսկոպոս Թուրնբուլի կողմից ցույց է տալիս, որ նա խրախուսել է կրթությունը․ կան նաև վկայություններ նրա նվիրատվությունների մասին սուրբ Էնդրյուսում արքեպիսկոպոս Քեննեդիի հիմնած նոր քոլեջի՝ սուրբ Սալվադորի համար։[6] Նա ուներ իր հոր անհանգիստ էներգիայի մեծ մասը։ Սակայն Դուգլասի կոմսի սպանությունը բիծ է թողել նրա իշխանության վրա։ [7]
Վաղ իշխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1437 թվականի փետրվարի 21-ին սպանվել է Ջեյմս I-ը։ Թագուհին, թեև վիրավոր, կարողացել է հասնել իր վեցամյա որդուն, որն այժմ թագավոր էր։ 1437 թվականի մարտի 25-ին Հոլիրուդ վանքում նա պաշտոնապես թագադրվել է որպես Շոտլանդիայի թագավոր։ Շոտլանդիայի պառլամենտն արգելել է թագավորական ունեցվածքի օտարումն առանց Կալվածքների համաձայնության, այսինքն, մինչև Ջեյմս II-ի տասնութերորդ տարեդարձը։[8] Նա ապրել է իր մայրիկի ու վեց քույրերից հինգի հետ (Մարգարեթը մեկնել էր Ֆրանսիա, որտեղ ամուսնացել էր Ֆրանսիայի ապագա թագավոր Լուի XI-րդի հետ) Դունբար ամրոցում մինչև 1439 թվականը։
1437 թվականից մինչև 1439 թվականը թագավորի զարմիկ, Դուգլասի 5-րդ կոմս Արչիբալդ Դուգլասը գլխավորել է կառավարությունը որպես թագավորության գեներալ- լեյտենանտ։ Նրա մահից հետո և ընդհանրապես մահերի, իրավազրկության կամ երիտասարդ տարիքի պատճառով Շոտլանդիայում բարձրաստիճան կոմսերի պակասը հանգեցրել է քաղաքական իշխանության բաժանմանը Քրիչթոնի 1-ին լորդ Ուիլյամ Քրիչթոնի՝ Շոտլանդիայի լորդ- կանցլերի (երբեմն համագործակցելով Ավոնդեյլի կոմսի հետ) և Քալլենդարի սըր Ալեքսանդր Լիվինգստոնի միջև, որն իշխանություն ուներ երիտասարդ թագավորի վրա, որպես Սթիրլինգի ամրոցի պետ։ Օգտվելով այս իրավիճակից, Լիվինգստոնը թագուհուն ու իր նոր ամուսնուն՝ սըր Ջոն Ստյուարտին, դրել է «տնային կալանքի» տակ 1439 թվականի օգոստոսի 3-ին Սթիրլինգ ամրոցում։ Նրանք ազատ են արձակվել սեպտեմբերի 4-ին միայն պաշտոնապես համաձայնագիր կնքելուց հետո, որով Ջեյմսը հանձնվում էր Լիվինգստոնների խնամակալությանը, իսկ թագուհու օժիտը՝ նրան սպասարկելուն, նաև ընդունելով, որ Լիվինգստոնը այդպես է վարվել նվիրվածությունից ելնելով, հանուն թագավորի անվտանգության։[4]
1440 թվականին թագավորի անունից հրավեր է ուղարկվել երիտասարդ, 16-ամյա Դուգլասի 6-րդ կոմսին ու նրա կրտսեր եղբայր տասներկուամյա Դավիդին 1440 թվականի նոյեմբերին Էդինբուրգյան ամրոցում թագավորին այցելելու համար։ Լեգենդի համաձայն նրանք եկել են, հյուրասիրվել արքայական սեղանի շուրջ, որտեղ Ջեյմսը, դեռևս փոքրիկ տղա, հիացել էր նրանցով։ Սակայն նրանց դավաճանաբար շտապեցրել են դեպի դատաստան, որը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին Էդինբուրգի ամրոցի բակում գլխատմամբ, մինչ տասնամյա թագավորն աղաչում էր խնայել նրանց։ Երեք օր անց Քումբերնաուլդի Մալքոլմ Ֆլեմինգը՝ նրանց գլխավոր համախոհը, նույնպես արժանացել է նույն ճակատագրին։ Հնարավոր է, որ թագավորը, որը դեռ փոքր երեխա էր, կապ չի ունեցել այս դեպքի հետ։ Այս տխրահռչակ միջադեպն ստացել է «սև ճաշ» անունը։
Պայքար Դուգլասների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1449 թվականին Ջեյմս II-ը չափահաս է դարձել, բայց նա պետք է պայքարեր իր թագավորությունում իշխանությունը վերցնելու համար։ Դուգլասները, հավանաբար նրա հետ համագործակցելով, օգտագործել են չափահասությունը մասնատված կառավարությունից Լիվինգստոններին դուրս շպրտելու համար, քանի որ թագավորը վրեժ էր լուծում իր մորը կալանավորելու համար (նրան քաղաքական ազդեցությունից հեռու պահելու միջոց), որը տեղի էր ունեցել 1439 թվականին ու իր երիտասարդ Դուգլաս զարմիկներին սպանելու համար, որում Լիվինգստոնը հանցավոր էր։ Դուգլասն ու Քրիչթոնը շարունակել են գլխավորել քաղաքական իշխանությունը, իսկ թագավորը շարունակել է պայքարել նրանց կառավարումը տապալելու համար։1451 թվականից մինչև 1455 թվականը նա պայքարել է Դուգլասներից իրեն ազատելու համար։ Նրանց իշխանությունն ընդհատելու փորձեր արվել են 1451 թվականին Շոտլանդիայից Դուգլասի 8-րդ կոմս Ուիլյամ Դուգլասի բացակայության ընթացքում և հասել կուլմինացիայի 1452 թվականի փետրվարի 22-ին Սթիրլինգ ամրոցում նրա սպանությամբ։
Դուգլասի սպանության մասին գլխավոր տեղեկությունն ստացվել է Աուչինլեքի ժամանակագրությունից, որն իրադարձության ժամանակակից, բայց հատվածական/ կցկտուր աղբյուր է։ Տեղեկության համաձայն թագավորը մեղադրել է կոմսին (հավանաբար ոչ առանց հիմքի) Ռոսսի 11-րդ կոմս Ջոն Մեքդոնալդի (նաև Այլզի լորդ) և Քրոուֆորդի 4-րդ կոմս Ալեքսանդր Լինդսեյի հետ կապերը թաքցնելու մեջ։ Այս կապը, եթե գոյություն է ունեցել, ստեղծում էր անկախ մտածողությամբ մարդկանց իշխանության վտանգավոր առանցք, ձևավորելով թագավորական իշխանության համար խոշոր մրցակից։ Երբ Դուգլասը հրաժարվել է խզել կապը Ռոսսի հետ, Ջեյմսը բարկության նոպայի մեջ 26 անգամ դաշունահարել է նրան ու մարմինը դուրս նետել պատուհանից։ Նրա արքունիքի պաշտոնյաները (որոնցից շատերը հետագայում ստանալու էին մեծ ազդեցություն Դուգլասի նախկին տարածքներում) միացել են արյունահեղությանը, և նրանցից մեկը ենթադրաբար կացնով դուրս է թափել կոմսի ուղեղը։
Այս սպանությունը վերջ չի դրել Դուգլասների իշխանությանը, այլ ստեղծել է ընդմիջվող քաղաքացիական պատերազմի վիճակ 1452 և 1455 թվականների ընթացքում։ Գլխավոր մարտերը տեղի են ունեցել Բրոդիքի մոտ, Առան կղզու վրա, Ռենֆրյուի Ինվերկիփում և Արկինհոլմի ճակատամարտում։ Ջեյմսը փորձել է գրավել Դուգլասի կալվածքները, բայց նրա հակառակորդները բազմիցս պարտադրել են նրան ստորացուցիչ դուրսմղումներ, որտեղ նա ստիպված վերադարձրել է տարածքները Դուգլասի 9-րդ կոմս Ջեյմս Դուգլասին, որին հաջորդել է կարճ ու ու անհանգիստ խաղաղություն։
Ռազմական արշավներն անորոշ ավարտ են ունեցել, ու ոմանք պնդում էին, թե Ջեյմսը գտնվել է գահընկեց արվելու կամ երկրից փախչելու լուրջ վտանգի տակ։ Բայց Ջեյմսի կողմից տարածքների, տիտղոսների ու պաշտոնի բաշխումը Դուգլասի դաշնակիցներին հանգեցրել է նրան, որ նախկին դաշնակիցներն սկսել են փոխել կողմերը, հատկապես կարևոր էր Բրեչենի ճակատամարտից հետո Քրոուֆորդի կոմսի դիրքորոշման փոփոխությունը, և 1455 թվականի մայիսին Ջեյմսը որոշիչ հարված է հասցրել Դուգլասներին ու նրանց վերջնականապես ջախջախել Արկինհոլմի ճակատամարտում։
Հաջորդ ամիսների ընթացքում Շոտլանդիայի պառլամենտը Դուգլասի ընդարձակ հողերը հայտարարել է բռնագրավված ու մշտապես կցել դրանք թագավորությանը, մի շարք այլ տարածքների, ամրոցների ու ֆինանսների հետ։ Կոմսին պարտադրել են անգլիական երկար աքսոր։ Ջեյմսը վերջնականապես ստացել է ազատություն թագավորել ինչպես ուզում էր, և կարելի է կարծել, որ նրա հաջորդներից ոչ մեկը, որպես Շոտլանդիայի թագավոր, երբեք կրկին չի առերեսվել իր հեղինակության դեմ նման հզոր մարտահրավերի։ Ջեյմս I-ի իշխանության օրոք Ալբանիի Ստյուարտների իրավազրկումն ու սև Դուգլասների ոչնչացումը Շոտլանդիայում թագավորական իշխանությունը տարել են մի մեծ քայլ առաջ[9]։
Եռանդուն կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]1455-ից 1460 թվականների ընթացքում Ջեյմս II-ը դրսևորել է իրեն որպես ակտիվ ու միջամտող թագավոր։ Այնուամենայնիվ Օրքնեյը, Շեթլանդն ու Մեն կղզին գրավելու հավակնոտ ծրագրերը հաջողություն չեն ունեցել։ Թագավորը ճամփորդել է երկրով ու հիմք դրել լուրջ հանցանքներին ներում շնորհելով գումար հանգանակելու ավանդույթին։ Հաստատ չէ նաև, որ Ջեյմս III-ի համակրանք չվայելող քաղաքականությունների մի մասը սկիզբ է առել ուշ 1450-ական թվականներին։[10]
1458 թվականի պառլամենտի մի որոշում հարկադրել է թագավորին փոփոխել իր վարքը, բայց ոչ ոք չի կարող ասել, ինչպես կզարգանար նրա իշխանությունը, եթե նա ապրեր ավելի երկար։[11]
Ջեյմս II-ն առաջին շոտլանդացի միապետն է, որի նմանությամբ իր ժամանակի մի պատկեր է պահպանվել փայտի փորագրության տեսքով, որը ցույց է տալիս նրա դեմքի ծննդանշանը։
Ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերի Գուելդերսի հետ ամուսնության բանակցություններն սկսվել են 1447 թվականի հուլիսին, երբ Բուրգունդիայից մի պատվիրակ էր եկել Շոտլանդիա և ավարտվել են դեսպանատան կողմից 1448 թվականի սեպտեմբերին կանցլեր Քրիչթոնի գլխավորությամբ։ Ֆիլիպն իր ազգականուհու համար վճռել է վաթսուն հազար կրոն/ արծաթադրամ, իսկ տասը հազար կրոնի նրա օժիտն ապահովագրված էր Ստրաթեարնի, Աթոլի, Մեթվենի ու Լինլիթգոույի տարածքներով։ 1449 թվականի փետրվարի 25-ին Սթիրլինգում Ջեյմսի առաջ անցկացվել է զինախաղ, որտեղ մրցում էին Դուգլասի տեր Ջեյմսը, մի ուրիշ Ջեյմս՝ Լոքլեվենի կալվածատիրոջ եղբայրը և Բուրգունդիայից երկու ասպետ, որոնցից մեկը՝ Ջաքուես դե Լալաինը, իր ժամանակի ամենահայտնի թափառաշրջիկ ասպետն էր։ Ամուսնությունը տոնվել է 1449 թվականի հուլիսի 3-ին Հոլիրուդում։ Ֆրանսիացի ժամանակագիր Մեթյու դԷսքոուչին տալիս է արարողության ու դրան հաջորդած ճաշկերույթների պատկերավոր նկարագրությունը։ Մերիի շքախմբի շատ Ֆլեմինգներ մնացել են Շոտլանդիայում և Շոտլանդիայի ու Ֆլանդրիայի հարաբերությունները, որ արդեն բարեկամական էին Ջեյմս I-ի օրոք, աստիճանաբար ավելի են սերտացել։[4]
Շոտլանդիայում թագավորի ամուսնությունը հանգեցրել է նրա ազատմանը խնամակալությունից ու Լիվինգստոնների անկմանը։ Աշնանը սըր Ալեքսանդրն ու ընտանիքի այլ անդամներ ձերբակալվել են։ 1450 թվականի հունվարի 19-ին Էդինբուրգում պառլամենտի նիստի ժամանակ սըր Ալեքսանդրի որդի Ալեքսանդր Լիվինստոնն ու Լինլիթգոույի Ռոբերտ Լիվինգստոնը դատապարտվել ու մահապատժի են ենթարկվել ամրոցի ժայռի վրա։ Սըր Ալեքսանդրն ու իր ազգականները բանտարկվել են տարբեր ու հեռավոր ամրոցներում։ Ընտանիքի միայն մեկ անդամ է խուսափել ընդհանուր հետապնդումից՝ Ջեյմսը, սըր Ալեքսանդրի ավագ որդին, որը ձերբակալվելուց ու դեպի լեռները փախչելուց հետո 1454 թվականին վերականգնվել է թագավորական արքունիքի կառավարչի պաշտոնում, որում նշանակված է եղել 1449 թվականի ամռանը։[4]
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս II-ը խանդավառությամբ մեծ տեղ էր տալիս իր ժամանակի հրետանուն, որը նա որոշակի հաջողությամբ օգտագործել էր սև Դուգլասների դեմ։ Նա ձգտում էր բարձրացնել Շոտլանդիայի դերը, այդ պատճառով 1460 թվականին պաշարել էր Ռոքսբուրգ ամրոցը, շոտլանդական վերջին ամրոցներից մեկը, որ դեռևս գտնվում էր անգլիացիների տիրապետության տակ անկախության պատերազմից հետո։
Այս պաշարման համար Ջեյմսը վերցրել էր Ֆլանդրիայից ներմուծված թնդանոթների մի մեծ քանակ։ Օգոստոսի 3-ին նա կանգնել էր էր այդ թնդանոթներից մեկի մոտ, որը կոչվում էր «առյուծ», երբ այն պայթել ու սպանել է նրան։ Փիթսքոթիի Ռոբերտ Լինդսեյը Ջեյմսի իշխանության մասին իր պատմության մեջ նշում է, որ «քանի որ թագավորը կանգնած էր մի հրետանու մոտ, նրա ազդրի ոսկորը բաժանվել էր երկու մասի արգելափակված կրակոցի պատճառով, որը նրան գետնին էր տապալել ու սպանել։»[12]
Շոտլանդացիները շարունակել են պաշարումը Անգուսի 4-րդ կոմս Ջորջ Դուգլասի կողմից գլխավորվելով, ու մի քանի օր անց ամրոցն ընկել է։ Երբ արդեն ամրոցը գրավված էր, Ջեյմսի այրին՝ Մերի Գուելդերսը, հրամայել էր քանդել այն[13]։ Ջեյմսի որդին դարձել է Ջեյմս III ու Մերին հադես է եկել որպես խնամակալ մինչև իր մահը՝ երեք տարի անց։
Զավակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմսն ամուսնացել է Մերի Գուելդերսի հետ Հոլիրուդ վանքում 1449 թվականի հուկիսի 3-ին։ Ունեցել են յոթ երեխա․
Անուն | Ծնունդ | Մահ | Ծանոթություն |
---|---|---|---|
Անանուն որդի | 19 մայիսի, 1450 | 19 մայիսի, 1450 | |
Ջեյմս III | 10 հուլիսի, 1451 | 11 հունիսի, 1488 | Ջեյմսի հաջորդը որպես Շոտլանդիայի թագավոր |
Մերի Ստյուարտ, Արրանի կոմսուհի | 13 մայիսի, 1453 | մայիս, 1488 | Կինն էր (նախ) Թոմաս Բոյդի` Արրանի կոմսի, (հետո) Ջեյմս Համիլթոնի` Համիլթոնի առաջին լորդի |
Ալեքսանդր, Ալբանիի դուքս | մոտավորապես 1454 | 7 օգոստոսի, 1485 | |
Դավիդ, Մորեյի կոմս | մոտավորապես 1455 | նախքան հուլիսը 1457 | |
Ջոն Ստյուարտ, Մառի ու Գարիոքի 1-ին կոմս | մոտավորապես 1456 | մոտավորապես 1479 | |
Մարգարեթ | 1453-1460 | անհայտ |
Իր անհայտ սիրուհուց Ջեյմսն ունեցել է մեկ ապօրինի որդի․
- Ջոն Ստյուարտ, Ստիքսի լորդ (մահացել է 21 սեպտեմբերի, 1523)
Պատկերումներ գեղարվեստական գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս II-ը պատկերվել է պիեսներում, պատմավեպերում ու կարճ պատմվածքներում։ Դրանցից են[14]՝
- Ջեյմս Գրանտի «Պահակախմբի կապիտանը» (1862)։ Վեպն արտացոլում է 1440 թվականից մինչև 1452 թվականի իրադարձությունները, որոնցից շատերը կապված են Դուգլասի կոմսերի հետ Ջեյմս II-ի կոնֆլիկտի հետ։ Գործողությունների մի մասը տեղի է ունենում Շոտլանդիայից հեռու, թագավորի աներ՝ Գուելդերսի դուքս Առնոլդի արքունիքում[14]։
- Շառլոթ Մերի Յանգի «Երկու անպենի արքայադուստրերը» (1891)։ Ջեյմս II-ը երկրորդական կերպար է։ Գլխավոր հերոսները նրա քույրերն են՝ Էլեանորը, Մերին ու Ջոան-Ժաննան։ Վեպը պատմում է նրանց ճամփորդությունների մասին դեպի օտարերկրյա արքունիքներ, ներառյալ Անգլիայի երիտասարդ թագավոր Հենրի VI-ի ու Անժուի Ռենեի արքունիքները[14][15]։
- Սամուել Ռուտերֆորդ Քրոքեթի «Սև Դուգլասը» (1899) և դրա շարունակությունը՝ «Կույս Մարգարեթը» (1905)։ Երկու վեպերն էլ նկարագրում են 1439 թվականից մինչև 1460 թվականի իրադարձությունները, ներկայացնելով Ջեյմս II-ի իշխանության մեծ մասը։ Դուգլասի կոմսերի հետ նրա կոնֆլիկտն ակնհայտորեն ներկայացված է, ներառյալ Ջեյմս II-ի կողմից Դուգլասի 6-րդ կոմս Ուիլյամ Դուգլասի դաշունահարմամբ սպանելն (1452) ու իր սեփական մահը թնդանոթի պայթյունից Ռոքսբուրգի պաշարման ժամանակ (1460)։ Պատկերված այլ պատմական անձանցից են Դուգլասի 6-րդ կոմս Ուիլյամ Դուգլասն ու իր եղբայր Դավիդը (հատկապես իրենց դաժան մահերը 1440 թվականին), Մարգարեթ Դուգլասը՝ Գելովեյի շիկահեր կույսը, (երկրորդ վեպի հերոսուհին), սըր Ալեքսանդր Լիվինգստոնը Քալլենդարից, Քրիչթոնի 1-ին լորդ Ուիլյամ Քրիչթոնը, Ֆրանսիայի Չառլզ VII թագավորն ու իր գահաժառանգը՝ Լուի XI-ն ու Ագնես Սորելը։ Իրադարձությունները գլխավորապես տեղի են ունենում Շոտլանդիայում, հետո Ֆրանսիայում։ Կա նաև հիշատակում Վարդերի պատերազմի (1455–1485) վաղ շրջանի մասին, բայց անգլիական իրադարձությունները միայն «մասամբ են շոշափվում»[14]։
- Ռոնա Մունրոյի «Ջեյմս II. անմեղների օրը» (2014)։ Շոտլանդիայի ազգային թատրոնի, Էդինբուրգի միջազգային փառատոնի ու Մեծ Բրիտանիայի ազգային թատրոնի համատեղ արտադրություն։ Ջեյմսերի պիեսները՝ «Ջեյմս I, Ջեյմս II, Ջեյմս III» Ռոնա Մունրոյի պատմական պիեսների տրիո է։ Յուրաքանչյուր պիես առանձնանում է որպես երկրի տեսլական, որը պայքարում է իր անցյալի ու ապագայի հետ։ Այս պիեսը կենտրոնանում է հիմնականում Ջեյմս II-ի վաղ կյանքի, Դուգլասների հետ զարգացող հարաբերությունների ու լորդ Դուգլասի անխուսափելի մահվան վրա[16]։
- Նայջել Թրանթերի «Սև Դուգլասը» ներկայացնում է իրադարձություններն ընդհուպ մինչև Դուգլասի 8-րդ կոմսի սպանությունը, կարեկցում է կոմսին ու անկարեկից է դեպի Ջեյմս II-ը։
- Դորոթի Դաննեթի «Նիկոլոյի հարությունը» նկարագրում է նրա ինտրիգներն ու պատերազմները որպես այն ժամանակվա միջազգային հարաբերությունների մաս, հատկապես երբ դրանք ազդում են Ֆլանդրիայի վրա, որտեղ էլ տեղի են ունենում վեպի գործողությունները։
- Մարգարեթ Ջ․ Անդերսոնի «Ժամանակի պահում» մանկական ֆանտաստիկ վեպում հանդես է գալիս որպես ֆոնային հերոս։ Նրա մականունն ու ծննդանշանը, որից առաջացել է այն, երկուսն էլ նկարագրված են և գլխավոր հերոսներից մեկն ականատես է լինում Ռոքսբուրգ ամրոցի ճակատամարտին ու «առյուծ» թնդանոթի պայթյունին, որից Ջեյմսը մահանում է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Kindred Britain
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 Grants "Old and New Edinburgh"
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Mackay, 1892, էջ 137
- ↑ Mackay, 1892, էջ 141
- ↑ Mackay, 1892, էջ 140
- ↑ Mackay, 1892, էջեր 140–41
- ↑ Mackay, 1892, էջ 136
- ↑ McGladdery, James II, Chapter 4, Appendix 2 (The Auchinleck Chronicle); Brown, The Black Douglases, chapter 13; Tanner, Scottish Parliament, Chapter 5
- ↑ Tanner, 2001, էջեր 201, 204
- ↑ Tanner, 2001, ch. 6
- ↑ Mahoney, Mike. «Scottish Monarchs - Kings and Queens of Scotland - James II». www.englishmonarchs.co.uk. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Colvin and Brown (1963), p. 819; Salter (1985), p. 17
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 Nield (1968), p. 52
- ↑ "Project Gutenberg's Two Penniless Princesses, by Charlotte M. Yonge"
- ↑ «"Edinburgh International Festival 2014"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Colvin, H. M.; Brown, R. A. (1963), «The Royal Castles 1066–1485», The History of the King's Works. Volume II: The Middle Ages, London: Her Majesty's Stationery Office
- McAndrew, Bruce A. (2006), Scotland's Historic Heraldry, Boydell & Brewer, ISBN 9781843832614
- Nield, Jonathan (1968), A Guide to the Best Historical Novels and Tales, Ayer Publishing, ISBN 978-0-8337-2509-7
- Mike Salter (1985). Discovering Scottish Castles. Shire Publications Ltd. ISBN 0-85263-749-7.
- Tanner, Roland (2001). The Late Medieval Scottish Parliament: Politics and the Three Estates, 1424-1488. Tuckwell. ISBN 978-1-86232-174-8.
Հետագա ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 'The Auchinleck Chronicle', printed in McGladdery, James II, Appendix 2, pp 160–73.
- M. Brown, The Black Douglases (East Linton, 1998).
- C. McGladdery, James II (Edinburgh, 1990).
- R Tanner, The Late Medieval Scottish Parliament: Politics and the Three Estates, 1424-1488 (East Linton, 2001).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս II (Շոտլանդիայի թագավոր)» հոդվածին։ |
|