Որդանման ելունի բորբոքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որդանման ելունի բորբոքում
Gray1073.png
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս cecal disease[1]
Բուն պատճառ C35145[1]
Բժշկական մասնագիտություն աղեստամոքսաբանություն
ՀՄԴ-9 541[1] և 540-543.99[1]
ՀՄԴ-10 K37[1]
Հիվանդությունների բազա 885
MedlinePlus 000256
eMedicine 195778, 773895, 926795 և 933825
MeSHID D001064[1]
Disease Ontology DOID:8337[1]
NCI Thesaurus C35145[1]
Appendicitis Վիքիպահեստում

Որդանման ելունի բորբոքում (ապենդիցիտ), հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ (այդ թվում կրծքի հասակի երեխաները և նորածինները, սակայն մինչև 2 տարեկան երեխաների մոտ այն բավականին հազվադեպ է պատահում[2])։ Առաջացման պատճառները դեռևս լրիվ պարզված չեն։ Առաջարկված են հիվանդության առաջացումը բացատրող մի շարք տեսություններ։ Կույր աղիքում և որդանման ելունում մշտապես պարունակվող մանրէները կարող են դառնալ ախտածին՝ կղանքային զանգվածի երկարատև կանգի (ելունի տեղադրության որոշ առանձնահատկությունների և ծռումների դեպքում), ելունում մանր որդերի կուտակման, օտար և այլ մարմիններով ելունի լուսանցքի խցանման հետևանքով։ Հիվանդության զարգացմանը նպաստում են հաստ աղիքների թորշոմածությունը, փորկապությունը, սննդի որակը (մսամթերքների առատ օգտագործումը) և այլն։ Նյարդաանոթային տեսության համաձայն որդանման ելունի բորբոքումը պայմանավորված է ելունի արյան շրջանառության խանգարմամբ, որն առաջանում է նյարդային համակարգի գրգռվածության հետևանքով։

Ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդանման ելունի բորբոքումը ըստ կլինիկական ընթացքի լինում է սուր և խրոնիկական։ Սուրն իր հերթին լինում է հասարակ (կատարալ) և քայքայիչ (ֆլեգմոնոգ, գանգրենոզ և թափածակված)։ Սուր բորբոքման հիմնական ախտանշանը որովայնի աջ զստափոսային շրջանի ցավերն են, որոնք առաջանում են հանկարծակի (ինչպես դանակի հարված) կամ աստիճանաբար։ Ցավերը հաճախ տեղակայվում են պորտի կամ ենթակրծոսկրային շրջաններում, այնուհետև տարածվում դեպի աջ զստափոս։ Գրեթե միշտ լինում է սրտխառնոց, փսխում, լուծ կամ փորկապություն, չափավոր լեյկոցիտոզ, երբեմն՝ ջերմության բարձրացում (37,5—38,5°С)։ Որդանման ելունի բորբոքման ախտորոշման համար առաջարկվել են ավելի քան 120 ցավոտ կետեր ու ախտանշաններ, սակայն դրանք ախտայուրահատուկ (պաթոգնոմոնիկ) չեն տվյալ հիվանդության համար, այլ վկայում են որովայնի խոռոչում սուր բորբոքային պրոցեսի առկայության մասին[3]։ Երբեմն բորբոքումը կարող է թափանցել որովայնի խոռոչ և որովայնամզի բորբոքման (պերիտոնիտ) պատճառ դառնալ։ Առավել ծանր դեպքերում, նոպայի ժամերին, ելունը կարող է մեռուկանալ կամ թափածակվել, որի հետևանքով որովայնի խոռոչ են թափանցում բազմաթիվ մանրէներ և զարգանում է որովայնամզի տարածուն բորբոքում։ Խրոնիկականը լինում է ռեցիդիվող (նոպաների սրացումներով) և ռեզիդուալ (բորբոքման մնացորդային երևույթներով)։ Հաճախ զարգանում է սուր բորբոքումից հետո, երբեմն՝ որպես առաջնային քրոնիկական բորբոքում։ Ընթանում է որովայնի կայուն ցավերով, որոնք երբեմն ուժեղանում են, աղիքների գործունեության խանգարումներով (լուծ, փորկապություն) և սրտխառնոցով։ Հնարավոր է նաև կարճատև (1—2 ժ) նոպա (այսպես կոչված, ապենդիկուլյար խիթ)։ Որդանման ելունի խրոնիկական բորբոքումը ցանկացած պահի կարող է վերածվել սուր բորբոքման։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր բորբոքման դեպքում կատարվում է անհապաղ վիրահատություն՝ որդանման ելունի հեռացում (ապենդէկտոմիա)։ Արգելվում է կիրառել ջեռակներ, հոգնաներ, օգտագործել լուծողական և ցավը հանգստացնող դեղամիջոցներ, որոնք փոխում են հիվանդության պատկերը և դժվարացնում որդանման ելունի բորբոքում ախտորոշումը։ Ժամանակին չվիրահատելու դեպքում, երբ առաջանում է բորբոքային պրոցեսի սահմանափակում, և որովայնի խոռոչում գոյանում է ինֆիլտրատ, վիրահատությունը հետաձգում են մինչև վերջինիս ներծծվելը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Disease Ontology release 2017-01-27 Ստուգված է հունվարի 31-ին 2017:
  2. Ю.Ф. Исакова "Хирургические болезни детского возраста", Учебник. В 2 томах, 2004, стр. 579
  3. М.И. Кузин "Хирургические болезни", Учебник, 2002, стр. 631
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 643 CC-BY-SA-icon-80x15.png