Մոսկվայի ռուս-թուրքական կոնֆերանսներ (1920, 1921)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մոսկվայի ռուս-թուրքական կոնֆերանսներ, վեհաժողովներ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի ներկայացուցիչների միջև 1920-21 թվականներին։

Առաջին կոնֆերանս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի ռուս-թուրքական աոաջին կոնֆերանսը տեղի է ունեցել 1920 թվականի հուլիս-օգոստոսին՝ քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև հարաբերությունները կարգավորող պայմանագիր կնքելու նպատակով։ խորհրդային Ռուսաստանի կողմից բանակցությունները վարում էին արտգործժողկոմ Գեորգի Չիչերինը, նրա տեղակալ Լ. Կարախանը, տնտեսական, իրավական բաժնի տնօրեն Ա. Սաբանինը, արևելյան գործերի փորձագետ Ադամովը, Թուրքիայի կողմից՝ Բեքիր Սամին (պատվիրակության ղեկավար), Յուսուֆ Քեմալ Բեյը և ուրիշներ։ Պայմանագրի նախագծի, ինչպես նաև կողմերին հետաքրքրող մյուս հարցերի քննարկման և նախապատրաստման նպատակով ստեղծվում են երկու հանձնաժողովներ՝ քաղաքական և ռազմական։ Ռազմական հանձնաժողովում թուրք փոխգնդապետ Սեյֆին առաջարկում է կարճ ժամանակամիջոցում Թուրքիային տրամադրել զենք ու զինամթերք, նավթ և այլն։ Չնայած ոչ բոլոր պահանջներն են ընդունվում, սակայն համաձայնություն է կայացվում Թուրքիային ֆինանսական օգնություն (5 միլիոն ռուբլի ոսկով) ցուցաբերելու, անհրաժեշտ չափով զենք ու զինամթերք մատակարարելու շուրջ։ Կոնֆերանսում խիստ տարաձայնություն է առաջացնում տարածքային սահմանազատումների հարցը։ Խորհրդային Ռուսաստանը, փորձելով հանդես գալ որպես միջնորդ և մեղմել հայ-թուրքական լարված հարաբերությունները, առաջ է քաշում տարածքային հարցերի լուծման ազգագրական սկզբունքը՝ «հիմնված մինչև մեծ պատերազմը գոյություն ունեցած ազգային փոխհարաբերությունների վրա և առաջարկում է փոխադարձ վերաբնակեցում կատարել, որպեսզի երկու կոդմից ստեղծվի միատեսակ ազգագրական տարածք»[1]: Լևոն Շանթի գլխավորած հայկական պատվիրակությունը, որն այդ ժամանակ Մոսկվայում բանակցություններ էր վարում խորհրդային կառավարության հետ, սկզբունքորեն համաձայն էր դրան։ Թուրքական պատվիրակությունը ոչ միայն մերժում է այդ սկզբունքը, այլև հրաժարվում վիճելի տարածքների վերաբերյալ կողմերի կոնկրետ պահանջները պարզելու նպատակով Լևոն Շանթի պատվիրակության հետ հանդիպելու՝ Լ. Կարախանի առաջարկից՝ պատճառաբանելով, թե նման լիազորություն չունի։ Բեքիր Սամին պնդում է Բրեստի հաշտությամբ (1918) գծված սահմանների վրա և պահանջում ճանաչել թուրքական «Ազգային ուխտը»: Բեքիրը նաև պահանջում է Ռուսաստանի համաձայնությունը (թեկուզ և բանավոր)՝ գրավելու համար Հայաստանի Հանրապետության որոշ տարածքներ (հատկապես՝ Սարիղամիշի և Շահթախթիի շրջանները) Նախիջևանի վրայով կարմիր բանակի և խորհրդային Ռուսաստանի հետ անմիջական կապ ստեղծելու նպատակով, առանց որի, Բեքիրի պնդմամբ, թուրքերը մեկ ամիս էլ չեն դիմանա։ Չստանալով Չիչերինի համաձայնությունը՝ Բեքիր Սամին պահանջում է հանդիպել Վլադիմիր Լենինի հետ։

Օգոստոսի 13-ին ՌԿ(բ) կ ԿԿ Քաղբյուրոն Լենինի մասնակցությամբ քննարկում է Գեորգի Չիչերինի առաջարկները Թուրքիայի և Հայաստանի մասին, իսկ օգոստոսի 14-ին Լենինն անձամբ ընդունում է Թուրքիայի պատվիրակությանը։ Թուրքիայի կողմից Շահթախթիի և Սարիղամիշի գրավման նպատակահարմարության հարցը Կովկասյան ճակատի ՌՀԿ անդամ Գեորգի Օրջոնիկիձեի հետ հեռագրով պարզելուց հետո Չիչերինը Բեքիր Սամիին հայտնում է, որ խորհրդային կառավարությունը դեմ չէ այդ միջոցառմանը, բայց պայմանով, որ թուրքերն այդ գծից չանցնեն։

Կոնֆերանսն ավարտվում է օգոստոսի 24-ին կողմերի փոխհարաբերությունների վերաբերյալ հիմնական սկզբունքները որոշող պայմանագրի նախագծի մշակումով։ Դրանում կային կետեր կողմերին ուժի թելադրանքով պարտադրված պայմանագրերը չճանաչելու, ցարական Ռուսաստանի և Թուրքիայի միջև նախկինում ստորագրված պայմանագրերը չեղյալ հայտարարելու, նեղուցների (Բոսֆոր և Դարդանել) իրավիճակի լուծումը սևծովյան տերությունների կոնֆերանսին հանձնելու, տնտեսական, ֆինանսական և հյուպատոսական համաձայնություններ կնքելու մասին և այլն։ Հայաստանի համար առանձնակի կարևորություն էին ստանում 3-րդ և 4-րդ հոդվածները, որոնցից աոաջինում ասված էր, որ կողմերը պարտավորվում են փոխադարձ համաձայնությամբ, ամենակարճ ժամկետում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մարդկանց և ապրանքների փոխադրման նպատակով Ռուսաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության ճանապարհներ բացելու համար։ Պարզ էր դառնում, որ այդ ճանապարհը պետք է բացվեր Հայաստանի վրայով։ 4-րդ հոդվածում ասված էր. որ ՌԽՖՍՀ-ն համաձայն է ստանձնել միջնորդությունը Թուրքիայի և սահմանակից այն երրորդ պետությունների միջև, որոնք իրենց իշխանության տակ են պահում թուրքական «Ազգային ուխտի» մեջ մտցված որևէ տարածք։ ճանաչելով «Ազգային ուխտը»՝ խորհրդային կառավարությունը դրանով իսկ ընդունում էր Թուրքիայի իրավունքը Բաթումի, Կարսի, Արդահանի վրա։ Եվ քանի որ այդ տարածքները գտնվում էին Հայաստանի և Վրաստանի կազմում, ուստի որոշվում է Թուրքիայի հյուսիսարլևելյան սահմանի ճշտման հարցը հետաձգել, որի պատճառով էլ հետաձգվում է նախապատրաստված պայմանագրի վերջնական ստորագրումը։ Պայմանագրի այս նախագիծը հետագայում դրվում 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի հիմքում։

Երկրորդ կոնֆերանս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստալինի նամակը Լենինին՝ հայերի և թուրքերի վերաբերյալ, 12.02.1921 թ.[2]

Երկրորդ կոնֆերանսն անցկացվել է փետրվարի 26-ից մինչև մարտի 16-ը, Թուրքիայի և խորհրդային հանրապետությունների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Կոնֆերանսում ՌԽՖՍՀ-ն ներկայացրել են Գեորգի Չիչերինը և Ջ. Կորկմասովը, Թուրքիան Յուսուֆ Քեմալ Բեյը, Ռզա Նուր Բեյը, Ալի Ֆուատ փաշան: ՌԽՖՍՀ կառավարությունը Մոսկվա էր հրավիրել նաև Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակություններին, սակայն թուրքական պատվիրակությունը հրաժարվում է միացյալ կոնֆերանսի գաղափարից՝ պատճառաբանելով, թե իր կառավարությունից չունի համապատասխան լիազորություններ։ Իրականում թուրքական կողմը ձգտում էր Անդրկովկասի հանրապետությունների հետ կնքել անջատ պայմանագրեր։

Երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշվում է բանակցությունների հիմքում դնել ռուս-թուրքական առաջին կոնֆերանսի մշակած պայմանագրի նախագիծը, որը, սակայն, պետք է կրեր փոփոխություններ և լրացվեր։ Այս նպատակով ստեղծվեցում են երեք հանձնաժողովներ՝ քաղաքական, իրավաբանական և խմբագրական։ Կոնֆերանսում քննարկվող հարցերից առավել կարևորն ու դժվարություն հարուցողը տարածքային սահմանազատման խնդիրն էր։ Թուրքական պատվիրակությունն այս հարցում ցուցաբերում է մեծ համառություն՝ հավակնելով Բաթումի, Կարսի մարզերին, Սուրմալուի և Նախիջևանի գավառներին, որոնց նկատմամբ իր իրավունքները հիմնավորելու համար վկայակոչում է նախ 1920 թվականի հունվարի 28-ին օսմանյան խորհրդարանի ընդունած «Ազգային ուխտը» (երբ հարցը Բաթումի, Կարսի և Արդահանի մասին էր), ապա բնակչության ցանկությունը (Նախիջևանի հարցում), որի ապացույցն էր, իբր, թուրքական զորքերը հրավիրելու փաստը և այլն։ Թուրքական պատվիրակության եռանդուն գործունեության հետ միաժամանակ, քեմալականները ձեռնարկում են գործուն քայլեր Բաթումի և Նախիջևանի գրավման համար՝ ձգտելով խորհրդային Ռուսաստանին կանգնեցնել կատարված փաստի առաջ։ Նախիջևանում իշխանությունը գրավելու նպատակով ապստամբության մի քանի փորձ է կատարվում, իսկ մարտի 11-ին թուրքական մի ջոկատ, Վրաստանի մենշևիկյան կառավարության համաձայնությամբ, մտնում է Բաթում։ Համոզվելով, որ Բաթումի և Նախիջևանի հարցում զիջում չի լինելու, թուրքական պատվիրակությունը որոշում է չափավորել իր պահանջները, որպեսզի չգրկվի Խորհրդային Ռուսաստանի օգնությունից։ Մինչև մարտի 10-ը տարածքային հարցերը քննարկվում են կոնֆերանսի ոչ պաշտոնական նիստերում, որոնց սովորաբար մասնակցում էին Իոսիֆ Ստալինը և Բորիս Շահթախթինսկին։ Մարտի 10-ին կոնֆերանսն անցնում է տարածքային հարցերի պաշտոնական քննարկմանը։ Գեորգի Չիչերինը հայտարարարում է, որ խորհրդային Ռուսաստանը պատրաստ է ճանաչել թուրքերի կողմից հռչակված «Ազգային ուխտի» սահմանները, սակայն պահանջում է կատարել որոշ փոփոխություններ Բաթումի մասում։ Երկար վիճաբանություններից հետո ընդունվում է որոշում, որով Բաթումը մնում է Վրաստանի կազմում, Թուրքիան Բաթումի նավահանգստով ազատ և առանց մաքսի տարանցիկ առևտրի իրավունք է ստանում։

Հայաստանի սահմանների հարցի կապակցությամբ Չիչերինը հայտարարում է, որ ռուսական կառավարությունը չի պնդի սահմանը Արփաչայից արևմուտք և Արաքսից հարավ անցկացնելուն։ Դա նշանակում էր, որ Թուրքիային էին անցնում ոչ միայն ամբողջ Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Սակայն թուրքական պատվիրակությունը չի բավարարվում այդքանով և պահանջում է, որպեսզի Նախիջևանի մարզը չմնա Հայաստանին, այլ դրվի Ադրբեջանի հովանավորության տակ, վերջինս էլ պետք է պարտավորվեր ապագայում չզիջել այդ հովանավորությունը մի երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին։ Չիչերինն առաջարկում է սահմանափակվել Նախիջևանի մարզը ուղղակի Ադրբեջանի հովանավորությանը հանձնելով, իսկ թուրքական պատվիրակությունը պահանջում է ավելին՝ Նախիջևանին միացնել Շարուր-Դարալագյազը և Երևանի գավառի մի մասը՝ մինչև Արարատ կայարանը։ Այս առաջարկության նպատակը հետևյալն էր. չկարողանալով գրավել Նախիջևանը՝ Թուրքիան ձգտում էր գոնե դրա հետ ունենալ ընդհանուր սահման։ Երկարատև վիճաբանություններից հետո ընդունվում է որոշում, որ այդ մասում սահմանը ճշտի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչների խառը հանձնաժողովը։ Տարածքային հարցերի քննարկումից հետո Չիչերինն հայտարարում է՝ քանի որ թուրք-անդրկովկասյան սահմանը ենթակա է հաստատման, ապա այն պայմանագրերում, որոնք Թուրքիան կնքելու էր այդ հանրապետությունների հետ, չպետք է թույլատրվի ինքնիշխանության որևէ խախտում և որ Թուրքիայի ցանկացած փորձ այս ուղղությամբ խորհրդային Ռուսաստանը կդիտի որպես իր դեմ ուղղված միտում։ Նման հայտարարությունը հետապնդում էր անդրկովկասյան հանրապետությունները, մասնավորապես Հայաստանը, Թուրքիայի ոտնձգություններից պաշտպանելու նպատակ, քանի որ վերջինս շարունակում էր կառչել 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրից: Սակայն Հայաստանի ինքնիշխանությունն արդեն խախտվել էր ամենահիմնական և ամենակենսական հարցում՝ սահմանների հարցում։ Մարտի 14-ի նիստի ժամանակ երկու կողմերն էլ ներկայացնում են պայմանագրի իրենց նախագծերը և սկսում քննարկումը։

Կոնֆերանսի եզրափակիչ նիստը տեղի է ունենում մարտի 16-ին և նույն օրն էլ ստորագրվում է «Բարեկամության և եղբայրության պայմանագիր ՌԽՖՍՀ և Թուրքիայի միջև»: Ստորագրվում է նաև համաձայնագիր, որով խորհրդային Ռուսաստանը պարտավորվում է Թուրքիային անհատույց տրամադրել 10 միլիոն ռուբլի ոսկով, զենք, զինամթերք և այլն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զոհրաբյան է. Ա, «Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները» 1920-1922 թթ., Ե., 1979:
  • Кузнецова С. И., «Установление советско-турецких отношений», М., 1961;
  • Хейфец А Н., «Советская дипломатия и народы Востока, 1921-1927» гг., М., 1968.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Документы внешней политики СССР», т. 2, 1958, էջ 726
  2. Центральный партийный архив Института марксизма-ленинизма, ф. 3, oп. I, е/х 5214, л. 2.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png