Նավթաքիմիական սինթեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նավթաքիմիական սինթեզ, սինթեզի միջոցով նավթից և ածխաջրածնային գազերից քիմիական նյութերի ստացումը։ Լինելով մատչելի, էժան և հեշտ մշակվող նավթը և ածխաջրածնային գազերը՝ նավթագազերը և բնական այրվող գազերը, աստիճանաբար դուրս են մղում օրգանական սինթեզում օգտագործվող այլ հումքերը (քարածուխ, թերթաքարեր, բուսական, կենդանական նյութեր ևն)։ Նավթաքիմիական սինթեզով ստանում են սինթետիկ կաուչուկներ, մանրաթելեր, պլաստմասսաներ, մոնոմերներ, լվացող միջոցներ, լուծիչներ, սպիրտներ, ալդեհիդներ, կետոններ, օրգանական թթուներ, ֆենոլ, դեղանյութեր, գյուղատնտեսական թունանյութեր, ներկանյութեր, վառելանյութեր, քսայուղեր, սպիտակուցավիտամինային խտանյութեր են։ Ածխաջրածնային հումքից այդ նյութերի ստացումն իրականացվում է պիրոլիզի, օքսիդացման, ալկիլման, հիդրման, դեհիդրման և այլ ռեակցիաների միջոցով, որոնց շարքում կարևոր նշանակություն ունեն կատալիտիկ ռեակցիաները։ Հեռանկարային է նավթային հումքի վերամշակման համար միկրոկենսաբանական սինթեզի կիրառումը։ Արդյունաբերական նավթաքիմիական սինթեզի առաջին փուլում ստանում են ելային ածխաջրածիններ (սահմանային, չհագեցած, արոմատիկ և նավթենային), որոնց մեծ մասն այնուհետև փոխարկվում է ակտիվ ֆունկցիոնալ խմբեր պարունակող միացությունների։ Մեծ քանակներով օգտագործվում են գազային (մեթանից մինչև պենտան), հեղուկ և պինդ () սահմանային (պարաֆինային) ածխաջրածինները։ Բնական գազը, որում մեթանի պարունակությունը 96–97% է, օգտագործվում է ամոնիակի, ացետիլենի, մեթիլալկոհոլի, ծծմբածխածնի, կապտաթթվի, քլորօրգանական միացությունների ստացման համար։ Պարաֆինային ածխաջրածիններից ստանում են չհագեցած ածխաջրածիններ՝ օլեֆիններ, դիենային ածխաջրածիններ, ացետիլեն, բուտանի և իզոպենտանի կատալիտիկ դեհիդրմամբ՝ բուտադիեն և իզոպրեն։ Կարևոր նշանակություն ունի պարաֆինային ածխաջրածինների կոնվերսիան, որի հետևանքով աոացվում է ածխածնի օքսիդի և ջրածնի խառնուրդ (սինթեզ գազ), որից ստանում են մեթանոլ և ապա՝ մրջնալդեհիդ, թեթև բենզիններից (30–90°С)՝ քացախաթթու։ Պինդ պարաֆինների օքսիդացմամբ ստանում են ճարպաթթուներ (), սպիրտներ և մակերևութային ակտիվ նյութեր։ Սահմանային ածխաջրածիններից ստանում են նաև մեթիլքլորիդ, մեթիլեն– քլորիդ, քլորաֆորմ, քառաքլորածխածին, հեքսաքլորէթան, քառաֆտորէթիլեն, հիդրավլիկ հեղուկներ, քսանյութեր, ամինասպիրտներ, պայթուցիկ նյութեր ևն։ Մեծ քանակներով օգտագործվում են նաև չհագեցած ածխաջրածինները։ Օլեֆիններից ստանում են պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, էթիլենօքսիդ, քացախալդեհիդ, քացախաթթու, վինիլացետատ, էթիլալկոհոլ, լուծիչներ, միջատասպաններ ևն։ Դիենային ածխաջրածինները՝ բուտադիենը, իզոպրենը, քլորապրենը, սինթետիկ կաուչուկի ստացման հիմնական հումքն են։ Ացետիլենը մեծ քանակներով ստացվում է մեթանից և պարաֆինային այլ ածխաջրածիններից՝ օքսիդացնող պիրոլիզով և էլեկտրակրեկինգով։ Այն օգտագործվում է քլորապրենի (տես Քլորապրենային կաուչուկ), լակրիլոնիտրիլի, վինիլքլորիդի, քացախալդեհիդի ստացման համար։ Արոմատիկ ածխաջրածիններն ստանում են բենզինային և լիգրոինային ֆրակցիաների կատալիտիկ ռիֆորմինգով և էթիլենի պիրոլիզային ստացման ընթացքում, բենզոլը և նավթալինը՝ ջրածնի առկայությամբ, նրանց ածանցյալների դեալկիլմամբ, նավթալինը՝ նաև ռիֆորմինգի ծանր ֆրակցիաներից և կատալիտիկ կրեկինգի արդյունքներից։ Բենզոլից ստանում են էթիլբենզոլ, իզոպրոպիլբենզոլ, ապա՝ ստիրոլ, ֆենոլ, ացետոն, ինչպես նաև պլաստիֆիկատորներ, քսայուղեր, մակերևութային ակտիվ նյութեր ևն։ Արոմատիկ ածխաջրածիններն օքսիդացնելով ստանում են տերեֆտալաթթու (տես Լավսան), ֆտալանհիդրիդ, ջերմակայուն պլաստմասսաների (պոլիամիդների) բաղադրիչներ, պլաստիֆիկատորներ ևն։ Նավթենային ածխաջրածիններից կարևոր նշանակություն ունի ցիկլոհեքսանը, որն ստանում են բենզոլի կատալիտիկ հիդրմամբ։ Ցիկլոհեքսանից ստանում են ցիկլոհեքսանոն և ադիպինաթթու, որոնք օգտագործվում են պոլիամիդային մանրաթելերի (կապրոն, նայլոն) արտադրության մեջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лебедев Н․ И․, Химия и технология основного органического и нефтехимического синтеза, М․, 1975․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 194