Մշո ինքնապաշտպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մուշի հերոսամարտից)
Մշո ինքնապաշտպանություն
Հայոց ցեղասպանություն
Թվական հունիս - հուլիս 1915 թ.
Վայր Մուշ, Արևմտյան Հայաստան
Պատճառ Հայոց ցեղասպանություն
Արդյունք Ինքնապաշտպանությունն ավարտվեց անհաջողությամբ, հայ բնակիչների մեծ մասը սպանվեց թուրք ջարդարարների կողմից
Տարածքային
փոփոխություններ
Գավառը դատակվեց հայ բնակչությունից
Հակառակորդներ
Հայ ինքնապաշտպաններ Օսմանյան կայսրություն
անկանոն մուսուլմանական ուժեր
Հրամանատարներ
Հ. Կոտոյան
Կողմերի ուժեր
Քիչ Մի քանի անգամ գերազանցող
Ռազմական կորուստներ
Ծանր, հատկապես խաղաղ բնակչությունը Անհայտ

Մշո ինքնապաշտպանություն, Մշո գավառի հայ խաղաղ բնակչության ինքնապաշտպանությունը թուրք ջարդարարների դեմ։ Հայկական ջարդերն ու կոտորածները Հայոց Ցեղասպանության մաս էին կազմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից թուրք կառավարողները ձեռնամուխ եղան հայ բնակչության ոչնչացմանը՝ գլխավոր հարվածն ուղղելով Մուշի և Սասունի դեմ, որոնք հռչակված էին որպես հայ ազգ-ազատագրական շարժման կարևոր կենտրոններ։ Կատարելով թուրք, կառավարության հրահանգները՝ տեղական իշխանությունները զինվորական հրամանատարության հետ մշակեցին և գործողության մեջ դրին գավառի ամբողջ հայության բնաջնջման հրեշավոր ծրագիրը։

1915 թվականի գարնանը թուրքական կանոնավոր զորամասերը քրդական աշիրեթների հետ հարձակվեցին գավառի հայ բնակչության վրա։ Հայերը պատրաստ չէին ինքնապաշտպանության, մանավանդ որ գավառի հայ ղեկավար գործիչներն էլ միակարծիք չէին դիմադրություն կազմակերպելու վերաբերյալ։ Գազանաբար սպանվեցին Ցրոնք, Գոմս, Հերկերտ գյուղերի բնակիչները։ 1899 թվականին Ցրոնք գյուղում տեղի էր կռիվ ունեցել 7 հոգանոց հայ ֆիդայիների խմբի և թուրք զինվորների ու ոստիկանների միջև։ Մուշի հայերին լրիվ բնաջնջումից փրկեց հայ կամավորների ու ռուսական բանակի մոտեցումը, որոնք, հետապնդելով նահանջող հակառակորդին, մայիսի սկզբին հասան Բուլանըխ, ընդհուպ մոտեցան Մուշին։ Թուրքերն ընկան խիստ ծանր կացության մեջ։ Այս պայմաններում առավել վճռականորեն տրամադրված Մուշի հայոց առաջնորդները (Հ. Կոտոյան և ուրիշներ) հնարավոր համարեցին կազմակերպել Մուշի հայոց զինված դիմադրությունը։ Սակայն առաջացած տարաձայնությունների պատճառով պահը բաց թողնվեց։ Շուտով ռազմաճակատում դրությունը փոխվեց, ռուսական բանակը նահանջեց, հայերը վերստին հայտնվեցին կոտորածի վտանգի առջև։

Հունիսի վերջին թուրքական զորքերն անցան հարձակման։ Մշեցիների վիճակը խիստ ծանր էր. թուրքերը գրավել էին քաղաքի բարձունքները, շրջապատել հայկական թաղամասերը։ Սկսվեց հայ բնակչության կոտորածը։ Հուսահատության եզրին հասած հայերը դիմեցին ինքնապաշտպանության, նրանք շտապ կազմակերպեցին մարտական խմբեր, զինվեցին եղած սահմանափակ թվով հրացաններով։ Կռվում էին և տղամարդիկ, և կանայք, ծերերն ու երեխաները մատակարարում էին պարեն, կատարում պաշտպանական այլ աշխատանքներ։

1915 թվականիի հունիսի 20-30-ը տեղի ունեցան ուժեղ մարտեր մինչև ատամները զինված, գերազանց թվով թուրքական զորքերի ու հրոսակախմբերի և Մշո խաղաղ հայ բնակչության միջև։ Թեև հայերը վատ էին զինված, այնուամենայնիվ կռվում էին քաջաբար՝ մարտ մղելով ամեն մի տան համար։ Մարտերն առանձնապես ուժեղ էին Վերին և Ձորի թաղերում։ Թուրքերը կրում էին մեծ կորուստներ, սակայն նրանց քանակական ու զինական անհամեմատելի առավելությունը հարկադրեց Մուշի պաշտպաններին նահանջել։ Մշո ինքնապաշտպանության կազմակերպիչ Հ. Կոտոյանը երեք անգամ վիրավորվեց, բայց չթողեց մարտական դիրքերը։ 700 հայ մարտիկներ կարողացան ճեղքել թուրքական պաշարման օղակը և գնալ լեռները։ Կոտրելով հայերի դիմադրությունը՝ թուրքական զորքը ներխուժեց Մուշ և հիմնովին ավերեց այն։ Մուշի բազմահազար հայերից փրկվեց ընդամենը 400 հոգի։

Այլ բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույն բախտին արժանացան Մշո դաշտի շուրջ 100 հայաբնակ գյուղեր։ Մուշի գավառի մի շարք բնակավայրերում (Կառնեն, Ալիջան, Ավրան, Վարդենիս) հայերը մղեցին ինքնապաշտպանական կռիվներ։ Դաժան մարտեր տեղի ունեցան նաև Սբ. Կարապետի շրջանում։ Զիարեթ, Մեղտի, Բաղլու, Սորդար, Թոքլան, Կվարս, Բազու գյուղերի բնակիչները (15-20 հազար մարդ) բարձրացան Սբ. Կարապետի լեռն ու անտառը և դիմադրեցին հարձակվող թշնամուն։

Ինքնապաշտպանության մասնակիցների և խաղաղ բնակչության մեծ մասը նահատակվեց։ Մշեցիների ինքնապաշտպանությունը, որն ընթանում էր խիստ անհավասար պայմաններում, ավարտվեց անհաջողությամբ՝ տալով անհամար զոհեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արամայիս, Զարհուրելի ոճիրը. Մուշ-Սասուն, Բաքու, 1916։
  • Տեր-Պարսամյան Տարոսի ինքնապաշտպանությունն ու ջարդը. 1914-1915, Ֆրեզնո, 1920։
  • Շարաֆյան Ե., Տարոնի եղեռնը. ականատեսի վկայություններ, Սան Ֆրանցիսկո. 1965:
  • Արզումանյան Ա, Հայաստան. 1914-1917, Ե., 1969:
  • Սահակյան Ռ. Օ., Արևմտահայության ցեղասպանությունը և ինքնապաշտպանական կռիվները 1915 թվականին, Ե., 2005:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 82