1910/1911 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը քսանութերորդն էր։ Ընդամենը մեկ միավորի առավելությամբ միանձնյա հաղթող դարձավ Անգլիայի հավաքականը։ Մրցաշարային աղյուսակը եզրափակեցին իռլանդացիները՝ չվաստակելով և ոչ մի միավոր։
Ի հեճուկս ավանդույթի՝ մրցաշարը մեկնարկեց Իռլանդիա-Ուելս խաղով, որում իռլանդացիները համառ պայքարում զիջեցին 1-2 հաշվով։ Հաջորդ խաղում անգլիացիները նույն հաշվով հաղթեցին իռլանդացիներին և ուելսցիների հետ մեկտեղ դարձան առաջատար։ Շոտլանդացիները 2-2 հաշվով ոչ-ոքի խաղացին ուելսցիների հետ, ապա 2-0 հաշվով հաղթեցին իռլանդացիներին, որոնք ավարտեցին իրենց ելույթները մրցաշարում։ Անգլիա-Ուելս խաղում հաղթելու դեպքում ուելսցիները կնվաճեին հաղթողի տիտղոսը, սակայն ուժեղ գտնվեցին անգլիացիները՝ վստահ հաղթանակ տանելով 3-0 հաշվով։ Այդ խաղում երկու գոլի հեղինակ դարձավ Վիվիան Վուդվարդը։ Նրա երկրորդ գոլն այդ խաղում 29-րդն ու վերջինն էր հավաքականի կազմում, և այդպիսով նա մեկ գոլով գերազանցեց Սթիվ Բլումերի ռեկորդը։ Վուդվարդի ռեկորդը դիմացավ 47 տարի և գերազանցվեց 1958 թ. հոկտեմբերին, երբ Թոմ Ֆիննին խփեց իր 30-րդ և վերջին գոլը հավաքականի կազմում։
Մրցաշարի ելքը ավանդաբար վճռվեց Լիվերպուլում կայացած Անգլիա-Շոտլանդիա խաղում, ուր անգլիացիներին չեմպիոնի տիտղոսը միանձնյա նվաճելու համար բավարարում էր ոչ-ոքին, որին և նրանք հասան։