Լվացող միջոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լվացող միջոցներ, լվանալու հատկությամբ օժտված մակերևութային ակտիվ նյութեր։ Հնում որպես լվացող միջոցներ կիրառել են բնական ծագում ունեցող նյութեր, օրինակ, բուսական մոխրից ստացվող պոտաշ, բնական սոդա, կավեր, որոշ բույսերի հյութեր կամ քամվածք։ 19-րդ դարում զարգացավ օճառագործությունը, իսկ 20-րդ դարի 30-ական թվականներին առաջին անգամ Գերմանիայում հիմք դրվեց սինթետիկ լվացող միջոցների արտադրությանը։ Լվացող միջոցները բաժանվում են երկու դասի՝ իոնոգեն (ջրում դիսոցվող) և ոչ իոնոգեն (ջրում չդիսոցվող) նյութերի։ Բացասական լիցքով մակերևութային ակտիվ իոններ ունեցող իոնոգեն նյութերը կոչվում են անիոն-ակտիվ, դրական լիցքավորվածները՝ կատիոնակտիվ, իսկ ամֆոտեր կամ ամֆոլիտ՝ եթե իոնները հիմնային միջավայրում ունեն բացասական լիցք, իսկ թթվայինում՝ դրական։ Առավելապես կիրառվում են անիոնակտիվ նյութերը, որոնց հիման վրա ստացվում են բոլոր ճարպային օճառները և սինթետիկ լվացող միջոցների մեծամասնությունը։ Սինթետիկ լվացող միջոցներին ավելացնում են մի շարք օժանդակ նյութեր (անօրգանական թթուների հիմնային աղեր, սպիտակեցնող և ախտահանող հատկությամբ օժտված գերթթուների աղեր, որոշ ներկեր են), որոնք բարելավում են դրանց լվանալու հատկությունը։ Լվացող միջոցները թողարկվում են գլխավորապես (80-90%) փոշու ձևով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 669 CC-BY-SA-icon-80x15.png