Մոսկվայի պայմանագիր (1921)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մոսկվայի պայմանագիրից)
Մոսկվայի պայմանագիր
ՌՍՖՍՀ – Թուրքիա ընկերության և եղբայրության պայմանագիր
Treaty of Moscow 1921.jpg
Ռիզա Նուր, Յուսուֆ Քեմալ, Ալի Ֆուատ, Գեորգի Չիչերին, Ջելալ Կորկմասով
Պայմանագրի տիպ ապօրինի պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
1921 թ. մարտի 16
Մոսկվա
Ուժի մեջ է մտել 1921 թ. սեպտեմբերի 22
Ստորագրել են ՌՍՖՍՀ-ի կառավարության անունից՝ Գեորգի Չիչերին, Ջելալ Կորկմասով

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության անունից՝ Յուսուֆ Քեմալ, Ռիզա Նուր, Ալի Ֆուատ

Կողմեր Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն

Թուրքիայի Ազգային մեծ ժողով

Լեզու ռուսերեն

Մոսկվայի պայմանագիր (ռուս.՝ Московский договор, թուրք.՝ Moskova Anlaşması), Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921 թվականի մարտի 16-ին կնքված պայմանագիր, որը բանակցվել է Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսի (26 փետրվարի - 16 մարտի, 1921 թվական) ժամանակ։
Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստալինի նամակը Լենինին՝ հայերի և թուրքերի վերաբերյալ, 12.02.1921 թ.[2]

Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսն անցկացվել է 1921 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 16-ը, Քեմալական Թուրքիայի և խորհրդային հանրապետությունների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Կոնֆերանսում ՌԽՖՍՀ-ն ներկայացրել են Գեորգի Չիչերինը և Ջելալ Կորկմասովը, իսկ Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ Յուսուֆ Քեմալ Բեյը, Ռիզա Նուր Բեյը և Ալի Ֆուատ փաշան։ Ազգությունների այն ժամանակվա կոմիսար Ստալինի ջանքերի շնորհիվ[2] Չիչերինը վերջնականապես հրաժարվում է մինչ այդ ունեցած հայանպաստ իր դիրքորոշումից։ Հայաստանի սահմանների հարցի կապակցությամբ Չիչերինը հայտարարում է, որ իրենք չեն պնդի սահմանը Արփաչայից արևմուտք և Արաքսից հարավ անցկացնելուն։ Դա նշանակում էր, որ Թուրքիային էին անցնում ոչ միայն ամբողջ Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Սակայն թուրքական պատվիրակությունը չի բավարարվում այդքանով և պահանջում է, որպեսզի Նախիջևանի մարզը չմնա Հայաստանին, այլ դրվի Ադրբեջանի հովանավորության տակ, վերջինս էլ պետք է պարտավորվեր ապագայում չզիջել այդ հովանավորությունը մի երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին։
Ի վերջո մարտի 16-ին կողմերը կնքում են ՌՍՖՍՀ – Թուրքիա «ընկերության և եղբայրության պայմանագիրը», ինչպես նշված է պայմանագրի նախաբանում[3]:

Մոսկվայի քեմալա-բոլշևիկյան պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանագրերի օրինականության համար կարևոր է պատվիրակությունների լիազորությունների օրինականությունը։ Ցանկացած միջազգային պայմանագրի օրինականության համար միջազգային իրավունքն ունի հստակ պահանջներ։ Ինչպես օրինակ՝ որևէ պայմանագիր կարող է համարվել օրինական, եթե այն ստորագրվել է ճանաչված պետության օրինական իշխանության լիազոր ներկայացուցիչ(ներ)ի կողմից։ Միջազգային իրավունքով փորձաքննությունը ցույց է տալիս, որ Մոսկվայի պայմանագիրը անօրինական (illegal) է և անվավեր (invalid), քանի որ.

  • պայմանագրի ստորագրման պահին պատվիրակություններից և ոչ մեկը լիազորված չէր հանդես գալու իր երկրի անունից. ռուսական (բոլշևիկյան) և թուրքական (քեմալական) պատվիրակությունները դեռևս չէին ներկայացնում իրենց երկրների իշխանությունները (տե՛ս ստորև)։
  • պայմանագիրն ստորագրվել է միջազգային իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր և անբեկանելի մի քանի հիմնադրույթների (jus cogens) խախտումով։

Նախ, Մոսկվայի քեմալա-բոլշևիկյան պայմանագիրը անօրինական է և անվավեր դրան կողմ հանդիսացող ՌՍՖՍՀ-ի և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կարգավիճակների պատճառով։

ՌՍՖՍՀ-ի կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանագիրը կնքելու պահին չկար «ՌՍՖՍՀ» ճանաչված պետություն, հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյեկտ։ Բնականաբար նրա կառավարությունը չուներ միջազգային պայմանագիր կնքելու որևէ իրավասություն։ ՌՍՖՍՀ-ի, արդեն ԽՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճանաչումը սկսվել է միայն 1924 թվականից՝ Մեծ Բրիտանիայի ճանաչումով (փետրվարի 1, 1924 թվական)[4]: Մինչև 1924 թվական տեղի ունեցած «ճանաչումները» չեն առաջացրել որևէ իրավական հետևանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչված երկրներից կամ վարչախմբերից։ Որպեսզի ճանաչումն օրինապես համարվի այդպիսին, այն պետք է կատարվի իր հերթին օրինականորեն ճանաչված միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից[5]: Օրինակ, 1920 թվականին սովետական կառավարությունը ճանաչել է Բալթյան երկրները, սակայն այդ ճանաչումը չի ընդունվել Դաշնակից ուժերի կողմից, այն հիմնավորմամբ, որ սովետական կառավարությունն իր հերթին օրինապես ճանաչված չէր[6]: Նման մոտեցումը երկրորդվել է դատական վճիռներով։ Այսպես, ՌՍՖՍՀ ընդդեմ Սիբրարիոյի (RSFSR vs. Cibrario) դատական գործում (1923 թվական) ԱՄՆ դատարանը մերժել է ընդունել սովետական կառավարության հայցն այն հիմնավորմամբ, որ վերջինս ճանաչված չէ[7]: Նմանատիպ վճիռ, նույն հիմնավորմամբ կայացրել է Շվեդիայի Գերագույն դատարանը Սովետական կառավարությունն ընդդեմ Էրիքսոնի (Soviet Government vs. Ericsson) գործում (1921)[7]:

Վերոհիշյալ և տասնյակ այլ դատավճիռներ և կառավարական որոշումներ վերահաստատում են միջազգային իրավունքի այն սկզբունքը, որ առանց ճանաչման կառավարություններն իրավական տեսնանկյունից գոյություն չունեն, հետևաբար որևէ իրավական գործունեություն (պայմանագրերի կնքում, քաղաքացիության շնորհում կամ զրկում, մասնակցություն դատական գործընթացին և այլն) չեն կարող ծավալել[8]:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի Ազգային մեծ ժողովն իր կարգավիճակով հասարակական կազմակերպություն էր (NGO), և նրա մեջ միավորված էին նախկին պատգամավորներ, պաշտոնանկ զինվորականներ ու պաշտոնյաներ։ Մուստաֆա Քեմալի վարչախումբը որևէ իրավական հիմք չուներ միջազգային հարաբերություններում ներկայացնելու թուրքական պետությունը։ Մինչև 1922 թվականի նոյեմբերը, այսինքն՝ սուլթան Մուհամմեդ VI-ի մեկնումը Թուրքիայից, վերջինիս կառավարությանն էր վերապահված Թուրքիայի անունից միջազգային հարաբերությունների մեջ մտնելու իրավունքը, և միայն սուլթանն էր կարող, ըստ Օսմանյան կայսրության սահմանադրության 7-րդ հոդվածի, լիազորել որևէ անձի՝ հանդես գալու երկրի անունից[8]:

Քեմալականների շարժումը սկզբնավորվել ու ընթացել է օսմանյան սահմանադրության ոտնահարումով և միջազգային իրավունքի խախտումով, որոնք են երկրի օրինական իշխանության՝ սուլթան-խալիֆի, դեմ ապստամբությունը և Մուդրոսի զինադադարի (հոկտեմբերի 30, 1918) ոտնահարումը։ Մուստաֆա Քեմալը 1921 թվականին պարզապես փախուստի մեջ գտնվող քրեական հանցագործ էր։ Այդ իսկ պատճառով դեռևս 1920 թ. ապրիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորի՝ շեյխ-ուլ-իսլամի, ֆեթվայով (կոնդակով) Մուստաֆա Քեմալը մահվան էր դատապարտվել։ Նրա նկատմամբ նույն տարվա մայիսի 11-ին մահապատժի վճիռ էր կայացրել նաև թուրքական ռազմական դատարանը։ Այս դատավճիռը 1920 թվականի մայիս 24-ին հաստատվել էր սուլթանի կողմից։ Ի դեպ, Քեմալի և քեմալականների նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է միայն 1923 թվականի հուլիսի 24-ին՝ ներման համապատասխան հայտարարագրով[9]:

Հայաստանին վերաբերող մասը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի խախտում է, քանի որ «պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար առանց վերջինիս համաձայնության»[10]: Այս հիմնադրույթն ամրագրված է Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածում՝ “A treaty does not create either obligations or rights for a third State without its consent”: Հետևաբար, Մոսկվայի պայմանագիրը չէր կարող որևէ պարտավորություն պարունակել Հայաստանի Հանրապետության համար, առավել ևս՝ որոշել հայ-թուրքական սահմանը (պայմանագրում՝ հոդված 1) կամ Նախիջևանը որպես պրոտեկտորատ հանձնել Ադրբեջանին (պայմանագրում՝ հոդված 3), քանի որ Մոսկվայի պայմանագիրը կնքվել է միջազգային իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր և անբեկանելի մի քանի հիմնադրույթների (jus cogens) խախտումով։
Իսկ ինչպես ամրագրված է Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդվածում. «Պայմանագիրն անվավեր է, եթե կնքվելու պահին հակասել է միջազգային հանրային իրավունքի անբեկանելի հիմնադրույթին»:

Տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png 1921 թվականի մարտի 16-ին, բոլշևիկները պայմանագիր կնքեցին Քեմալի հետ, որով Թուրքիային հանձնեցին Հայաստանի Հանրապետության մի մասը, երկու այլ մասեր տվեցին Ադրբեջանին, և մնացորդի վրա փակցրեցին «Սովետական Հայաստան» պիտակն ու բռնակցեցին Ռուսաստանին[11]:
- Ջեյմս Ջերարդ, ԱՄՆ դեսպան Գերմանիայում (1913-1917)
Aquote2.png

Չեղարկման խնդիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնդիրը միջպետական իրավագիտության դաշտում է այն կապված է շահագռգիռ կամ ոչ շահագռգիռ պետությունների վարած քաղաքականության հետ որոնք ուղղակի կամ անուղղակիօրեն առնվչվում են այդ պայմանագրի հետ։Պայմանագրի չեղարկման հարցը առաջին անգամ դրվել է երկրոդ համաշխարհային պատերազմից հետո ԽՍՀՄԻ կողմից բայց չի կենսագործվել այլ հակառակը ավելի ամրապնդվել է այդ պայմանագրի անհրաժեշտությունը։Հայաստանի Հանրապետությունը այս պայմանագրի չեղարկման խնդրիը քննարկել է երկու անգամ,առաջինը անկախության առաջին տարիներին իսկ երկրորդ անգամ՝ ընդդիմադիր պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամաբ։Հայկակն իրականության մեջ առաջին անգամ այս պայմանգրի չեղարկման հարցը ձևակերպվեց որպես դատական հայց և ներկայացվեց ՌԴ Սահմանադիր Դատարան հայցադիմում Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության և Ազգային Ժողովի կողմից [12]:2016թ․հունվարի 15-ին ՌԴ ՍԴ պաշտոնական նամակով մերժեց հայցը [13]։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պապյան. Մի դրվագ 1921 թ. Մոսկվայի քեմալա-բոլշևիկյան բանակցություններից կամ ինչպես Ստալինը Արարատը փոխանակեց Բաթումի հետ
  2. 2,0 2,1 Центральный партийный архив Института марксизма-ленинизма, ф. 3, oп. I, е/х 5214, л. 2.
  3. Текст советско-турецкого договора о дружбе и братстве 1921 года
  4. Toynbee A.J. Survey of International Affairs 1924. London, 1926, p. 491.
  5. Մինչև 1924 թ. փետրվարի 1-ը տեղի ունեցած, այսպես կոչված, ճանաչումները չեն ստեղծում որևէ իրավական հետևանք, քանի որ դրանք չճանաչված երկների կամ իշխանությունների կողմից էին. Էստոնիա 02.02.1920; Լիտվա 30.06.1920; Լատվիա 11.08.1920; Լեհաստան 12.10.1920; Ֆինլանդիա 14.10.1920; Պարսկաստան 26.02.1921; Աֆղանստան 28.02. 1921; Թուրքիա 16.03.1921; Մոնղոլիա 05.11.1921 (Schuman F.L. American Policy toward Russia since 1917: A Study of Diplomatic History, International Law and Public Opinion. London, 1928, p. 351).
  6. Papers Relating to the Foreign Relations of the United States, 1920. Washington, 1936, v. III, p. 462. (The Secretary of States (Colby) to the Ambassador in Great Britain (Davis), August 2, 1920, p. 461-3).
  7. 7,0 7,1 Hudson M.O. Annual Digest of Public International Law. Cambridge, 1931-1932, Case No 28.
  8. 8,0 8,1 Chen T.-C. The International Law of Recognition, London, 1951, p. 138.
  9. Amnesty Declaration and Protocol, signed 24 July 1923.
  10. Jankovic B.M. Public International law. NY, 1984, p. 302.
  11. Report [Pursuant to H.Res. 346 & H.Res. 438]. Communist Takeover & Occupation of Armenia, 83rd Congress 2nd Session, House of Representatives, Rept. 2684, Part 8, 31 Dec 1954, p. 14.
  12. Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության և Ազգային Ժողովի կողմի հայցադիմում
  13. հայցի մերժում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Արա Պապյանի հեղինակած Հայրենատիրություն. Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր (հոդվածների ժողովածու)