Որովայնամզի բորբոքում
| Որովայնամզի բորբոքում | |
|---|---|
| Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
| Հիվանդության ախտանշաններ | փսխում[1], abdominal tenderness?[1] և սրտխառնոց[1] |
| Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն |
| ՀՄԴ-10 | K65 |
Որովայնամզի բորբոքում, պերիտոնիտ, զարգանում է որովայնի որևէ օրգանի հիվանդության, վնասվածքի և վիրաբուժական միջամտության բարդության, երբեմն՝ ախտաբանական առաջնային օջախից վարակի տարածման հետևանքով։ Պատճառներն են՝ որդանման ելունի սուր բորբոքումը, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցի ծակվելը, աղիքների անանցանելիությունը, վնասվածքների ու վիրավորումների ժամանակ որովայնամզի ամբողջականության խախտումը և այլն։ Հարուցիչներն են կոկերը և աղիքային ցուպիկը։ Ըստ պրոցեսի տարածվածության որովայնազմի բորբոքումը լինում է սահմանափակ և տարածուն, ըստ ընթացքի՝ սուր և քրոնիկական, ըստ արտաքիրտի բնույթի՝ շճային, թարախային, ֆիբրինային, նեխական։
Սուր տարածուն որովայնիզմի բորբոքումը բնորոշվում է արագ զարգացող ծանր ընթացքով, հաճախ պատճառ դառնում մահացության։
Սուր սահմանափակ որովայնազմի բորբոքման դեպքում առաջանում են որովայնամզի կպումներ։ Բորբոքային օջախի շրջանում լինում են ցավեր, տեղային փքվածություն և որովայնի մկանների լարում։
Որովայնամզի սուր թարախային բորբոքման վաղ շրջանում լինում են որովայնի ցավեր, հիվանդը գրգռված է, որովայնի մկանները՝ լարված, ընդբախումը՝ ցավոտ և այլն։ Բորբոքային պրոցեսի զարգացման հետ հիվանդի դիմագծերը սրվում են, աչքերը փոս ընկնում (այսպես կոչված, Հիպոկրատի դեմք), պուլսը հաճախանում է, մաշկը դառնում է խոնավ, լեզուն՝ չոր, փառակալած, ջերմությունը բարձրանում է։ Անուշադրության մատնելիս կլինիկական ընթացքը չափազանց ծանրանում է, առաջանում է օրգանիզմի ընդհանուր թունավորում և սուր որովայն։
Քրոնիկական որովայնիզմի բորբոքումը (սովորաբար տուբերկուլոզի ժամանակ) լինում է հազվադեպ և ընթանում է որովայնի խոռոչում արտաքիրտի կուտակումով կամ զանգվածային կպումների առաջացմամբ։
Բուժումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր տարածուն որովայնիզմի բորբոքման դեպքում՝ վիրահատություն, իսկ սահմանափակի և քրոնիկականի ժամանակ՝ հիմնական պատճառի վերացում, որովայնիզմի բորբոքման պատճառ հանդիսացող հիվանդությունների ժամանակին ախտորոշում և բուժում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Disease Ontology — 2016.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որովայնամզի բորբոքում» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 649)։ |