1929-30 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը քառասուներկուերորդն էր։ 1930 թվականին առաջնությունը ունեցավ արժանի մրցակից ի դեմս ՖԻՖԱ աշխարհի գավաթի, որի առաջին խաղարկությունը տեղի ունեցավ 1930 թվականին Ուրուգվայում։ Բրիտանական ֆուտբոլային ասոցիացիաներից և ոչ մեկն այդ տարիներին չէր հանդիսանում ՖԻՖԱ-ի անդամ եվրոպական և հարավամերիկյան ֆուտբոլում աճ ապրող արհեստավարժության հետ կապված վիճաբանությունների պատճառով։ Ըստ այդմ, ՖԻՖԱ-ի անդամ չհանդիսանալու պատճառով բրիտանական հավաքականներից և ոչ մեկն իրավասու չէր մասնակցելու առաջնությանը, ավելին՝ ասոցիացիաները հայտարարեցին, որ անգամ եթե իրենք հրավիրվեին մասնակցելու, ապա հետաքրքրություն չէին ցուցաբերի, քանզի, իրենց պնդմամբ, այլ հավաքականները չափազանց թույլ էին լուրջ մրցակցություն ցուցաբերելու համար։ Նկատենք, որ Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, որը հարյուր տոկոսանոց արդյունքով հաղթեց առաջնությունում, նախորդ տարի պարտություն էր կրել իսպանացիներից, ինչը հավաքականի առաջին պարտությունն էր ոչ բրիտանական հավաքականից, նույն թվականին այն մրցեց նաև Գերմանիայի ու Ավստրիայի հավաքականների հետ՝ ստիպված լինելով բավարարվել ոչ-ոքիներով։ Շոտլանդացիները, հաղթելով նախորդ տասնամյակի առաջնությունների գերակշիռ մասը, իրենց առաջին հանդիպումները բրիտանական կղզիներից դուրս անցկացրին 1929 թվականին, իսկ 1931 թվականին ծանր պարտություններ կրեցին Ավստրիայի և Իտալիայի հավաքականներից։
Մրցաշարն աչքի ընկավ հզոր հարձակողական խաղաոճով, որն այդ տարիներին տարածված էր Մեծ Բրիտանիայում, և բոլոր խաղերը գոլառատ էին։ Մասնավորապես, մրցաշարի վեց խաղերից 4-ում խփվեց 6-7 գնդակ։ Միանձնյա հաղթող դարձավ Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, որը հաղթեց բոլոր հանդիպումներում՝ խփելով 14 գնդակ։ Շոտլանդացիները շահեցին երկու հանդիպում, և մրցաշարի ելքը վճռվեց «Ուեմբլի» մարզադաշտում, որտեղ անգլիացիները 5։2 հաշվով հաղթեցին շոտլանդացիներին և նվաճեցին չեմպիոնի կոչումը։ Իռլանդացիները Բելֆաստում յոթ անպատասխան գնդակ ուղարկեցին ուելսցիների դարպասը՝ ապահովելով երրորդ հորիզոնականը։