Միասապատավոր ուղտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միասապատ ուղտ
Միասապատ ուղտ
Միասապատ ուղտ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Camelidae
Ցեղ Ուղտեր (Camelus)
Տեսակ Միասապատ ուղտ (C. dromedarius)
Միջազգային անվանում
Camelus dromedarius
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Միասապատավոր ուղտ (լատ.՝ Camelus dromedarius), կամ դրոմեդար (դրոմադեր), կամ արաբիան կաթնասունների տիպին պատկանող տեսակ է, ուղտանմանների (Camelidae) ընտանիքի ներկայացուցիչ, երկսապատավոր ուղտի հետ միասին պատկանում է ուղտերի ցեղին (լատ.՝ Camelus).

Անցյալում Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի անապատներում թափառում էին վայրի դրոմադերների մեծ թվով խմբեր, մինչդեռ մեր օրերում կարելի է հանդիպել միայն ընտելացրած կենդանիների։ Ժամանակակից աշխարհում դրոմեդարները տարածված են Ասիայի և Աֆրիկայի շրջաններում և օգտագործվում են բեռների և մարդկանց տեղափոխման նպատակով։ Ի տարբերություն բակտրիանի դրոմադերի վայրի պոպուլյացիան չի պահպանվել։ Միայն Ավստրալիայում[1] հանդիպում են երկրորդային վայրի դարձած ուղտերի խմբեր, որոնք համարվում են XIX—ХХ դարերում մայրցամաք տեղափոխած դրոմադերների հեռավոր սերունդները։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղտ

«Դրոմադեր» անվանումն առաջացել է հունարեն δρομάς բառից, որը նշանակում է «վազող»։ «Արաբիան» անվանումն առաջացել է Արաբիա բառից, որտեղ ուղտի այս տեսակն առաջին անգամ ընտելացվել է։

Արտաքին նշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն բակտրիանների, դրոմեդարներն ունեն միայն մեկ սապատ։ Չափերով ավելի փոքր են․ նրանց երկարությունը կազմում է 2,3-ից մինչև 3,4 մետր, իսկ հասակը՝ 1,8-2,3 մետր։ Քաշը կազմում է 300-ից 700 կգ։ Պոչը համեմատաբար կարճ է, ոչ ավել քան 50 սմ։ Դրոմադերը տարբերվում է իր սլացիկ մարմնով և երկար ոտքերով, իսկ գունավորման մեջ գերակշռում են մոխրագույն և դեղին երանգները։ Մորթին, որպես կանոն, ավազի գույնի է, չնայած հանդիպում են նաև այլ գույներ՝ սպիտակից մինչև մուգ շագանակագույն։ Գլխի վերին հատվածի, պարանոցի և մեջքի մազերն ավելի երկար են։

Միասապատավոր ուղտի գլուխը

Միասապատավոր ուղտերն ունեն երկար պարանոց և երկարաձգված գլուխ։ Վերին շրթունքը երկփեղեկված է, իսկ քթանցքերը ճեղքի տեսք ունեն, որոնց ուղտը կարողանում է փակել անհրաժեշտության դեպքում։ Թարթիչները շատ երկար են։ Ծնկների, ոտքերի տակ և մարմնի այլ մասերում կան շատ կոշտուկներ։ Ոտքերի վրա, ինչպես բոլոր ուղտանմանների մոտ, ունեն երկու մատ, որոնք վերջանում են ոչ թե սմբակներով, այլ կոշտուկների բարձիկներով։ Ստամոքսը կազմված է մի քանի բաժիններից, որը հեշտացնում է մարսողությունը։

Չոր կլիմային հարմարվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոր կլիմային հարմարվելու համար ձևավորվել են տարբեր հարմարանքներ, որոնք միասապատավոր ուղտերին թույլ են տալիս ապրել անապատում։ Նրանք երկար ժամանակ կարող են ապրել առանց ջրի՝ կարողանալով այն մեծ քանակությամբ կուտակելլ իրենց մարմնում։ Հատուկ մեխանիզմներ կան դրոմադերների օրգանիզմում, որոնք օգնում են հեղուկի կորուստը հասցնել նվազագույնի։ Խիտ մորթին թույլ չի տալիս շատ ջուր գոլորշիացնել, քրտնագեղձերը քիչ են, և կենդանիները սկսում են քրտնել միայն 40 աստիճանի դեպքում։ Գիշերը միասապատավոր ուղտերի մարմնի ջերմաստիճաը խիստ նվազում է, իսկ ցերեկը դանդաղ է աճում, ինչի շնորհիվ կենդանին չի քրտնում։

Դրոմադերները երկար կարող են դիմանալ առանց ջրի (մի շաբաթ՝ բեռնված և մի քանի ամիս՝ առանց ծանրաբեռնվածության)։ Առանց իրենց օրգանիզմին վնաս հասցնելու կարող են դիմանալ հեղուկի մոտ 40 % կորստին, փոխարենը նրանք շատ արագ ջուր խմելով լրացնում են այդ պակասը, օրինակ՝ 10 րոպեում կարող են խմել 100 լիտր ջուր։ Ուրիշ կաթնասուններ ի վիճակի չեն այդքան կարճ ժամանակում ընդունել նման ծավալի հեղուկ։ Հիմնականում սնվում են չոր, փշոտ անապատային բույսերով։

Սապատում պահեստավորվում է ճարպ, որն աստիճանաբար օգտաործվում է որպես էներգիայի աղբյուր, ճարպի քայքայումից առաջանում է նաև մեծ քանակությամբ ջուր։ Հեղուկը պահեստավորվում է ոչ թե սապատում այլ՝ ստամոքսում։ Երիկամներում ջուրը խնամքով հետ է ներծծվում, ինչի արդյունքում մեզը շատ խտանում է։

Երաշտի պայմաններում ուղտը կարող է կորցնել իր քաշի 25 %-ը, բայց չսատկել ծարավից կամ սովից։ Չնայած շոգին լավ հարմարվածությանը, դրոմադերներն ի տարբերություն բակտրիանի, վատ են տանում ցուրտը, որովհետև նրանց մորթին ավվելի կարճ է և նոսր։

Միասպատավոր ուղտ՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի Սիլվերտոն քաղաքից ոչ հեռու

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոմադերները որպես տնային կենդանիներ տարածված են ամբողջ Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում անգամ Հնդկաստանում։ Նրանց արեալի հարավային սահմանը համարվում է մոտավորապես 13° հյուսիսային լայնությունը, իսկ ավելի հյուսիսային կետը համարվում է Թուրքեստանը, որտեղ, ինչպես նաև Անատոլիայում նրանք հանդիպում են բակտրիանների հետ։ Դրոմադերները ներկայացվել են Բալկանյան կղզիներում, հարավ-արևմտյան Աֆրիկայում և Կանարյան կղզիներում։ 1840 թվականից մինչև 1907 թվականը նրանց տեղափոխել են նույնիսկ Ավստրալիա, որտեղ մինչ այժմ ապրում են ազատ արձակված կամ փախած ուղտերի սերնդի ներկայացուցիչները։ 50-100 հազար առանձնյակներից կազմված այս պոպուլյացիան համարվում է միասապատավոր ուղտերի աշխարհում միակ ամենամեծ պոպուլյացիան, որը գտնվում է վայրի բնության մեջ։ Նման եղանակով առաջացած պոպուլյացիա եղել է նաև ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում (Նրանց տեղափոխել էին Թուրքիայից՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ բանակի կարիքները հոգալու համար), չնայած ոչնչացավ 20-րդ դարի սկզբին[2][3] Դրոմեդարները ապրում են ավելի հարավային տարածաշրջաններում, քան բակտրիանները, չնայած հանդիպում են նաև Կենտրոնական Ասիայում։

Վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

ուղտերի խումբ Մարոկո։

Հասարակական վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվ են ցերեկը։ Ապրելով վայրի բնության մեջ, որպես կանոն ձևավորում են հարեմային խմբեր՝ կազմված մեկ արուից, մի քանի էգերից և իրենց սերնդից։ Երիտասարդ արուները հաճախ են կազմում ամուրիների խումբ, որը, սակայն, երկար չի տևում։ Երբեմն արուները կռվում են, որի ժամանակ որոշվում է խմբի առաջնորդը։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոտակեր կենդանիներ են, սնվում են բոլոր տեսակի բույսերով։ Սնունդը կուլ են տալիս համարյա առանց ծամելու, որն ընկնում է առջևի ստամոքս՝ այդտեղ վերջնականապես մարսվելով։ Այս գործընթացը հիշեցնում է որոճողների (Ruminantia) մոտ մարսողությաունը, որոնց հետ, սակայն, ուղտերը ազգակցական կապ չունեն։ Հավանաբար ուղտերի մարսողական համակարգը զարգացել է այս խմբից անկախ, ինչի մասին վկայում են ուղտերի առջևի ստամոքսում մեծ քանակությամբ գեղձերի առկայությունը։

Մայր ուղտը կերակրում է ձագին, Սահարա անապատ

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգավորումը հիմնականում տեեղի է ունենում ձմռանը և կապված է անձրևների եղանակի հետ։ Հղիությունը տևում է 360-ից 440 օր, որից հետո, որպես կանոն ծնվում է մեկ ձագ․ զույգեր հազվադեպ են ծնվում։ Նորածինները առաջին օրից սկսում են ինքնուրույն քայլել։ Մայրը հոգ է տանում սերնդի նկատմամբ մեկից երկու տարի, իսկ կաթից բուսական սնունդ անցումը տեղի է ունենում մեկուկես տարի անց։ Ծննդաբերությունից երկու տարի հետո էգը կարող է նորից հղիանալ։

Էգը սեռահասուն է դառնում 3 տարեկանից, իսկ արուները՝ 4-ից 6 տարեկանում։ Կյանքի միին տևողություը 40-ից 50 տարի է։ Արհեստական բեղմնավորմամբ միասապատավոր ուղտի արուի և լամայի էգի խաչասերումից ստացվում է հիբրիդ, որը կոչվում է կամա։

Դրոմադերները և մարդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլո-եգիպտական զինվորը ուղտի վրա Սուդանում, 20-րդ դար

Վայրի դրոմադերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թե որտեղ են ապրել դրոմադերները և երբ են ոչնչացել, մինչև վերջ պարզ չէ։ Գտածոների սղության և դրոմադերների ու բակտրինների խաչասերման հնարավորության պատճաով որոշ կենդանաբաններ նույնիսկ կարծում են, որ վայրի դրոմադերներն ընդհանրապես գոյություն չեն ունեցել։ Այնուամենայնիվ, կան որոշ փաստեր, որոնք վկայում են այդ կենդանիների հին վայրի ձևերի գոյության մասին։ Դրանց թվին են պատկանում Արաբական թերակղզում պատերին արված երեք հազար տարվա հնության նկարները, որտեղ պատկերված է վայրի ուղտերի որս։ Ինչպես նաև Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվել է դրոմադերի ստորին ծնոտ, որի տարիքը կազմում է 7 հազար տարի, այսինքն նախքան ընտելացումը։ Պլեյստոցենի ժամանակաշրջանում, հնարավոր է ապրել են Հյուսիսային Աֆրիկայում մինչև մ․թ․ա․ 3000 թվականը։ Երբեմն նրանց դասում են Camelus thomasi ոչնչացած տեսակի շարքին։

Ինչպես արդեն ասվել է, վայրի ուղտերի պոպուլյացիա գոյություն ունի Ավստրալիայում։ Այս կենդանիները համարվում են երկրորդային վայրի դարձածներ։ Ուղտերը բերվել են Ավստրալիա 19-րդ դարում՝ որպես բեռնակիր անասուններ, որոնք հարմարված են չոր կլիմային։ Այդ ժամանակվանից հրանցից շատերը դարձել են վայրի, իսկ գլխաքանակը ավելացել է, որովհետև նրանցով սնվող գիշատիչները քիչ են։ Այս, ինչպես նաև այն դեպքերը, երբ Ավստրալիա էին բերվել ճագարներ և այլ ինվազիվ տեսակներ վատ են անդրադառնում մայրցամաքի էկոհամակարգի վրա․ ուղտերը օգնականներից վերածվեցին վնասատուների, կարելի է ասել անգամ մարդկանց և տեղի կենդանիների թշնամիների[4]։

Ընտելացված դրոմադերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճաշաման՝ միասապատավոր ուղտի պատկերով, Իրաք, 10-րդ դար

Դժվար է ասել, թե երբ են ընտելացրել դրոմադերներն։ Հայտնի է միայն, որ ընտելացման գործընթացը տեղի է ունեցել Արաբական թերակղզում, որը հավանաբար տեղ է ունեցել մեր թվարկությունից առաջ երրորդ հազարամյակում։

Ուղտերով հեծյալների մասին առաջին հիշատակումները գտնվում են ասորական կոթողներում, որտեղ մ․թ․ա․ 853 թվականին Կարկարի մարտում կռվողներրի շարքում նշվում է 1000 արաբական հեծյալներից կազմված հեծելազորի մասին։

Որպես ընտանի կենդանի դրոմեդարը տարածվել է բավականին ուշ, հնարավոր է, մեր թվարկության առաջին հազարամյակի երկրորդ կեսից շուտ։ Մեր թվարկության սկզբում նրանց արեալն աստիճանաբար մեծացել է նաև շատ շրջանների անապատացման պատճառով։ Այսօր գյություն ունեն միասապատավոր ուղտի տարբեր ցեղատեսակներ, որոնք հարմարվել իրենց կողմից կատարվող տարբեր գործառույթներին։ Տարբերվում են բեռնակիր, լեռնային, հարթավայրային, մրցարշավի և մարդկանց տեղափոխելու համար նախատեսված ուղտեր, ինչպես նաև անցումային ձևեր։

Ուղտերը Մեռյալ ծովի շրջակայքում

Մեր օրերում դրոմադերներն օգտագործվում են բեռներ (սովորաբար տեղափոխում են մինչև 150կգ բեռ) և մարդկանց փոխադրելու համար, իսկ անծայրածիր կիսաանապատներում, որ ձգվում են Հյուսիսային Աֆրիկայից մինչև Կենտրոնական Ասիա և Արաբական թերակղզի, տեղի բնակչությանը ապահովում են կաթով, մսով և մորթով։

Ասիական և աֆրիկական երկրներում, ինչպես նաև Ավստրալիայում բավականին տարածված է ուղտարշավները, որոշ երկրներում, նույնիսկ, բուծվում են արշավների համար նախատեսված սորտեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Australia, home to the world's largest camel herd - BBC News
  2. Carroll, Charles C. The Government's Importation of Camels: A Historical Sketch // Report of the Chief of the Bureau of Animal Industry, United States Department of Agriculture, Volume 20. — Washington, DC: U.S. Department of Agtriculture, 1903. — С. 391—409.
  3. Lammons, Bishop F. Operation Camel (und) // The Southwestern Historical Quarterly / Carroll, H. Bailey. — Texas State Historical Association, 1958. — Т. 61. — С. 20—50.
  4. Осторожно — верблюды! : Русское географическое общество, РГО

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ronald M. Nowak: Walker’s Mammals of the World. Johns Hopkins University Press, 1999 ISBN 0-8018-5789-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]